Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1986 թվականի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  23-րդ հոդվածում լրացնել նոր 2.1 մաս.

«2.1) հանրային աշխատաքներ.»:

Հոդված 2. Օրենսգրքի 24-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ.

          «Սույն օրենսգրքի 23-րդ հոդվածի 2.1-րդ մասում սահմանված տույժի տեսակն այլընտրանքային տույժի տեսակ է»:

Հոդված 3. Օրենսգրքում լրացնել նոր 26.1 հոդված` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 26.1. Հանրային աշխատանքներ

  1. Հանրային աշխատանքները վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակված և իրավասու մարմնի որոշված վայրում չվարձատրվող, ուսումնառությունից կամ աշխատանքից ազատ ժամանակահատվածում հանրության համար օգտակար բնույթ կրող այնպիսի աշխատանքների կատարումն է, որոնք չեն վտանգում նրա ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը ։
  2. Հանրային աշխատանքները նշանակվում են որպես տուգանքի այլընտրանք, եթե նշանակված տուգանքի չափը հավասար է կամ գերազնացում է նվազագույն աշխատավարձի 30-ապատիկը և վարչական պատասխանատվության ենթարկված անձը, իր նյութական վիճակի պատճառով զրկված լինելով տուգանքը վճարելու հնարավորությունից, մինչև տուգանքը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալն այդ մասին գրավոր դիմում է ներկայացնում վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնին:
  3. Հանրային աշխատանքները նշանակվում են առավելագույնը մինչև երկու հարյուր յոթանասուն ժամ ժամկետով՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հաշվարկման կանոններով: Հանրային աշխատանքների օրական ժամկետը չի կարող գերազանցել 4 ժամը, իսկ վարչական իրավախախտում կատարած անձի համաձայնությամբ՝ 8 ժամը:
  4. 4. Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով՝ քսանչորս ժամը հաշվարկելով վարչական իրավախախտումը կատարելու պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափով: Եթե մեկ վարչական իրավախախտման համար նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում հանրօգուտ աշխատանքների ժամկետը գերազանցում է երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ հանրային աշխատանքներ:
  5. 5. Հանրային աշխատանքներ չեն նշանակվում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց և մինչև տասնութ տարեկան անչափահասների նկատմամբ:
  6. Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի, վաթսունհինգ տարին լրացած անձ, հղի կնոջ, իրենց խնամքի տակ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ հանրային աշխատանքները նշանակվում են աշխատանքների բնույթն ընտրելիս հաշվի առնելով նրանց կարգավիճակը:
  7. 7. Եթե հանրային աշխատանքները նշանակելուց հետո ի հայտ է եկել սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանգամանքը կամ տեղի է ունեցել վարչական պատասխանատվության ենթարկված անձի առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որը դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն զրկել է նրան հանրային աշխատանքների հետագա կատարման հնարավորությունից, անձի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքի տեսակը փոխարինվում է այլ հանրային աշխատանքներով` հաշվի առնելով վերջինիս կարգավիճակը կամ հանրային աշխատանքը փոխարինվում է տուգանքով կամ անձն ազատվում է հանրային աշխատանքները կատարելուց:»:

Հոդված 4. Օրենսգրքում լրացնել նոր 26.1-րդ գլուխ` հետևյալ բովանդակությամբ.

«Գ Լ ՈՒ Խ  26.1

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 308.1. Հանրային աշխատանքներ նշանակելու մասին որոշման կատարումը

  1. Հանրային աշխատանքների կատարումն ապահովում է Կառավարության լիազորված մարմինը:
  2. Անձը պարտավոր է հանրային աշխատանքների կատարումն ապահովող մարմին ներկայանալ նրա նկատմամբ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու գրավոր ծանուցում ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում:
  3. Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է վարչական պատասխանատվության ենթարկված անձին` հանրային աշխատանքներին փաստացի ներգրավելու պահից:
  4. Վարչական պատասխանատվության ենթարկված անձը պարտավոր է հանրային աշխատանքների կատարման ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների աշխատանքային կարգապահական ներքին կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել որոշումը կատարող մարմնին:
  5. Սույն օրենսգրքի 26.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում, որոշումը կատարող մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է վարչական տույժ նշանակած մարմնին` հանրային աշխատանքների չկատարած մասը նշանակված տուգանքով փոխարինելու համար՝ հանրային աշխատանքների չկատարած մասի և նշանակված տուգանքի տարբերության հաշվառմամբ կամ հանրային աշխատանքի տեսակը այլ հանրային աշխատանքով փոխարինելու կամ աշխատանքների չկատարած մասը կատարելուց ազատելու համար ` հաշվի առնելով նշված սահմանափակումների ծանրության աստիճանը, կատարված հանրային աշխատանքների ծավալը և հանրային աշխատանքների կատարման անհնարինության պատճառները կամ հանրային աշխատանքները փոխարինելու համար:
  6. Վարչական պատասխանատվության ենթարկված անձի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում հանրային աշխատանքների ձևով վարչական տույժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության ժամկետով կասեցվում է:
  7. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը հանրային աշխատանքների չկատարած մասը դրա կատարումն ապահովող մարմնի գրավոր ծանուցման հիման վրա փոխարինում է տուգանքով՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:»

 

Հոդված 308.2. Հանրային աշխատանքները կատարելուց խուսափելը

  1. Անձի կողմից հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում հանրային աշխատանքների կատարումն ապահովող մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է վարչական տույժ նշանակած մարմնին՝ հանրային աշխատանքները տուգանքով փոխարինելու համար: Տվյալ դեպքում հանրային աշխատանքները փոխարինվում են ի սկզբանե նշանակված տուգանքի չափից 10 տոկոսով ավելի տուգանքի չափով, իսկ եթե գերազանցում է սույն օրենսգրքով սահմաված տուգանքի առավելագույն չափը, ապա փոխարիվում է առավելագույն չափով:
  2. Հանրային աշխատանքների ձևով տույժը կրելուց խուսափող է համարվում այն անձը, ով`

1) մեկ ամսվա ընթացքում կատարել է իր համար նախատեսված հանրային աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.

2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկու և ավելի անգամ խախտել է տվյալ մարմնի կամ կազմակերպության աշխատանքային ներքին կարգապահության  կանոնները.

3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ չի ներկայացել կատարող մարմին՝ առանց հարգելի պատճառի:

4) հրաժարվում է հանրային աշխատանքներ կատարելուց:»:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    15.12.2021 - 30.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5422

Տպել