Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1533-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1533-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Անհրաժեշտությունը

 

Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 498-Լ որոշման 2-րդ հավելվածի 1․1-ին կետում նշված դրույթներից, որով նախատեսվում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության տակ գտնվող և համագործակցող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայում։ Նույնն ամրագրված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի  N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 9․2-րդ կետում։

ՀՀ կառավարության գործող որոշումներում, որոնք վերաբերում են խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրմանը,  առկա են որոշակի թերություններ։ Դրանք կապված են չափորոշիչների բարելավման, լրացուցիչ ծառայությունների ներդրման և այլ հարցերի հետ։ Վերոնշյալ հարցերն անմիջականորեն կապված են խոցելի խմբի՝ տարեց և (կամ) հաշմանդամություն, այդ թվում՝ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ ունեցող անձանց ծառայությունների տրամադրմանը։

Հիմք ընդունելով այս ամենը՝ նախարարությունը առաջարկել է այդ դրույթը ՀՀ կառավարության ծրագրում, և վերջինս ներառել է այն։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Շուրջօրյա խնամքի կենտրոններ։ Ներկայումս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ենթակայությամբ գործում են տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի չորս հաստատություններ՝ «Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ, ինչպես նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերությանն է պատվիրակվել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը։ Բնակչության սոցիալական պաշտպանության այս հաստատություններում խնամքը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի հիման վրա՝ ՀՀ պետական բյուջեի 1032 ծրագրի 11001 միջոցառման շրջանակներում։ Նույն ծրագրի մեկ այլ՝ 11004 միջոցառման շրջանակներում գործում է Վանաձորի տարեցների տունը, որը ղեկավարվում է համանուն հասարակական կազմակերպության կողմից։ 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ շահառուների ընդհանուր թիվն անցնում է 1200-ը։ Ֆինանսավորման հաշվարկների հիմքում են ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-Ն և ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշումներով սահմանված չափորոշիչները։ Սույն իրավական ակտերն ընդունվել են տարիներ առաջ և, ըստ էության, չեն թարմեցվել և համապատասխանեցվել միջազգայնորեն ընդունված ժամանակակից նորմերին։ Առաջացել է անհրաժեշտություն նորովի կարգավորել շուրջօրյա խնամքի կենտրոնների գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր և բնակելի տարածքի, կոմունալ ու սանիտարական պայմանների, հակահրդեհային անվտանգության պահպանման, մասնագետների հաստիքային միավորների,  սննդամթերքի, հագուստի և անկողնային պարագաների,      սանիտարահիգիենիկ պարագաների, մաքրիչ նյութերի և սպասքի չափորոշիչները: Դրանք կարգավորում են արդեն գործող իրավական ակտերով ամրագրված չափորոշիչները, ավելացնում նորերն ու թարմեցնում հները։ Սույն նախագիծը մշակելիս հաշվի է առնվել միջազգային և հասարակական կազմարեպությունների փորձը՝ խնամքը հնարավորինս բարձր մակարդարկի հասցնելու համար։ Նախագծով սահմանված չափորոշիչները հնարավորինս մոտեցվել են արևելաեվրոպական երկրներում գործող խնամքի հաստատությունների փորձին, բայց շարունակում են զիջել հյուսիսամերիկյան և արևմտաեվրոպական զարգացած երկրների չափանիշներին։

Համայնքահեն խնամքի փոքր տներ։ Ներկայումս ՀՀ տարածքում գործում են մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի փոքր տներ՝ Լոռու, Կոտայքի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում։ Բնակչության սոցիալական պաշտպանության այս հաստատություններում խնամքը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի հիման վրա՝ ՀՀ պետական բյուջեի 1160 ծրագրի 11013 միջոցառման շրջանակներում։ Այստեղ խնամքը մատուցվում է նախարարության հետ համագործակցող երկու հասարակական կազմակերպությունների («Ջերմիկ անկյուն» հիմնադրամ և «Խնամք» ՀԿ) կողմից՝ 36 շահառուի համար։ Բացի այդ, կարևորելով «Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիան» և դրանում ամրագրված դրույքները՝  բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը, նախարարությունը ձեռք է բերել առանձնատներ Արմավիրի մարզի Ակնաշեն, Մրգաստան և Գեղակերտ համայնքներում, որոնցում հնարավոր կլինի խնամքի ծառայություններ տրամադրել ևս 36 անձի: Ֆինանսավորման հիմքում ընկած ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի N 1533-Ն ոչ միայն խիստ թերի է և ժամանակավրեպ, այլև չունի լիազորող իրավական նորմ։ Համայնքահեն փոքր տների նպատակն է այլընտրանքային ծառայությունների կազմակերպումն ու տրամադրումը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական, առողջության վերականգնումը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության ու սոցիալական կարգավիճակի վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործումը և համայնքի այլ անձանց հետ համահավասար սոցիալական ներառման իրավունքի իրացումը:

