Հիշել նախագիծը

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վարդան Ալոյան 12.08.2022 15:07:54 Փաստաբաններին օրեքնով իրավունք է վերապահված հասրաակ գրավոր լիազորագրով հանդես գալ դատական բոլոր ատյաններում, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններում, այդ թվում Կադաստրի կոմիտեում, բայց նախագծով նախատեսվում է կադաստրից տեղեկություն ստանալու համար նոտարական վավերացված լիազորագիր ունենալ։ Առաջարկում եմ տարըթերցումներից խուսափելու համար հստակ բացառություն սահմանել փաստաբաններին տրվող հասարակ գրավոր լիազորագրերի մասով։
2 Վարդան Ալոյան 12.08.2022 15:46:43 Նախագծով իսպառ վերացվում է կադաստրային գործերի մասով հավուր պատշաճի (due diligence) ուսումնասիրություն իրականացնելու հնարավորությունը, որը հսկայական խոչընդոտ է հանդիսանալու անշարժ գույքի շուկայում ներդրումներ կատարելուն, առավելապես արտասահամանյան ներդրումներին։ Նախագծով նախատեսված բացառապես նոտարական վավերացմամբ լիազորագրով հանդես գալը լրացուցիչ ֆինանսկաան բեռ է դառնալու գույքի սեփականատերերի համար։ Նախագծով և «հիմնավորումներով» նսեմացվում է Փաստաբանական համայնքի գործունեությունը և առաքելությունը։ Նշված նորմով կարգավորվող տեղեկությունը Փաստաբանների կողմից ստանալու իրավունքն առավել կարևոր նշանակություն ունի մեր պետության համար քան այդ նույն իրավունքը օրինակ նախագահի կամ վարչապետի աշխատակազմին կամ պատգամավորներին կամ հաշվեքննիչ պալատին կամ ցանկացած այլ պետական մարմնին վերապահելը։ Պրակտիկայում առկա են տասնյակ հազարավոր դեպքեր երբ անձի իրավուքների ոտնահարման մասին հնարավոր է լինում տեղեկություն ստանալ և ապացույցներ հայտհայտել միայն օրինակ հակառակ կողմի գույքի կադաստրային գործի ուսումնասիրության արդյուքնում։ Ինքս մի քանի գործերով նման ուսումնասիրությունների արդյուքնում հայտնաբերել եմ այնպիսի խախտումներ, որոնց վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել իրավապահ մարմիններին։ Բանականաբար իրավապահ մարմիններն ինքնին այդ խախտման մասին երբեկ չէին իմանա, իսկ գույքի սեփականատերը բացառվում է, որ լիազորի փաստաբանին ուսումնասիրել իր գույքի կադաստրային գործը և խախտումների մասին հաղորդում ներկայացնի։ Հայտաբերված խախտումները շտկելու համար դիմում եմ ներկայացրել Կադաստրի կոմիտեին։ Արդյուքնում առանց դատարան դիմելու ստացել խնդրի լուծում։ Բնականաբար հակառակ կողմը ինձ, որպես հակառակ կողմից փաստաբանի, չէր լիազորի իր գույքի վերաբերյալ տեղեկություն ստանալու մասով, արդյուքնում չէինք տեղեկանա իրավախախտման մասին և վստահորդիս շահերը չէինք կարողանա լիարժեք պաշտպանել։ Ստացվում է, որ փաստաբանն իր վստահորդի իրավուքների ենթադրյալ խախտումները բացահայտելու համար պետք է մինչև խախտման մասին տեղեկություն ստանալը ինչ որ հայց «հորինի», դիմի դատարան, հետո նոր դատարանով փորձի ապացույց պահանջել, որից հետո նոր հասկանալ, արդյո՞ք առկա էր իրավախախտում, թե՞ ոչ։ Ստացվում է, որ նախագծի ընդունման դեպքում լրացուիչ հսկայական ծանրաբեռնվածություն է դրվելու դատական համակարգի վրա, այն դեպքում, երբ պետությունը հսկայական ռեսուրսներ է ծախսում դատական համակարգը բեռնաթափելու համար։ Վերջապես նախագծով խարխլվում է այն հույսը, որ խորհրդային միության տարիներից ժառանգված և խայտառակ վիճակում գտվող կադաստրային գործերը մի օր կշտկվեին, քանի որ այդ աշխատանքներում իր անփոխարինելի ավանդն ունի փաստաբանական համայքնը, որին փորձ է արվում «մեկուսացնել»։
3 Մարիամ Պետրոսյան 12.08.2022 17:15:37 Սույն իրավական կարգավորումները անհնարին են դարձնում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4․1 կետով սահմանված կարգավորումների իրացումը, այն է՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե` 4.1) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան։ Նշված որոշմամբ սահմանված գործընթացը ապահովելու համար անհրաժեշտ է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար տրամադրվել նաև ՀՀ բանկերին կամ ապահովել փաստաբանների միջոցով համապատասխան հարցումների անարգել իրականացումը։
