Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

1.Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

      Նախագծով ներկայացվող կարգավորումները պայմանավորված են ««Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանված նպատակների իրագործման անհրաժեշտությամբ. այն է՝ մինչ այժմ հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված չեն եղել ուսուցչի մասնագիտական չափորոշիչները, իսկ նոր համակարգը հաշվի է առել ուսուցիչների կատարելագործման համակարգի բարեփոխման առկա անհրաժեշտությունը՝ ապահովելու համապատասխանությունը կրթության պետական չափորոշիչների և առարկայական ծրագրերի՝ այս պահին ընթացքի մեջ գտնվող ավելի լայն բարեփոխումների հետ։ Այն միտված է հզորացնել ուսուցիչներին և օգնել նրանց՝ ստանձնել պատասխանատվություն սեփական ընթացիկ մասնագիտական զարգացման համար, և հնարավորություններ ընձեռել նրանց՝ բարեփոխումների իրականացման համար։

 2021 թվականին ընդունված ««Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է նոր՝ 26.16 ենթակետով՝ Կրթության պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունների շարքում ամրագրվել է մասնագիտական չափանիշների հաստատման լիազորությունը։ Ըստ այդմ, օրենքի առաջարկվող լրացումներով սահմանվում է ուսուցչի մասնագիտական չափանիշ  հասկացությունը՝ որպես ուսուցչի մասնագիտական զարգացման և գիտելիքների, կարողությունների, պատասխանատվության նկարագիր։ Միաժամանակ որակավորման տարակարգ հասկացության սահմանումը խմբագրվում է՝ փոխկապակցելով մասնագիտական չափանիշի հասկացությանը։ 

1.1.Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

     Հանրակրթության ոլորտում առկա են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգային փոփոխությունների ընթացքը։ Ոլորտում հաջողության հասնելու համար կարևոր է ունենալ բարձրակարգ ուսուցչական կազմ և ժամանակի պահանջներին համապատասխանող, աշակերտների սովորելու ցանկությունը խթանող բովանդակություն։ Եթե կրթական համակարգը չունենա բարձրակարգ մանկավարժական կազմ և որակյալ ուսումնական բովանդակություն, ապա հասարակությունը իր կրթական պահանջմունքները բավարարելու է դպրոցից դուրս, իսկ վերջինս դառնալու է ձևական և անարդյունավետ հաստատություն։

   Ներկայում ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման գործող համակարգերը բավարար չեն՝ համակարգում ստեղծարար և նորարար ուսուցչական գործունեությունը խթանելու, երիտասարդներին ներգրավելու համար։

    ««Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներին՝ նպատակադրելով առավել ճկուն և արդիական մոտեցումներ ներդնել համակարգի մի շարք գործընթացներում, ինչպես նաև կիրառել նոր գործիքակազմեր։ 

1.2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է ուսուցչի մասնագիտական չափանիշը դիտարկել զարգացման ոլորտների, մասնագիտական գործունեության ձևերի, կարողունակության մակարդակների և մանկավարժի բնութագրերի տեսանկյունից:

Զարգացման ոլորտներն ընդգրկում են առարկայի իմացությունը, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողությունները, սովորողին ցուցաբերվող աջակցությունը, ինքնազարգացումը և մանկավարժական համայնքի հզորացումը:

Որպես մասնագիտական գործունեության ձևեր, ըստ զարգացման ոլորտների, դիտարկվում են առարկայական գիտելիքների զարգացումը, դասընթացների և դասերի պլանավորումը, դասի վարումը, ռեսուրսների կառավարումը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) ինտեգրումը, 21-րդ դարի հմտությունների (քննադատական մտածողություն, ստեղծարարություն, համագործակցություն, հաղորդակցում, տեղեկատվական գրագիտություն, մեդիագրագիտություն, տեխնոլոգիական գրագիտություն, ճկունություն, առաջնորդում, նախաձեռնողականություն, արդյունավետություն, սոցիալական հմտություններ) խթանումը, սովորողների կարիքների ճանաչումը, ուսումնառության գնահատումը, ներառական մեթոդների կիրառումը, մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնումը, կրթական քաղաքականությունների և պրակտիկայի իմացությունը, մասնագիտական բարեվարքությունը և ժողովրդավարական արժեքները։