Խնամք տնային պայմաններում և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում։ Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում հնարավորինս երկար պահելու և նրանց մուտքը խոշոր հաստատություններ կանխելու համար ստեղծված այս երկու ծառայությունները մատուցվում են գերազանցապես հասարակական կազմակերպությունների կողմից («Առաքելություն Հայաստան», «Հայկական Կարմիր Խաչի ընկերություն», «Հայկական Կարիտաս», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»)։ Նշյալ կազմակերպությունների կողմից խնամքը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի հիման վրա՝ ՀՀ պետական բյուջեի 1032 ծրագրի 11002 և 11003 միջոցառումների շրջանակներում, շահառուների քանակն անցնում է 3000-ը։ Ֆինանսավորման հաշվարկների հիմքում են ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-Ն և ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշումներով սահմանված չափորոշիչները, որով կազմակերպություններին տրամադրվում է բացառապես խնամք մատուցող աշխատակիցների նվազագույն աշխատավարձերի չափով գումար՝ մրցութային տարբերակով։ Չգերազանցելով պետական բյուջեով նախատեսված գումարը՝ նախարարությունը նպատակ ունի հստակեցնել նաև խնամքի այս տեսակի համար սահմանված չափորոշիչները, քանի որ վերոնշյալ որոշումները խիստ թերի են և չունեն իրավական լիազորող նորմեր։ Դրանով ոչ միայն կխստացվի գործող կազմակերպությունների աշխատանքների ստուգումը, այլև կսահմանվեն նվազագույն պահանջներ նոր կազմակերպությունների համար։

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված՝ գործող կարգում (այսուհետ՝ կարգ) ամրագրված է շուրջօրյա խնամքի հաստատություններ, տնային խնամքի ծառայություններ և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայություններ մատուցող կազմակերպություններ խնամքի տրամադրում հայցող անձանց ընդունելությունը, նրանց խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը: Վերը նշված կարգով կարգավորված չէ խնամքի ծառայություններ տրամադրող՝ այսօրվա գործող բոլոր կազմակերպությունների կողմից ծառայությունների տրամադրման գործընթացը, մասնավորապես՝ գործող կարգում տարանջատված չեն սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տեսակները՝ ըստ շահառուների շրջանակի, մասնավորապես՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող տնային խնամքը, հատուկ տիպի ցերեկային կենտրոնները: Այս ամենի մասին նախնական դրույթները ամբողջությամբ արտացոլված են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում՝ խնամքի տրամադրման կարգի և պայմանների սահմանումը վերապահելով ՀՀ կառավարությանը։ Նույն հոդվածի 6-րդ կետը հնարավորություն է ընձեռում ստեղծել սոցիալական սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններում, և նպատակ է առաջանում ստեղծել համայնքահեն փոքր տները՝ ի կատարումն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասի, որն էլ իր հերթին բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 19-րդ հոդվածից։ Փոքր տները, ինչպես և շուրջօրյա խնամքի հաստատությունները, ըստ սույն նախագծի կարող են լինել ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված)։ Նույն խնդիրն առկա է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար տնային խնամքի ծառայությունների տրամադրման և ցերեկային կենտրոնների պարագայում, չնայած որ սկսած 2020 թվականից դրամաշնորհի տրամադրման պայմանագրով նման ծառայություն արդեն իսկ մատուցվում է: Նախագծով գործող կարգում ավելացվել են նոր բաժիններ՝ կապված մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և ծառայությունների ֆինանսավորման կարգի հետ: Նախագծում հստակեցվել են ծառայություններ ստացող անձանց շրջանակը, սահմանելով, որ ծառայությունները տրամադրվում են համաձայն նրանց գնահատված կարիքների՝ ըստ շահառուների առողջական վիճակի, սոցիալական հմտությունների ու կարողությունների:

Խնամքի տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից, իսկ վերջինիս հնարավորություն տալը սահմանել նաև խնամքի չափորոշիչները կարելի կլինի միայն նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո՝ 13-րդ հոդվածի 12-րդ մասով, որի նախագիծն արդեն ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել վերոհիշյալ խնդիրները և օրենսդրական փոփոխությամբ շտկումներ մտցնել գործող իրավական ակտում՝ նախարարությանը ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպություններում, նախարարության ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած, ինչպես նաև՝ պայմանագիր չկնքած կազմակերպությունների կողմից ներդնելով խնամքի ծառայություններ, որն ուղղված կլինի առավել խոցելի խմբերի բացահայտմանը և նրանց հիմնական իրավունքների պաշտպանությանը։ Ոլորտում առկա և ապագայում ստեղծվելիք կազմակերպությունների առջև կլինեն հստակ պահանջներ՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման տեսանկյունից՝ ապահովելով քաղաքացիների առողջ և արժանապատիվ ծերացումը։

