Հիշել նախագիծը

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Գործող օրենսդրության համաձայն՝ հանրապետական գործադիր մարմինների, ներկայիս՝ պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի համար որպես հիմք և լիազորող նորմ է հանդիսանում Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշումը, որն իր հերթին չի պարունակում որևէ լիազորող նորմ։ Առաջացած խնդրին լուծում տալու և գործնականում լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում ավելացնել համապատասխան լիազորող նորմ:

 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. (…) Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: (…)»:

Նշված իրավակարգավորումից բխում է, որ յուրաքանչյուր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ իր նախաբանում պետք է պարունակի այն իրավական նորմի հղումը, որը լիազորում է համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմնին ընդունել այն:

Նշվածի համատեքստում անդրադառնալով Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1369-Ն որոշմանը (այսուհետ՝ Որոշում)՝ հարկ է նկատել, որ դրա ընդունման պահին գործել է «Իրավական ակտերի մասին» օրենքը, որում լիազորող նորմի նշման վերաբերյալ համապատասխան պահանջ նախատեսված չլինելու պայմաններում գործնականում բացակայել է նախաբանում լիազորող նորմին հղում տալու պարտադիր պահանջը, բացի այդ գործող օրենսդրությամբ չկա որևէ օրենսդրական իրավական ակտի իրավական նորմ, որը Կառավարությանը լիազորում է ընդունել Որոշումը և կարող է լիազորող նորմ հանդիսանալ վերջինիս համար:

Այսպես.

Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝

«1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:(…)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝

«3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ:»:

Նշված կարգավորումներից բխում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման համար անհրաժեշտ է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման լիազորությունը հստակ սահմանված լինի օրենքով: Հետևաբար՝ առաջացած խնդրին հնարավոր է լուծում տալ միայն առկա օրենսդրության մեջ լրացում կատարելու միջոցով:

Որոշման վերնագրից արդեն իսկ երևում է, որ դրանով հաստատվում է հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը, այսինքն՝ այն պարունակում է հանրապետական գործադիր մարմիններին վերաբերելի իրավակարգավորումներ: Այս մասով հարկ է նկատել, որ «հանրապետական գործադիր մարմիններ» հասկացությունը սահմանվել է Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ ՆՀ-174-Ն հրամանագրով (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին), որով հաստատված Հավելվածի 7-8-րդ կետերի համաձայն՝ Կառավարության քաղաքականությունն առանձին բնագավառներում մշակում և իրականացնում են հանրապետական գործադիր մարմինները, (այսուհետ` ՀԳՄ) (…): ՀԳՄ-ներն են` Հայաստանի Հանրապետության նախարարությունները և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները: Հարկ է նշել, որ ներկայումս հանրապետական գործադիր մարմիններն, ըստ էության, նույն պետական կառավարման համակարգի մարմիններն են, որոնք Սահմանադրության 159-րդ հոդվածի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նախարարություններն են, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինները:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով կարգավորվում են պետական մարմնում, ինչպես նաև ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նաև ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները: Հաշվի առնելով, որ պետական կառավարման համակարգի մարմնի կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկը ստեղծվում է պետական մարմնին և ենթակա պետական մարմնին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով, այսինքն, ըստ էության, պետական կառավարման համակարգի մարմնին ենթակա պետական մարմին է, առաջարկվող լիազորող նորմը տեղավորվում է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի կարգավորման առարկայի շրջանակներում: Հիմք ընդունելով վերջինս՝ սույն նախագծով առաջարկվում է համապատասխան նորմը ավելացնել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի՝ «Ենթակա պետական մարմինները, կազմակերպությունները, հիմնարկները» վերտառությամբ 4-րդ հոդվածում՝  լրացնելով հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս՝

«5. Պետական կառավարման համակարգի մարմինների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության ձևը սահմանում է Կառավարությունը:»:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և գործնականում բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ, այլ բխում է Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 և 2022 թվականի մայիսի 26-ի թիվ 02/11.2/16890-2022 հանձնարարականներից:

 

  • Քննարկվել է

    31.05.2022 - 15.06.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2713

Տպել