Հիշել նախագիծը

«Այն հանգամանքները սահմանելու մասին, որոնք ի հայտ գալու դեպքում ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթակա են հետագծելիության» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 358.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Այն հանգամանքները սահմանելու մասին, որոնք ի հայտ գալու դեպքում ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթակա են հետագծելիության» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներով:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 27.09.2020թ. N1100-Ա որոշմամբ սահմանված` 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 26-ի ՀՕ-245-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 6-րդ կետով նախատեսված է վերոնշյալ նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) նախատեսվում է որոշ ապրանքատեսակների մասով ներդնել հետագծելիության մեխանիզմ, նպատակ ունենալով հաստատելու մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականությունը, ստեղծելու մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ, ինչպես նաև ապահովելու այդ ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության իրականացումը:

Հետագծելիություն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում (այսուհետ` Ցանկ) ընդգրկված, Միության մաքսային տարածք ներմուծված «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ։

Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-4-րդ կետերին համապատասխան` Համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիությունն իրականացվում է նաև Ցանկում ընդգրկված և`

- «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքներ, որոնք առգրավվել են կամ այլ ձևով դարձել են պետության սեփականություն (եկամուտ),

- «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքներ, որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին,

- Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքներ:

Համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` անդամ պետությունների օրենսդրությամբ պետք է սահմանվեն այն հանգամանքները, որոնց ի հայտ գալու դեպքում նշված ապրանքները ենթակա են հետագծելիության (այդ ապրանքների մասով տեղեկատվությունը պետք է ներառվի հետագծելիության ազգային համակարգ):

Այդ դրույթների սահմանման համար համապատասխան լիազորություններ վերապահելու նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 358.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ Կառավարության կողմից պետք է սահմանվեն այն հանգամանքները, որոնք ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները, որոնք առգրավվել կամ այլ ձևով դարձել են պետության սեփականությունը և (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա կլինեն հետագծելիության:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) հետագծելիության ենթակա են Ցանկում ընդգրկված և «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները, որոնք առգրավվել են կամ այլ ձևով դարձել են պետության սեփականություն (եկամուտ) կամ որոնք դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին կամ որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` մաքսային մարմինների կողմից վերցվել են արգելանքի և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում դրանք չեն պահանջվել,

2) նշված ապրանքներն ենթակա են հետագծելիության, եթե այդ ապրանքները Կառավարության որոշման համաձայն իրացվում են մաքսային մարմնի կողմից կամ  այդ ապրանքները իրացվում են Կառավարության կողմից` պետությանը հանձնված գույքի իրացման, ոչնչացման կամ վերամշակման գործընթացն իրականացնելու համար լիազորված պետական մարմնի կողմից կամ այդ ապրանքները Կառավարության որոշման համաձայն անհատույց տրամադրվում են կազմակերպություններին,

3) այդ ապրանքների իրացման կամ անհատույց տրամադրման գործարքների մասով պետք է դուրս գրվեն հաշվարկային փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան, դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ներառելով նաև հետագծելիության ենթակա ապրանքների մասով հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները,

4) նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022թ. հուլիս 1-ից` հաշվի առնելով, որ ներկայումս քննարկվում են անդամ պետությունների կողմից Համաձայնագրով նախատեսված հետագծելիության պիլոտային համակարգի ներդրման ժամկետները և նախատեսվում է պիլոտային համակարգի ներդրման ժամկետ սահմանել 2022թ. հուլիսի 1-ից:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հետագծելիության մեխանիզմի ներդրման մասով սահմանված դրույթներին համապատասխան այն հանգամանքների սահմանում, որոնց իր հայտ գալու դեպքում Համաձայնագրով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ապահովվում է հետագծելիության իրականացումը:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  էական փոփոխություններ չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 12.12.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N1830-Լ որոշման՝ «2.Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» ռազմավարական նպատակի «1.Հարկային և մաքսային իրավախախտումների կանխարգելում» ենթանպատակի 8-րդ կետով սահմանված «ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիություն» միջացառումից (գործողությունից)։ Միջոցառմամբ (գործողությամբ) նախատեսվում է ներդնել ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների հետագծելիության ապահովման մեխանիզմ՝ ԵԱՏՄ հարթակում ստանձնած պարտավորություններին համապատասխան:

ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվում է ներդնել փաստաթղթային հետագծելիության ապահովման մեխանիզմ՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքերի հետագծելիության մեխանիզմի վերաբերյալ» համաձայնագրին համապատասխան։ Համաձայնագրի հիմնական նպատակներից է ստեղծել մաքսային և հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ՝ միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն: Այդ միջոցառման (գործողության) շրջանակներում նորմատիվ-իրավական ակտերի համապատասխան նախագծերի մշակում և հաստատման ներկայացում:

 

  • Քննարկվել է

    02.12.2021 - 17.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2865

Տպել