Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

                                    ………  2017 թվականի N ……Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱ­ՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի   N 122-Ն  որոշման N1 հավելվածի 142-րդ կետի պահանջը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգը»՝ համաձայն Հավելվածի:

 

 

 

 

 

 

 

          Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
..............  ...  N  ...   –Ն որոշման

 

 

 

ԿԱՐԳ

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման (կրթության մեջ ներառման), բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության հետ կապված հարաբերությունները:
  2. Շահագրգիռ և պատասխանատու կառույցներ են հանդիսանում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, ՀՀ Ոստիկանությունը,  Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ), հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ ուսումնական հաստատություն):
  3. Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան`
  • ուսումնական հաստատություն չհաճախած/որևէ ուսումնական հաստատությունում չհաշվառված,
  • որևէ ուսումնական հաստատությունում սովորած, հաշվառված, սակայն որոշակի ժամանակահատվածում չհաճախած/չհաճախող
  • որոշակի ժամանակահատվածում ուսումնական հաստատություն հաճախած, սակայն, ծնողի/նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման ուսումը կիսատ թողած երեխաները:
  1. Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտելու և ուղղորդելու համար՝

4.1. ուսումնական հաստատություն չհախած/որևէ ուսումնական հաստատությունում չհաշվառված լինելու դեպքում՝

  • Ուսումնական հաստատությանն ամրագրվում են սպասարկման տարածքներ:
  • Տարածքային ինքնակառավարման մարմինը (այսուհետ՝ ՏԻՄ) հաշվառում է համայնքում բնակվող, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացող երեխաներին և մինչև օգոստոսի 10-ը՝ ըստ սպասարկման տարածքների՝ երեխաների անվանացանկերը տրամադրում է ուսումնական հաստատությանը:
  • Անվանացանկի ևս մեկ օրինակ (էլեկտրոնային) ուղարկվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (այսուհետ՝ ԿՏԱԿ), որտեղ վարվում է կրթության կառավարաման տեղեկատվական համակարգը:
  • Ուսումնական հաստատությունը «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» մուտքագրում է առաջին դասարան ընդունված երեխաներին։
  • Ուսումնական հաստատությունն առաջին դասարանների կոմպլեկտավորումից հետո (մինչև սեպտեմբերի 15-ը) համեմատում է ՏԻՄ-ից ստացված անվանացանկը դպրոց ընդունված երեխաների ցուցակների հետ և դպրոց չդիմած երեխաների վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում ԿՏԱԿ-ին՝ այդ երեխաների՝ այլ ուսումնական հաստատությունում հաշվառվելու մասին:
  • ԿՏԱԿ-ը բնակչության պետական ռեգիստրից ստանում է այն երեխաների տվյալները, որոնց վեց տարեկանը լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը։
  • Բնակչության պետական ռեգիստրից ստացված տվյալները համակարգի միջոցով համեմատվում են «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» մուտքագրված առաջին դասարանցիների տվյալների հետ։
  • Համեմատության արդյունքում բացահայտվում են՝

ա)  այն երեխաները, որոնք չեն մուտքագրվել որևէ ուսումնական հաստատության կառավարման տեղեկատվական համակարգում։

բ)  այն երեխաները, որոնք մուտքագրվել են կառավարման տեղեկատվակն համակարգում, սակայն նրանց տարիքը արդեն 7 է:

  • Բացահայտված երեխաների ցուցակները հասանելի են «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգում և տրամադրվում են հետևյալ շահագրգիռ և պատասխանատու կառույցներներին՝

ա) ՀՀ կրթության և գիտության նախարարությանը.

բ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

գ) ՀՀ առողջապահության նախարարությանը.

դ) ՀՀ Ոստիկանությանը.

ե) Խնամակալության հանձնաժողովին

զ) Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին.

է) Սոցիալական դեպք վարողներին:

  • ԿՏԱԿ-ը ուսումնական հաստատության տեղեկատվական բազայից ճշտում է երեխաների՝ ուսումնական հաստատությունում ընդգրկվածությունը և երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկանք տրամադրում ուսումնական հաստատությանը:
  • Որևէ ուսումնական հաստատությունում չընդգրկված երեխաների վերաբերյալ տեղեկատվությունը ԿՏԱԿ-ը տասը աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՏԻՄ-ին:
  • ՏԻՄ ղեկավարը ստացված տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է տարածքի սոցիալական ծառայություն՝ նշված երեխաների կարգավիճակը ճշտելու և ուսումնական հաստատությանը չդիմելու պատճառները բացահայտելու համար:
  • Տարածքի սոցիալական ծառայությունը, ըստ երեխայի բնակության վայրի, «դեպք վարողների» միջոցով երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է իրարավիճակը, ըստ անհրաժեշտության ներգրավում է շահագրգիռ մարմիններին (ուսումնական հաստատություն, առողջապահական հաստատություն, ոստիկանություն, Խնամակալության հանձնաժողով (այսուհետ՝ ԽՀ), քսան աշխատանքային օրվա ընթացքում մշակում է երեխային (ընտանիքին) սոցիալական աջակցման ծրագիր և, համագործակցելով ընտանիքի հետ, երեխային ուղորդում է համապատասխան ուսումնական հաստատություն:
  • Եթե երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ուսումնական հաստատությունը կազմակերպում է երեխայի հոգեբանամանկավարժական գնահատումը և մշակում անհատական ուսումնական պլան:
  • Եթե հայտնի է երեխայի բնակության վայրը, հայտնաբերողը փաստի մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է համայնքի ղեկավարին:
  • Համայնքի ղեկավարը երեխայի անձը և խնդիրը ճշտելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմում է տարածքային սոցիալական ծառայություն՝ դեպքն ուսումնասիրելու:
  • «Դեպք վարողը» տասը աշխատանքային օրվա ընթացքում՝

ա) գնահատում է իրավիճակը, այդ թվում՝ երբևէ հաճախել է դպրոց, թե ոչ, դպրոց չհաճախելու պատճառները.

բ) անհրաժեշտության դեպքում սահմանում է ընտանիքի անհատական սոցիալական ծրագիրը՝  ներգրավելով շահագրգիռ կողմերին և կառույցների.

գ) երեխայի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առկայության դեպքում դիմում է Հանրապետական կամ  տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ՝ երեխայի կրթական կարիքները գնահատելու և, ըստ անհրաժեշտության, ԱՈՒՊ կազմելու համար.

4.2. Որևէ ուսումնական հաստատությունում սովորած, հաշվառված, սակայն որոշակի ժամանակահատվածում ուսումնական հաստատություն չհաճախելու դեպքում՝

1) եթե երեխան ուսումնական հաստատություն չի հաճախում, ուսումնական հաստատությունը «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգում կատարում է համապատասխան գրառում (ստեղծում է հայտ)՝ նշելով  պատճառը:

2) «Սովորողի հիվանդությունը» որպես պատճառ նշելու դեպքում հայտը տեսանելի է դառնում սոցիալական դեպք վարողին և այն բուժհիմնարկին, որտեղ հաշվառված է տվյալ երեխան։

3) Բուժհիմնարկը հաստատում կամ մերժում է դպրոցի կողմից բացված հայտը։

4) Եթե   բուժհիմնարկը հաստատում է հայտը, ապա կատարում է նաև նշում, որ երեխան արդեն կարող է հաճախել ուսումնական հաստատություն։ Այս դեպքում դպրոցը ևս նշում է կատարում, որ երեխան արդեն հաճախում է ուսումնական հաստատություն:

5) Եթե բուժհիմնարկը մերժում է հայտը, այդ մասին տեղեկատվությունն ուղարկվում է սոցիալական դեպք վարողին:

6) Եթե բուժհիմնարկը ոչ մի գործողություն չի կատարում ուսումնական հաստատության հայտի վերաբերյալ, ապա այդ մասին տեղեկատվությունն ուղարկվում է սոցիալական դեպք վարողին։

7) «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» համակարգում հայտ կարող է բացել նաև բուժհիմնարկը։ Այս դեպքում, եթե ուսումնական հաստատությունը ոչ մի գործողություն չի կատարում բուժհիմնարկի կողմից բացված հայտի վերաբերյալ, ապա տվյալ հայտը ուղարկվում է սոցիալական դեպք վարողին:

8) Հայտեր կարող է ստեղծել նաև սոցիալական դեպք վարողը:

9) Եթե ուսումնական հաստատության և բուժհիմնարկի կողմից բոլոր գործողությունները կատարվել են, սոցիալական դեպք վարողը կարող է փակել տվյալ հայտը և արխիվացնել։

10) Եթե բացակայության պատճառը հնարավոր չէ ճշտել, կամ այնպիսինն է, որ ուսումնական հաստատության ռեսուրսները բավարար չեն այն վերացնելու և կարող է հանգեցնել երեխայի ուսումնական հաստատությունից դուրս մնալուն, ուսումնական հաստատությունը, հինգ  աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղյակ է պահում երեխայի բնակության վայրի ԽՀ  մարմնին և սոցիալական ծառայությանը:

11) Բացված հայտերի մասին ամբողջ տեղեկատվությունը, պատմությունը և աշխատող կողմերի գործողությունները հասանելի են բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցներներին։

