Հիշել նախագիծը

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի որոշ դրույթներում հիշյալ կառույցներին վերաբերելի կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությամբ: 

Մասնավորապես, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման ուժով դատավորների թեկնածուների հավակնորդների, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը, ինչպես նաև դատավորների, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների, դատախազների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը կազմակերպվում և անցկացվում է Արդարադատության ակադեմիայի կողմից։

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ակադեմիայի կառավարումն իրականացնում է  Ակադեմիայի կառավարման խորհուրդը։

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  կառավարման խորհուրդը բաղկացած է  յոթ անդամից, որի կազմի մեջ են մտնում արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ իր տեղակալը, երեք դատախազ և երեք դատավոր։

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « 1. Խորհուրդը`

1) իրականացնում է Ակադեմիայի կառավարումը.

2) մշակում և արդարադատության նախարարի միջոցով կառավարություն է ներկայացնում Կանոնադրությունը կամ դրանում առաջարկվող փոփոխությունները.

3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ռեկտորի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, որոշումները, հրահանգները և ցուցումները.

4) լսում է Ակադեմիայի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է Ակադեմիայի գործունեության վերստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում Ակադեմիային ամրացված պետական սեփականության, ինչպես նաև Ակադեմիայի սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, Կանոնադրությանը համապատասխան համաձայնություն է տալիս Ռեկտորի կողմից Ակադեմիայի գույքը օտարելու, ձեռք բերելու կամ օգտագործման հանձնելու հետ կապված խոշոր գործարքներ կատարելու համար.

6) Ռեկտորի նկատմամբ կիրառում է խրախուսանքի միջոցներ և սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կարգապահական տույժեր, ինչպես նաև սահմանում է ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը, ծառայողական քննություն անցկացնելու համար ձևավորում համապատասխան հանձնաժողով.

7) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

8) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը).

9) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի (բյուջետային հայտի) վերաբերյալ.

10) հաստատում է սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված անկախ աուդիտ իրականացնող անձին.

11) հաստատում է իր աշխատակարգը և նիստերի ժամանակացույցը.

12) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի կրթական չափորոշիչները, ուսուցման ծրագրերը, դրանց իրականացման կարգերը և ժամանակացույցերը.

13) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ունկնդիրների մասնագիտական պատրաստման ընթացքում փորձաշրջանի անցկացման կարգը և ունկնդրի փորձաշրջանի գնահատման չափանիշները, փորձաշրջանի բովանդակության նվազագույն պահանջները, փորձաշրջանից հետո ներկայացվող հաշվետվության և գրավոր գնահատագրի ձևերը.

14) Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայում քննությունների անցկացման կարգն ու պայմանները, ունկնդրի գիտելիքների գնահատման և քննական միավորների հաշվարկման կարգը, քննությունների անցկացման ժամանակացույցը, գիտելիքների ստուգման եղանակների, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության արդյունքների բողոքարկման կարգը.

15) սահմանում է գնահատման հանձնաժողովի անդամների վարձատրության կարգն ու պայմանները.

16) Ռեկտորի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդիրների նկատմամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու հարցը.

17) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից ունկնդրին հանելու միջնորդությամբ համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդ կամ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ.

18) Ռեկտորի ներկայացմամբ քննարկում և լուծում է ունկնդրին տարկետում տրամադրելու հարցը.

19) Ռեկտորի ներկայացմամբ սահմանում է վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման խմբերում ընդգրկվող ունկնդիրների առավելագույն թվաքանակը.

20) իրականացնում է սույն օրենքով և Կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։»:

Օրենքի վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցիչները  իրականացնում են Ակադեմիայի կառավարումը, սակայն տվյալ խորհրդի կազմում ներառված չեն Հակակոռուպցիոն կոմիտեից և Քննչական կոմիտեից ներկայացուցիչներ։

Հարկ է նշել, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում են անցնում ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդներ, դատավորներ, դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձինք և դատախազներ, այլ նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, Քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք և Քննչական կոմիտեի քննիչներ։

Այսպիսով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեն, այնպես էլ Քննչական կոմիտեն կարևորում են իրենց կառույցների համար որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, ուստի անհրաժեշտություն է առաջանում նրանց նույնպես հնարավորություն ընձեռել մասնակցելու մասնագետների պատրաստման գործընթացը կազմակերպող մարմնի կառավարմանը։ Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների ընդգրկվածությունը հնարավորություն կտա անմիջականորեն մասնակցելու խորհրդի գործունեությանը, ինչպես նաև մասնագետների պատրաստման և վերապատրաստման ընթացքում առաջացած խնդիրները լուծել արագ և արդյունավետ։ Նրանք հնարավորություն կունենան նաև մասնագիտական տեսանկյունից կանոնակարգելու քննիչներին վերաբերող գործընթացները՝ նպաստելով ժամանակակից և իրավակիրառ պրակտիկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։