  Յուրաքանչյուր զարգացման ոլորտի շրջանակներում յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով ուսուցիչը կարող է դրսևորել կարողունակության հետևյալ չորս մակարդակներից որևէ մեկը՝ տարրական, ձեռնահասության, տիրապետման կամ փորձագետի:

      Կախված զարգացման ոլորտի շրջանակներում մասնագիտական ձևերի կարողունակության մակարդակներից՝ նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է տարբերակել  մանկավարժի հետևյալ բնութագրերը՝ դասավանդող, ավագ ուսուցիչ, վերապատրաստող և հետազոտող ուսուցիչ: Ուսուցչի համապատասխանությունը մանկավարժի չորս բնութագրերից որևէ մեկին որոշվում է մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքում դասավանդման ձևերի դրսևորված կարողունակության մակարդակի միջոցով։

    2. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

    Առաջարկվող կարգավորմամբ կրթական բարեփոխումների համատեքստում կբարձրանա ուսուցչի մասնագիտական կարողությունների որակը. ուսուցիչ, որն արագ կհարմարվի նորամուծություններին և նորարարություններին և դրա հիման վրա ստեղծագործաբար կկատարելագործի ուսումնադաստիարակչական գործընթացը՝ համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և հասարակության կրթական պահանջմունքներին:

   Նախագծով առաջարկվող կարգավորումները հիմք են հանդիսանալու ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու համար։ Տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին:

      «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի  նախագծի ընդունումը  չի նախատեսում պետական բյուջեի ծախսերի ավելացում:

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները՝ անձինք՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

2.1.Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը բխում է.

ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության  ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»  բաժնի  1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններից, «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ»   ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 01 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը և հիմնախնդիրները» գլխի 14-րդ և 45-րդ կետերով, 3-րդ՝ «Կրթության մինչև 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը և ուղղությունները» գլխի  72-րդ, 73-րդ, 75-րդ, 76-րդ կետերով սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:

 

  • Քննարկվել է

    29.06.2022 - 14.07.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9289

Տպել

Առաջարկներ`

Անահիտ Առաքելյան

12.07.2022

Առաջարկում եմ սահմանել օրինակելի օրվա դասի պլանի ձևանմուշ։

Լուիզա Սարգսյան

07.07.2022

Առաջարկս փաստաթղթի ձևավորմանն է վերաբերում. յուրաքանչյուր բաղադրիչ ներակայացնել ոչ թե հերթական համարակալմամբ, այլ առանձին վերնագրով:

Mher Davtyan

06.07.2022

9-րդ մասի Դ կետում << ուսուցիչն ապահովում է սովորողի մասնակցությունը ուսումնական գործընթացներին>> հատվածն առաջարկում եմ փոփոխել հետևյալ կերպ․ << ապահովում է սովորողի իմաստալից մասնակցությունն ուսումնական գործընթացներին>>։ Պրակտիկայում խնդրահարույց է այն, որ հատկապես ԿԱՊԿ ունեցող աշակերտներն ինչ-որ սիմվոլիկ մասնակցություն ունենում են դասին, որը հաճախ մեխանիկական է և չի հենվում երեխայի կարողությունների, իրական ուժեղ կողմերի վրա, այլ ձևական մասնակցություն է ապահովում, որը սակայն երեխայի զարգացման ու ներգրավման տեսանկյունից իմաստավորված ու արդյունավետ չէ։ Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիան նույնպես ընդգծում է լիարժեք, իմաստալից ու արդյունավետ մասնակցությունը կրթական և սոցիալական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Տեսնել ավելին