Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը և ցուցանիշների ցանկը հաստատելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը և ցուցանիշների ցանկը հաստատելու մասին» որոշման

 

  1. Անհրաժեշտությունը

Վերջին տարիներին աշխարհի բազմաթիվ երկրներ ձեռնամուխ են եղել իրենց երկրների միգրացիոն պրոֆիլների (ՄՊ) մշակմանը: Որպես գործիք ՄՊ-ն ի սկզբանե առաջ է քաշվել Եվրոպական Հանձնաժողովի կողմից` 2005թ-ին, նպատակ ունենալով բարելավել միգրացիայի կառավարումը և անօրինական միգրացիայի դեմ պայքարը Սև ծովյան ավազանի և նախկին Խորհրդային Միության երկրներում: Մինչօրս մշակվել են 80-ից ավել ՄՊ-ներ` Եվրոպական Միության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

Ներկայումս գոյություն ունեն ՄՊ-ի մի քանի ձևաչափեր` որոշները լայնորեն օգտագործվում են Բալկանների, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների կողմից, իսկ մի մասն էլ մշակվել են կոնկրետ ծրագրերի շրջանակներում` կարճաժամկետ օգտագործման համար: ՄՊ-ները նաև կարևոր գործիք են հանդիսանում “Շարժունակության շուրջ գործընկերության” (Mobility Partnership) հռչակագրերին աջակցելու համար:

Միգրացիոն պրոֆիլը իրենից ներկայացնում է համապարփակ մի փաստաթուղթ, որը պարունակում է մանրամասն վիճակագրական և վերլուծական տեղեկատվություն երկրի ընդհանուր միգրացիոն իրավիճակի, երկրում վարվող միգրացիոն քաղաքականության, գործող օրենսդրության, միգրացիոն գործառույթներ իրականացնող մարմինների, միգրացիոն հոսքերի ծավալների և միգրացիոն երևույթի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող այլ հարցերի վերաբերյալ: Միգրացիոն պրոֆիլը նաև միգրացիայի ոլորտում տվյալների կանոնավոր հավաքագրման և շարունակական վերլուծության ինստիտուցիոնալացված գործիք է, ինչպես նաև կարևոր աղբյուր` տեղեկությունների ստացման և  տարածման համար:

Ընդ որում տարբերակվում են ընդլայնված և բազային միգրացիոն պրոֆիլները: Ընդլայնված միգրացիոն պրոֆիլում գերակշռում է վերլուծական մասը, մինչդեռ բազայինը իրենից ներկայացնում է հիմնականում միգրացիոն ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Տարբեր երկրների կողմից մշակված պրոֆիլները համադրելիությունը ապահովելու նպատակով միջազգային կազմակերպությունները մշակել են նաև տվյալների ստացման և փոխանակման որոշակի ստանդարտացված ձևաչափեր:

Միգրացիոն քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում կարևորագույն մարտահրավերներից է միգրացիան բնութագրող տվյալների համապարփակ վերլուծության բացակայությունը, որն ուղղակիորեն ազդում է միգրացիոն քաղաքականության ոլորտում որոշումների կայացման և պլանավորման որակի վրա:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Պրահյան գործընթացը սկիզբ դրվեց 2009թ.-ի ապրիլին Պրահայում, երբ Եվրասիական տարածաշրջանի շուրջ 45 երկրների միգրացիոն հարցերով նախարարաների կողմից հաստատվեց “Միգրացիոն գործընկերության կառուցում" խորագրով հռչակագիրը, որի հիմնական նպատակներից է նաև միգրացիոն պրոֆիլի մշակման հետ կապված հարցերը:

2011թ.-ին Պոզնանում  Պրահյան գործընթացի նախարարական երկրորդ համաժողովը հավանության արժանացրեց 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը, որի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների նախատեսվել էր մշակել նաև Պրահյան գործընթացի անդամ երկրների միգրացիոն պրոֆիլները:

Այդ նպատակով Պրահյան գործընթացի շրջանակներում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD, Վիեննա) աջակցությամբ մշակվել և 2011 թվականին ու 2014 թվականին հրապարակվել են Հայաստանի միգրացիոն պրոֆիլների ընդարձակ և համառոտ տարբերակները:

Սակայն, միգրացիոն պրոֆիլների կազմումը կրել է միանգամյա բնույթ և նախատեսված չեն եղել մեխանիզմներ` ցուցանիշների պարբերաբար հավաքագրման և դրանց արդիականացման համար։

Ներկայումս նախատեսվում է Հայաստանի ընդլայնված պրոֆիլի մշակման և հրապարակման աշխատանքները իրականացնել համակարգված ձևով: Այդ նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձը` մասնավորապես Մոլդովայի, Վրաստանի, Ալբանիայի և մշակվել են Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի մեջ ներառվելիք ցուցանիշների ցանկը:  

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարության 2017թ. մարտի 13-ի N 12 նիստի Արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության»  124-րդ կետի 3)-րդ մասով նախատեսում է.

«Համակարգային դարձնել երկրի միգրացիայի լիարժեք պատկերը (պրոֆիլ) նկարագրող, այդ թվում՝ նաև այլընտրանքային աղբյուրներից, միգրացիային առնչվող տեղեկատվության ստացումը, մասնավորապես հետազոտությունների արդյունքների և վարչական վիճակագրական տվյալների հիման վրա Հայաստանի միգրացիոն պրոֆիլի ձևավորում»։

 

  1. Կարգավորման նպատակը

Սույն որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի`

ա) ինստիտուցիոնալացնել Հայաստանի Հանրապետության  ընդլայնված միգրացիոն պրոֆիլի ցուցանիշների հավաքագրման, մշակման և հրապարակման գործընթացները,

բ) միգրացիայի վերաբերյալ վարչական, վիճակագրական տվյալների վերլուծությունը իրականացնել ընդհանուր մեթոդական հիմքերի վրա,

գ) Հայաստանի միգրացիոն երևույթները բնութագրող վիճակագրական տեղեկատվության հավաքագրման և հրապարակման գործընթացը համապատասխանեցնել գոյություն ունեցող միջազգային չափանիշներին։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում.

ա) Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի պատրաստման և հրապարակման գործընթացը կիրականացվի սահմանված պարբերականությամբ,

բ) Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի ցուցանիշների հավաքագրումը կիրականացվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

 

 

  • Քննարկվել է

    29.08.2017 - 13.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8139

Տպել