Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանի 1-ին պարբերությունը «կրթության» բառից հետո լրացնել «, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման» բառերով։

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

էկոլոգիա՝ գիտություն, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների՝ միմյանց և շրջակա միջավայրի հետ փոխհարաբերություններն ու կապերը, դրանց առանձնահատկություններն ու օրինաչափությունները.

էկոլոգիական կրթություն՝ անընդմեջ գործընթաց` նպատակաուղղված անձի էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը, ունակությունների դրսևորմանը և վարքագծի ձևավորմանը.

ոչ ֆորմալ էկոլոգիական կրթություն՝ լրացուցիչ կրթության տեսակ, որն իրականացվում է ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև՝ մարդկանց վարքագծի և վերաբերմունքի փոփոխության միջոցով, որը կարող է իրականացվել գործնական, մասնակցային գիտելիքներ ստանալու միջոցով.

ինֆորմալ էկոլոգիական կրթություն՝ կրթության տեսակ, որի համար առաջնային միջավայր են համարվում բակը, համայնքը, ընտանիքը, աշխատավայրը, բանակը, ճամբարները, որտեղ անձի ձեռք բերած գիտելիքները կանխամտածված չեն որպես նպատակային ուսումնառություն․

էկոլոգիական դաստիարակություն՝ էկոլոգիական մշակույթի հիմքն ու անբաժանելի մասը, շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերել գիտելիքներ և կարողություններ, ձևավորել հմտություններ և բացահայտել ունակություններ, դրսևորել բարոյական չափանիշներ և վարքագիծ` բնության հետ փոխներգործության ընթացքում.

էկոլոգիական գիտելիք՝ հասարակական իմացության այն ոլորտը, որը նպատակաուղղված է շրջահայաց բնօգտագործմանն ու մարդու առողջության համար անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը.

էկոլոգիական գիտելիքների նվազագույն՝ հասարակության յուրաքանչյուր անհատին անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալը, որը ծառայում է անվնաս ու սակավաթափոն արտադրության, բնական պաշարների և էներգիայի խնայողության, տնտեսական և այլ գործունեության, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի վերականգնման և դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորման նպատակին.

էկոլոգիական մշակույթ՝ մարդու և բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման մակարդակ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ ու գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը, սերունդների համերաշխությանը՝ օգտագործելով բնության հնարավորությունները.

էկոլոգիական իրազեկում՝ շրջակա միջավայրի վիճակի, էկոլոգիական գիտելիքների և բնական ռեսուրսների օգտագործման մասին տեղեկատվության տարածում՝ նպատակաուղղված հասարակության շրջանում էկոլոգիական մշակույթի զարգացմանը և բացասական հետևանքների կանխմանը։»։

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ դ) կետով.

«դ) էկոլոգիական կրթության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության էկոլոգիական իրազեկվածության մակարդակի բարձրացման խթանումը:»։

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի`

  1. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման ոլորտներում»

  1. 1-ին մասի 1-ին նախադասության «և դաստիարակության» բառերը հանել, «կրթության» բառից հետո լրացնել «, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման» բառերով։
  2. 1-ին մասի ը) կետում «համագործակցության խրախուսումը» բառերը հանել, «միջև» բառից հետո լրացնել «փոխհամաձայնեցված գործունեության ապահովումը» բառերով։
  3. 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ ժա) և ժբ) կետերով.

«ժա) էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.

ժբ) էկոլոգիական կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի համընդհանրության, համակարգայնության, փոխկապակցվածության ապահովումը:»:

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ և ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ»։

Հոդված 8. Օրենքի՝

  1. 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ է) և ը) կետերով.

«է) ոչ ֆորմալ էկոլոգիական կրթություն.

ը) ինֆորմալ էկոլոգիական կրթություն:»:

  1. 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
  2. 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«Էկոլոգիական կրթությունը նախադպրոցական կրթական մակարդակում ապահովվում է կրթության, ինչպես նաև շրջակա միջավայրի բնագավառների հաստատված պետական ծրագրերին և մեթոդական ուղեցույցերին համապատասխան:

Էկոլոգիական կրթությունը հանրակրթական դպրոցի 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական դպրոց, միջին դպրոց) իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում ներառված թեմաների միջոցով, իսկ ավագ դպրոցում` ինքնուրույն առարկայի միջոցով։»։

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1. հոդվածով.

«Հոդված 7.1. Էկոլոգիական իրազեկում

  1. Էկոլոգիական իրազեկման միջոցներն են՝

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շրջակա միջավայրին վերաբերող, դրա առնչությամբ առկա խնդիրների և լուծման տարբերակների մասին օրենքով չարգելված տեղեկատվության տարածումը.

2) գրադարանների, թանգարանների և մշակութային այլ հաստատությունների միջոցով էկոլոգիական գիտելիքների տարածումը.

3) զանգվածային լրատվության միջոցներով էկոլոգիական գիտելիքների, շրջակա միջավայրի վիճակի, բնական ռեսուրսների, էկոլոգիական անվտանգության մասին օրենքով չարգելված տեղեկատվության քարոզչությունն ու տարածումը:»։

Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածի «և արտոնագրման» բառերը հանել։

Հոդված 11. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ԻՐԱԶԵԿՄԱՆ,ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ»։

Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 10. Էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման, մշակույթի զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

  1. Էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման, մշակույթի զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

ա) էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման համակարգի պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

բ) էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կազմակերպման ապահովումը.