4 Դավիթ Ասատրյան 13.08.2022 21:01:41 Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Նշված փոփոխության նախատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիների և վերոնշյալ սուբյեկտների միջև հարաբերությունները հանրային իրավունքի ոլորտում չեն ծագում» այնինչ նախագծի հեղինակը անտեսել է, որ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մայիսի 13-ին ընդունված որոշմամբ անդրադառնալով փաստաբանական գործունեության իրավական բովանդակությանը, նշել է. «Բացի դրանից, յուրաքանչյուրի՝ սահմանադրորեն երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովումն ուղղված է հանրային շահի սպասարկմանը, ուստի նշված գործառույթի իրականացման առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերն ունեն հանրային բնույթ։» Գտնում ենք, որ նախագիծը անհիմն է և ենթակա է հետ կանչման:
5 Դավիթ Ասատրյան 13.08.2022 21:21:57 Ուսումնասիրելով նախագծի հիմնավորումը, պարզ է դառնում, որ նախագծի հեղինակը հղում է կատարել նաև այն հանգամանքի վրա, «քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ»: Այլ կերպ ասած, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է ՆԱԵՒ պայմանավորված չլինել անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, Կադաստրի կոմիտեն գտել որ անհրաժեշտ է փակել տեղեկատվության ազատության հնարավորությունը: Գտնում ենք որ նախ դա անհիմն փաստարկ է, քանի որ Կադաստրի կոմիտեն պետք է ներկայացնի իր ուսումնասիրության արդյունքները, թե որքա՞ն այդպիսի դեպք է արձանագրել, որքա՞ն տոկոս է կազմում այդ դեպքերը և արդյո՞ք այդ դեպքերի քանակությունը այնպիսին է, որ անհրաժեշտություն է առաջացրել փակել ամբողջ տեղեկատվությունը: Իսկ եթե այդպիսի ուսումնասիրություն չկա, այդպիսի փաստական տվյալներ և վիճակագրություն Կադաստրի կոմիտեն չի տիրապետում, ապա գործ ունենք զուտ կամայականության հետ: Խնդրում ենք հիմնավորումներում նշել այդպիսի ուսումնասիրության և արդյունքների մասին, եթե առկա չէ, եթե ոչ ապա նշել «ենթադրությունների» հիմքերը:
6 Դավիթ Ասատրյան 13.08.2022 21:29:11 Հիմնավորումների մեջ նշվել է. «արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար», այնինչ նախագծի հեղինակը անտեսել է, որ փաստաբանության մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված»: Փաստաբանների հարցումներին պատշաճ պատասխաններ են տրվում Իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալությունը, Ճանապարհային ոստիկանությունը, Արդարադատության նախարարությունը շարժական գույքի մասով և այլ գրանցող մարմիններ, իսկ Կադաստրի կոմիտեի հիշյալ նախագիծը չհիմնավորված նախագիծ է, որը ենթակա է հետ կանչման: Առաջարկում ենք հանել նախագիծը, քանի որ այն չի համապատասխանում Հայաստանում գործող քաղականությանը, որը վերաբերվում է փաստաբաններին տեղեկատվություն տրամադրելուն:
7 Կարեն Մելիքսեթյան 14.08.2022 18:59:03 Հարգելի գործընկերներ, Առաջարկվող օրենքի (փոփոխության/լրացման) նախագծով էականորեն բարդացվում և անհարկի/անհիմն խոչընդոտներ են ստեղծվում փաստաբանների կողմից իրենց մասնագիտական (փաստաբանական) բնականոն, լիարժեք, արդյունավետ ու պատշաճ իրականացման իրական/գործնական հնարավորության առնչությամբ, քանի որ` 1. փաստաբանները փաստացի և իրավաբանորեն կզրկվեն իրենց վստահորդի և այլոց գույքի վերաբերյալ կադաստրային գործից տեղեկատվություն ստանալու իրական իրավունքից, ինչն ակնհայտորեն կխանգարի և անելանելի իրավիճակի մեջ կդնի փաստաբաններին իրավաբանական պատշաճ օգնություն տրամադրելու հարցում, 2. անհասկանալի է դառնում փաստաբանների նկատմամբ նման խտրական և ոչնչով չարդարացված սահմանափակման/արգելքի կիրառումը, հատկապես որ հենց փաստաբաններին է անհրաժեշտ այդպիսի տեղեկատվությունը և դրա հիման վրա իրավաբանական պաշտպանության մարտավարության և գործիքակազմի մշակումն ու կիրառումը, 3. նոտարական վավերացմամբ լիազորագրի առկայության պահանջը անհարկի ֆինանսական բեռ է դնում փաստաբանների և նրանց վտահորդների վրա և հակասության մեջ է մտնում ՀՀ քաղացացիական օրենսգրքի, Փաստաբանության մասին օրենքի և այլ իրավական ակտերի հետ, 4. իրավաբանական օգնության շրջանակներում այլ/երրորդ անձանց գույքի (կադաստրային գործի) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը փաստացի վերանում/զրոյացվում է, քանի որ նրանք