Հիշել նախագիծը

Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

­­­­­­­­­­­­­­­­­                     2022 թվականի N              -Ն

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

      2022 թ. ................................

                           Երևան

 

 

 

 

Հավելված
ՀՀ
 կառավարության 2022 թվականի
------------
 -- N -----Ն որոշման

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ 

 

  1. Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է թափանցիկության, անաչառության և մարդասիրության սկզբունքներով:
  2. Յուրաքանչյուր անգամ պետության կողմից հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման առաջանահերթությունները որոշվում են՝ հաշվի առնելով հաշվետու ժամանակահատվածում հանցագործությունների վիճակագրությունը, որոշակի խումբ հանցագործությունների տարածվածությունը, տուժողների գույքային դրությունը, հանցագործությունների և դրանցով պատճառված վնասի բնույթը:
  3. Քրեական վարույթով հատուցման ենթակա են տուժողին պատճառված վնասի ներքոնշյալ տեսակները՝ նշված հերթականությամբ՝  
  • բժշկական սպասարկման համար ծախսված գումարը,
  • անաշխատունակության հետևանքով կրած դրամական վնասը,
  • հուղարկավորության համար ծախսված գումարը,
  • կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված դրամական վնասը,
  • հափշտակված գումարը:
  1. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված վնասի յուրաքանչյուր հաջորդ տեսակը ենթակա է հատուցման միայն նախորդ տեսակի վնասը հատուցելուց հետո:
  2. Հանցագործությունից տուժած անձինք հանցագործությամբ իրենց պատճառված վնասի համար կարող են դիմել լիազոր մարմնին՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
  • քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտը.
  • տվյալ քրեական վարույթով իրեն որպես տուժող ճանաչելու մասին որոշումը.
  • դրամական վնասի դեպքում` դրանց առկայությունը և չափը հաստատող փաստաթղթերը.
  • կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված դրամական վնասի դեպքում` նշված փաստը հաստատող տվյալները.
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթի շրջանակներում պատճառված վնասը փոխհատուցելու անհնարինությունը հավաստող տվյալները.
  • լիազոր մարմնին ուղղված դիմում:
  1. Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում ստանալու դիմում կարող է ներկայացվել, եթե պատճառված վնասը հնարավոր չի եղել փոխհատուցել Հարկադիր կատարման ծառայության կատարողական վարույթի շրջանակներում:
  2. Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում չի իրականացվում, եթե տուժողի կողմից կատարվել են հանցագործությանը նպաստող կամ քննությանը խոչընդոտող ապօրինի արարքներ:
  3. Լիազոր մարմնի կողմից իրականացվում է ներկայացված դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրություն, որի հիման վրա որոշում է կայացվում ներկայացված հայտին հավանություն տալու կամ այն մերժելու մասին: Հայտին հավանություն տալու դեպքում լիազոր մարմինը սկսում է տուժողին պատճառված վնասի փոխհատուցման գործընթաց:
  4. Փոխհատուցում կարող է տրամադրվել, եթե պատճառված վնասի չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:
  5. Փոխհատուցում կարող է տրամադրվել պատճառված վնասի (մեկից ավելի տեսակի վնաս պատճառված լինելու դեպքում՝ դրանց հանրագումարի) մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի չափով:
  6. Սույն հավելվածով նախատեսված լիազոր մարմինը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ յուրաքանչյուր անգամ պետության կողմից հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման մասին որոշում կայացնելու դեպքում:
  • Քննարկվել է

    11.04.2022 - 26.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2284

Տպել