Հիշել նախագիծը

Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունմամբ: Օրենսգիրքն ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքով, իսկ ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ին:

Օրենսգրքի 59-րդ հոդվածը կարգավորում է տուգանք պատժատեսակի հետ կապված իրավահարաբերությունները: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Տուգանքի կիրառմամբ պետական բյուջեում գոյացած միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի պետությունը կարող է իրականացնել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցմանն ուղղված սոցիալական ծրագրեր: Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Կառավարությունը:»։

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի օգոստոսի 26-ի N 912-Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

Նշված հավելվածով նախատեսված ցանկի 2-րդ կետով սահմանված է «Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կազմումը:

Ի կատարումն Օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների՝ անհրաժեշտ է ընդունել սույն նախագիծը, որով կարգավորված են հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքներին, առաջնահերթություններին, փոխհատուցման կարգին և չափին վերաբերող իրավահարաբերությունները:

Նախագծով որպես տուժողներին հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքներ են սահմանվել թափանցիկությունը, անաչառությունը և մարդասիրությունը:

Որպես առաջնահերթություններ են սահմանվել բժշկական սպասարկման համար ծախսված գումարի, անաշխատունակության հետևանքով կրած դրամական վնասի, հուղարկավորության համար ծախսված գումարի, կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված դրամական վնասի և հափշտակված գումարի փոխհատուցումը, որոնց նախատեսման համար հիմք է հանդիսացել տուժողներին հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի առաջնահերթ փոխհատուցման անհրաժեշտությունը:

Նախագծով սահմանվել է նաև լիազոր մարմնին ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը: Սահմանվել է, որ հատուցում կարող է տրամադրվել պատճառված վնասի չափը Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը գերազանցելու դեպքում, պատճառված վնասի (մեկից ավելի տեսակի վնաս պատճառված լինելու դեպքում՝ դրանց հանրագումարի) մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի չափով:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը:  

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

   

         Նախագիծը մշակվել է Հայասատանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարումը:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

«Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

Միաժամանակ, սույն նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի պահանջների կատարումից:

 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    11.04.2022 - 26.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2286

Տպել