Հիշել նախագիծը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

  Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով՝ որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետև՝ ԱԱՏՄ) վերահսկողություն է իրականացնում՝  «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու», «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության» և «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման» տեխնիկական անվտանգության կանոններով» սահմանված պահանջների նկատմամբ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի  «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածով սահմանված ստուգաթերթերի հիման վրա: Իսկ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետև՝ ՇՎՏՄ) վերահսկողություն է իրականացնում ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նվազագույն պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման N 1 Հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք էր հանդիսացել ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որն էլ իր հերթին ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել, և ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն որոշմամբ հաստատվել են ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության նոր կանոնները (այսուհետ՝ Կանոններ), որոնց նկատմամբ միաժամանակ վերահսկողություն է իրականացվում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ԱԱՏՄ  և ՇՎՏՄ կողմից:

Հարկ է նշել, որ «Տեխնիկական  անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեխնիկական անվտանգության պահանջները տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ, ինչպես նաև տեխնիկական հրահանգներով և անձնագրերով արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ սահմանված նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է:

      Մինչդեռ, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգը  փաստաթուղթ է, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ:  

Հարկ է նշել, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տուգանքներ նախատեսված են աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող "տեխնիկական կանոնակարգերը" խախտելու համար, այլ ոչ "տեխնիկական անվտանգության կանոնները": Հետևաբար վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում համապատասխանեցնել վերոնշյալ ձևակերպումները:

Նշված փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջներ են սահմանվում վերոգրյալ տեխնիկական անվտանգության կանոնները հաստատելու մասին կառավարության որոշումներով:

Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 1071-Ա որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի նկատմամբ ՇՎՏՄ վերահսկողական գործառույթներ կարող է իրականացնել միայն եթե այդ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով:      

 

           Վերոգրյալ իրավական կարգավորումների համաձայն Կանոնները չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգ, հետևաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ ԱԱՏՄ և ՇՎՏՄ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությամբ օժտված չէ:

            Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքում կատարել համապատասխան լրացում, որի միջոցով կապահովեն ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության համար անհրաժեշտ իրավական հիմքերը:

             Հաջորդիվ, Օրենսգրքի 158-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված՝ առանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվության ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելու հետ կապված վարչական իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը վերապահված է միաժամանակ   ՇՎՏՄ և Տեղական ինքնակառավարման մարմններին:

             Հարկ է նշել, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է տեսչական մարմինների նպատակը՝ որպես օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց վերահսկողության ոլորտում անվտանգության և (կամ) օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է:

         Ավելին, ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1071-Ա որոշման 4-րդ կետով սահմանվել են ՇՎՏՄ վերահսկողության հետևյալ ոլորտները՝ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանումը, չափումների միասնականության ապահովումը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանումը, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացումը, համապատասխանության գնահատման, արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի օրինական շրջանառության իրականացումը, և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 732-Լ որոշմամբ հաստատված  ՇՎՏՄ կանոնադրության 11-րդ կետով սահմանվել են վերջինիս լիազորությունների շրջանակը:

        Հաշվի առնելով վերոգրյալը, և արձանագրելով այն հանգամանքը, որ մտավոր սեփականության ոլորտը ըստ էության դուրս է  ՇՎՏՄ գործառույթների շրջանակից և չի հանդիսանում վերահսկողության ենթակա անվտանգության ոլորտ, անհրաժեշտություն է առաջացել կատարել համատասխան փոփոխություններ Օրենսգրքում: 

Այնուհետև, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի պահանջների համաձայն՝ ծխախոտի վաճառքով զբաղվող իրավաբանական անձինք պարտավոր են խստորեն պահպանել և հետևել դրանով սահմանված վաճառքի սահմանափակումներին: Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արգելվում է... վաճառել կամ որևէ այլ եղանակով իրացնել 18 տարին չլրացած անձանց:

Ըստ այդմ, Օրենսգրքի 173.1-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պատասխանատվություն 18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի կամ որևէ այլ եղանակով իրացման համար, իսկ 244.7-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ այդ գործերի քննությունը վերապահված է ՇՎՏՄ:

Հարկ է նշել, որ ՇՎՏՄ ստուգումներ է իրականացնում  համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի, որի 3-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված է, որ ստուգումները  անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝  հայտնում եմ, որ ՇՎՏՄ  ստուգումից բացի, լիազորված չէ իրականացնելու վերահսկողական և վարչաիրավական այլ գործառույթներ այդ ոլորտում խախտումները հայտնաբերելու համար, իսկ անմիջապես ստուգում իրականացնելու ընթացքում, որպես կանոն, նման խախտումներ չեն հայտնաբերվում, քանի որ տնտեսավարողները ստուգման ընթացքում առավել քան ուշադիր են և արդյունքում զերծ են մնում նման խախտումներ կատարելուց: Ավելին, նման խախտումները բացահայտելու համար պահանջում են արագ արձագանքման համակարգ, տարածքային ստորաբաժանումներ և  այլ գործիքակազմ, որոնց ՇՎՏՄ չի տիրապետում:

Միաժամանակ, 18 տարին չլրացած անձին ծխախոտ վաճառելու վերաբերյալ բողոքները իրականացվող վարույթի քննության արդյունքում, որպես կանոն, կարճվում են՝ ապացուցողական հիմքի բացակայության պատճառով:

 Ելնելով վերոշարադրյալից՝ Նախագծով առաջարկվում է նշված գործառույթը վերապահել ՀՀ ոստիկանությանը:

          2.Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով նախատեսվում է հստակեցնել ԱԱՏՄ և ՇՎՏՄ կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորություն տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով:

Միաժամանակ, ՇՎՏՄ կողմից օրենսդրությամբ սահմանված վերահսկողության արդյունավետությունը և գործառույթների որոշակիությունը  ապահովելու նպատակով, Նախագծով նախատեսվում է շտկել ՇՎՏՄ վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը այն ոլորտներում, որոնք ըստ էության ՇՎՏՄ  վերահսկողության ոլորտներից դուրս են կամ համապատասխան գործիքակազմի և բավարար ռեսուրսների բացակայության, ինչպես նաև առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակահարմարության պատճառով ՇՎՏՄ կողմից դրանց նկատմամբ հնարավոր չէ իրականացնել պատշաճ վերահսկողություն:

 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

 4.Ակնկալվող արդյունքը.

     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ԱԱՏՄ և ՇՎՏՄ բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:

 5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի  ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:

 6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ

      Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 11.5 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտի ընդունում (ոլորտի գործող օրենսդրության կատարելագործում, օրենսդրական բացերի լրացում)»:

 

 

  • Քննարկվել է

    10.08.2022 - 26.08.2022

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2784

Տպել