Իրավական կարգավորում է ստացել սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների տարանջատումը՝ ըստ շահառուների շրջանակի, սահմանվել են փոքր տները: Նախագծում ներկայացվել է տարբեր ծառայությունների նկարագրերը և այդ ծառայություններից ստացողների շրջանակը՝ ըստ վերջիններիս գնահատված կարիքները: Հստակեցվել են խնամքի տրամադրում հայցող անձանց՝ ծառայություններից օգտվելու համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ծառայությունների տրամադրման, դրանց տրամադրումը մերժելու, դադարեցնելու հիմքերը և այլն:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը գերազանցապես մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, սակայն մասնակցել են վերոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, կիրառվել է եղել միջազգային ինստիտուների փորձը, հաշվի են առնվել շահագրգիռ գերատեսչությունների դիտարկումները:

5

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել խնամքի ծառայությունների տրամադրումը, որն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և (կամ) հաշմանդամություն, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Դրանով կբարելավվի խնամքի որակը՝ ինչպես խնամքի համար նախատեսված հիմնարկներում, այնպես էլ համայնքահեն ծառայություններից բխող փոքր տներում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում։ Առավել կհստակեցվեն շահառուների խմբերը, խնամքը կդառնա հասցեական և նպատակային։ Հանրապետությունում խնամքի տրամադրումը առնվազն չի զիջի միջազգային չափանիշներին։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի։ Ոլորտի առանձնահատկությունն այն է, որ շահառուների ավելի քան 75 տոկոսը սպասարկվում են հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք ֆինանսավորվում են միայն նվազագույն աշխատավարձի չափով։ Այդ է պատճառը, որ չափորոշիչների սահմանումը պետական բյուջեի համար ֆինանսական լրացուցիչ բեռ չի դառնա։

7.

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

 

ՀՀ Կառավարության 2021-2026թ. ծրագրի 4.6 բաժնի 22-րդ  պարբերության համաձայն՝ աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը:

23-րդ պարբերության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքն ապահովելու նպատակով կփոխակերպվեն խնամքի ծառայությունները, կստեղծվեն նոր ծառայություններ, և կբարելավվեն արդեն գործող ծրագրերը։

25-րդ պարբերության համաձայն՝ մինչև 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում ստեղծվելու են ցերեկային կենտրոններ, բոլոր մարզերում ներդրվելու է տնային խնամքի ծառայություն։ Իրականացվելու է տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը՝ վերանայելով ողջ օրենսդրական դաշտը՝ ապահովելու տարեցների համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ, բարելավելու խնամքի որակը:

26-րդ պարբերության համաձայն՝ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող և ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություններում կատարվելու են շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ։ Չափորոշիչների հստակեցմամբ հնարավոր կդառնա դրանց վերանորոգումը և համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին։

 

  • Քննարկվել է

    07.06.2022 - 22.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3526

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

22.06.2022

Խնամքի տրամադրումը մերժելու վերաբերյալ Խնամքի տրամադրում հայցող անձին տարածքային կենտրոնը մերժում է խնամքի տրամադրումը, եթե՝ 1) անձի մոտ առկա է սույն որոշման N 3 հավելվածի հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը՝ մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա (բացառությամբ՝ շուրջօրյա խնամքի հատուկ կենտրոնում ու մասնագիտացված փոքր տանը, տնային պայմաններում հատուկ խնամքի և մասնագիտացված ցերեկային կենտրոններում խնամքի կարիք ունեցող անձանց դեպքում՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրները). Առաջարկվում է- հավելված 3-ից հանել 1-ին մասն ամբողջությամբ, քանի հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց խնամքի տրամադրման մերժումը խտրական է։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

22.06.2022

Պարագաների կամ նյութի անվանումների «կանացի իր»-ի վերաբերյալ Առաջարկվում է հավելված 9-ի 76-րդ կետի «Կանացի իր-յուրաքանչյուր կնոջն ամսական 15 հատ» փոխարինել՝«Կանացի իր-յուրաքանչյուր կնոջն ամսական առնվազն 20 հատ՝ ըստ կարիքի» բառերով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

22.06.2022

Սննդամթերքի անվանումների «Կաթնամթերք»-ի վերաբերյալ” Առաջարկվում է հավելված 1-ի 98-րդ կետի 5.5 տողում «Կարագ» բառից հետո լրացնել «՝ բացառելով սպրեդի օգտագործումը» բառերը։ Միաժամանակ նույն լրացումն անել յոթերորդ բաժնում։

Տեսնել ավելին