Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշները հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀՐԱՄԱՆ

N _________-Ն                                                            «_____»    ______________2022 թ.

 

Նախագիծ

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

  1. Հաստատել ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվա­կանի հունվարի 1-ից։

 

ՆԱԽԱԳԱՀ                                                ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության Բարձրագույն որակավորման

կոմիտեի նախագահի

2022 թվականի _________________  _____

N        հրամանի

 

 ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

  1. Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունը (այսուհետև՝ պարբերական) պետք է հրատարակվի գիտական կենտրոնի կամ գիտական կազմակերպության, ինչպես նաև հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության գիտական (գիտատեխնիկական) խորհրդի, կամ գերատեսչության ղեկավարի երաշխավորությամբ, ընդ որում՝ պարբերականի հերթական համարները կարող են հրատարակվել խմբագրական խորհրդի երաշխավորությամբ:
  2. Պարբերականը պետք է լինի գիտական կամ գիտամեթոդական, ունենա բովանդակության տարանջատում՝ ըստ բնագավառների և մասնագիտությունների։
  3. Պարբերականը պետք է ունենա տվյալ բնագավառ(ներ)ի առաջատար մասնագետների լայն ընդգրկումով խմբագրական խորհուրդ, որն իր գործունեությամբ պարտա­վոր է ապահովել պարբերականում հրապարակվող նյութերի գիտական նորույթը, նյութերում առկա փոխառված մտքերի ու պնդումների համար հղումների առկայությունը, հրատարակչական էթիկայի պահպանումը։
  4. Խմբագրական խորհրդում պետք է ընդգրկվեն առնվազն 2 գիտությունների դոկտոր և արտերկրի գիտական կամ կրթական կազմակերպության աշխատակից հանդիսացող, փիլիսոփայության դոկտորի (PhD) գիտական աստիճան ունեցող առնվազն 1 մասնագետ (այսուհետև՝ արտերկրի մասնագետ) պարբերա­կանի յուրաքանչյուր բնագավառի համար։
  5. Խմբագրական խորհրդի (բացառությամբ հայագիտության բնագավառի պարբերականի) անդամների 10 տոկոսից ավելին վերջին 5 տարիներին պետք է ունենա տպագրություն Սկոպուս (Scopus), կամ Վեբ օֆ Սայնս Քոր Քոլեքշն (Web of Science Core Collection, այսինքն՝ Science Citation Index Expanded, Social Sciences Citation Index, Arts & Humanities Citation Index, Emerging Sources Citation Index, Conference Proceedings Citation Index, Book Citation Index, այսուհետև՝ Վեբ օֆ Սայնս), կամ Ռաշն Սայնս Սայթեյշն Ինդեքս (Russian Science Citation Index) շտեմարաններում ընդգրկված պարբերականներում[1]։
  6. Խմբագրական խորհրդի անդամները չպետք է միաժամանակ ընդգրկված լինեն 4 և ավելի տեղական պարբերականների խմբագրական խորհուրդներում[2]։
  7. Տպագրվող նյութերը պետք է ունենան պարբերականում ընդունված կառուցվածք՝ ըստ բաժինների և ենթաբաժինների։
  8. Պարբերականում հրատարակվող բոլոր նյութերը պետք է գրախոսվեն։ Գրախոսականները պետք է պահպանվեն խմբագրությունում, իսկ պահանջելու դեպքում ներկայացվեն Բարձրագույն որակավորման կոմիտե։
  9. Պարբերականում տարվա ընթացքում տպագրվող նյութերի առնվազն 10 տոկոսը պետք է տպագրվի օտար լեզվով, և առնվազն 2 նյութ պետք է գրախոսի արտերկրի մասնագետ։
  10. Պարբերականում տարվա ընթացքում տպագրված այն նյութերը, որոնց հեղինակը կամ համահեղինակներից առնվազն մեկը ունի գիտական աստիճան, պետք է կազմեն տպագրված նյութերի առնվազն 30 տոկոսը։
  11. Նյութի մերժման կամ վերախմբագրման ուղարկվելու մասին վերջինիս հեղինակը պետք է տեղեկացվի էլեկտրոնային փոստի կամ պարբերականի հոդվածների ընդունման էլեկտրոնային հարթակի միջոցով, իսկ պահանջի դեպքում էլեկտրոնային նամակը կամ էլեկտրոնային հետքը ներկայացվի Բարձրագույն որակավորման կոմիտե:
  12. Պարբերականը պետք է ունենա որոշակի ծավալ և պարբերականություն՝ տարին առնվազն երկու համար։ Հավելվածները և լրացուցիչ թողարկումները համարժեք են տվյալ պարբերականի համարներին։
  13. Հրատարակված համարները էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով պետք է առաքվեն Բարձրագույն որակավորման կոմիտե, Հայաստանի ազգային գրադարան, մասնագիտական և գիտական գրադարաններ։
  14. Պարբերականում տպագրվող նյութերը պետք է ունենան թվային օբյեկտի նույնականացուցիչ (Digital Object Identifier - DOI)[3]։
  15. Պարբերականներում տպագրվող նյութերի ամփոփագրերը պետք է պարունակեն որոշակի, հստակ և ընդգրկուն տեղեկատվություն նյութի վերաբերյալ։ Անգլերեն ամփոփագրի առկայությունը պարտադիր է, ընդ որում՝ 150-ից 250 բառի սահմաններում, եթե նյութն անգլերեն չէ։
  16. Պարբերականում պետք է նշվեն նյութերը ներկայացնելու, գրախոսման ուղարկելու և տպագրության ընդունելու ամսաթվերը։
  17. Պարբերականը պետք է գրանցված լինի պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) համակարգում և ունենա ISSN համարանիշ։
  18. Պարբերականը պետք է ունենա համացանցային կայք հայերեն և անգլերեն (միայն օտար լեզվով հրատարակվող պարբերականների դեպքում հայերեն կայքը պարտադիր չէ), որտեղ պետք է ընդգրկվի ստորև բերված տեղեկատվությունը այդ երկու լեզուներով.

