Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների նախականխումը, հայտնաբերումն իրականացվում է նաև տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով։

Դեռևս 13.06.2011թ. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև կնքվել է «Պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման) և դրանց սպասարկման (ծառայությունների մատուցման)» «ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02» ծածկագրով պայմանագիրը:

ՀՀ ոստիկանությունը և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետև՝ ՍՊԸ) 15.02.2017թ., հիմք ընդունելով ՀՀ կառավարության 26.01.2017թ. N 90-Ա որոշումը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածով սահմանված կարգը՝ կնքել են N 02/17 համաձայնագիրը N ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 ծածկագրով պետության կարիքների համար երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի ձեռքբերման /գնման/ և դրանց սպասարկման /ծառայությունների մատուցման/, որով որպես պատճառված վնասի (բաց թողնված օգուտի) հատուցում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցներից «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին վճարվել է 2.500.000.000 դրամ:

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն 15.02.2017թ. կնքել են գույքի հավատարմագրային կառավարման ԲԸԱՀԾՁԲ-03/2017 ծածկագրով պայմանագիրը, որի համաձայն՝ Կառավարման հիմնադիրը (Հայաստանի Հանրապետությունը) ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համար նախատեսված և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող գույքը հանձնել է Հավատարմագրային կառավարչի հավատարմագրային կառավարմանը, իսկ Հավատարմագրային կառավարիչը պարտավորվել է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ Կառավարման հիմնադրի:

Վերը նշված պայմանագրի համաձայն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն՝ իրականացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության (այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների) պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման (այդ թվում՝ իրավախախտումների հայտնաբերման) համար նախատեսված համակարգերի կառավարում, շահագործում և տեխնիկական սպասարկում, ներառյալ՝ հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական ակտերի (որոշում) նախագծեր կազմելու և վարչական ակտ (որոշում) կայացնող վարչական մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնելու միջոցով դրանց անխափան աշխատանքի ապահովում:

Արդյունքում՝ Կառավարման հիմնադիրը, որպես Հավատարմագրային կառավարչի ծախսերի հատուցում և վարձատրություն, համաձայն 15.02.2017թ. կնքված պայմանագրի, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին հատուցել է հավատարմագրային կառավարման ընթացքում նրա կրած ծախսերը՝ վերոհիշյալ համակարգերի կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման նպատակով փաստացի կատարված ծախսերի չափով (ընկերությանը 2020 թ. հատուցվել է 2.576.610.472 ՀՀ դրամ, իսկ 2021 թ.՝ 2.335.431.663 ՀՀ դրամ), ինչպես նաև՝ վարձատրել է նշված համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարի և վերոհիշյալ ծախսերի հատուցման գումարների տարբերության 10 %-ի չափով՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները (ընկերությունը 2020թ. վարձատրվել է 486.100.000 ՀՀ դրամի, իսկ 2021թ.՝ 715.199.900 ՀՀ դրամի չափով):

Նկատի ունենալով, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ժամկետը (5 տարի) լրացել է 15.02.2022թ.՝ Ոստիկանության տնտեսական վարչության գնումների համակարգման բաժնի կողմից դեռևս 19.01.2022թ. հայտարարվել է հավատարմագրային կառավարման ծառայությունների ձեռքբերման նպատակով ճանապարհային ոստիկանության համար տեսախցիկներ, նկարահանող սարքեր և տեղադրման-մոնտաժման ծառայություններ երկփուլ մրցույթի միջոցով գնում կատարելու ընթացակարգ, որին մասնակցելու նպատակով հայտ են ներկայացրել 6 կազմակերպություն։ Սակայն, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 67-րդ կետի դրույթների հիմքով դադարեցվել են կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը բավարար գնահատելու մասին որոշումները և պարտավորեցվել է Պատվիրատուին՝ գնահատող հանձնաժողովին, կրկին իրականացնել հայտերի գնահատում։ Նշված աշխատանքները կատարելու նպատակով 21.03.2022թ. գնման ընթացակարգը կասեցվել է:  

Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ տեսախցիկներն աշխատում են հունգարական STP ծրագրով, որը չի ինտեգրվում ներկայումս շուկայում առկա տեխնիկածրագրային լուծումների հետ:

Վերը նշված ծախսերի հատուցումը, գնման գործընթացի կասեցումն ու հնարավոր չեղարկումը,  ինչպես նաև երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության համակարգերի առավել արդյունավետ կառավարման, ֆինանսական միջոցների առավել նպատակային և ողջամիտ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ նախագծով նախատեսվում է ՀՀ ոստիկանության ենթակայությամբ ստեղծել Պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի իրավախախտումների վերահսկման գործընթացի կառավարումը։

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշման  հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 6․7-րդ և 6․10-րդ կետերով։ Նշված ծրագրի 6․7-րդ կետով նախատեսված է պետական գույքի արդյունավետ կառավարում, իսկ 6․10-րդ կետով կարևորվում է հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայացվող նախագծով նախատեսվում է Ոստիկանության ենթակայության ներքո ստեղծել «Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» Պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը տեխնիկական միջոցների օգտագործմամբ նպաստելու է իրավախախտումների նախականխմանը, հայտանբերմանը, իրականացնելու է իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ։ Իսկ հայտնաբերված իրավախախտումների արդյունքում գանձված տուգանքն ամբողջությամբ ուղղվելու է պետական բյուջե։

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Սույն որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի:

5. Ակնկալվող արդյունքը

«Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն»  Պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի գործունեության ընթացքում ստացված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պետական բյուջե, իրականացվելու է կազմակերպությանն անհատույց օգտագորման իրավունքով ամրագրված պետական գույքի արդյունավետ կառավարում։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

      Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

  • Քննարկվել է

    24.06.2022 - 09.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5561

Տպել

Առաջարկներ`

Խաչիկ Հակոբյան

27.06.2022

Ես դեմ եմ տվյալ նախագծին

Տեսնել ավելին