Բացի այդ, հարկ է նկատել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-11-րդ կետերով նախատեսված՝ Խորհրդի լիազորություններն անմիջականորեն առնչվում են նաև քննչական մարմինների համար նախատեսված մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացներին այնքանով, որքանով Ակադեմիայի կառավարման գործընթացն իրականացնող սուբյեկտ է համարվում Ակադեմիայի ռեկտորը, որի գործունեությունն ուղիղ կապով ներգործում է մասնագիտական պատրաստման և վերապատրաստման կազմակերպման ընթացակարգերի վրա՝ սկսած ուսումնական գործընթացի ֆինանսական հարաբերություններից՝ մինչև ներքին կազմակերպական  հարաբերությունները:

Միաժամանակ, պետք է նշել նաև, որ ոչ միայն կարևորվում է Ակադեմիայի կառավարման խորհրդում այդ երկու կառույցներից ներկայացուցիչներ ունենալը, այլև՝ էական է համարվում յուրաքանչյուր կառույցից հավասար թվով ներկայացուցիչներ ունենալու հանգամանքը:

Ուստի, Նախագծով առաջարկվում է հավասար պայմաններ ապահովել դատավորներ, դատախազներ, քննիչներ պատրաստող և վերապատրաստող կառույցի կառավարման խորհրդի կազմը ձևավորելիս՝ նախատեսելով յուրաքանչյուր կառույցից երեք ներկայացուցիչ՝ արդարադատության նախարարության ներկայացուցչին թողնելով անփոփոխ։  

Բացի այդ, սույն Նախագծով կարգավորվում է նաև Քննչական կոմիտեի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի տևողությունը:  Մասնավորապես, Օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձանց պարտադիր փորձաշրջանի վերաբերյալ կարգավորումներ: Հիշյալ հոդվածի համաձայն՝ փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել երեք ամսից՝ բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով և «Դատախազության մասին» օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված անձանց, ինչպես նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի և օրենքով նախատեսված այլ դեպքերի, որոնց ժամկետները սահմանում է Խորհուրդը:

Ինչպես նկատելի է՝ օրենսդիրը բացառություններ նախատեսել է դատախազության, դատական և հակակոռուպցիոն կոմիտեում թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար, ովքեր ազատվում են փորձաշրջանից:

Հետևաբար, սույն Նախագծով կարգավորվում է իր թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի տևողությունը՝ սահմանելով երեք ամսվա պարտադիր փորձաշրջանի փոխարեն մինչև մեկ ամիս:   

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Օրենքում փոփոխություն կատարել՝ սահմանելով, որ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում բացի արդարադատության նախարարության, դատախազության և դատական համակարգի ներկայացուցիչներից ընդգրկվեն նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները։ Նկատի ունենալով վերը նշված փոփոխությունները՝ Նախագծով փոփոխությունների են ենթարկվել Խորհրդի նիստերի հրավիրման և որոշումներ կայացնելու կարգը, ինչպես նաև ռեկտորին ընտրելու հարաբերությունները կարգավորող նորմերը։ Բացի այդ, Նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեին և Քննչական կոմիտեին վերաբերելի դրույթներ են սահմանվել ինչպես գնահատման և բողոքարկման հանձնաժողովներին, այնպես էլ քննությունների անցկացման և արդյունքերի բողոքարկման կարգին առնչվող հոդվածներում։ 

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն հնարավորություն կունենան հավասար պայմաններով մասնակցելու դատավորներ, դատախազներ ու  քննիչներ  պատրաստող և վերապատրաստող մարմնի՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից կառավարման գործընթացի իրականացմանը։

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում և (կամ) նվազեցում չի նախատեսվում:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։  

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2019թ.-ի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածով սահմանված՝ նպատակ 10-ի գործողություն 2-ի իրականացման անհրաժեշտությամբ, որն ուղղված է քննիչների թվակազմի ավելացմանը: Մասնավորապես, Նախագծի 23-րդ հոդվածով սահմանված՝ քննիչների փորձաշրջանի տևողությունը նախատեսվում է կրճատել, որի դեպքում Կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնելու համար թեկնածուների քննությունը կկազմակերպվի տարեկան 3-4 անգամ (նախկին 2-ի փոխարեն)՝ ապահովելով քննիչների թվակազմի համալրումը:

  • Քննարկվել է

    26.04.2022 - 11.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2313

Տպել