Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

     1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկ­տրոնային ծխախոտի արտադրանքի՝ ակցի­զային հար­կով հարկումը, ինչպես նաև այն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանք ­սահ­մա­­նելն ու IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրա­ցումն է: Միաժամանակ, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Եվրա­սիա­կան տնտե­սական միության արտաքին տնտեսական գործունեության միասնա­կան ապրան­քա­յին անվա­նացանկը և միաս­նական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաև ԵՏՀ խորհրդի որոշ որոշումները փոփո­խելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 80 որոշ­մամբ հաս­տատ­վել է ապրանքային նոր անվանացանկը՝ հիմնված ապրանքների նկարա­գր­ման և ծած­կա­գրման Ներդաշնակ Համակարգի 7-րդ հրատարակության վրա, որի արդյուն­քում անհրա­­ժեշ­տու­թյուն է առաջացել ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ԱՏԳ ԱԱ ծած­կա­գրերը ներդաշնակեցնել ԵՏՀ խոր­հրդի որոշմամբ սահմանված նոր անվանացանկի հետ:

      2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկ­տրոնային ծխա­խոտի արտադրանքը ակցիզային հարկով չի հարկվում, սակայն այն նույնպես վնա­սա­կար է մարդու առող­ջության համար:

     Բացի այդ, այս ապրանքներն ակցիզային հարկով չհարկելու արդյունքում անհա­վա­սար մրցակ­­ցային պայմաններ են ստեղծվում այդ ապրանքները ներմուծող տնտե­սա­վա­րող սուբյեկտ­ների և ԱՏԳ ԱԱԱ այլ ծածկագրերին դասվող՝ ծխախոտի արտադրանք արտադ­րող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների միջև:

     Ավելին, ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկ­տրոնային ծխա­խոտի արտադրանքն ակցիզային հարկով չհարկելու արդյունքում նաև նվազում են ԱՏԳ ԱԱ այլ ծած­կագ­րերին դաս­­վող՝ ծխախոտի արտադրանքի սպառման ծավալները, ինչը հանգեցնում է պետա­­կան բյու­ջեի եկամուտների կրճատման:

     Միաժամանակ, միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ էլեկ­տրոնային ծխա­խոտի արտադրանքի ակցիզային հարկով հարկումը բավական տարածված է: Մասնավորապես, էլեկ­տրո­նային ծխախոտի արտադրանքը ակցիզային հարկով հարկվում է Ռուսաստանի Դաշնու­թյու­նում, Ղազախս­տա­նում, Վրաստանում, Պորտուգալիայում, Լատվիայում, Նորվեգիայում, Իտալիայում, Գեր­մա­նիա­­յում, Էստոնիայում, Լիտվայում, Լեհաստանում և այլ երկրներում:

   Մյուս խնդիրը, որ նախատեսվում է նախագծով լուծել, պայմանավորված է IQOS տեխ­նո­լո­գիա­յով ծխախոտի արտադրանքի համար սահմանված ակցիզային հարկի դրույքա­չափերի և «ավանդական» ծխախոտի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի միջև գոյու­թյուն ունեցող էական տարբերություններով: IQOS տեխ­նոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի գործող դրույքա­չա­փերը հաշ­վարկելիս 2019 թվականին հաշվի են առնվել հետևյալ երեք կարևոր հանգա­մանք­­­ները․

       ա. IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքը, ի տարբերություն «ավան­դական» ծխա­խոտի արտադրանքի, ներմուծման փուլում ծանրաբեռնվում է մաքսատուրքով՝ 20 տոկոս դրույքա­չափով,

      բ. IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի սպառման համար օգտագործ­վում է հատուկ սարքավորում, որը նույնպես ներմուծման փուլում ծանրաբեռնվում է հարկերով և որն ունի օգտագործման շատ կարճ ժամկետներ մինչև 6-7 ամիս,

      գ. IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքը 2019 թվականին համարվում էր նոր ապրանքա­­տեսակ և այս ապրանքատեսակի մասով շուկա ձևավորելուն չխոչընդոտելու նպատա­կով որոշվել էր այս ապրանքատեսակի մասով ցուցաբերել ծխախոտի արտադրանքի մյուս բոլոր տեսակ­ների հարկման մոտեցումներից տարբերվող մոտեցում:

      Ներկա իրավիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ՝

       1) անցած երկու տարիների ընթացքում էականորեն աճել են IQOS տեխնոլոգիայով ծխա­խո­տի արտադրանքի ներմուծման ծավալները՝ հասնելով տարեկան 1 մլրդ. հատիկի, ինչը նշա­­նա­կում է, որ այս ապրանքատեսակի մասով շուկա ձևավորելու խնդիրն այլևս կարելի է լուծ­ված համարել: Մյուս կողմից, IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքը, ըստ էության, համար­­­վում է «ավանդական» ծխախոտին փոխարինող ապրանք, ինչը նշանակում է, որ այս երկու խումբ ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի բեռի միջև էական տարբե­րու­թյուն­ները հիմնավորված չեն կարող համարվել,