ա) խմբագրական խորհրդի անդամների մասին տեղեկություն՝ ներառյալ անդամների հետ կապ հաստատելու եղանակը (էլեկտրոնային փոստ կամ հղում անձնական կայք էջին),

բ) պարբերականին վերաբերող հիմնական տեղեկությունը (այդ թվում՝ միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) համարանիշը), տպագրված բոլոր նյութերի ամփոփագրերը, հիմնաբառերը, հեղինակների մասին տվյալները,

գ) ուղեցույց հեղինակների համար,

դ) պարբերականի հրատարակչական էթիկայի կանոնները, գրախոսելու կանոնները, նյութը տպագրելու վճարովի կամ անվճար հիմունքները, վճարովի լինելու դեպքում՝ տպագրելու համար պահանջվող վճարի չափը,

ե) ամբողջական արխիվը՝ սկսած 2013 թվականից, ավելի ուշ տպագրվողներինը՝ սկսած տպագրության թվականից,

զ) պարբերականի էլեկտրոնային փոստի հասցեն և աշխատանքային հեռախոսահամարը (առկայության դեպքում)։

  1. Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերականների ցուցակում ընդգրկվելու նպատակով պարբերականը պետք է բավարարի վերը նշված պայմաններին, ունենա առնվազն 1 տարվա տպագրման փորձ և դիմում ներկայացնի Բարձրագույն որակավորման կոմիտե։ Յուրաքանչյուր տարվա համար ցուցակը վերանայվում է։
  2. Բարձրագույն որակավորման կոմիտեի ցուցակում ներառվելու համար բավարար պայման է նաև Սկոպուս կամ Վեբ օֆ Սայնս շտեմարաններում պարբերականի ընդգրկված լինելը։

 

[1] Սույն կետի պահանջը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

[2] Սույն կետի պահանջը չի վերաբերում Արցախի Հանրապետության պարբերականների խմբագրական խորհուրդներին։

[3] Սույն կետի պահանջը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    29.03.2022 - 14.04.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1685

Տպել