գ) էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագրի կենսագործման ապահովումը.

դ) էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման համակարգի տեղեկատվական ու գիտամեթոդական ապահովումը։

  1. Էկոլոգիական կրթության գործունեության իրականացման համար համաձայնեցումների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1. և 10.2. հոդվածներով.

«Հոդված 10.1. Էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

  1. էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են՝

ա) էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը՝ հաշվի առնելով կայուն զարգացման սկզբունքը.

բ) էկոլոգիական անընդմեջ կրթության համակարգի կազմակերպումը.

գ) էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագրի և կրթական տարբեր մակարդակներում պետական էկոկրթական ծրագրերի մշակումը.

դ) էկոլոգիական կրթության պետական չափորոշիչների մշակումը.

ե) էկոլոգիական կրթության համակարգի առարկայական ծրագրերի, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների մշակումը, փորձաքննությունը և հրատարակումը.

զ) էկոլոգիական կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման համակարգի համար մասնագետների պատրաստումը, որակավորման բարձրացումը.

է) էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման ոլորտներում անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը.

ը) էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման ոլորտներում միջոցառումների իրականացման նախաձեռնումը և համակարգումը.

թ) ոչ ֆորմալ էկոլոգիական կրթության կազմակերպումը.

ժ) իրավաբանական և ֆիզիկական անձանց էկոլոգիական կրթության գործունեության իրականացման համար համաձայնեցումների տրամադրումը՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն։

Հոդված 10.2. Էկոլոգիական կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

  1. Էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են՝

ա) էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման ոլորտներում անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը.

բ) էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման ոլորտներում միջոցառումների իրականացմանը և համակարգմանը մասնակցությունը.

գ) ոչ ֆորմալ Էկոլոգիական կրթության կազմակերպումը` էկոլոգիական կրթության տարբեր մակարդակներում և հասարակության տարբեր շերտերի համար.

դ) ուսումնամեթոդական ուղեցույցների, թեմատիկ բրոշյուրների մշակումը.

ե) էկոլոգիական վարքագիծ դրսևորող համայնքների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար խրախուսող մեխանիզմների մշակումը.

զ) էկոլոգիական կրթության, դաստիարակության և իրազեկման ոլորտի տեղեկատվական բազայի ստեղծումը.

է) էկոլոգիական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ցանկերի, մասնագետների որակավորման պահանջների ձևավորմանը մասնակցությունը.

թ) էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման գործընթացի մասնակիցներին էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը և աջակցումը.

ժ) իրավաբանական և ֆիզիկական անձանց էկոլոգիական կրթության գործունեության իրականացման համար համաձայնեցումների տրամադրումը՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն։»։

Հոդված 14. Օրենքի 11-րդ հոդվածի`

  1. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման բնագավառում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները»։

  1. 1-ին մասը «օրենքին» բառից հետո լրացնել «և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերով։

Հոդված 15. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 12.  Իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությունն էկոլոգիական անընդմեջ կրթությանը, դաստիարակությանը, իրազեկմանը և մշակույթի զարգացմանը

  1. Էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման բնագավառում իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն`

ա) առաջարկություններ ներկայացնել էկոլոգիական կրթության, դաստիարակության և մշակույթի զարգացման բնագավառում պետական քաղաքականության կատարելագործման ու իրագործման վերաբերյալ,

բ) մասնակցել էկոլոգիական կրթության հանրապետական նախագծերի մշակման մրցույթներին,

գ) մասնակցել էկոլոգիական կրթության բնագավառի միջազգային համագործակցության ծրագրերի նախապատրաստմանը,

դ) օգտվել սույն օրենքով սահմանված էկոլոգիական իրազեկման բոլոր միջոցներից:

  1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք էկոլոգիական կրթության գործունեություն են իրականացնում Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն տրամադրված համաձայնեցումների առկայության դեպքում։
  2. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ էկոլոգիական կրթություն: Ծնողը, որդեգրողը կամ խնամակալը պարտավոր են երեխաների մոտ դաստիարակել հոգատար և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ: Անձը կարող է ինքնուրույն բարելավել էկոլոգիական կրթության անձնական մակարդակը՝ դրանով նպաստելով հասարակության շրջանում էկոլոգիական մշակույթի զարգացմանը։ Ինքնակրթության միջոցով էկոլոգիական գիտելիքներ ձեռք բերելու համար անձը կարող է օգտվել սույն օրենքով սահմանված էկոլոգիական իրազեկման բոլոր միջոցներից։»։

Հոդված 16. Օրենքի 13-րդ հոդվածի`

  1. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Միջազգային համագործակցությունն էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման բնագավառում»։

  1. 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էկոլոգիական անընդմեջ կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:»։

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 18. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից մշակված, սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված էկոլոգիական կրթության գործունեության իրականացման համար համաձայնեցումների տրամադրման կարգը Կառավարությունը սահմանում է վեցամսյա ժամկետում։

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ՝ համայնքում էկոլոգիական կրթության, դաստիարակության, իրազեկման և մշակույթի զարգացման խթանումը.»։

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) կազմակերպում է էկոլոգիական իրազեկմանը և մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումներ համայնքի տարածքում, աջակցում է համայնքում էկոլոգիական իրազեկմանը և մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների իրականացմանը:»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    08.07.2022 - 28.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1698

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