Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ

 

        Իրավական ակտի հիմնավորումը

  1. Անհրաժեշտությունը

 

        «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` օրենքի նախագիծ)  հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  կոնվենցիայի պահանջներին (այսուհետ` Կոնվենցիա), որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության ԱԺ կողմից և ուժի մեջ   մտել  2010 թվականի հոկտեմբերի 22-ից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

          Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով, որով հիմնականում սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության սկզբունքները և մոտեցումները: Գործող օրենքում ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին և մոտեցումներին:

          Հաշմանդամություն ունեցող անձանց համար  ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը նույնպես լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար:

       Չնայած նրան, որ Հայաստանում սկիզբ է առել և աստիճանաբար արմատավորվում է  հաշմանդամների  նկատմամբ մարդու իրավունքների  պաշտպանության վրա հիմնված քաղաքականություն, այնուամենայնիվ, կենսագործունեության սահմանափակման հիման վրա հաշմանդամության սահմանումն առավելապես բխում է միայն բժշկական չափանիշներից, այսինքն, հիմնված է բժշկական մոդելի վրա:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          Հաշմանդամության բնագավառում քաղաքականությունն ուղղված  է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն լիարժեք ներառմանը, նրանց  համար հավասար պայմանների ապահովմանը, մատչելի միջավայրի, տրանսպորտային միջոցների, շենքերի և շինությունների, ինչպես նաև նրանց կրթության, զբաղվածության և տեղեկատվության մատչելիության ապահովմանը ու այլ հիմնախնդիրների կարգավորմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակը, սկզբունքները և ուղղությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերը:

    Օրենքի նպատակն է` հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային  իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակության կյանքում նրանց հավասար մասնակցության և արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը:

  Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ և պայմաններ, նրանց ներառումը հասարակություն ապահովելու նպատակով նախագծում սահմանված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին առնչվող նորմեր:

Նախագծում տրված են նոր հասկացություններ, որոշ հասկացությունների սահմանումներ տրվել են նոր բովանդակությամբ ` օրինակ, «հաշմանդամություն», «հաշմանդամություն ունեցող անձ», «միջավայրային գործոններ», «միջավայրային արգելքներ», «սոցիալական ներառում», «համընդհանուր դիզայն», «սոցիալական կազմակերպություն» և այլն:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական  քաղաքականության  հիմնական սկզբունքներն ու ուղղությունները սահմանվել են, համաձայն Կոնվենցիայի դրույթների:

Նախագծով սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները:

 Տրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համալիր ծրագրի, ինչպես նաև` տարեկան ծրագրի բովանդակության, ծավալների, մշակման ժամկետների և այլ պահանջների վերաբերյալ դրույթներ և նորմեր:

   Օրենքի նախագծով սահմանվում է նաև դրույթ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի վերաբերյալ: Հանձնաժողովի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում պետական քաղաքականության իրականացմանն աջակցելն է:

        Նախագծում սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման /բժշկական, սոցիալական և մասնագիտական/ վերաբերյալ դրույթներ:

Օրենքի նախագծով սահմանվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման թիրախային ուղղությունները.

1) մատչելիությունը,

2) բժշկական օգնությունը և սպասարկումը,

3) կրթությունը,

3) զբաղվածությունը,

4) սոցիալական ապահովությունը և սոցիալական  այլ շահերը,

5) մշակույթը,

6) հանգստի կազմակերպումը և մարզական կյանքը:

Յուրաքանչյուր ուղղության համար սահմանվել են դրույթներ` սոցիալական ներառման հասնելու համար: Ընդ որում, սոցիալական ներառման հասնելու նորմերն ընդգրկում են ինչպես իրավական դաշտը, այնպես էլ գործնական բնույթի միջոցառումներ, այդ թվում   ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների, ստանդարտների և կանոնների, համընդհանուր դիզայնի պահանջների և չափանիշների մշակումը, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունն ապահովող պահանջների, ստանդարտների և կանոնների մշակումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավմամբ:  

Նախագծով նախադրյալներ են սահմանվում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման մոնիթորինգային մեխանիզմներ, ինչպես նաև մոնիթորինգն իրականացնող մարմին ստեղծելու համար: Նախագծի 36-րդ հոդվածի համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման մշտադիտարկումը վերապահված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:

 

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

        Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Օրենքի նախագիծը քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստում, որին բացի Հանձնաժողովի անդամներից մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող այլ հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, շուրջ 10 ԲՈՒՀ-երի,  հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների ներկայացուցիչներ:

ՀՀ ՄԻՊ-ի կողմից կազմակերպվել է հանրային քննարկում

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

        Օրենքի ընդունումը անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված քաղաքականություն իրականացնելու, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու համար:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    23.08.2017 - 08.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

23.08.2017 16:41

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2086

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Հովսեփյան

30.08.2017

Հոդված 23-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանիների հետ կապված հարաբերությունները (այդ թվում՝ վարժեցման, տրամադրման կարգի, հանրային վայրերում անարգել մուտքի) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով»:

Մուշեղ Հովսեփյան

30.08.2017

Հոդված 3-ի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանի՝ կենդանի, որը վարժեցված է և աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին»։

Մուշեղ Հովսեփյան

26.08.2017

Հոդված 23-ը լրացնել 11-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «11. Պետությունն ապահովում է պատմականորեն խտրականության (ներառյալ՝ կրոնի, էթնիկ պատկանելիության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով) ենթարկված կամ պակաս հնարավորություններ ունեցած խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի,(A/HRC/34/58, պարբերություն 42), 2016 թվականի հունվարի 20-ի (A/HRC/31/62, պարբերություն 60), 2015 թվականի օգոստոսի 7-ի զեկույցները (A/70/297, պարբերություն 40): Տե՛ս նաև Կիպրոսի (CRPD/C/CYP/Q/1, պարբերություն 6) և Իրանի հիմնախնդիրների ցանկերը (CRPD/C/IRN/Q/1, պարբերություն 7), Եզրափակիչ դիտարկումների Հայաստանի (CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 6), Կանադայի (CRPD/C/CAN/CO/1, պարբերություն 9c), Կոլումբիայի (CRPD/C/COL/CO/1, պարբերություն 57), Իրանի (CRPD/C/IRN/CO/1, պարբերություն 12-13), Իտալիայի (CRPD/C/ITA/CO/1, պարբերություն 8), Լիտվայի (CRPD/C/LTU/CO/1, պարբերություն 15-16) և Ուգանդայի մասին (CRPD/C/UGA/CO/1, պարբերություն 8-9), և Ընդհանուր մեկնաբանություն 3-ը (CRPD/C/GC/3, պարբերություն 4c և 5) և Ընդհանուր մեկնաբանություն 4-ը (CRPD/C/GC/4, պարբերություն 13)։ Տե՛ս նաև Ջոկյակարտայի սկզբունքները (հասանելի է՝ yogyakartaprinciples.org-ում)։

Տեսնել ավելին