Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս իրավակարգավորումները զրկում են տուժողին, որպես դատավարության մասնակցի, օգտվելու իր դատավարական հնարավորություններից, այն է` հայտնել դիրքորոշում արագացված դատաքննության կարգ կիրառելու վերաբերյալ: Ընդ որում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ անուղղակիորեն երաշխավորում են դրանք:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 21-րդ կետում սահմանված է, որ մեղադրանքի կողմ են հանդիսանում քրեական հետապնդման մարմինները, ինչպես նաեւ տուժողը, քաղաքացիական հայցվորը եւ նրանց օրինական ներկայացուցիչներն ու ներկայացուցիչները։ Նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս։ Տուժող է ճանաչվում նաեւ այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանաքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը։ Մինչեւ դատաքննությունը սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`

1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության

բնույթը եւ հետեւանքները, եւ

2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, եւ

3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի

այդպիսին։

Քննարկվող հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին ...։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամբաստանյալը (մեղադրյալը) դատական քննության արագացված կարգով անցկացնելու միջնորդություն կարող է ներկայացնել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչեւ դատաքննությունը սկսելը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ներկայացված միջնորդությունը դատարանում պետք է հաստատվի պաշտպանի ներկայությամբ եւ նրա հետ խորհրդակցելուց հետո։ Այն դեպքում, երբ ամբաստանյալը (մեղադրյալը) ներկայացրել է արագացված կարգ կիրառելու միջնորդություն եւ չունի պաշտպան, ապա դատարանը պարտավոր է ամբաստանյալին ապահովել պաշտպանով։ Եթե ամբաստանյալին հնարավոր չէ անհապաղ ապահովել պաշտպանով, ապա դատարանը պաշտպանի մասնակցությունն ապահովելու նպատակով դատական նիստը հետաձգում է։ Եթե ամբաստանյալը հրաժարվում է պաշտպան ունենալուց, ապա դատարանը մերժում է արագացված կարգ կիրառելու միջնորդությունը` անցնելով ընդհանուր կարգով գործի քննությունը։

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետեւում է, որ ամբաստանյալի մասնակցությունն արագացված կարգ կիրառելու դեպքում երաշխավորված է օրենքով, մինչդեռ օրենսդիրը չի նախատեսում տուժողի համար նույն հնարավորությունը` արագացված կարգով դատաքննություն իրականացնելու համար միջնորդություն ներկայացնելու իրավունքը։ Արդյունքում, կողմերը դատաքննության ժամանակ իրենց շահերը պաշտպանում են ոչ իրավահավասար պայմաններում, քանի որ արագացված կարգով դատաքննության ժամանակ տուժողը դատավարությանը չի մասնակցում որպես քրեական դատավարության սուբյեկտ։

Ասվածը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա։ Նույն հոդվածի 5-րդ եւ 8-րդ մասերի համաձայն` քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով։ Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ։

Միջազգային փորձի վերլուծությունը այս կարգավորումների վերաբերյալ հետեւյալն է.

Այսպես, Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բավական չէ միայն մեղադրյալի միջնորդությունը, այլ պահանջվում է ինչպես պետական մեղադրողի համաձայնությունը, այնպես էլ տուժողի համաձայնությունը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե մեղադրողը եւ (կամ) տուժողը առարկում են մեղադրյալի կողմից ներկայացված միջնորդությունը, ապա քրեական գործն անցկացվում է ընդհանուր կարգով։

Վերոնշյալ նորմը Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքում կարգավորված է հետեւյալ կերպ. արագացված կարգի միջնորդության կիրառումը կախված է ինչպես մեղադրողի, այնպես էլ տուժողի համաձայնությունից, հետեւաբար յուրաքանչյուր կողմի առարկումը բացառում է արագացված կարգի կիրառումը։

Ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` կողմերի հավասարությունն արդարացի դատական քննության առավել լայն հասկացության բաղկացուցիչ տարրերից է. այն պահանջում է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն ունենա իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, երբ կողմերից որեւէ մեկը հակառակ կողմի նկատմամբ ակնհայտ առավելություն չունի (Կրեսն ընդդեմ Ֆրանսիայի 07.06.2001թ..,կետ 72)։

ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵՇԴ/0097/01/09 որոշման համաձայն «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որեւէ կանոն կամ ընթացակարգ չի սահմանում, որն ամրագրեր տուժող կողմի (այդ թվում` տուժողի, տուժողի ներկայացուցչի եւ օրինական ներկայացուցչի, տուժողի իրավահաջորդի) ներգրավվածությունը արագացված կարգի կիրառման հարցում։ Այլ կերպ` տուժող կողմի դիրքորոշումը հաշվի առնելու պահանջ ամրագրված չէ ո՛չ մեղադրողի համար` արագացված դատական քննության դեմ առարկելու կամ չառարկելու հարցը լուծելիս, եւ ոչ էլ դատարանի համար արագացված դատական քննության անցնելու մասին որոշում կայացնելիս։ (...)