ակնհայտորեն չեն տրամադրի համապատասխան լիազորագիր, 5. կխարխլվի փաստաբանական հարցում կատարելու իրավունքի բուն էությունը, քանի որ այն կդառնա պատրանքային և ձևական իրավունք` առանց անհրաժեշտ և բավարար, գործուն երաշխիքների, 6. նախագծի հիմանավորումները ակնհայտորեն հիմնավոր չեն, քանի որ մատնանշվում է հնարավոր խախտումներ թույլ տալու տեսական հնարավորությունը (առանց բավարար ու փաստարկված հիմքերի), մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ այդպիսի խախտումներ գործնականում չկան, չեն եղել և հետագայում ևս չեն լինի, այսինքն` բացակայում են նաև այդպիսի արգելքի սահմանման անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորումները, 7. նախագծի ընդունումը նաև բացասական ազդեցություն կունենա բյուջետային մուտքերի տեսանկյունից, քանի որ ՀՀ Կադաստրի կոմիտերն ուղղված հարցումները վճարովի են, իսկ դրանք սահմանափակելու/վերացնելու պարագայում վճարվող պետտուրքերը և այլ վճարները այլևս չեն ուղղվի համապատասխան բյուջե` վտանգի տակ դնելով նաև ֆինանսական հոսքերը, ինչն էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա Կադաստրի կոմիտեի ֆինանսավորման և կենսագործունեության ապահովման վրա։
8 Նարե Սմբատյան 16.08.2022 14:29:18 ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծում առաջարկվում է փոփոխություն կատարել՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված փաստաբաններին, Հայաստանի Հանրապետության նոտարներին» բառերը: Նշված փոփոխության հիմնավորումներից է հանդիսանում այն, որ օրենքի փոփոխության հեղինակների կարծիքով փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով: Գործող կարգավորումը կարևորում, արժևորում է փաստաբանի դերը հասարակությունում և օժտում է վերջինիս փաստաբանի արտոնագիր ներկայացնելու դեպքում ազատորեն ստանալ օրենքով սահմանված տեղեկատվությունը։ Նշված փոփոխությամբ նախագծի հեղինակները փաստացի իջեցնում են փաստաբանի իրավապաշտպան դերը՝ նշելով, որ փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրանադրման համար։ Բացի այդ նշված օրենքով կասկածի տակ է դրվում փաստաբանի կողմից նշված տեղեկատվության ստացման և օգտագործման բարեխղճությունը։ Մինչդեռ օրենքը պետք է կառուցված լինի անձի բարեխղճության հիման վրա, այլ ոչ թե առաջնորդվի անբարեխղճության կանխավարկածով։ Փաստաբանը ՀՀ կադաստրի կոմիտե հարցումներով իրականացնում է իր վստահորդի իրավունքների ազատությունների և շահերի պաշտպանությունը և ոչ մի կերպ չի հետապնդում և չի կարող հետապնդել անձնական հետաքրքվածություն։ Մեկ այլ կարևոր հանգամանք ևս․ օրենքով հնարավորություն է տալիս Հանրապետության նախագահի աշխատակազմին, ՀՀ դատախազությանը, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին, ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին, սնանկության գործով կառավարիչներին և օրենքով նախատեսված այլ սուբյեկտներին ազատորեն ստանալու համապատասխան տեղեկատվությունը, ինչին հակառակ նախագիծը փաստաբաններին և նոտարներին զրկում է այդ հնարավորությունից, ինչը մրցակցության սկզբունքի խախտում է։ Ուստի ելնելով վերոգրյալից կարծում ենք, որ սույն նախագիծը՝ 1. Էականորեն սահմանափում է փաստաբանական գործունեության իրականացման ազատությունը, 2. Հասարակությունում իջեցնում է փաստաբանի դերը, 3. Կասկածի տակ է դնում փաստաբանի բարեխղճությունը, 4․ Խախտում է մրցակցության սկզբունքը։ Ուստի պնդում ենք նշված փոփոխությունը հանել շրջանառությունից։
9 Shushanik Tadevosyan 16.08.2022 15:34:10 Ցանկացած իրավական սահմանափակում նախատեսելիս պետք է հստակ լինի տվյալ սահմանափակման անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում: Այս նախագծով փորձ է կատարվում փաստաբանի գործունեության երկաստիճան սահմանափակում կիրառել՝ 1. Նախ՝ փաստաբանը դադարում է լինել «հատուկ սուբյեկտ», ով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավասու է կատարել ցանկացած բնույթի հարցումներ և ստանալ կադաստրային ցանկացած փաստաթղթի պատճեններ, 2. իսկ հաջորդ սահմանափակումը՝ փաստաբանին տրվող կադաստրում հանդես գալու լիազորագրի ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՎԵՐԱՑՎԱԾ լինելու պահանջն է։ Մինչ սահմանափակումների բուն էությանն անդրադառնալը մի հիպոթետիկ հարց․ այս նախագծի հեղինակները պատկերացրել են, թե ի՞նչ է լինելու բոլոր այն գույքերի ճակատագիրը, որոնց սեփականատերերը վաղուց մահացել են և ժառանգություն չի բացվել։ Տասնյակ հազարավոր նման գույքեր կան ամբողջ Հայաստանի տարածքում, որոնց տիրապետողները իրավահաստատող փաստաթղթեր չունեն։ Փաստաբանն ինչպե՞ս պետք է իրականացնի իր վստահորդի շահերի պաշտպանությունը առանց կադաստրային գործի նյութերին ծանոթանալու։ Հիմա սահմանափակման մասին․․․ Նախագծի հիմնավորումներում նշված է. «Նախագծով առաջարկվում է նոր կարգավորում, որի համաձայն՝ օրենքով նախատեսված համաձայնությունը պետք է կազմվի գրավոր ձևով և նոտարական վավերացմամբ: Նման կարգավորումը նպատակ ունի երաշխավորել տեղեկատվության ազատության իրավունքի առավել արդյունավետ իրացումը և անձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը:» «Նախագծով առաջարկվում է նշված սուբյեկտների ցանկից հանել ՀՀ-ում արտոնագրված փաստաբաններին և ՀՀ նոտարներին: Նշված փոփոխության նախատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիների և վերոնշյալ սուբյեկտների միջև հարաբերությունները հանրային իրավունքի ոլորտում չեն ծագում (բացառության ժառանգություն ընդունելու կապակցությամբ նոտարի մասնակցությամբ իրավահարաբերությունների): Բացի այդ՝ փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ: Վստահորդի շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում փաստաբանը համապատասխան հարցումը կարող է կատարել լիազորագրի հիման վրա:» Նշված հիմնավորումներն առհասարակ դուրս են ՀՀ սահմանադրության 64-րդ հոդվածի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված երաշխիքների տրամաբանությունից։ Այն, թե փաստաբանի և իր վստահորդի գործունեությանը չեն ծագում հանրային իրավունքի ոլորտում, ի՞նչ նշանակություն ունի հոդվածի փոփոխության հետ։ Սնանկության գործով կառավարիչը ևս հնարային իրավունքի սուբյեկտ չէ, այդ դեպքում ինչո՞ւ վերջինիս էլ չեն հեռացնում 11-րդ հոդվածի 5-րդ մասի թվարկումից։ և, վերջապես, իրավահարաբերության հանրային կամ մասնավոր ոլորտն ինչ նշանակություն ունի օրենքի նման փոփոխության համար։ 11-րդ հոդվածի գործող խմբագրությունն ընթերցելով պարզ է դառնում, որ դրանում նշված որևէ սուբյեկտ պատահական չէ ընտրված, այլ դրանցից յուրաքանչյուրը իրավունքի կոնկրետ ոլորտում իրականացնում է օրենսդրությամբ իր վրա դրված իրավունքներն ու պարտականությունները։ Իսկ այն պնդումը, թե «կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ», հիպոթետիկ միտք է, թե՞ մի բան պետք էր գրել, գրվել է․․․ Ցանկացած սահմանափակող դրույթ պետք է ունենա ծանրակշիռ հիմնավորում, իսկ այս նախագծի հիմնավորումները հպանցիկ մտքեր են, որոնք որևէ աղերս չունեն «իրավական անհրաժեշտություն» եզրույթի հետ։ Իմ գնահատմամբ սա սոսկ սուբյեկտիվ դրդապատճառներով մշակված նախագիծ է, որն ուղղված է փաստաբանական գործունեության դեմ։ Փաստաբանին տրվող լիազորագրի հասարակ գրավոր ձևն ընդունելի է օրինակ ՃՈ-ում, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, Ազգային արխիվում հարցումներ կատարելիս, և այլն։ Ինչով է պայմանավորված Կադաստրում հանդես գալիս նոտարական վավերացմամբ լիազորագիր ներկայացման անհրաժեշտությունը, որևէ կերպ պարզ չէ։ Իմ դիտարկմամբ առանց լիազորագրի փաստաբանի կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակումն ուղղակիորեն անդրադառնալու է Սահմանադրությամբ երաշխավորված անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի վրա։ Այս նախագծի ընդունման դեպքում փաստաբաններն այլևս զրկվում են՝ • ծախսաարդյունավետ և կարճ ժամկետում ծառայություններ առաջարկելու հնարավորությունից, քանի որ լիազորագրերի վավերացումը 10,000-20,000 ՀՀ դրամի շրջանակներում է լինում՝ կախված լիազորագրի բովանդակությունից և լիազորությունների քանակից, իսկ ժամանակային առումով լիազորագրի վավերացումը նվազագույնը 1-2 աշխատանքային օրով կարող է երկարաձգել ցանկացած գործընթաց, • ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում ժառանգությունը չընդունած, սակայն փաստացի տիրապետող ժառանգներին, տիրազուրկ գույքի տիրապետողներին իրավական օգնություն տրամադրելու հնարավորությունից, • ներդրումներ կատարող կամ պարզապես անշարժ գույք ձեռք բերող մեր համաքաղաքացիներին որակյալ իրավական օգնություն, խորհրդատվություն տրամադրելու հնարավորունից, քանի որ այլևս հնարավոր չի լինի գործարքի առարկա հանդիսացող գույքի կադաստրային գործի նախնական ուսումնասիրություն կատարել և տրամադրել իրավական կարծիք, • և այս ցանկը կարող է անսպառ լինել, եթե շարունակեմ բոլոր հնարավոր խնդիրները թվարկել։