12) Տարածքի սոցիալական ծառայությունը, ըստ երեխայի բնակության վայրի, «դեպք վարողների» միջոցով տասը աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է իրավիճակը և, ըստ անհրաժեշտության, ներգրավելով շահագրգիռ մարմիններին (ուսումնական հաստատություն, առողջապահական հաստատություն, ոստիկանություն, ԽՀ հանձնաժողով) մշակում է երեխային (ընտանիքին) սոցիալական աջակցման ծրագիր և հետևում, որ երեխան վերսկսի հաճախել դպրոց:

4.3. Որոշակի ժամանակահատվածում ուսումնական հաստատություն հաճախելու,  սակայն ծնողի դիմումի հիման վրա ուսումը կիսատ թողնելու դեպքում՝

  • Ուսումնական հաստատության տնօրենը ծնողի դիմումի հիման վրա երեխային հանում է հաշվառումից, եթե դիմումում հստակ նշված է տեղափոխման վայրը, առկա է տեղեկանք տվյալ ուսումնական հաստատությունից երեխային ընդունելու վերաբերյալ: Արտերկիր մեկնելու պարագայում անհրաժեշտ է ավիատոմսի լուսապատճենի առկայությունը:
  • Եթե երեխան ծնողի դիմումի հիման դուրս է եկել ուսումնական հաստատություն հաշվառումից և այլ դպրոցում չի հաշվառվել, ԿՏԱԿ-ը երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկատվություն է ուղարկում երեխայի բնակության ԽՀ մարմնին,
  • ԽՀ մարմինը տասը աշխատանքային օրվա ընթացքում տարածքային սոցիալական ծառայության «Դեպք վարողի» միջոցով ուսումնասիրում է իրավիճակը:
  • «Դեպք վարողը» շարունակում է գործել նախորդ տարբերակի ընթացքով:
  • Կայացված որոշումների և արդյունքների մասին տեղեկացվում է ԿՏԱԿ-ը:

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.10.2017 - 31.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14060

Տպել

Առաջարկներ`

Ռաիսա Գալստյան

18.10.2017

Առաջարկում եմ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտ¬ման և ուղղորդման կարգի» (հավելված) նախագծում (այսուհետ՝ նախագիծ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝ 1. նախագծի վերնագրում և տեքստում «պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխա» բառերը փոխարինել «պարտադիր կրթությունից դուրս մնացած անձ» բառերով (ըստ համապատասխան հոլովաձևերի), քանի որ՝ 1) «պարտադիր ուսուցում» հասկացությունը սահմանված չէ որևէ իրավական ակտով (ՀՀ Սահմանադրությամբ՝ «պարտադիր կրթություն», «Կրթության մասին» ՀՀ օրենքով՝ «տասներկուամյա միջնակարգ պարտադիր կրթություն»). 2) ուսուցումը չի ներառում դաստիարակության գործընթացը, մինչդեռ հանրակրթությունը անձի ուսուցման և դաստիարակության (կրթության) գործընթաց է. 3) «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ…» դրույթը, ուստի նախագծում «6-18 տարեկան երեխա» բառերը փոխարինել «6-19 տարեկան անձ» բառերով, քանի որ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված է՝ «Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք». 2. նախագծում «դպրոց» բառը փոխարինել «հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն, անկախ ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից (այսուհետ՝ ուսումնական հաստատություն)» բառերով, քանի որ հիմնական դպրոցն ավարտած, նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված և ուսումնառությունը ընդհատած մինչև 19 տարեկան անձը նույնպես ենթակա է հայտնաբերման կամ հաշվառման. 3. անհրաժեշտ է հանրակրթությունից դուրս մնացած անձանց հայտնաբերման գործընթացում ներգրավել ոչ միայն հանրակրթական դպրոցներին, այլև հանրակրթական ծրագրեր իրականացնող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին. 4. նախագծի 2-րդ կետում «Տեղական ինքնակառավարման մարմինները» բառերը փոխարինել «տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով, քանի որ մարզպետները նույնպես ունեն օրենքով սահմանված համապատասխան իրավասություններ: Առկա են տեխնիկական և քերականական վրիպակներ: ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ՝ Ռաիսա Գալստյան

Սուսաննա Բարսեղյան

17.10.2017

Կաելի է ավելացնել առանձին բաժին ծնողի դիմումների վերահսկողության համար: Հաճախ ՌԴ կամ այլ երկիր տեղափոխելու անվան տակ հանում են սովորողին դպրոցից և այլ դպրոց չեն ընդունում: Շատ դեպքեր կան նաև, որ սովորողներին տանում են այլ երկիր, ամենաշատը ՌԴ և երեխաները դպրոց չեն գնում: Պետք է լրացուցիչ կարգ կամ կետեր հետադարձ տեղեկատվություն ստանալը կանոնակարգելու համար:

Տեսնել ավելին