        2) IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի և ավանդական ծխախոտի ներ­մուծ­­­ման ծավալների վերաբերյալ առկա վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի գրեթե ամբողջ ծավալը ներ­մուծ­վում է Ռուսաս­­­տանի Դաշնությունից, իսկ «ավանդական» ծխախոտի դեպքում՝ հիմնականում Ուկրաի­նա­յից և Ռուսաս­­տանի Դաշնությունից: Վերոգրյալը նշանակում է, որ ներմուծման փուլում նշյալ երկու խումբ ապրանքատեսակները գտնվում են նույն հարկային ռեժիմում երկու խումբ ապրան­քա­­տե­սակ­ների համար մաքսատուրք չի վճարվում և երկու խումբ ապրանքատեսակների համար վճար­­վում է ԱԱՀ և ակցիզային հարկ,

        3) անցած երկու տարիների ընթացքում կատարելագործվել են նշյալ արտադրանքի սպառ­ման համար օգտագործվող հատուկ սարքավորումները, ինչի արդյունքում էականորեն երկարել է այդ սարքավորումների օգտագործման ժամկետը: Վերոգրյալը նշանակում է, որ դրույքաչափի հաշ­­­վարկում այդ սարքավորումների ներմուծման ժամանակ վճարվող հարկերի մեծությունը հաշվի առնելու մոտեցումն այլևս որոշիչ չպետք է լինի:

Միաժամանակ, սիդրի համար սահմանված ակցիզային հարկի՝ 1 լիտրի համար 270 դրամ դրույքաչափը բարձր է այլ՝ համարժեք խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի՝ 1 լիտրի համար 150 դրամ դրույքաչափից, ինչի արդյունքում սիդրի արտադրությամբ կամ ներ­մուծմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում:

         3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝

         1) ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկ­տրոնային ծխախոտը հարկել ակցի­զային հարկով՝ 2022 թվականի ընթացքում 1 միլիլիտրը 100 դրամ դրույքաչափով, իսկ 2023 թվականի ընթացքում՝ 1 միլիլիտրը 115 դրամ դրույքաչափով: Բացի այդ, առաջարկվում է սահ­մանել, որ այդ ապրանքները ենթակա են դրոշ­մապիտակներով դրոշմավորման: Դրույ­քա­չափը հաշ­­վարկ­վել է՝ հաշվի առնելով ինչպես հարևան, այնպես էլ այլ երկր­նե­րում գործող դրույ­քա­չափերը, ինչ­պես նաև ԱՏԳ ԱԱ այլ ծածկագրերին դասվող ծխա­խոտի արտադրանքի համար գոր­ծող օրենսդրու­թյամբ սահմանված ակցիզային հարկի դրույ­­­քաչափերը, հիմք ընդու­նե­լով նման­­օրի­նակ ապրանքների համար համարժեք հարկային բեռ սահ­մանելու նպա­տա­կադրումը,

         2) 50 տոկոսով բարձրացնել IQOS տեխնոլոգիայով ծխա­խո­տի արտադրանքի համար 2023 թվականի ակցիզային հարկի դրույքաչափը՝ նպատակ ունենալով առաջիկա 5 տարիների ընթաց­­քում առավելագույնս մոտարկել «ավանդական» ծխախոտի արտադրանքի և IQOS տեխ­նո­լոգիայով ծխա­խո­տի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը,

         3) ճգրտել որոշ ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծած­կա­գրերը,

         4) Օրենսգրքով Կառավարությանը իրավասություն վերապահել՝ սահմանել ՀՀ վավե­րաց­ված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կար­գեր,

         5) հավասարեցնել ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրին դասվող սիդրի և նույն ծածկագրին դասվող՝ այլ՝ համարժեք խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:

         4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծխախոտի արտադ­րանք համարվող տարբեր ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման մոտեցումների վերա­նայումն ու հարկային բեռի ավելացումն է, ինչպես նաև Օրենսգրքով նախատեսված ԱՏԳ ԱԱ ծած­կա­գրերը ԵՏՀ խոր­հրդի որոշմամբ սահմանված նոր անվանացանկի հետ ներդաշ­նա­կեց­­նելը:

         5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

         6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է՝

          1) ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկ­տրոնային ծխախոտի արտադրանքը հարկել ակցիզային հարկով, ինչպես նաև այն սահմանել որպես ­դրոշ­մապի­տակ­նե­րով­ դրոշ­մա­վոր­ման ենթակա ապրանք,

          2) 50 տոկոսով բարձրացնել IQOS տեխնոլոգիայով ծխա­խո­տի արտադրանքի համար 2023 թվա­կանի ակցիզային հարկի դրույքաչափը,

          3) Օրենսգրքով նախատեսված ԱՏԳ ԱԱ ծած­կա­գրերը ներդաշնակեցնել ԵՏՀ խոր­հրդի որոշ­­մամբ սահմանված նոր անվանացանկի հետ:

         7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

       Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

  • Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի,
  • հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բար­ձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագ­րերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպա­տա­կով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
  • Քննարկվել է

    22.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4410

Տպել