10 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 27.08.2022 19:25:44 Գտնում ենք, որ Նախագիծը զուրկ է պատշաճ հիմնավորումից և շոշափելի ռիսկեր է պարունակում ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով հռչակված՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և, կոնկրետ դեպքում որպես դրա հետևանք, Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորության տեսանկյունից։ Առաջարկվող իրավակարգավորումն ընդունվելու պարագայում անկասկած անդրադառնալու է Հայաստանի Հանրապետությունում անձանց մատուցվող իրավաբանական ծառայությունների արդյունավետության և որակի վրա։ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը (18-րդ հոդվածի 3-րդ մաս), ընդգծելով փաստաբանների դերը ՀՀ-ում պրոֆեսիոնալ և որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու ոլորտում, սահմանում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության մատչելիության ապահովման գործիքները լրացնող դրույթներ, մասնավորապես՝ նախատեսում է փաստաբանների իրավունքը դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով և վերջիններիս պարտականությունը փաստաբանին տրամադրելու պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Այս իրավունքի իրացումը գործնականում իրագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ հնարավորություն տալով փաստաբաններին ստանալ իրենց վստահորդների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ ոչ միայն ՀՀ կադաստրի կոմիտեից, այլ նաև Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, Ճանապարհային ոստիկանությունից, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից։ Նախագծի հեղինակը այն հիմնավորելու համար նշում է, որ « (․․․) փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ: Վստահորդի շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում փաստաբանը համապատասխան հարցումը կարող է կատարել լիազորագրի հիման վրա:»։ Այսպիսով նախագծի հեղինակն, այսպիսով, հաշվի չի առել այն պարզ իրողությունը, որ վստահորդի շահերը պաշտպանելու համար միշտ չէ, որ փաստաբանին անհրաժեշտ է հարցում կատարել հենց այն գույքի վերաբերյալ, որի նկատմամբ գրանցված է իր վստահորդի որևէ գույքային իրավունքը (ինչպիսի պայմաններում միգուցե հիմնավոր կլիներ լիազորագրի հիման վրա նման հարցում կատարելու պահանջը)։ Ճիշտ հակառակը՝ տրամաբանական է, որ վստահորդի շահերի պաշտպանության նպատակով ավելի հաճախ ծագում է փաստաբանի կողմից այլ անձանց (այդ թվում պոտենցիալ դատավարական հակառակորդի) գույքի/գույքային իրավունքների վերաբերյալ հարցումներ կատարելու և տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունը։ Ավելին՝ գործնականում բազմաթիվ են իրավիճակները, երբ վստահորդի շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել մահացած անձանց գույքի/գույքային իրավունքների վերաբերյալ տեղեկություններ և այդ պարագայում ևս անհասկանալի է, թե ինչպես է Նախագծի հեղինակը պատկերացնում անձանց իրավունքների իրացման մեխանիզմը։ Ընդ որում, այս հարցերն առավել ակտուալ են այն պայմաններում, երբ հենց այդ հարցումներին ի պատասխան ակնկալվող տեղեկատվությունն է, որ կարող է ստեղծել փաստական հիմքեր և հնարավորություն փաստաբանի վստահորդի իրավունքների դատական պաշտապանության գործընթաց նախաձեռնելու համար։ Իսկ քննարկվող գործիքի չեզոքացումը կբերի մի իրավիճակի, երբ անձինք բազմաթիվ դեպքերում պարզապես չեն ունենալու հնարավորություն ձեռք բերելու իրենց իրավունքների խախտման փաստական հիմքերը և որպես հետևանք իրացնելու իրենց դատական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու, արդար դատաքննության հիմնարար իրավունքները և իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերով դիմելու դատարան։ Հիմք ընդունելով նշված հիմնավորումները՝ առաջարկում ենք շրջանառությունից հանել Նախագիծը/դրա՝ փաստաբանների իրավունքի սահմանափակմանը վերաբերող մասը։
