Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության հիմնական սկզբունքների»[1] 9-րդ կետի համաձայն. «Ազատությունից զրկված անձանց պետք է հասանելի լինեն երկրում առկա առողջապահական ծառայություններն առանց իրենց իրավական իրավիճակի հետ կապված խտրականության»:

Համաձայն ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն կանոնների»[2] 22-րդ կետի. «Յուրաքանչյուր հաստատությունում պետք է առնվազն լինի մեկ որակավորված բուժաշխատող(...) Այն հիվանդ բանտարկյալները, ովքեր ունեն հատուկ մասնագիտացված բուժման կարիք պետք է տեղափոխվեն մասնագիտացված հաստատություններ կամ քաղաքային հիվանդանոցներ:»:

Եվրոպայի խորհրդի «Եվրոպական բանտային կանոնների»[3] 40.2-րդ կանոնի համաձայն. «Բանտերում առողջության պահպանման քաղաքականությունը պետք է ներհյուսված և համահունչ լինի առողջության պահպանման ազգային քաղաքականությանը:»:

Վերոգրյալ բոլոր նորմերի վերլուծությունը վկայում է, որ ազատությունից զրկված անձինք պետք է հնարավորություն ունենան օգտվել որակյալ առողջապահական ծառայություններից այն չափով, որքան դրանք հասանելի են հասարակության յուրաքանչյուր անդամի համար անկախ իրավական կարգավիճակից:

ՀՀ օրենսդրությունը Սահմանադրության և օրենքների մակարդակում ևս երաշխավորում է յուրաքանչյուրի առողջության պահպանման ու բժշկական օգնության և սպասարկման իրավունքը, առանց որևէ խտրականության: Այդ իսկ նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից, ի թիվս այլնի, մշակվեց և 2018 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում)՝ ենթաօրենսդրական ակտի մակարդակում լիարժեք կարգավորումներ տալու ու այդ իրավունքների լիարժեք և պատշաճ ապահովումն իրականացնելու նպատակով:

Հատկանշական է, որ Որոշումը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքում խմբագրվել և ստացել է դրական վիզա:

Նկատի ունենալով, որ մասնագիտացված և նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ կարող են տրամադրվել բացառապես քաղաքացիական բժշկական հաստատություններում, Որոշմամբ ամրագրվեց, որ կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների տեղակայվածությունը, մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում (ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մարզերի մասով կարգավորումն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1189-Ն որոշմամբ), իսկ Երևան քաղաքում՝ 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, առանձնացվում է առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և երկաթե դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք, որի պահպանությունն իրականացվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից:

Կարևոր է ընդգծել, որ այսպիսի բաժանմունքները թույլ են տալիս, բացի բժշկական օգնության և սպասարկման որակական փոփոխությունից, ունենալ նաև՝

  • կենտրոնացված հսկողական համակարգ,
  • ռեսուրսների ավելի օպտիմալ օգտագործման հնարավորություն, քանզի ազատությունից զրկված անձանց պահպանությունն իրականացվելու է, ոչ թե տարբեր հիվանդանոցներում, այլ մեկ հիվանդանոցում,
  • արգելված իրերի ներթափանցման կանխարգելմանն ուղղված ավելի արդյունավետ լուծումներ,
  • փախուստի հավանականության կրճատում:

Այս համատեքստում հարկ է արձանագրել, որ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Կառավարությունը, որպես լուծման համար օպտիմալ տարբերակ, ընդունել է միայն Երևան քաղաքում՝ 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու նպատակով մահճակալային ֆոնդ ձևավորելու մոտեցումը. վերջինիս ուղղությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը կատարել էր լայնածավալ աշխատանքներ:

          Հատկանշական է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1189-Ն որոշմամբ նախատեսվել էր նաև, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ազատությունից զրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով հատուկ պայմաններով առանձնացվող բաժանմունքները պետք է ստեղծված լինեին մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը:

Այս համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մինչև նշված ժամկետի լրանալը դիմել էր ՀՀ առողջապահության նախարարություն՝ համապատասխան բժշկական հաստատությունների կողմից Որոշման պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչին ի պատասխան ստացվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Էրեբունի բժշկական կենտրոն» և «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» բժշկական հաստատությունների պարզաբանումներն առ այն, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված նախանշված տարածքները օգտագործվում են մեծաքանակ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով, և միայն «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» բժշկական հաստատությունն է հասցրել առանձնացնել ազատությունից զրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով հատուկ պայմաններով բաժանմունք, որտեղ ներկայումս ընթանում են հարդարման աշխատանքներ:

ՀՀ արդարադատության նախարարությունն ընդունում է, որ նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ ներկա փուլում օբյեկտիվորեն հնարավոր չէ ամբողջ ծավալով կատարել Որոշման պահանջները: Ուստի, ներկա փուլում ՀՀ արդարադատության նախարարությունը հնարավոր է համարում Որոշմամբ նախատեսված ժամկետների փոփոխման հարցը, բայց ոչ առհասարակ բանտային բարեփոխումների շղթայում մեծ դերակատարում ունեցող գաղափարից (այն է՝ Երևան քաղաքի համապատասխան հիվանդանոցներում մահճակալային ֆոնդ առանձնացնելը, որով կալանավորված անձինք և դատապարտյալները կկարողանան, միջազգային չափանիշներին համահունչ, հավասար պայմաններում իրացնել առողջության պահպանման իրավունքը) հրաժարվելը: Նշված գաղափարից հրաժարումը կբերի բաժանմունքների ստեղծմամբ հետապնդվող նպատակների չիրագործմանը, ինչը բանտային բարեփոխումների տեսանկյունից դրական համարվել չի կարող: Հատկանշական է, որ, որպես ածանցյալ հետևանք, նշված գաղափարից հրաժարումը կարող է բերել նրան, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կարող է բանտային առողջապահության ոլորտում իրականացվող քայլերում արձանագրել հետընթաց՝ բերելով ինչպես ներքոնշյալ վճռի ամբողջական չկատարմանը, ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ընդհանուր բնույթի միջոցի կիրառմանը, այնպես էլ բանտային առողջապահությունը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելու գործընթացի ձախողմանը: Ասվածը հիմնավորվում է նրանով, որ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման շրջանակներում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին տրամադրվել է տեղեկատվություն առ այն, որ բանտային առողջապահության ոլորտում կալանավորված անձանց և դատապարտյալներին մյուս քաղաքացիների հետ հավասար պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար Կառավարությունը նախատեսել է Երևանի և մարզային համապատասխան հիվանդանոցներում առանձնացնել մահճակալային ֆոնդ: Նշված տեղեկատվության հաշվառմամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հորդորել է Կառավարությանը շարունակել բանտային առողջապահության ոլորտում սկսած բարեփոխումները և դրանք հասցնել իրենց տրամաբանական ավարտին:

          Համանման իրավիճակ կառաջանա նաև Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի դեպքում:

Հաշվի առնելով բանտային առողջապահության ոլորտում Կառավարության վարած քաղաքականությունը, բանտային առողջապահական համակարգը ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու առումով գործադրված ջանքերը, ինչպես նաև նկատի ունենալով վերոգրյալը՝ անհրաժեշտ է դիտարկել Որոշմամբ նախատեսված ժամկետների վերանայման հարցը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով քաղաքացիական բժշկական հաստատությունների կողմից օբյեկտիվ պատճառներով Որոշման պահանջների ժամանակին չկատարումը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով առաջարկվում է համապատասխան քաղաքացիական բժշկական հաստատությունների կողմից իրենց մասնաշենքերում ազատությունից զրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով հատուկ պայմաններով առանձնացվող բաժանմունքների ստեղծման աշխատանքների վերջնաժամկետ սահմանել 2022 թվականի սեպտեմբերի 1-ը:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Նախագծի ընդունման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտությունը բացակայում է, Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում՝ քաղաքացիական բժշկական հաստատությունների կողմից իրենց մասնաշենքերում ազատությունից զրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով հատուկ պայմաններով առանձնացվող բաժանմունքների ստեղծման աշխատանքների վերջնաժամկետը կհետաձգվի մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը: Նշված ժամկետում այն հիվանդանոցները, որոնք չեն հասցրել ապահովել Որոշման պահանջների կատարումը, կկարողանան ունենալ բավարար ժամանակ:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հատկանշական է, որ 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՕ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի Իրավունք և արդարադատություն վերտառությամբ 5-րդ բաժնի Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներ վերտառությամբ 5.6-րդ գլխում կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ ընդգծվել է, որ Կառավարությունն ամրապնդելու է ազատությունից զրկված անձանց որակյալ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հարցում գրանցած հաջողությունները և երաշխավորելու նրանց համար այն նույն ծավալի բուժօգնության հասանելիությունը, որն առկա է ազգային առողջապահական համակարգում հանրության յուրաքանչյուր անդամի համար։

 

  • Քննարկվել է

    26.11.2021 - 12.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4763

Տպել