 Տուժողի համար իր գործի «արդարության բոլոր պահանջների պահպանմամբ» քննությունը, inter alia, ենթադրում է, որ

ա. դատախազը (մեղադրողը) արագացված դատական քննության դեմ առարկելու կամ չառարկելու հարցը լուծելիս պետք է հաշվի առնի տուժողի դիրքորոշումը` որպես մեղադրանքի կողմի սուբյեկտի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 21-րդ կետ),

բ. դատարանը չի կարող անցնել դատական քննության արագացված կարգի` առանց այդ հարցի կապակցությամբ տուժողի դիրքորոշումը պարզելու,

գ. դատարանը կարող է դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին մեղադրյալի միջնորդությունը մերժել, եթե դրա դեմ առարկում է տուժողը։

Այդ դեպքում դատարանը կայացնում է առանձին որոշում, որում պատճառաբանում է արագացված դատական քննության արդյունքում տուժողի օրինական շահերի վտանգման հանգամանքը։

Դատախազի (մեղադրողի) եւ դատարանի համար սույն որոշման նախորդ կետի հիման վրա դատական քննության արագացված կարգի դեմ առարկելու եւ ամբաստանյալի համապատասխան միջնորդությունը մերժելու հարցը լուծելիս տուժողի դիրքորոշումը պետք է վճռական նշանակություն ունենա մասնավորապես այն դեպքերում, երբ `

ա.  դրա դեմ առարկում է տուժողը,

բ. տուժողը ողջամտորեն հիմնավորում է, որ իրեն հասցված վնասն ամբողջությամբ հատուցված չէ կամ փաստարկված առարկում է գործի փաստական հանգամանքների դեմ, ապա դատարանը որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Կարծում ենք, որ տուժողը որպես քրեական դատավարության սուբյեկտ, պետք է արտահայտի իր դիրքորոշումն արագացված կարգ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ, քանի որ դատավարության կողմերը, քրեական դատավարության օրենսդրության համաձայն, պետք է ունենան իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններ։ Դատարանը պետք է համոզված լինի ոչ միայն մեղադրյալի ներկայացրած միջնորդության կամավոր լինելու մեջ, այլ նաեւ համոզված լինի, որ տուժողի կարծիքը եւս կրում է կամավոր բնույթ, քանի որ տուժողն է դիմել դատարան դատական օգնության խնդրանքով, այդ իսկ պատճառով նրա կարծիքը դատական քննության արագացված կարգի կիրառման հարցում մեծ նշանակություն ունի։

Դատարանը, համոզված լինելով, որ դատախազը չի առարկում արագացված կարգ կիրառելու դեմ, միաժամանակ մեղադրյալն արագացված կարգ կիրառելու մասին ներկայացնում է միջնորդություն եւ վերջինս պահպանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված պայմանները, իսկ եթե դրա դեմ առարկում է տուժողը, ապա այդ դեպքում դատարանը որպես արդարադատություն իրականացնող մարմին պետք է կայացնի պատճառաբանված որոշում միջնորդությունը մերժելու մասին:

Գտնում ենք, որ դատարանը,  մինչեւ արագացված կարգ կիրառելու մասին որոշում կայացնելը, պետք է հաշվի առնի հետեւյալ պայմանները.

1. դատախազն իր մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ,

2. մեղադրյալը (ամբաստանյալը) համաձայնվել է իրեն առաջադրված մեղադրանքի հետ,

3. մեղադրյալը (ամբաստանյալը) ներկայացրել է միջնորդություն արագացված կարգ կիրառելու վերաբերյալ եւ միաժամանակ պահպանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգքրքի 375.1 հոդվածի 2-րդ մասում ամրագրված պայմանները,

4. տուժողը չի առարկում արագացված կարգ կիրառելու դեմ,

5. կատարված հանցագործության պատիժը չի գերազանցում 10 տարի

ժամկետով ազատազրկումը։

Միայն վերոհիշյալ բոլոր պայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, իսկ նշվածներից մեկի բացակայության դեպքում արագացված կարգի կիրառումը անհնարին է դառնում։

Եվ միայն այդ դեպքերում կարող է խոսք գնալ կողմերի մրցակցության եւ հավասարության մասին, քանի որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռնվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ։

 Ելնելով վերոնշյալից առաջարկում ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերություններով.

«Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը կարող է մերժել, երբ դրա դեմ առարկում է տուժողը: Այն դեպքում, երբ տուժողը ողջամտորեն հիմնավորում է, որ իրեն հասցված վնասն ամբողջությամբ հատուցված չէ կամ փաստարկված առարկում է գործի փաստական հանգամանքների դեմ, ապա դատարանը որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:»:

  • Քննարկվել է

    19.10.2017 - 03.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    ՀՀ Ազգային ժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1185

Տպել