11 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 27.08.2022 23:16:15 Նախագիծը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1990 թվականի սեպտեմբերի 7-ին ընդունված Իրավաբանների (Փաստաբանների) դերին վերաբերող հիմնարար սկզբունքներին (https://www.ohchr.org/en/instruments-mechanisms/instruments/basic-principles-role-lawyers), ԵԽ Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված թիվ Rec(2000)21 հանձնարարականին (https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectId=09000016804d0fc8 ), Հատուկ զեկուցողի կողմից հրապարակված զեկույցներին (https://www.ohchr.org/en/documents/thematic-reports/ahrc5036-protection-lawyers-against-undue-interference-free-and), Խորհրդարանական Վեհաժողովի՝ 2020 թվականին ընդունված 2348 բանաձևին (https://pace.coe.int/en/files/28819/html ) և առաջադեմ պետությունների ու միջազգային մարմինների կողմից նախանշված իրավաբանի (փաստաբանի) մասնագիտության երաշխիքների, անկախ և անխոչընդոտ իրականացման եվրոպական գործիքի մշակման հայեցակարգային մոտեցումներին։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները հակասում են փաստաբանության ինստիտուտի նպատակներին և խնդիրներին։ Փաստաբանի կարգավիճակին բազմիցս անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ «առաջնահերթ ուշադրության արժանի հարցերից են փաստաբանի կարգավիճակն ու նրա դերի ճիշտ ընկալումը հասարակությունում։ Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող գործոններից է: Ուստի, հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ չափազանց կարևոր է հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի ու ընկալումների արմատավորումը: Մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանին պետք է վերաբերվել նրա օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով» (https://ombuds.am/am/site/ViewNews/499): Մի կողմից՝ փաստաբանական գործունեությունն առանցքային նշանակություն ունի արդարադատության իրականացման գործընթացում, մյուս կողմից՝ բարեխիղճ և օրենքին համապատասխան գործելու փաստաբանի պարտականությունն ու բարձր պատասխանատվությունը, առաջացնում են փաստաբանի բարեխղճության կանխավարկածով առաջնորդվելու պետության իրավասու ներկայացուցիչների պարտականությունը (Փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների վերաբերյալ, https://www.ombuds.am/images/files/58416236aa023802cbe6b1d7cc383811.pdf, էջ 29): Կադաստրի կոմիտեն, սակայն, ղեկավարվել է ոչ թե բարեխղճության և օրինականության կանխավարկածով, այլ հակառակը՝ տեղեկատվության անհիմն, անբարեխիղճ ստացման և տնօրինման կանխավարկածով՝ նշելով, որ «փաստաբանի արտոնագիր ունենալը չի կարող բավարար պայման հանդիսանալ տեղեկատվության տրամադրման համար, քանի որ տեղեկատվության պահանջը կարող է նաև պայմանավորված չլինել կոնկրետ գործով և որոշակի անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ»։ Սրանով Նախագծի հեղինակը փաստաբանին դիտել է ոչ թե օրենքով իրավապաշտպան գործունեության իրականացնող, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովող հասարակության հատուկ սուբյեկտ, այլ «արտոնագիր ունեցող» անձ, ինչը բացարձակ անարգանք է փաստաբանության ինտիտուտի և ամբողջ փաստաբանական համայնքի նկատմամբ։ Բացի այդ, Նախագծի հեղինակը չի ներկայացրել վիճակագրություն կամ հաստատված տեղեկատվության օրենքով սահմանված հնարավորությունը չարաշահելու կամ իրավաբանական օգնություն տրամադրելու պարտավորություններից դուրս օգտագործելու մասին։ Անհիմն է նաև այն պատճառաբանությունը, որ «Նշված փոփոխության նախատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիների և վերոնշյալ սուբյեկտների միջև հարաբերությունները հանրային իրավունքի ոլորտում չեն ծագում», քանի որ Վճռաբեկ դատարանը 13․05․2022թ․ թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործող կայացված որոշմամբ արձանագրել է, որ «յուրաքանչյուրի` սահմանադրորեն երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովումն ուղղված է հանրային շահի սպասարկմանը, ուստի նշված գործառույթի իրականացման առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորող իրավական նորմերն ունեն հանրային բնույթ։ (…) ընդգծելով, որ հանրային իրավահարաբերություններում որպես հանրային իշխանության կրող կարող են հանդես գալ ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այլև պետության կողմից օրենքով պատվիրակված հանրային գործառույթ իրականացնող մասնավոր անձինք:Հաշվի առնելով վերոգրյալը՝ փաստաբանի և վստահորդի միջև հարաբերությունները ուղղված են հանրային շահի սպասարկմանը և մասնավոր համարվել չեն կարող։ Նախատեսվող սահմանափակման առնչությամբ Առաջարկվող կարգավորումը հակասում է միջազգային ներքոնշյալ սկզբունքներին և կարգավորումներին, մասնավորապես․ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» Rec (2000) 21 հանձնարարականով ընդգծվել է իրավաբանների և իրավաբանական միությունների հիմնարար դերը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ապահովելու գործում: Հանձնարարականի 7-րդ կետի համաձայն․ «Չպետք է խոչընդոտվի փաստաբանների դատարան դիմելու իրավունքը, որում նրանք որակավորված են ներկայացնել և պետք է ունենան հասանելիություն բոլոր վերաբերելի նյութերին՝ իրենց վստահորդների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելիս իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան»։ «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների» համաձայն` կառավարությունները և իրավաբանների արհեստակցական միավորումները օժանդակում են օրենքին համապատասխան մարդկանց իրավունքների ու պարտականությունների մասին և նրանց հիմնարար ազատությունները պաշտպանելու գործում իրավաբանների ունեցած կարևոր դերի մասին նրանց իրազեկելուն ուղղված ծրագրերի իրականացմանը (...): ստորև բերված հիմնական սկզբունքները, որոնք ձևակերպվել են անդամ պետություններին աջակցելու իրավաբանների պատշաճ դերը խթանելու և ապահովելու գործում, պետք է հարգվեն և հաշվի առնվեն կառավարությունների կողմից՝ իրենց ազգային օրենսդրության և գործունեության շրջանակներում և պետք է ներկայացվեն իրավաբանների, ինչպես նաև այլ անձանց, ինչպիսիք են դատավորները, դատախազները, գործադիր և օրենսդիր մարմնի անդամները և ընդհանրապես հանրության ուշադրությանը: Այս սկզբունքները, ըստ անհրաժեշտության, կիրառվում են նաև այն անձանց նկատմամբ, ովքեր իրականացնում են իրավաբանական գործառույթներ՝ չունենալով պաշտոնական կարգավիճակ։ Սկզբունքները ամրագրում են նաև իրավաբանների կողմից իրենց պարտականությունների կատարման երաշխիքները․ «16. Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները ա) կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում. 21-րդ սկզբունքի համաձայն․ «Իրավասու մարմինները պարտավոր են իրավաբանների համար ապահովել իրենց տրամադրության տակ կամ իրենց վերահսկողության ներքո գտնվող անհրաժեշտ տեղեկությունների, գործերի ու փաստաթղթերի բավականաչափ վաղօրոք մատչելիությունը, որպեսզի իրավաբանները հնարավորություն ունենան արդյունավետ իրավաբանական օգնություն ցույց տալու իրենց հաճախորդներին: Նման մատչելիություն պետք է ապահովվի` հենց որ դրա անհրաժեշտությունն առաջանա»: Ի լրումն ՄԱԿ-ի հիմնական սկզբունքների, Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պարտավոր են պահպանել այն նվազագույն չափորոշիչները, որոնք ամրագրված են Նախարարների կոմիտեի թիվ R(2000)21 հանձնարարականում փաստաբանի մասնագիտության ազատության վերաբերյալ: Թեև միջազգային իրավական փաստաթղթերը հստակորեն արգելում են պետության միջամտությունը իրավաբանի մասնագիտությանը, այն հատուկ գործողությունները, որոնք հանգեցնում են արգելված «միջամտության» միշտ չէ, որ հստակորեն բացահայտված են: Նաև փաստաբանների պաշտպանության ապահովումը ներառում է ինչպես նեգատիվ պարտավորություն՝ չմիջամտելու, այնպես էլ պոզիտիվ պարտավորություն՝ ստեղծելու ներպետական ​​օրենսդրական դաշտ, որը երաշխավորում է փաստաբանների աշխատանքի արդյունավետությունը: Հաշվի առնելով մի շարք անդամ երկրներում փաստաբանների վերաբերյալ աճող մտահոգությունը, Վեհաժողովը 