Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

      

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հանրային աշխատանքները չի նախատեսել որպես վարչական տույժի տեսակ:

          Հանրային աշխատանքները, նախատեսելով որպես վարչական տույժ, անհրաժեշտ է նախ սահմանել դրա հասկացությունը, որոշել տույժի այդ տեսակը բնույթը, կիրառման շրջանակները, կիրառման առավելագույն ժամանակահատվածը, այդ աշխատանքների կազմակերպումը, դրանց իրականացման նկատմամբ հսկողությունը և այլն:

Հանրային աշխատանքն այլ երկրներում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներից, թերևս, ամենատարածվածն են։

          Հանրային աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում ևս նախատեսված են միայն ՀՀ քրեական օրենսգրքով, որի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

Հանրային աշխատանքները, անկախ տարբեր երկրների օրենսդրական կարգավորումների առանձնահատկություններից, հետապնդում են հետևյալ միասնական նպատակները.

  • հասնել անձի ուղղմանը՝ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ոչ թե պատժելու միջոցով,
  • հասնել կրկնահանցագործությունների թվի նվազմանը՝ առանց անձին իր ընտանիքից և շրջապատից մեկուսացնելու և հետագայում հասարակություն վերաինտեգրվելու խնդիր առաջացնելու,
  • վերականգնել հասարակությանը պատճառված վնասը,
  • լուծել բանտերի բեռնվածության խնդիրը,
  • խնայել պետության ֆինանսական և մարդկային ռեսուրսները։

Կարծում ենք, որ հանրային աշխատանքները հաջողությամբ կարող են գործել նաև վարչական իրավունքում՝ որպես վարչական տույժի տեսակ՝ իրագործելով վարչական տույժի հիմնական նպատակները: Սակայն, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը այն չի նախատեսել որպես վարչական տույի տեսակ, մինչդեռ այն նախատեսված է նախկին նախկին ԱՊՀ և մերձբալթյան մի շարք երկրների վարչական իրավունքում (օրինակ, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Լիտվա և այլն): Եվրոպական երկրներում հանրային աշխատանքները համարվում են այլընտրանքային պատիժներից խստագույնը, սակայն դրանց կիրառությունը սահմանափակվում է միայն քրեական իրավունքի ոլորտում: Մինչդեռ, վարչական իրավունքում դրանց կիրառման վերաբերյալ փորձ գրեթե չկա: 

Ուսումասիրելով տարբեր երկրների վարչական իրավունքում հանրային աշխատանքների՝ որպես վարչական պատասխանատվության միջոցի բնույթի վերաբերյալ հարցը, հարկ է նշել, որ ուսումնսիրված պետությունները տարբեր մոտեցում են որդեգրել հանրային աշխատանքները հիմնական տույժի, կամ լրացուցիչ տույժի տեսակ դիտարկելու հարցում: Մասնավորապես, այն որպես հիմնական վարչական տույժի տեսակ նախատեսված է Բելառուսի Հանրապետության[1] և Ռուսաստանի Դաշնության[2] օրենսդրությամբ: Որպես հիմնական վարչական տույժ այն նշանակվում է առավել վտանգավոր վարչական իրավախախտումների համար: Միևնույն ժամանակ, այն որպես հիմնական վարչական տույժ նախատեսված է նաև Ուկրաինայի Հանրապետության օրենսդրությամբ[3]: Անհրաժեշտ է նկատել, որ Ուկրաինայում բացի հանրային (սոցիալական) աշխատանքներից առկա են վարչական տույժի նմանատիպ այլ տեսակ ևս՝ ուղղիչ աշխատանքներ (այս տեսակը նախատեսված է նաև Վրաստանի Հանրապետության օրենսդրությամբ[4]): Ուղղիչ աշխատանքները հանրային աշխատանքներից տարբերվում են նրանով, որ ուղղիչ աշխատանքների դեպքում վարչական զանցանք կատարած անձը աշխատանքները կատարում է իր մշտական աշխատանքի վայրում, և ի հավելումն նշվածի՝ անձի աշխատավարձի 20 տոկոսը գանձվում է հօգուտ պետության: Հանրային աշխատանքները որոշ երկրներում նախատեսված են նաև որպես այլընտրանքային վարչական տույժի տեսակ: Հատկանշական է, որ ըստ Լիտվայի օրենսդրության[5]՝ վարչական տույժի ենթարկված անձի համաձայնությամբ տուգանքը կամ դրա մի մասը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով:

Ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը՝ նկատում ենք, որ հանրային աշխատանքների դեպքում պարտադիր պայման է նաև հանրային աշխատանքների կատարման ժամաքանակի սահմանումը: Օրինակ, Ուկրաինայում հանրային (սոցիալական) աշխատանքները սահմանված են քսանից մինչև վաթսուն ժամ (օրական առավելագույնը չորս ժամ տևողությամբ), իսկ հանրօգուտ աշխատանքների դեպքում, որոնց ցանկը սահմանում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինը, սահմանված է հարյուր քսանից երեք հարյուր վաթսուն ժամ (օրական առավելագույնը ութ ժամ տևողությամբ): Միաժամանակ, հարկ է նշել, որ այս վարչական տույժը կարող է նշանակվել նաև անչափահասների նկատմամբ՝ օրական երկու ժամից ոչ ավել: Վրաստանում ուղղիչ աշխատանքների համար սահմանված է տասնհինգ օրից մինչև վեց ամիս ժամկետ: Թուրքմենստանում[6] հանրային աշխատանքների համար սահմանված է տասներկուսից յոթանասուներկու ժամ: Եթե վարչական իրավախախտում կատարած անձը սովորում կամ աշխատում է, ապա հանրային աշխատանքի տևողությունը չի կարող գերազանցել չորս ժամը, իսկ ոչ սովորող կամ ոչ աշխատող անձանց համար՝ չորսից ութ ժամը: Պետք է նկատել, որ Լիտվայում հանրային աշխատանքների առավելագույն ժամաքանակ սահմանված է մինչև չորս հարյուր ժամ:

Վերլուծության ենթարկելով տարբեր երկրների օրենսդրական կարգավորումները՝ նկատում ենք, որ հանրային աշխատանքները որպես վարչական տույժի տեսակ չեն կիրառվում որոշակի խումբ սուբյեկտների նկատմամբ, մասնավորապես՝ հղիների, իրենց խնամքի տակ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց, անչափահասների, կենսաթոշակային տարիքի հասած, հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ ունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և զինվորականների նկատմամբ (Թուրքմենստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա):

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է հանրային աշխատանքները նախատեսել որպես այլընտրանքային տույժի տեսակ, եթե նշանակված տուգանքի չափը հավասար կամ գերազնացում է նվազագույն աշխատավարձի 30-ապատիկը և վարչական պատասխանատվության ենթարկված անձը, իր նյութական վիճակի պատճառով զրկված լինելով տուգանքը վճարելու հնարավորությունից, մինչև տուգանքը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալը այդ մասին գրավոր դիմում է ներկայացնում վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնին:

Նախագծով սահմանվել է նաև հանրային աշխատանքների առավելագույն ժամաքանակը, սահմանվել տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու մեխանիզմը: Նախագծով կարգավորվել են նաև հանրային աշխատանքներ նշանակելու մասին որոշման կատարման և դրանք կատարելուց խուսափելու հետ կապված հարցերը: 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի հանրային աշխատանքը նախատեսել որպես վարչական տույժի տեսակ, ինչի հետևանքով վարչական տույժերի կիրառման մեխանիզմը կդառնա ավելի ճկուն և կնպաստի վարչական տույժի կիրառման նպատակների իրագործմանը:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել հանրային աշխատանքների կատարումն ապահովող Կառավարության լիազորված մարմինը:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից և դրանից բխող գործողությունների ծրագրից:

 

 

 

 

[1] https://pravo.by/document/?guid=12551&p0=HK2100091&p1=1

[2]https://www.consultant.ru/cons/cgi/online.cgi?req=doc&base=LAW&n=387517&dst=3595#K6l49nSAhc4DL5WF1

[3] https://cis-legislation.com/document.fwx?rgn=8653

[4] https://matsne.gov.ge/en/document/view/28216?publication=381

[5]https://europam.eu/data/mechanisms/PF/PF%20Laws/Lithuania/Lithuania_Code%20of%20administrative%20offences_1985_amended2016_eng.pdf

[6] https://www.global-regulation.com/translation/turkmenistan/5965325/the-administrative-offences-code-of-turkmenistan.html

  • Քննարկվել է

    15.12.2021 - 30.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5420

Տպել