Հիշել նախագիծը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «երկու ամսվա» բառերը փոխարինել «վեց ամսվա» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածում լրացնել նոր 11-րդ մաս.

«11. Վարչական իրավախախտումը այլ անձի կողմից կատարելու փաստը հաստատվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխանաբար վարչական իրավախախտումը այլ անձի կողմից կատարելու փաստը հաստատվելու օրվանից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 255-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 255. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությունը

  1. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է՝ դրա կազմելու ամսաթիվը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ իրավական ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների անունները, ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան, տեղեկություններ խախտողի անձի մասին, գործի լուծման համար նշանակություն ունեցող անհրաժեշտ այլ տեղեկություններ:
  2. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Արձանագրությունը ստորագրում է այն կազմող անձը: Արձանագրությունը կարող են ստորագրել նաև վարչական իրավախախտում կատարած անձը՝ արձանագրության կազմման պահին ներկա լինելու դեպքում, վկանները և տուժողները՝ առկայության դեպքում:
  3. Եթե արձանագրության կազմման պահին իրավախախտում կատարած անձը ներկա է և հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Արձանագրության կազմման պահին ներկա գտնվող իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:
  4. Արձանագրություն կազմելիս իրավախախտում կատարած անձին, եթե վերջինս ներկա է արձանագրության կազմմանը, բացատրվում է սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ կատարվում է նշում: Այն պարագայում, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է առանց վարչական իրավախախտում կատարած անձի ներկայության՝ սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նշվում են արձանագրությունը անձին ներկայացնելիս՝ կից ներկայացվող ուղեկցող գրության մեջ:
  5. Արձանագրությունը թվային եղանակով կազմելու դեպքում իրավախախտում կատարած անձի (արձանագրության կազմման պահին ներկա լինելու դեպքում) ստորագրությունն ստացվում է թվային եղանակով, իսկ նրա` բացատրություն տալու և դիտողություններ անելու իրավունքի իրացման փաստը և բովանդակությունն ամրագրվում են տեսաձայնագրման միջոցով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ» բառերը փոխարինել «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գործի քննությունը իրականացվում է գրավոր ընթացակարգով» բառերով:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել նոր 278.1-ին հոդվածով.

«Հոդված 278.1. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը գրավոր ընթացակարգով քննելու կարգը

  1. Սույն օրենսգրքի 219.1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վարչական մարմնի կողմից իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական մարմինը գալիս է եզրահանգման, որ գործն անհրաժեշտ է քննել բանավոր ընթացակարգով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն հոդվածով:
  2. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող նյութեր ներկայացնելու միջոցով: Վարչական մարմինը վարչական վարույթի մասնակիցներին վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ ծանուցում է վարչական վարույթի վերաբերյալ նյութերը (արձանագրություն և այլ անհրաժեշտ նյութեր) անձին ներկայացնելու հետ մեկտեղ: Հիշյալ ծանուցման հետ մեկտեղ վարչական մարմինը վարչական վարույթի մասնակիցներին ներկայացնում է նաև գրավոր պարզաբանում՝ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքների և պարտականությունների մասին, վարչական վարույթի համար անհրաժեշտ նյութերը ներկայացնելու, դրանց ներկայացման ժամկետների և սահմանված ժամկետում չներկայացնելու հետևանքների մասին:
  3. Վարչական վարույթի մասնակցի միջնորդությունները, բացատրությունները, ապացույցները և այլ անհրաժեշտ նյութերը կարող են ներկայացվել վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ ծանուցվելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում: Նշված ժամկետից դուրս ներկայացված դիրքորոշումները և/կամ առարկությունները թողնվում են առանց քննարկման:
  4. Բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում վարչական մարմինը վարույթի մասնակիցներին և, ըստ անհրաժեշտության, այլ անձանց ծանուցում է նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին: Վարչական գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու դեպքում վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով նախատեսված վարչական գործի քննության կարգին վերաբերող ընդհանուր կարգավորումները:»:

Հոդված 6. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասում «124.6-րդ,» բառերից հետո լրացնել «124.7-րդ,» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

  • Քննարկվել է

    18.07.2022 - 03.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4157

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Ասատրյան

03.08.2022

Փոփոխել հոդված 3-ում սահմանված հետևյալ ձևակերպումը . Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Մասնավորապես վարչական վարույթում արձանագրությունը ապացույցի տեսակ է, իսկ եթե դրան ակտի հասցեատեը մինչև կազմելը հնարավորություն չի տալիս ծանոթանալ, ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ. ապա դա հետագայում կարող է հանգեցնել այդ ապացույցի վստահարժան լինելու հանգամանքին կասկածի տակ առնելուն: Անհրաժեշտ է փոփոխել հոդվածը և սահմանել, որ արձանագրությունը կարող է կազմվել այն դեպքում, երբ վարույթը իրականացվում է գրավոր ընթացակարգով (այդ դեպքում պարտադիր այն պետք է ներկայացվի վարույթի մասնակցին ծանոթացման) կամ այն դեպքերում, երբ վարույթի մասնակիցը հրաժարվում է մասնակցել վարչական վարույթին՝ արձանագրության կազմմանը:

Դավիթ Ասատրյան

03.08.2022

Առաջարկում եմ հետևյալ ձևակերպման մեջ կատարել փոփոխություն. Վարչական վարույթի մասնակցի միջնորդությունները, բացատրությունները, ապացույցները և այլ անհրաժեշտ նյութերը կարող են ներկայացվել վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ ծանուցվելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում: Նշված ժամկետից դուրս ներկայացված դիրքորոշումները և/կամ առարկությունները թողնվում են առանց քննարկման: Մասնավորապես սահմանել ժամկետը հարգելի համարելու հնարավորություն: Այդ ժամկետները կարող են խախտվել տարբեր օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, ուստի պետք է տրվի հնարավորություն անձին ներկայացնել իր դիրքորոշումները կամ ապացույցները այնպիսի ժամկետում, որը հնարավորություն է տալիս օբյեկտիվ հանգամանքները:

Դավիթ Ասատրյան

03.08.2022

Առաջարկում եմ հոդված 5-ում սահմանել կանոն, համաձայն որի վարույթի մասնակիցը իրավունք ունի միջնորդի գործը բանավոր ընթացակարգով քննելու մասին, որի դեպքում վարչական մարմինը կայացնում է որոշում եթե ներկայացված փաստերի համաձայն բանավոր ընթացակարգը կարող է նպաստել գործով բազմակողմանի օբյեկտիվ և լրիվ քննությանը:

Տեսնել ավելին