Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ..

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈԻ Մ

 

 «____» «________________» 2017 թվականի N _____ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

-------------ի N -----------Ն որոշման

 

 

ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

  1. ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում է արդարադատության, մասնավորապես՝ քրեական արդարադատության ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի լիարժեք իրացումը, դրանք ապահովող երաշխիքային համակարգերի սահմանումն ու նորովի արժևորումը:

 Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության համակարգում հիմնարար բարեփոխումների նոր փուլի սկիզբը դրվեց վերջին ժամանակների հասարակական, քաղաքական և իրավական զարգացումներով:  Դրանց թվում կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  կարգադրության ընդունումը: Ոլորտի բարեփոխման հարցում առաջնային նշանակություն  ունի  քրեական օրենսգրքի նախագծի հայեցակարգային նոր մոտեցումները, որոնք վերաբերվում են նաև  պատժի նպատակներին:

Քրեակատարողական ոլորտի կարգավորմանն ուղղված իրավական ակտերում առանձնակի նշանակություն է տրվում քրեական արդարադատության համակարգում առավել խոցելի վիճակում հայտնված, այն է՝ քրեակատարողական հիմնարկներում և կալանավորվածներին պահելու վայրերում գտնվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխավորումը՝ հիմք ընդունելով ոլորտի իրավական կարգավորումների միջազգային զարգացումները, միջազգային փաստաթղթերով ամրագրվող նոր պահանջներն ու առաջադեմ երկրների փորձը:

  Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում (մասնավորապես` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին»  եվրոպական կոնվենցիա, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիա, Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ, Եվրոպական բանտային կանոններ և դրանց հետ կապված այլ միջազգային փաստաթղթեր) շեշտադրվում է միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական համակարգ ունենալու, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության ապահովման պատշաճ համակարգ ունենալու անհրաժեշտությունը:

 Հիշյալ խնդիրներին անդրադարձ է կատարվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող մի շարք վճիռներում:

 Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Դավթյանն ընդդեմ Հայաստանի» վճիռների համաձայն' մատնանշվում է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես՝ ֆիզիկական անձեռնմխելիության, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու, անհրաժեշտ դեղամիջոցների առկայությունը երաշխավորելու միջոցով նրանց պաշտպանելու պարտականության ապահովման անհրաժեշտությունը:

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ Ն4-96-Ա կարգադրությունը, որում առանցքային տեղ է հատկացված նաև քրեակատարողական համակարգի հիմնախնդիրներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի առաջարկությունները, քրեակատարողական համակարգի  հիմնախնդիրները, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական իրավական չափանիշները՝ քրեակատարողական համակարգի արմատական, կայուն և շարունակական բարեփոխում ապահովելու, համակարգն ամբողջությամբ արդիականացնելու հրատապությունից ելնելով՝ ձևավորվել են մի շարք գերակա ուղղություններ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր:

 

 

 

  1. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ռազմավարության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացման համար կոնկրետ միջոցառումների իրականացումն է:

   Քրեակատարողական համակարգում բարեփոխումների ձեռնարկման համար առանցքային նշանակություն ունի այս ոլորտում առկա հիմնախնդիրների մանրամասն ուսումնասիրությունը: Հիմնախնդիրների հստակ առանձնացումը հնարավորություն է ընձեռում մատնանշել այն գերակա ուղղությունները, որոնք համարվում են թիրախային` քրեակատարողական ոլորտը բարեփոխելու և ըստ այդմ՝ համապատասխան խնդիրների լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:

  1. Քրեակատարողական համակարգի շարունակական զարգացման խոչընդոտ են հանդիսանում այս ոլորտի իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված օրենսդրական ակտերում առկա բացերը, թերությունները, գործող իրավակարգավորումների անհամապատասխանությունը միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված պահանջներին: Այս առումով կարևոր նշանակություն ունի համակարգային օրենսդրական կարգավորումների միջոցով ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը կդարձնեն ոչ թե վերացական, այլ իրական:

     Օրենսդրության կատարելագործման, ինչպես նաև քրեակատարողական համակարգի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի արդիականացման նպատակով նախաձեռնվել է շուրջ 40 իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ,  որոնց գերակշիռ մասն արդեն իսկ ընդունվել են:

Քրեակատարողական ոլորտին առնչվող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններից՝ առաջնային համարելով այդ ակտերի համապատասխանեցումը Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության, օրինականության,համաչափության սկզբունքներին:

Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ  քրեական և քրեակատարողական նոր օրենսգրքերի մշակմամբ և ընդունմամբ սկիզբ կդրվի օրենսդրական կատարելագործման նոր փուլի, որի իրականացման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու, որպեսզի առաջարկվող իրավական կարգավորումներն առավելագույնս  համապատասխանեցված լինեն միջազգային իրավական չափանիշներին իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մակարդակում ներդրվեն այնպիսի գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն նոր ինստիտուտների արդյունավետ գործունեությունը:

  1. Քրեակատարողական ոլորտում ձեռնարկվող բարեփոխումների շրջանակում մեծ կարևորություն ունի գործող քրեակատարողական հիմնարկների առանձին հիմնախնդիրների վերհանումը և դրանց լուծմանն ուղղված կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը՝ հաշվի առնելով պատժի կրման պայմանների բարելավման անհրաժեշտությունը: Կարելի է փաստել, որ ներկայումս որպես քրեակատարողական հիմնարկներին վերաբերող ընդհանուր հիմնախնդիր մատնանշվում է ՀՀ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչի առնչությամբ անհրաժեշտ է համապարփակ ուսումնասիրությունը կատարել, վերհանել այդ հիմնախնդրի առաջացման պատճառները

       Հարկ է նշել, որ մի շարք քրեակատարողական հիմնարկներում առկա են նաև շենքային պայմանների բարելավման և նյութատեխնիկական հագեցվածության ապահովման խնդիրներ: Օրինակ, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առկա շենքային պայմանները խիստ անբավարար են և ենթակա են ապամոնտաժման՝ տեխնիկական պարամետրերին չհամապատասխանելու հիմքով: Ավելին՝ նշված քրեակատարողական հիմնարկները տեղակայված են «հոսող հողերի» վրա, ինչը նույնպես պահանջում է հրատապ լուծումներ դրանք այլ տեղամասերում կառուցելու համար: 

   Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքային բարեփոխումներ իրականացնել՝ քանի որ,  շենք-շինություններն իրենց ներկա վիճակով անբավարար են մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան պատժի կատարման համար:

   Հիմնախնդիրը լուծելու համար  անհրաժեշտ է կատարել նաև իրավիճակի վերլուծություն՝ քրեակատարողական համակարգի հին և ոչ օպտիմալ հետագա շահագործման համար ոչ պիտանի օգտագործելի հիմնարկների գործունեության դադարեցում, առկա շինությունների վերափոխում, ՀՀ-ում անհրաժեշտ քրեակատարողական հիմնարկների թվաքանակի, պահվող անձանց՝ լրակազմերի համաչափ բաշխում՝ միջազգային չափանիշներին համապատասխան (մասնավորապես   Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիան, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի ձևերի դեմ Միավորված Ազգերի Կազմակերպության կոնվենցիան, Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները և դրանց հետ կապված մի շարք փաստաթղթեր)։ Այսպիսով վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ է ՀՀ քրեակատարողական հիմնարկների շենքային և տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների զարգացման կոնկրետ ծրագիր մշակել, որն իր մեջ ներառելու է նաև խնդրի լուծմանն ուղղված այնպիսի տարբերակներ, որոնք վերաբերելու են այլընտրանքային պատժամիջոցներին, այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ընդլայնմանը, ինչպես նաև  լրակազմերի ամբողջական վերանայմանը: 

      Վերոգրյալի շրջանակներում հարկ է նշել ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հողի կատեգորիան փոխելու մասին» թիվ 1194-Ն որոշումը, ըստ որի կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն ամրացված՝ ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղական համայնքի տարածքում գտնվող 10.63 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենքային համալիր կառուցելու համար: Հիշյալ որոշման պահանջներին համապատասխան արդեն իսկ իրականացվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է 2010 թվականի իրականացված նախահաշիվը վերահաշվարկել և անցկացնել փորձաքննություն:

Ըստ 2010 թ. նախահաշվի,  նոր հիմնարկի կառուցման համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 5 մլդ ՀՀ դրամ (ներկայումս մոտավոր կկազմի 6.077.000.0 ՀՀ դրամ):

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հետ կապված հարկ է նշել, որ վերջինիս գործունեությանն առնչվող խնդիրներից է նաև վերջինիս աշխարհագրական դիրքը՝ բնակելի շենքերին մոտ լինելը։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվում են նաև ինֆեկցիոն հիվանդություններով տառապող դատապարտյալներ և կալանավորված անձինք, ինչը կարող է վտանգ ներկայացնել շրջակա բնակիչների առողջության համար։ Նշվածը, ինչպես նաև այն, որ շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին, հնացած է, գտնվում է անմխիթար վիճակում և առկա է փլուզման վտանգ, մտահոգիչ են և հրատապ լուծում են պահանջում։

                Այս առումով քննարկման է արժանի նաև նոր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կառուցելու հնարավորությունը։ Նշվածը կարելի է իրականացնել ներկայիս շենքը և կից հողամասը օտարելու և ստացված միջոցներով (որոնք լիովին բավարար կլինեն) «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տարածքում նոր հիվանդանոց կառուցելու կամ վերակառուցելու եղանակով։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կից հողամասը կազմում է շուրջ 30 հա, այնտեղ առկա են 1 և 2 հարկանի մի շարք չօգտագործվող, սակայն տեխնիկապես բավարար պայմաններում գտնվող շինություններ, որոնք համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տվյալների, կարելի է նվազագույն ֆինանսական միջոցներով վերակառուցել և հարմարեցնել բուժական պայմանների։ Բացի այդ, կարևոր է նաև, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն արդեն իսկ ապահովված է պահպանության համապատասխան ինժեներատեխնիկական միջոցներով (գործող պահակակետեր, կապի և ազդանշանային միջոցներ և այլն), ուստի նոր քրեակատարողական հիմնարկի պահպանության համար լրացուցիչ հաստիքային միավորների անհրաժեշտություն չի առաջանա:

Հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում մատուցվում են նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Համապատասխան պայմաններ առկա են նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

  1. Դատապարտյալների իրավունքների պաշտպանության, վերջիններիս բողոքներին արագ արձագանքելու նպատակով անհրաժեշտ է վերանայել նաև պատիժը կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց որոշումների, գործողության և անգործության դեմ ներկայացված բողոքների քննության մեխանիզմը: Դատապարտյալների կողմից հաճախ ներկայացվում են իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված բողոքներ, որոնց կապակցությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելը, սահմանված կարգով դրանց ընթացք տալը հանդիսանում է վերջիններիս իրավունքների պաշտպանության գործուն երաշխիք:

      Հարկ է նշել, որ  պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման ընթացակարգի հետ կապված հարցերը հստակ կարգավորում չունեն: Մասնավորապես, նախատեսված չեն բողոքներին ներկայացվող պահանջները, բողոքարկման ժամկետները, վարչական կարգով խնդրի լուծման առանձնահատկությունները և այլն: Հստակ կարգավորված չեն նաև այն հարցերը, թե որ դատարանն է իրավասու քննել այդ հարցերը, ինչպես նաև ինչպիսի ընթացակարգ է կիրառվում դատարանում բողոքները քննելիս: Հստակ չէ նաև դատախազական հսկողության և դատական վերահսկողության հարաբերակցությունը  այն դեպքերում, երբ վիճարկվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները կամ որոշումները:

  1. Քրեակատարողական ոլորտի հիմնախնդիրներից է հանդիսանում նաև քրեակատարողական ծառայողների՝ մասնավորապես բարձր որակավորում ունեցող մասնագետների ընտրության և համապատասխան ուսուցման թերի մեխանիզմների առկայությունը, քրեակատարողական ծառայողների նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի ոչ բավարար լինելը, ներառյալ` քրեակատարողական համակարգի աշխատողների սոցիալական ապահովության և պաշտպանության համապատասխան երաշխիքների բացակայությունը: Քրեակատարողական ծառայության կադրերի պատրաստմանը և  վերապատրաստմանը զուգահեռ պետք է անցկացվի ծառայության կադրային ապահովմանը, աշխատողների մասնագիտական պատրաստվա­ծության բարձրացմանն ուղղված արմատական բարեփոխումներ։        
  2. Քրեակատարողական հիմնարկները նախնական մասնագիտական կրթություն ստացած որակյալ կադրերով համալրելու նպատակով մշակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման պետական կրթական չափորոշիչ, որը հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի07.2015թ. թիվ 642-Ն հրամանով: Արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ «Քրեակատարողական գործ» մասնագիտությունն ընդգրկվել է նախնական մասնագիտական կրթության ցանկում՝ 6 ամսյա ժամկետով ուսումնառության սկիզբ սահմանելով 2016թ-ի փետրվարի 1-ը և հոկտեմբերի 1-ը:
  3. Կարևորագույն հիմնախնդիր է նաև հանդիսանում պատիժը կրելուց հետո բանտարկյալներին՝ հասարակության մեջ վերաինտեգրվելու հնարավորությունների և երաշխիքների տրամադրման արդյունավետ համակարգի բացակայությունը: Եվրոպական առաջատար պրակտիկան ցույց է տվել, որ նման համակարգի գործառնության դեպքում էապես նվազում է կրկնահանցագործությունների թիվը, հիմնախնդրի լուծումը նպաստում է նաև երկրում աղքատության կրճատմանը և աշխատաշուկայում մրցունակի խավի ձևավորմանը: Հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է կատարելագործել դատապարտյալների՝ հասարակությանն ինտեգրվելուն ուղղված քրեակատարողական քաղաքականությունը (պատժի իրականացման կազմակերպումը) ինչպես քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ընթացքում, այնպես էլ դատապարտյալների պատժի կրումից հետո՝ ներդնելով պատժից ազատված անձանց աջակցության և վերաինտեգրման միասնական ծրագրեր: Վերը նշված խնդրի լուծման համար անհրաժեշտ է կատարելագործել  ազատազրկման վայրերում դատապարտյալների ուղղման, նրանց հետ տարվող սոցիալական և հոգեբանական, հասարակության լիիրավ անդամ դարձնելուն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ապահովել վերջիններիս մշակութային, կրթական և աշխատանքային զբաղվածությունը: Անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, որոնք կխթանեն քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց արտախցային զբաղվածությունը (օրինակ՝ աշխատանք, ակտիվ մասնակցություն սպորտային, մշակութային միջոցառումներին և այլն):     Այլ երկրների փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել նպատակահարմար և ներկա տնտեսական վիճակում առավել իրական է փոքր արտադրական գործունեության խթանումը։ Քրեակատարողական հիմնարկների արդյունաբերության վերակառուցման միջոցառումների համալիրը պետք է հնարավորինս ներառի նաև քրեակատարողական համակարգի պարենային, իրային, շինարարական, կոմունալ-կենցաղային, տնտեսական և հատուկ նշանակության արտադրանքի կարիքների ինքնուրույն բավարարում և դատապարտյալների պրոֆտեխնիկական ուսուցման համակարգի կատարելագործում՝ ելնելով աշխատանքի շուկայում տիրող իրավիճակից։
  4. Առանձնակի կարևորություն ունի նաև անչափահաս դատապարտյալների պատժի կրման առանձնահատկությունների, պայմանների վերանայումը: Միջազգային պրակտիկայում ընդունված չափորոշիչների համաձայն բոլոր ազատազրկված անչափահասները, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են քրեական հանցագործության մեջ, պետք է պահվեն կալանքի կենտրոններում, որոնք հատուկ նախատեսված են այս տարիքի անձանց համար՝ ոչ բանտանման միջավայր և ռեժիմային միջոցառումներ ստեղծելով, որոնք համապատասխանեցված են նրանց կարիքներին, իսկ անձնակազմում ունենալով այնպիսի աշխատակիցներ, ովքեր վերապատրաստված են երիտասարդների հետ աշխատելու համար:
  5. Քրեակատարողական համակարգում արմատական վերափոխման կարիք ունի նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համակարգը՝ հաշվի առնելով այն, որ առող­ջութ­յան պահ­պան­ման ի­րա­վուն­քը մար­դու բնա­կան ի­րա­վունքն է և այն հատ­կա­պես, կարևորվում է հա­սա­րա­կութ­յու­նից մե­կու­սաց­ման պայ­ման­­նե­րում։ Անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր Հայաստանի Հանրապե­տության քրեակատարո­ղական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման, հիվանդանոցային ծառայությունների  արդիա­կանացման ուղղությամբ: Միաժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ, որոնք թույլ կտան երաշխավորել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքները՝ բժշկական ծառայությունների մատուցման ընթացքում:

Քրեակատարողական ոլորտում մատնանշված հիմնախնդիրները հաշվի առնելով՝ բարեփոխումների իրականացման  հիմնական ուղղություններն են հանդիսանում.

  1. օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործող ակտերի համապատասխանեցումը միջազգային իրավական չափորոշիչներին.
  2. միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկների կառուցումը, վերակառուցումը, պատժի կրման պայմանների բարելավումը.
  3. որակյալ բժշկական ծառայության ներդնումը, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը.
  4. անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության, վերասոցիալականացման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
  5. անչափահասների գործերով արդարադատության խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացումը, անչափահաս դատապարտյալների պահման պայմանների բարելավումը.
  6. քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումը.
  7. անվտանգության և պահպանության ինժեներատեխնիկական արդի համակարգերով վերազինումը.
  8. կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի իրականացումը.
  9. 9. պատիժը կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց որոշումների, գործողության և անգործության դեմ ներկայացված բողոքների քննության մեխանիզմի վերանայումը

 

  1. ԱՐԴՅՈՒՆՔԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

   Հարկ է նշել, որ քրեակատարողական համակարգում բարեփոխումների ձեռնարկման վերջնական նպատակներն են քրեակատարողական համակարգում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն երաշխիքների ներդնումը, ինչպես նաև նրանց վերասոցիալականացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման պայմանների էական բարելավումը, ինչն ինքնին կհանգեցնի քրեակատարողական համակարգի զարգացմանը և դրա համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին: 

     Քրեակատարողական համակարգի բարեփոխումները նպաստելու են գործող քրեակատարողական համակարգի գործունեության շարունակական զարգացմանը:

 Բարեփոխումների իրականացման արդյունքում նախատեսվում է քրեակատարողական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում, որի արդյունքում հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել պատժի նպատակները:

 

 

 

  Հավելված N 2

 

ՀՀ կառավարության 2017 թվականի

-------------ի N -----------Ն որոշման

 

 

հ/հ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐՈՂՆԵՐ

ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

1.

Միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի համաձայն ՀՀ քրեակատարողական օրենսդրության շարունակական արդիականացում

1.Միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայի հիման վրա վեր հանված խնդիրների ուսումնասիրություն,

  2. Քրեակատարողական ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումների կատարում՝ հաշվի առնելով քրեակատարողական ոլորտում ձեռնարկվող բարեփոխումները

3. Սահմանադրական և    դատաիրավական բարեփոխումների շրջանակներում քրեակատարողական ոլորտը կարգավորող իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

2018-2022թթ.

Քրեակատարողական համակարգում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների պաշտպանության գործուն երաշխիքների ներդնում

2.

Պատիժը կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց որոշումների, գործողության և անգործության դեմ ներկայացված բողոքների քննության մեխանիզմի կատարելագործում

Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա մշակել Բողոքների քննության  նոր  մեխանիզմ՝   հաշվի առնելով գործող մեխանիզմի կիրառման ժամանակ առաջացած խնդիրները

ՀՀ արդարադատության նախարարություն

2018-2019թթ.

Անազատության մեջ գտնվող անձանց  իրավունքների  պատշաճ պաշտպանության երաշխիքների առկայություն

 3.

Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում,արդիականացում

 

1. Միջազգային փորձի ուսումնասիրություն հիման վրա քրեակատարողական հիմնարկների շենքային և տեխնիկական հագեցվածության առումով կարիքների գնահատում,

 

2.Կարիքների գնահատման արդյունքում ֆինանսական հաշվարկների իրականացում,

3.ՀՀ քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների զարգացում՝ արդյունքում  քրեակատարողական հիմնարկների վերանորոգում և 2 նոր քրեակատարողական հիմնարկների կառուցում  

ՀՀ արդարադատության նախարարություն

 

2018-2019թթ.

 

 

 

 

 

 

2019-2021թթ.

 

 

 

 

 

2022-2038թթ.

 

Անազատության մեջ գտնվող անձանց եվրոպական չափանիշներին համապատասխան պահման պայմանների ապահովում

4.

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում  արդի ինժեներա-տեխնիկական և անվտանգության ապահովման միջոցներով վերազինում

1.Քրեակատարողական հիմնարկների ների ինժեներա-տեխնիկական միջոցների կարիքների գնահատում,                      2. Գնահատման հիման վրա արդի ինժեներա-տեխնիկական  միջոցների (հսկողության էլեկտրոնային համակարգ, միջոցներ) ձեռքբերում, տեղադրում և գործարկում,

3. Տեխնիկական վերազինում իրականացնելուց   հետո քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկի  և  թվաքանակի վերանայում

ՀՀ արդարադատության նախարարություն

2018-2019թթ.

 

 

 

 

2022-2038թթ.

 

 

 

 

2022-2038թթ.

 

 

 

 

Քրեակատարողական հիմնարկներում  ստեղծված են  անվտանգության և հսկողության ապահովման անհրաժեշտ պայմաններ, որի հիման վրա  իրականացվում է արդյունավետ կառավարում

         

5.

Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության արդիականացում

Քրեակատարողական համակարգում երկրորդային (հիվանդանոցային)  բժշկական օգնության մոդելի ընտրություն.      2. Մոդելի ընտրության հիման վրա երկրորդային (հիվանդանոցային) բժշկական օգնության և սպասարկման կարողությունների զարգացում (արդիական շենքերի հատկացում, որակյալ կադրերով և սարքավորումներով ապահովում), բժշկական անձնակազմի մասնագիտական վերապատրաստման դասընթացների մշակում և իրականացում

ՀՀ արդարադատության նախարարություն

2018-   2022թթ.

Ստեղծվել են անհրաժեշտ և բավարար պայմաններ անազատության մեջ պահվող անձանց եվրոպական չափանիշներին համապատասխան հիվանդանոցային ծառայությունների տրամադրման համար

6.

Քրեակատարողական ծառայության   արդիականացում,  մասնագիտական   ներուժի շարունակական զարգացում  և արդյունավետ տեղաբաշխում

Քրեակատարողական համակարգում առկա կադրային քաղաքականության վերանայում, ուսումնասիրություն և կարիքների գնահատում

ՀՀ արդարադատության նախարարություն

2018-2020թթ.

Մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի պատրաստում

  7.

Անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության ապահովման պայմանների ստեղծում

1.Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց  զբաղվածության ապահովման վերաբերյալ                 միջազգային փորձի ուսումնասիրություն       2.ՔԿՀ-ներում  արտադրության կազմակերպման կարողությունների զարգացում՝ դիտարկելով նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորությունը,     3. Քրեակատարողական օրենսդրության արդիականացում, որը կնպաստի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց զբաղվածության ապահովմանը

ՀՀ արդարադատության նախարարություն

2018-2020թթ.

Ստեղծվել են նպաստավոր պայմաններ  անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովման համար

8.

Քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավում

1.Քրեակատարողական ծառայողների համար բնակարանային ապահովման կարիքների գնահատում, 2.համապատասխան ծրագրի մշակում և ներդնում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018-2022թթ.

Ստեղծված են բավարար երաշխիքներ քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ

9.

«Քրեակատարողական գործ» մասնագիտության ուսումնառության կազմակերպում

1.«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նախնական մասնագիտական ուսումնառության կազմակերպում

2.«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից միջին մասնագիտական ուսումնառության կազմակերպում

3.«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից բարձրագույն մասնագիտական կրթության կազմակերպում

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 

 

2018-2020թթ.

 

 

 

 

 

 

 

 

 

2020-2022թթ.

 

 

 

 

 

 

2022-2024թթ.

Համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող քրեակատարողական ծառայողների պատրաստում

10.

Անչափահասների գործերով արդարադատության խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացում, անչափահաս դատապարտյալների պահման պայմանների բարելավում

1.Արդարադատության խորհրդի գործունեությունն կանոնակարգող իրավական ակտի ընդունում,

2. Անչափահասների ն արդարադատության ոլորտի զարգացման  ծրագրի մշակում և իրականացում,

3. Միջազգային չափորոշիչների հիման վրա անչափահաս դատապարտյալների   կարիքներին համապատասխանեցված ոչ բանտանման միջավայրի ստեղծում և ռեժիմային միջոցառումների իրականացում

ՀՀ արդարադատության նախարարություն

2019-2019թթ

Անչափահասների արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում, իրավունքների պաշտպանություն,

Անչափահաս դատապարտյալների կարիքներին համապատասխանեցված պայմաններ

11.

Քրեակատարողական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված  ծրագրի մշակում և իրականացում

 

 

 

1. Քրեակատարողական ծառայության գործունեության ռիսկային ոլորտների ուսումնասիրություն,

2.կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն  ուղղված միջոցառումների  ծրագրի մշակում և իրականացում

 

ՀՀ արդարադատության նախարարություն

2018-2022թթ.

Քրեակատարողական ծառայության գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովում

12.

Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող  հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովմանն ուղղված չափանիշների մշակում և ներդնում

 

 

1. ՔԿՀ-ների ենթակառուցվածքների հնարավորությունների ուսումնասիրում,               2. Հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմանների ապահովման ծրագրի մշակում,                                3.Ծրագրի հիման վրա հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն

2019-2020թթ

Քրեակատարո­ղական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապա­հովելու նախադրյալների ստեղծում

13.