2018 թվականին կոչ արեց Նախարարների կոմիտեին մշակել իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ՝ ի դեմս փաստաբանի մասնագիտության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի, որը նաև ներառում է վերահսկողության խիստ անհրաժեշտ մեխանիզմը (https://pace.coe.int/en/files/28726/html ): Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»: Վերոգրյալից բխում է, որ պետությունը` որպես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավոր, պարտավոր է ապահովել յուրաքանչյուրի` որակյալ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը: Սահմանադրական փոփոխություններով պետությունը սահմանադրական մակարդակի է բարձրացրել փաստաբանության` որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 5-ի թիվ ՍԴՈ-1263 որոշումը)։ Նշվածից հետևում է, որ պետությունը հասարակության և յուրաքանչյուր անհատի հանդեպ իր՝ վերը նշված հիմնարար պարտականության պատշաճ իրացնելու համատեքստում կոնկրետ պարտականություններ ունի փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, և այդ պարտականությունն ամենևին չի սահմանափակվում միայն ձևական երաշխիքներով՝ փաստաբանության վերաբերյալ օրենք ընդունելով, հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից միջոցներ հատկացնելով, փաստաբանության ինքնակառավարման երաշխիքներ սահմանելով։ Խոսքը վերաբերում է փաստաբանության համար արդյունավետ գործելու պայմաններ ստեղծելու պետության պարտականությանը։ Նախևառաջ, անհրաժեշտ է ապահովել փաստաբանի գործունեության երաշխիքներ, մասնավորապես արգելել փաստաբանի անկախությանը և փաստաբանական գործունեությանը պետական մարմինների կողմից միջամտության ցանկացած փորձ (http://www.ysu.am/files/Nelli_Harutyunyan_90-96.pdf, էջ. 94):
12 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 27.08.2022 23:16:20 Բացի այդ, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն․ Փաստաբանն իրավունք ունի դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Իրավաբանությամբ զբաղվող անձինք հիմնարար դեր են խաղում օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Պետությունները պարտավոր են երաշխավորել, որ այդ անձինք կարողանան իրենց մասնագիտությունն իրականացնել առանց անհարկի սահմանափակումների (https://www.ohchr.org/en/documents/thematic-reports/ahrc5036-protection-lawyers-against-undue-interference-free-and): Խորհրդարանական Վեհաժողովի՝ «Փաստաբանների սկզբունքների և երաշխիքների մասին» 2348 բանաձևի 6 կետի համաձայն․ Վեհաժողովը կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններին ապահովել իրավաբանի մասնագիտության արդյունավետ պաշտպանությունը, այդ թվում՝ 6․1 արգելելով պետության միջամտությունը իրավաբանի մասնագիտությանը և հստակորեն բացահայտելով այն կոնկրետ գործողությունները, որոնք արգելված միջամտություն են. 6․2 ներպետական ​​օրենսդրական դաշտի ստեղծում, որը երաշխավորում է իրավաբանի աշխատանքի արդյունավետությունը, անկախությունը և անվտանգությունը, մասնավորապես՝ 6․2․1 ապահովելով, որ ազգային օրենսդրությունը և իրավապահ պրակտիկան բարելավեն իրավաբանների աշխատանքի պայմանները և երաշխիքները՝ լիովին համապատասխանելով ՄԱԿ-ի Իրավաբանների դերի հիմնական սկզբունքներին (1990 թ.), Նախարարների կոմիտեի հանձնարարականին համապատասխան. (2000)21 և Ասամբլեայի 2154 (2017) բանաձևը կալանավորներին իրավաբանների հասանելիությունն ապահովելու մասին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ իր լիազորություններն իրականացնելիս՝ վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալիս, անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության կարգավորումը ուղղված է փաստաբանի աշխատանքի արդյունավետության ապահովմանը և պայմանավորված է փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի հատուկ կարգավիճակով։ Առաջարկվող սահմանափակումը անհիմն է, անհարկի միջամտություն է փաստաբանի գործունեությանը, նվազեցնում է փաստաբանի աշխատանքի արդյունավետությունը և հակասում է վերը վկայակոչված միջազգային իրավական կարգավորումներին, ուստի առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից։