Հիշել նախագիծը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կոռուպցիոն երևույթների և դրանց հակազդման մեխանիզմների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու հրամայականով։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-ն որոշման (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) N2 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 42-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

Նախագծի ընդունումը բխում է նաև ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից: ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 4-րդ փուլի գնահատման «Հայաստանի վերաբերյալ» 2018 թվականի զեկույցում[1] ամրագրվել է կոռուպցիայի պայքարի վերաբերյալ  հաղորդակցման գործողությունների ծրագրի մշակման անհրաժեշտությունը։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Կոռուպցիան բարդ ու բազմաշերտ, բազմաբովանդակ երևույթ է, իսկ հասարակության կողմից կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ պատկերացումները ամբողջական չեն: Հասարակության մեծամասնության իրազեկվածությունը սահմանափակված է պարզապես կոռուպցիայի՝ սխալ և բացասական  երևույթ լինելու մասին իմացությամբ։ Այդ ամենին զուգահեռ, հասարակության մի զգալի հատված իրազեկված չէ կոռուպցիոն տարրեր պարունակող երևույթներ նկատելիս իրենց կողմից հակազդման ուղիների, ձեռնարկվելիք հնարավոր միջոցառումների կամ իրականացման ենթակա գործողությունների հաջորդականության մասին: Չնայած նրան, որ զանգվածային լրատվության միջոցները հաճախ լուսաբանում են կոռուպցիոն դեպքերը, սակայն դրանք հիմնականում վերաբերում են սկանդալային և հանրային հնչեղություն ունեցող կոռուպցիոն հանցագործություններին։ Մինչդեռ քիչ չեն այնպիսի կոռուպցիոն դեպքերը, որոնք ավելի կենցաղային և առօրեական բնույթ են կրում: Վերջիններիս  բնույթի վերաբերյալ իրազեկվածությունը քաղաքացիներին կօգնի անձամբ պայքարելու կոռուպցիոն արատավոր երևույթների դեմ։

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման շրջանակներում թեև հասարակությունը Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների պատասխանատու մարմիններից պարբերաբար տեղեկացվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների և միջոցառումների մասին, այնուամենայնիվ վերջիններիս կողմից հասարակության հետ համակարգված, թիրախային և նպատակային հաղորդակցություն չի ապահովվում։

Վերոնշյալի համատեքստում կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության ներգրավումը և ըստ այդմ նաև հետադարձ արձագանքն ապահովելու, հակակոռուպցիոն ռազմավարության նպատակների մասին հանրությանն ու մասնագիտական շրջանակներին տեղեկատվության փոխանցումն առավել թիրախավորված և արդյունավետ դարձնելու նպատակներով անհրաժեշտ է նախատեսել  հասարակության հետ հաղորդակցման հստակ գործողությունների շրջանակ:

Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվեց, ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 4-րդ փուլի գնահատման «Հայաստանի վերաբերյալ» 2018 թվականի զեկույցում[2] ևս արձանագրվել է հակակոռուպցիոն ռազմավարությունների իրականացման և ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հաղորդակցման գործողությունների ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հասարակությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման վերաբերյալ իրազեկելու և կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության  ներգրավումն ապահովելու նպատակով:

Նախագծի ընդունումը և դրա կիրարկումը կապահովի՝

  • Կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության լայն շրջանակների աջակցությունն ու ներգրավվածությունը, ինչպես նաև պետության և հասարակության համագործակցության խթանումն ու ամրապնդումը.
  • Հասարակության՝ պետության հանդեպ ունեցած վստահության մակարդակի բարձրացումը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել  գործողությունների շրջանակ, որի նպատակն է հասարակությանը տեղեկացնել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող հիմնական աշխատանքների և դրանց արդյունքների մասին, ինչպես նաև բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների և դրանց կանխարգելման անհրաժեշտության մասին։ Այս նպատակով Նախագծով նախատեսվել են Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի և դրա արդյունքում իրականացվող բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների իրավասությունների և գործունեության, ազդարարման համակարգի և ազդարարման մեխանիզմների, կաշառքի բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվական արշավների իրականացմանն ուղղված գործողությունների շրջանակ, ինչպես նաև՝ պետության հետ հարաբերություններում անձանց իրավունքների և պարտականությունների,  պետության հետ հարաբերություններում բողոքարկման մեխանիզմների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ, գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների անցկացում:

Նախագծով միաժամանակ սահմանվել են Նախագծով սահմանված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների նկատմամբ մոնիթորինգի և վերահսկողության իրականացման, դրանց արդյունքների հրապարակման կառուցակարգեր։

Նախագծի մշակման շրջանակներում ուսումնասիրվել է միջազգային փորձը, ինչպես նաև ոլորտային միջազգային կազմակերպությունների դիրքորոշումները։ Մասնավորապես․

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հունաստանը մեծ ուշադրություն է դարձնում կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության ներգրավվածությանը[3]: Այսպես, հակակոռուպցիոն ռազմավարության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն կետերից մեկը հակակոռուպիցիոն հաղորդակցման գործողությունների ծրագրի հաստատումն ու կիրարկումն է: Ծրագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինիս նպատակներն են՝

  • ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործիքների և եղանակների մասին,
  • ներգրավվել հասարակությանը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին,
  • ամրապնդել համագործակցությունը պետական և մասնավոր հատվածի միջև,
  • մշտադիտարկում իրականացնել քաղաքացիների վարքագծի հաշվետվողականության և ծառայությունների մատուցման հարցերում,
  • ստեղծել ավելի մեծ սոցիալական աջակցություն, ներառյալ լրատվամիջոցների ներգրավվածությամբ, որոնք կարող են մեծ դեր ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի արշավի կազմակերպման շրջանակներում հասարակության ներգրավվածության և տեղեկացվածության պատշաճ մակարդակը ապահովելու հարցում:

Ի լրումն հաղորդակցման ծրագրի՝ Հունաստանը հակակոռուպցիոն  ռազմավարության մեջ մանրամասնորեն նկարագրում է այն միջոցներն ու  գործիքները, որոնց շնորհիվ նախատեսվում է  իրականացնել հաղորդակցման գործողությունների ծրագիրը: Մասնավորապես, որպես հաղորդակցության իրականացման միջոցներ են նշվում հեռուստատեսությունը (թեմատիկ տեսանյութերի հեռարձակում, տարեկան հաշվետվության հետազոտության արդյունքների հրապարակում), տպագիր մամուլը, էլեկտրոնային կայքերը (հոդվածներ, լրատվական կայքերի միջոցով հակակառուպցիոն նորությունների հրապարակումներ), սոցիալական ցանցերը, ինչպես նաև թրեյնինգները, հանդիպումները և միջոցառումները:

 

ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ[4]

Հաշվի առնելով այն, որ քաղաքացիները որպես կոռուպցիայի մասին անտեղյակ լինելու հիմնական պատճառ նշում են պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության պակասը, ինչպես նաև կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ բողոք ներկայացնելու ընթացակարգերի, իրավասու մարմին տարանջատելու վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը՝ Բոսնիա և Հերցոգովինայի կառավարությունը մշակել է հաղորդակցման գործողությունների ծրագիր, որի վերջնական նպատակը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարն է՝ քաղաքացիների վստահության ձևավորման միջոցով, ինչպես նաև այս գործընթացում ԶԼՄ-ների ներգրավմամբ, նրանց և այլ շահագրգիռ կողմերի  հետ միասին (ՀԿ-ներ, մասնագիտական ասոցիացիաներ, բիզնես ասոցիացիաներ և այլն) հակակոռուպցիոն պայքարի արդյունքների խթանման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի թափանցիկության մշտական ու կայուն բարձրացումը։

Հաղորդակցման ծրագրի շրջանակներում նույնպես նախատեսված է ԶԼՄ-ների, տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ, հեռուստատեսության, թեմատիկ միջոցառումների, հանդիպումների միջոցով խթանել հասարակության շրջանում կոռուպցիոն երևույթների նկատմամբ բացասական  դիրքորոշման ամրապնդումը:

Բոսնիայի և Հերցեգովինայի կառավարությունը հակակոռուպցիոն հաղորդակցման գործողությունների ծրագրի իրականացման նպատակով ձևավորել է Հակակոռուպցիոն թիմ, որն իր գործունեության իրականացման շրջանակներում հաղորդակցման գործողությունների ծրագիրը համաձայնեցնում է պետական կառավարման համակարգի մարմինների գործունեության սկզբունքների հետ, ապահովում է ԶԼՄ-ների, էլեկտրոնային կայքերի, թերթերի, սոցիալական ցանցերի միջոցով թեմատիկ տեղեկատվական նյութերի, եզրակացությունների և հաշվետվությունների  հրապարակումը, ինչպես նաև կազմակերպում է ասուլիսներ հակակոռուպցիոն մի շարք թեմաներով:

Բոսնիայի և Հերցեգովինայի հաղորդակցման գործողությունների ծրագրի մոդելը նվիրված է թիմերի կարողությունների, կառուցվածքի, հմտությունների և հաղորդակցման ռեսուրսների կատարելագործման սկզբունքների կատարելագործմանը: Այս մոդելը[5] բաղկացած է ռազմավարական հաղորդակցությունից, լրատվամիջոցների հետ հարաբերություններից, արշավների կազմակերպումից և անցկացումից, հասարակության մասնակցությունից, ներքին հաղորդակցությունից։

 

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեան[6] կոռուպցիայի դեմ պայքարում որդեգրել է պետություն-մասնավոր հատվածի  համագործակցության հակակոռուպցիոն համակարգի ստեղծման գաղափարը: Հաշվի առնելով երկրում կոռուպցիոն երևույթների բարձր ցուցանիշի առկայությունը՝ Հարավային Կորեայի կառավարությունը երկրում ներդրել է պետություն-մասնավոր հատված-քաղաքացի համագործակցության համակարգը, որի նպատակն է ստեղծել կայուն և թափանցիկ հակակոռուպցիոն կառավարման համակարգ՝ հանրության ներգրավմամբ և մասնակցությամբ: Այս նպատակի իրագործման ճանապարհին ստեղծվել է մեկ միասնական մարմին, որն ապահովում է պետության և հասարակության համագործակցությունը, ինչպես նաև պետության հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակելիս հասարակության և քաղաքացիների առաջարկությունների իմպլեմենտացումը ռազմավարական փաստաթղթերի մեջ: Որպես միջոց նախատեսված է հասարակության լայն շրջանակներում հակակոռուպցիոն տարբեր թեմաներով ազգային քարոզարշավների կազմակերպումը: Պետությունը ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի պետություն-մասնավոր հատված համագործակցության հանձնաժողով, որի կազմում բացի պետական հատվածից ներգրավված են նաև գիտության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվության միջոցներից ներկայացուցիչներ, ովքեր նույնպես մասնակցում են հակակոռուպցիոն քաղաքականության և ռազմավարության կազմման, ստուգման և գնահատման գործընթացներին, գործում են «Թափանցիկ քաղաքականության հանրային մոնիթորինգի վահանակ» և «Ժողովրդական գաղափարների արկղը» առցանց հարթակները, որոնց շնորհիվ հասարակությունը ևս հնարավորություն ունի իր առաջարկներով մասնակցելու հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանն ու գնահատմանը:

Հարավային Կորեայի Հակակոռուպցիոն և քաղաքացիական իրավունքների հանձնաժողովը իր 2020թ.-ի տարեկան զեկույցում[7] նկարագրում է մի շարք հարթակների ստեղծումը, որոնց շնորհիվ հասարակությունը արդեն տևական ժամանակ կարողանում է իր մասնակցությունը ունենալ կոռուպցիայի դեմ պայքարին: Որպես օրինակ խոսվում է Էլեկտրոնային մարդիկ (e-People), Զանգերի կենտրոնի և Մարդկանց գաղափարների արկղի (People's Idea Box) համակարգերի մասին, որոնք հանդիսանում են լավագույն հարթակները հասարակության ներգրավվածության և հասարակայնության հետ համագործակցության համար: «People's Idea Box»-ն իր գործունեությունը սկսել է 2016 թվականից 16,000 մարդկանց մասնակցությամբ, իսկ այժմ վերածվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հասարակության մասնակցության առաջատար հարթակի, որին արդեն մասնակցում է 358,000 մարդ:

 

ԱՎՍՏՐԱԼԻԱ

Ավստրալիայի[8] կառավարությունը կոռուպցիայի պայքարի շրջանակներում ևս մշակել է հասարակության հետ հաղորդակցման գործողությունների ծրագիր, որի շրջանակներում լայնորեն կիրառվում է լրատվամիջոցների ազդեցությունը պետության ողջ տարածքում: Հաղորդակցության շրջանակներում իրականացվում են իրազեկման արշավներ ազգային լրատվական կայքերի, թերթերի, ռադիոյի, հեռուստատեսության միջոցով: Պայմանավորված մամուլի և հեռուստատեսության կարևորությամբ՝ Մեդիան հանուն զարգացման նախաձեռնության շրջանակներում Ավստրալիայի կառավարությունը ձևավորել է գործողությունների շրջանակ, որի հիմնական նպատակը մեդիադաշտի բարելավմամբ, մեդիառեսուրսների ընդլայնմամբ և ֆինանսական միջոցների հատկացմամբ հակակոռուպցիոն արշավների շարունակական ավելացումն ու ընդարձակումն է:

 

ՄԱԼԱՎԻԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ[9]

Մալավիի Հանրապետությունում հաղորդակցման ռազմավարական գործողությունների ծրագիր ընդունվել է դեռևս 2007 թվականին: Որպես այդպիսին, այս գործողությունների ծրագիրը արդիական և կիրառելի Է կառավարության, դոնորների, բիզնեսի, լրատվամիջոցների բնականոն գործունեության կազմակերպման, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության ներգրավման կապակցությամբ, որի արդյունավետ կիրարկման շնորհիվ Մալավիում վերջին տարիներին նկատվել է կոռուպցիոն երևույթների նվազեցման միտում: Մալավիի Հանրապետության Հակակոռուպցիոն բյուրոն իր գործունեության կազմակերպման հիմքում դրել է երկու հիմնական ուղղություն՝ հասարակայնության հետ համագործակցություն և կոռուպցիայի կանխարգելումը կրթության ոլորտի բարեփոխումներով: Այդ նպատակով ստեղծվել է երկու բաժանմունք՝ հասարակայնության հետ կապերի և կրթության: Հասարակայնության հետ կապերի բաժանմունքի ընթացիկ և առաջնային գործունեությունը ներառում է մամուլի հաղորդագրություններ տարածելը, թեմատիկ կոնֆերանսների կազմակերպումը, զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության արդյունքում տարբեր գրառումների և տեսահոլովակների հրապարակումը (հատկապես աղմկահարույց դեպքերի կամ կոռուպցիոն պատմությունների մասին), միջոցառումների (օրինակ՝ հակակոռուպցիոն օրվա առանձնակի նշում և օրվա խորհրդով պայմանավորված միջազգային առևտրի տոնավաճառի կազմակերպում), շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների կազմակերպում: Կոռուպցիայի կանխարգելման և հանրային կրթության բաժանմունքը իրականացնում է սեմինարներ, վերապատրաստումներ հանրային գերատեսչությունների համար՝ հմտությունների ձևավորում, եռամսյակային տեղեկագրերի մշակում, համագործակցություն ՀԿ-ների և կրթական հաստատությունների հետ, հակակոռուպցիոն ակումբների ձևավորում և վերապատրաստում, ինչպես նաև դասընթացներ համայնքային և մարզային խմբերի համար։

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՄԱԿ)

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (ՄԱԿԹՀՊԳ/UNODC) կողմից 2015 թվականի հրապարակված «Ազգային հակակոռուպցիոն ռազմավարություններ. մշակման և իրականացման վերաբերյալ կիրառական ուղեցույց[10]»-ով ևս կարևորվում է հաղորդակցման գործողությունների մշակումը և իրականացումը՝ հանրությանը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իրազեկելու և վերջիններիս կոռուպցիայի դեմ պայքարին մասնակից դարձնելու տեսանկյունից։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) «Հակակոռուպցիոն ռազմավարություններ. հասկանանք՝ ինչն է աշխատում և ինչը՝ ոչ, ինչու՞[11]» խորագրով զեկույցում ևս կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կառուցողական հաղորդակցության ապահովումը՝ հասարակական վստահության բարձրացման և հասարակության արձագանքի ստացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՏՀԶԿ)

Նախագծի մշակման շրջանակներում ուսումնասիրվել է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 2014 թվականի «Հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ իրազեկում. հաղորդակցության գործողությունների մշակման շրջանակներում հաղորդակցության հասցեավորումը» փաստաթուղթը, որում, ի թիվս այլնի, ներկայացվում են հաղորդակցության գործողությունների ծրագրի հիմնական թիրախները և առաջնահերթությունները, որպես այդպիսին դիտարկելով զարգացման վրա կոռուպցիայի ազդեցությունը, ըստ հանրային ընկալման՝ կոռուպցիայի ազդեցությունը զարգացման ծրագրերի վրա, որոշման կայացման գործընթացում կոռուպցիոն հնարավոր ռիսկերը կանխատեսելը, կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները և վերջիններիս դերակատարումը[12]։

 

  1. Նախագծի ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

5 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման և դրա կիրարկման արդյունքում ակնկալվում է ապահովել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային հաղորդակցման գործողությունների համակարգվածությունը, դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգը և վերահսկողությունը, ինչը կապահովի կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության ներգրավումը և իրազեկումը, կոռուպցիայի վերաբերյալ հանրային իրավագիտակցության մակարդակի բարձրացումը:

 

 

[1] https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf , էջ 29․

[2] https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf , էջ 29․

[3] https://www.oecd.org/governance/ethics/GSAC-communications-strategy-2017-greece-en.pdf,  էջեր 8, 15-17

[4] http://ipak.ba/documents/Model_Communication_Strategy1567954583.pdf, էջեր 5 ,21

 

[5] http://ipak.ba/documents/Model_Communication_Strategy1567954583.pdf

[6] https://www.opengovpartnership.org/members/south-korea/commitments/kr0036/), https://www.acrc.go.kr/en/board.do?command=searchDetail&method=searchList&menuId=02031605

 

 

[7] https://www.acrc.go.kr/en/file/file.do?command=downFile&encodedKey=NDQ2NDNfMQ%3D%3D, էջ 15

 

[8] https://www.dfat.gov.au/sites/default/files/approaches-anti-corruption-through-aus-aid-program-lessons-from-png-indonesia-solomon-islands-2007.PDF, էջ  45

[9]https://www.acauthorities.org/sites/aca/files/countrydoc/Fighting%20Corruption%20through%20Communications-Communication-Strategy.pdf), էջեր 3, 9

 

[10]https://www.unodc.org/documents/corruption/Publications/2015/National_Anti-Corruption_Strategies_-_A_Practical_Guide_for_Development_and_Implementation_E.pdf, էջ 10․

[11] http://www.anti-corruption.org/wp-content/uploads/2017/04/RBAP-DG-2014-Anti-Corruption-Strategies.pdf , էջ 37

[12]https://www.oecd.org/dac/conflict-fragility-resilience/governance/docs/_Communications%20Note%20-%20final.pdf,էջեր 3, 4-22

  • Քննարկվել է

    30.12.2021 - 15.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4826

Տպել