Քրեակատարողական ծառայության մի շարք գործառույթների, այդ թվում՝ սննդի ապահովման գործառույթի մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) հնարավորության վերաբերյալ վերլուծության իրականացում

1.Քրեակատարողական ծառայության մի շարք գործառույթների, այդ թվում՝ սննդի ապահովման գործառույթի մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) հնարավորության վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն,

2.ուսումնասիրության հիման վրա քրեակատարողական ծառայության մի շարք գործառույթների, այդ թվում՝ սննդի ապահովման գործառույթի մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) նպատակահարմարության վերաբերյալ առաջարկության ներկայացում,

3. քրեակատարողական ծառայության մի շարք գործառույթների, այդ թվում՝ սննդի ապահովման գործառույթի մասնավոր հատվածին պատվիրակելու (outsourcing) նպատակահարմարության դեպքում իրավական ակտի մշակում

ՀՀ արդարադատության նախարարություն

2018-2020թթ.

Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացում

14.

Քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում դատապարտյալների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգի կիրառման վերաբերյալ վերլուծության իրականացում

1.Քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում դատապարտյալների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգի կիրառման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն,

2.ուսումնասիրության հիման վրա քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում դատապարտյալների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգի կիրառման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկության ներկայացում

ՀՀ արդարադատության նախարարություն

2019-2021թթ.

Պատժի կրման ընթացքում դատապարտյալների նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացում

                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    24.08.2017 - 15.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4147

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

19.09.2017

ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծել խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության և խտրականության դեմ պայքարի բաժին: ՀՀ արդարադատության նախարարությունում վերոնշյալ բաժնի ստեղծումը պայմանավորված է ազատազրկված անձանց բողոքների արագ արձագանքման, օպերատիվ լուծման և իրավիճակի վերահսկման անհրաժեշտությամբ։ Սույն բաժինը կարող է հանդիսանալ ազատազրկված անձանց համար իրավունքների և հիմնարար ազատությունների լրացուցիչ պաշտպանության երաշխիք։ Ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակում։ Նախագծում սահմանվել է այն կարևորագույն հիմնախնդիրը, որը կապված է պատիժը կրելուց հետո բանտարկյալներին՝ հասարակության մեջ վերաինտեգրվելու հնարավորությունների և երաշխիքների տրամադրման արդյունավետ համակարգի բացակայության հետ։ Նախագծում բավականին մանրամասնորեն տրվել է խնդրի վերաբեյալ հիմնավորում, սակայն բաց է թողնված ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի ապահովման և պաշտպանության վերաբերյալ խնդիրները, որոնք առկա են գործող օրենսդրությունում և իրավակիրառ պրակտիկայում։ ՄԻԵԴ-ը և ԽԿԿ-ի պատվիրակությունը բազմիցս նշել են տեսակցությունների կարևորությունը ազատությունից զրկված անձանց համար, որպես հասարակությունում վերաինտեգրման բաղկացուցիչ մաս, որպես ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքների արդյունավետ իրականացում։ Երկարաժամկետ դատապարտված բանտարկյալների վրա ինստիտուցիոնալացման բացասական ազդեցության հետևանքները նվազեցնելու և բանտարկյալներին հասարակությունում վերաինտեգրման ուղղորդման համար, անհրաժեշտ է արդյունավետ պահել բանտարկյալների կապը արտաքին աշխարհի հետ։ ԽԿԿ-ի պատվիրակությունը ազատազրկման վայրերի այցելությունների ժամանակ բացասական է գնահատել ցմահ և երկարաժամկետ այլ ազատազրկման դատապարտված բանտարկյալների իրավիճակը՝ կապված նյութական պայմանների, զբաղվածության, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորության հետ։ Ցմահ և երկարաժամկետ այլ ազատազրկման դատապարտված բանտարկյալները ենթարկվում են հատուկ սահմանափակումների, որոնք հավանաբար կարող են իրենց ազդեցությամբ խորացնել վնասակար հետևանքները, որոնք բնորոշ են երկարաժամկետ կալանքին։ Նման սահմանափակումների օրինակներն են՝ բաժանումն այլ բանտարկյալներից, այլ բանտարկյալների հետ հաղորդակցվելու արգելումը, սահմափակ թվով այցերի հնարավորություն։ ԽԿԿ-ի պատվիրակությունը նշել է, որ նմանատիպ հատուկ սահմանափակումների հիմքում ընկած է տարբերակված մոտեցումը՝ ըստ դատավճռով սահմանված պատժատեսակի, առանց անհատական վտանգների գնահատման, որոնք բանտարկյալները կարող են կամ չեն կարող ներկայացնել։ԽԿԿ-ի պատվիրակությունը Հայաստան կատարած այցի վերաբերյալ իր զեկույցում նշել է, որ Հայաստանում գործող այն համակարգը, որի համաձայն բանտարկյալների արտաքին աշխարհի հետ հաղորդակցության աստիճանը որոշվում է դատավճռով սահմանված պատժի տեսակից և պատժի կրման ռեժիմից, սկզբունքորեն սխալ է։ ԽԿԿ-ի պատվիրակության կարծիքով բոլոր բանտարկյալներն անկախ պատժից և ռեժիմից, պետք է ունենան շաբաթական առնվազն մեկ ժամ տեսակցության իրավունք։ Ցանկալի է, որ բանտարկյալներն ունենան տեսակցություններ ամեն շաբաթ։ Հնարավորություն պետք է ընձեռնվի, որ բանտարկյալներն ունենան կուտակվող տեսակցությունների իրավունք այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում այցեր չեն եղել։ ԽԿԿ-ի պատվիրակության կողմից նշվել է այն փաստը, որ ցմահ դատապարտված բանտարկյալների տեսակցությունների թիվը զգալիորեն ցածր է համեմատած այլ բանտարկյալների հետ, և հորդորեց ՀՀ իշխանություններին համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք կնախատեսեն տեսակցությունների թվի հավասար բաշխումը բոլոր դատապարտյալների միջև։ Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պետք է ունենան բաց պայմաններում կարճատև տեսակցությունների իրավունք, կարող են սահմանվել փակ տեսակցություններ՝ անվտանգության անհատական գնահատմամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

19.09.2017

Միջոցառման արդյունքն է՝ քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու նախադրյալների ստեղծում։ Սույն միջոցառումն արդեն իսկ սահմանված է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 20-րդ կետում՝ կատարել ուսումնասիրություն քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու առաջնահերթությունների վերաբերյալ, և արդյունքներով մշակել համապատասխան գործողությունների ծրագիր։ Որպես արդյունք գրանցված է հետևյալը՝ ստեղծվել են նախադրյալներ, ըստ առաջնահերթության, ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման նպատակով համապատասխան պայմաններ ապահովելու համար։ Այսպես, եթե համեմատական անկցանենք Ռազմավարության և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների միջև, ապա՝ հանգում ենք այն եզրահանգմանը, որ երկու միջոցառումներն ուղղված են քրեկատարողական հիմնարկների ենթակառուցվածքների ուսումնասիրմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու վերաբերյալ ծրագրի մշակմանը և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման համար համապատասխան պայմանների և նախադրյալների ստեղծմանը։ Այսպիսով, ստացվում է որ երկու ռազմավարական ծրագրերով սահմանվում է նույնաբովանադակ գործողություն կատարման տարբեր ժամկետներով։ Առաջարկում ենք հստակեցնել Ռազմավարության սույն միջոցառման գործողությունների բովանդակությունը կամ հանել, որպես արդեն իսկ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված գործողություն։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

19.09.2017

ԽԿԿ-ի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետություն այց կատարելու ժամանակ նշել էր, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայկական բանտային համակարգի հիմնախնդիրներից, և կոչ է արել Հայաստանի իշխանություններին քայլեր ձեռնարկել այդ երևույթի դեմ պայքարելու համար։ ԽԿԿ-ի պատվիրակությունը մատնանշեց, որպես քայլերից մեկը՝ քրեակատարողական ծառայողների, մասնավորապես կրտսեր պաշտոններ զբաղացնող աշխատողների աշխատավարձերի բարձրացում: Դիտորդների խմբի կողմից իրականացվել է վերլուծություն՝ ազատազրկված անձանց կողմից բջջային հեռախոսներ պահելու հետևանքների վերաբերյալ։ Վերլուծության արդյունքում պարզվել էր, որ բջջային հեռախոսի՝ որպես արգելված իրի օգտագործումը, հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի աճման, քանզի անհասկանալի է մնում առգրավված հեռախոսների հետագա ճակատագիրը և թե ինչպես են կանխվում նման ռիսկերը։ Դիտորդների խումբը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել բջջային հեռախոսների կիրառությունը քրեակատարողական հիմնարկներում թույլատրելու հնարավորությունը, ինչը կնվազեցնի քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից կոռուպցիոն գործարքներում ներգրավվելու հնարավորությունը: Առաջարկում ենք 2-րդ գործողության համար սահմանել ավելի երկար կատարման ժամկետ, քանզի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար ուղղված միջոցառումները պետք է ունենան շարունակական բնույթ և կիրառվեն Ռազմավարությամբ սահմանված 2018-2038թթ. ժամանակահատվածում։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։

Տեսնել ավելին