Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: Նման իրավիճակի պահպանման պայմաններում, եվրոպական աշխարհամասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ:

Այսպես.

1) օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում (01-07.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 1,818 դեպք՝ կատարված 43,897 թեստավորումներից (4.14%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 31.

2) օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում (08-14.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 2,401 դեպք՝ կատարված 40,281 թեստավորումներից (5.96%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 45.

3) օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում (15-21.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 3,076 դեպք՝ կատարված 46,082 թեստավորումներից (6.67%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 57.

4) օգոստոսի չորրորդ շաբաթվա կեսի դրությամբ (22-29.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 3,702 դեպք՝ կատարված 42,890 թեստավորումներից (8.63%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 71:

Ընդամենը՝ 10,997 դեպք, 173,150 (6.35%) թեստավորում, 204 մահվան դեպք:

Իր հերթին, 2021թ. հուլիս ամսին ընդհանուր պատկերը եղել է հետևյալը.

- հաստատված դեպքեր՝ 5,118

- կատարված թեստավորումներ՝ 152,295

- մահվան դեպքեր՝ 102:

Վերոգրյալ թվերի աճի համատեքստում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ասյուհետ՝ ԱՀԿ), իր հերթին, զգուշացնում է աշնանը աշխարհում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքի սպառնալիքի մասին՝ խորհուրդ տալով պետություններին ձեռնարկել միջոցներ նոր ալիքի դեմ պայքարելու և վարակի տարածման տեմպերը կանխելու համար[1]: Միաժամանակ, ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսային հիվանդության նոր տեսակների՝ ալֆա (բրիտանական), բետա (հարավ-աֆրիկյան), գամմա (բրազիլիական) և դելտա (հնդկական) առաջանալու և դրանց առավել վտանգավորության մասին[2]:

Հայաստանի Հանրապետությունում հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում, աշխարհում կորոնավիրուսային հիվանդության նոր տեսակի հայտնաբերման պայմաններում անհրաժեշտություն է դարձել արդյունավետ դարձնել վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ միջոցների կիրառումը և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների խիստ պահպանումը՝ հիվանդության տարածումը հնարավորինս կանխելու, մահվան դեպքերը նվազեցնելու համար: Խոսքը վերաբերում է հատկապես կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման գործընթացում հետազոտությունների պարբերական իրականացմանը կամ պատվաստանյութի կիրառմանը, որոնք ունեն առանցքային դեր վարակի կանխարգելման հարցում:

Հատկանշական է, որ ԱՀԿ-ն նույնիսկ հորդորում է չհետաձգել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները[3]: Միաժամանակ, ԱՀԿ-ն նշում է, որ պատվաստանյութերը անվտանգ են 18 և ավելի տարիքի մարդկանց մեծամասնության համար, ներառյալ տարբեր տեսակի հիվանդություններ ունեցող անձնաց համար. օրինակ՝ աուտոիմունային հիվանդություններ, հիպերտոնիա, շաքարախտ, ասթմա, թոքերի, լյարդի և երիկամների հիվանդություններ, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ, որոնք կայուն են և վերահսկելի:

Կորոնավիրուսային հիվանդության նշված հանգամանքներով պայմանավորած՝ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.1-ին հոդվածի հիման վրա նախատեսվում են վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Այդ նպատակով լիազոր մարմնի կողմից ընդունվել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը, ինչպես նաև սանիտարահամաճարակային անվտանգության այլ կանոնները:

Միևնույն ժամանակ, հանրային իշխանության մարմիններում աշխատանքային հարաբերությունների շրջանակներում այդ կանոնների պահպանման համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ, որոնք հնարավարություն կտան ապահովել սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պատշաճ պահպանումը այդ մարմիններում ծառայող և աշխատող անձանց կողմից:  Նշվածի համատեքստում հարկ է նկատել, որ հանրային իշխանության մարմիններում աշխատող անձինք իրականացնում են հանրության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող գործառույթներ, որպիսի պարագայում նրանց կողմից վարակիչ հիվանդությամբ վարակվելը կարող է տևական ժամանակով խոչընդոտներ ստեղծել այդ գործառույթների պատշաճ իրականացման համար` վտանգելով նաև այդ գործառույթների իրականացմամբ հետապնդվող հանրային շահերը։ Հետևաբար, համապատասխան կանխարգելիչ միջոցառումների չիրականացումը հղի է հանրային իշխանության մարմինների գործառույթների պատշաճ իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու վտանգով: Պետությունը, այս համատեքստում՝ որպես գործատու, կարող է սահմանել աշխատանքի կազմակերպման իր առանձնահատկությունները` հանրային իշխանության մարմիններում աշխատանքի բնականոն պայմաններն ու շարունակականությունն ապահովելու համար: Իր հերթին, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը հանրային իշխանության մարմիններում աշխատող անձանց կողմից պայմանավորված է մի շարք այլ հանգամանքներով ևս. օրինակ՝ այս մարմինների աշխատողները կազմում են զբաղվածություն ունեցող բնակչության բավականին զգալի թիվը (շուրջ 246,900 անձ՝ 2019թ. տվյալներով[4]), ինչպես նաև պարբերաբար շփումների մեջ են գտնվում հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ և այլն: Ուստի, այդ անձանց կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելը կարող է էական ազդեցություն ունենալ վարակի դեպքերը նվազեցնելու և հանրային իշխանության մարմինների գործունեությունը պատշաճ կազմակերպելու գործընթացում:

Այս համատեքստում հատկապես կարևորվում է հանրային իշխանության մարմինների ծառայողների և աշխատողների՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի նրանց կողմից վարակվելու հավանականության նվազեցմանը կամ վարակվելու ծայրահեղ դեպքում հիվանդության թեթև ընթացքի ապահովմանը, այդ անձանց շնորհիվ վարակի թվերի աճի տեմպերի կանխմանը, հանրային իմունիտետի ձևավորմանը և հանրային առողջության ապահովմանը: Հարկ է նկատել, որ, ի տարբերություն մասնավոր ոլորտի, հանրային ծառայողները և հանրային պաշտոն զբաղեցնող անձինք ունեն առանձնահատուկ կարգավիճակ. նրանց կարգավիճակը, լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են առանձին օրենսդրությամբ, նրանց նկատմամբ գործում են առանձնահատուկ, երբեմն խիստ պահանջներ ու սահմանափակումներ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելք, գործունեության այլ տեսակներով զբաղվելու սահմանափակումներ, գույքի և եկամուտների հայտարարագրման պարտականություններ, վարքագծի կանոններ, լիազորությունների դադարեցման հիմքեր (ընդ որում, նման տարբերակման օբյեկտիվ հնարավորության հանգամանքը շեշտադրված է նաև Օրենքի գործող 16-րդ հոդվածով, որը նախատեսում է ծառայությունը դադարեցնելու հետ կապված այլ, առանձնահատուկ դեպքեր և հիմքեր սահմանելու հնարավորությունը) և այդպես շարունակ: Այսինքն, հանրային ծառայողներն ու հանրային պաշտոն զբաղեցնողներն իրենց կարգավիճակից ելնելով օբյեկտիվորեն տարբերվում են այլ ոլորտի աշխատակիցներից, ընդհուպ` իրենց հիմնական իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումներով: Մյուս կողմից, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների գործատուն, ըստ էության, պետությունն է` իր հանրային իշխանության մարմինների միջոցով, որը կարող է սահմանել իր «աշխատակիցների» համար առանձնահատուկ պահանջներ, կանոններ, պարտականություններ և այլն: Նշվածը իհարկե չի բացառում այլ ոլորտների գործատուների կողմից համապատասխան կանոնների և պարտականությունների սահմանումը իրենց գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերում, օրինակ` ներքին կարգապահական կանոններում, դրանով իսկ կարգավորելով իրենց աշխատակիցների վարքագիծը: Ավելին, նկատենք, որ համանման պահանջներ, ըստ էության, գործում են նաև մասնավոր ոլորտի աշխատողների համար, որոնք սահմանված են որպես սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ և նախատեսված են Առողջապահության նախարարի` 18.09.2020թ.-ի թիվ 65-Ն որոշման հավելվածներով։

Վարակի տարածման կանխարգելիչ միջոցների խիստ պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պահանջը բխում է նաև Սահմանադրությունից, որի 85-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք, իսկ 86-րդ հոդվածով պետության քաղաքականության հիմնական նպատակների շարքում նախատեսվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը։ Այս պոզիտիվ պարտականությունից է բխում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, որը ենթադրում է պատվաստումների իրականացում։

Միաժամանակ, հարկ է նկատել, որ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների, հատկապես՝ պարբերական հետազոտության կամ պատավաստումների պարտադիր իրականացումը դարձել է տարածված միջազգային պրակտիկա և մի շարք երկրներ արդեն իսկ ներդրել են համապատասխան մեխանիզմներ[5]:

Հատկանշական է, որ նույնիսկ վարակի տարածման կանխարգելման ամենախիստ միջոցի՝ պատվաստման առնչությամբ ձևավորված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային պրակտիկան ընդունելի է համարում պատվաստման պահանջների նախատեսումը: Այսպես, ՄԻԵԴ-ը Վավրիկան և այլոք ընդդեմ Չեխիայի Հանրապետության գործով (երեխաների պարտադիր պատվաստումների վերաբերյալ)` եզրահանգելով, որ քննարկվող դեպքում պատվաստման պահանջը բխում է անհատների և հասարակության առողջության պահպանման և երեխաների շրջանում պատվաստման մակարդակի նվազման կանխարգելման հրատապ սոցիալական անհրաժեշտությունից[6]: ՄԻԵԴ-ն իրավաչափ է համարել նաև չպատվաստվելու դեպքում չեխական օրենսդրությամբ նախատեսված սանկցիան, այն է՝ տուգանք՝ մինչև 10.000 չեխական կրոնա (մոտ 400 եվրո)։

Նման եզրահանգումը ՄԻԵԴ-ը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ պետությունները պատվաստման վերաբերյալ քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս, որպես կանոն, օժտված են հայեցողության լայն շրջանակով (կետ 274): Արձանագրելով, որ Կոնվենցիայի անդամ պետություններն ունեն պոզիտիվ պարտականություն՝ պաշտպանելու իրենց իրավազորության ներքո գտնվող քաղաքացիների կյանքը և առողջությունը, ինչպես նաև հաշվի առնելով քննարկվող դեպքում պատվաստման կարևորությունը փաստող առկա մասնագիտական կարծիքները՝ Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ քննարկվող դեպքում պարտադիր պատվաստման պահանջը բխում է անհատների և հասարակության առողջության պահպանման և երեխաների շրջանում պատվաստման մակարդակի նվազման կանխարգելման հրատապ սոցիալական անհրաժեշտությունից (կետ 282-338): Ընդ որում, Եվրոպական դատարանը հատուկ կարևորել է այն հանգամանքը, որ չեխական օրենսդրությամբ չեն նախատեսում մեխանիզմներ, որոնց կիրառմամբ անձը հարկադիր կերպով (ուժի կիրառմամբ կամ նման այլ միջոցներով) կարող է պատվաստվել։ Պատվաստման պարտադիրության վերաբերյալ պահանջների կատարումն ապահովվում է «անուղղակի» հարկադրանքի, այն է՝ տուգանքների կիրառման միջոցով։

Սոլոմախինն ընդդեմ Ուկրաինայի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ պարտադիր պատվաստումը միջամտություն է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ այդպիսի միջամտությունը կարող է հիմնավորված և, հետևաբար, իրավաչափ լինել, եթե այն անհրաժեշտ է վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար[7]:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել փոփոխություն և լրացումներ, որոնցով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը, այդպիսով՝ Օրենքի նշված հոդվածի գործողությունը տարածելով հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։ Միաժամանակ, որպես աշխատանքի չթույլատրման հիմք սահմանվում է հանրային ծառայողների պարտականությունը՝ ներկայացնելու սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։ Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:

Հատկանշական է, որ առաջարկվող կարգավորումով հանրային իշխանության մարմիններում ծառայողներին և աշխատողներին հնարավորություն է տրվում ողջամիտ ժամկետում փոխել իրենց վարքագիծը՝ օրենքով նախատեսված անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար:

Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից իր պարտականությունները չկատարելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է, մասնավորապես, եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր չի կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չի կատարել: Ընդ որում, այս ժամկետների մեջ տրամաբանորեն չպետք է հաշվարկվեն այն ժամկետները, երբ անձը այսպես, թե այնպես չպետք է ներկայանար աշխատանքի, օրինակ՝ գտնվել է արձակուրդի, ժամանակավոր աշխատունակության կամ գործուղման մեջ:

Նախագծով առաջարկվում է նաև վերոնշյալ կարգավորումը տարածել «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների վրա, որը ներառում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման, ինչպես նաև քաղաքական, վարչական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը:

Միևնույն ժամանակ, մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այս կարգավորումների կիրառումից բացառություն այն հիմնավորմամբ, որ այդ ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային իշխանության մարմինների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ իրականացումը, ինչը բխում է հանրային շահերից և պետության պոզիտիվ պարտականություններից: Միաժամանակ, նշված մարմիններում սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման միջոցով նպատակ է հետապնդվում հնարավորություն ընձեռել կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածումը Հայաստանի Հանրապետությունում, ձևավորել կոլեկտիվ իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ, ապահովել հանրային առողջության բավարար մակարդակը՝ նպաստելով անձանց առողջության պահպանմանը:

 5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չեն:

 

[1] https://unric.org/en/who-warns-of-risk-of-a-new-covid-19-wave/

[2] https://www.who.int/en/activities/tracking-SARS-CoV-2-variants/

[3] https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/covid-19-vaccines/advice

[4] https://www.armstat.am/file/doc/99521073.pdf

[5] Տարբեր երկրներում կիրառված սահմանափակումների մասին տե՛ս https://www.reuters.com/world/countries-make-covid-19-vaccines-mandatory-2021-07-13/; https://mintrud.gov.ru/docs/1876; https://www.eeoc.gov/wysk/what-you-should-know-about-covid-19-and-ada-rehabilitation-act-and-other-eeo-laws; https://www.gov.uk/government/publications/covid-19-vaccination-guide-for-employers/covid-19-vaccination-guide-for-employers; https://www.lexology.com/library/detail.aspx?g=cf2f8fbc-c47d-4658-9437-65fa0c795883 :

[6] Vavřička and Others v. the Czech Republic [GC], application nos.  47621/13, 3867/14, 73094/14, judgment of 08 April 2021, §§ 282-283

[7] Solomakhin v. Ukraine, application no. 24429/03, judgment of 15 March 2012, §§ 33, 36

  • Քննարկվել է

    01.09.2021 - 16.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Աշխատանք և զբաղվածություն, Հանրային առողջապահություն, Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 49086

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

15.09.2021

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) հակասում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքին, այլ նաև խախտում է մարդու սահմանադրական իրավունքները։ Ուստի, առաջարկում եմ Նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները. 1. Նախագծից հանել հոդված 5-ի 2-րդ մասը, քանի որ այս կարգավորումը խախտում է Սահմանադրությամբ և աշխատանքային օրենսգրքով նախատեսված խտրականության արգելքի սկզբունքը՝ նախատեսելով, որ տվյալ իրավակարգավորումները չեն տարածվելու Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա, 2. անդրադառնալով Նախագծի հոդված 5-ի 1-ին մասին՝ առաջարկում եմ «ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 20․08.2021թ.-ի N 65-Ն հրամանում փոփոխություն կատարել՝ նախագծից հանելով այն դրույթը, որ ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին, և այդ պարտականությունը դնել պետության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա կտանի տվյալ դեպքում ՀՀ հանրային ծառայողների ֆինանսական դրության կտրուկ ծանրացման՝ զրկելով երկընտրանքի հնարավորությունից (տվյալ դեպքում պատվաստումը փաստացի պարտադիր է դառնում):

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

15.09.2021

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և մի շարք այլ օրենքներին: ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, սակայն Նախագծով առանձնացված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կարող են և՛ չպատվաստվել, և՛ ՊՇՌ թեստ չհանձնել: Ստացվում է, որ օրենքի առջև բոլորը չէ, որ հավասար են: Սահմանադրությամբ նաև արգելվում է խտրականությունը, որը տվյալ Նախագծում նույնպես արտահայտված է: Այն աշխատողները, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ, իրենց աշխատավարձի կեսը ամեն ամիս վճարելու են ՊՇՌ թեստ հանձնելու համար, որը ընտանիքի սոցիալական վիճակի վրա շատ վատ անդրադարձ է ունենալու: Բնակիչներին կանգնեցնել նման երկընտրանքի առջև համարում եմ մարդու իրավունքների ոտնահարում է, քանի որ անձն ինքը պետք է որոշի պատվաստվի, թե ոչ, իսկ ամիսը երկու անգամ թեստ հանձնելը սոցիալապես ոչ ապահով երկրի բնակչի համար ավելորդ ֆինանսական բեռ է:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

15.09.2021

Հանրային քննարկմանը ներկայացված նախագծի հիմնավորմամբ թեև կարևորվում է կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման գործընթացում հանրային իշխանության մարմինների ծառայողների և աշխատողների սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը, սակայն դրանով անտեսվում է մարդու իրավունքների սահմանադրական նորմերի պահանջների կատարումը, տարբերակում է մտցնում հանրային պաշտոն զբաղեցնողների, հանրային ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների միջև, ինչն անտրամաբանական է դարձնում նախագծի հիմնավորումը։ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի լրացմամբ նախատեսվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից սանիտարահամաճարակային անվտանգության սահմանված կանոնների պահպանման պահանջը չի տարածվում հանրային իշխանության որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ դրանով իսկ դրսևորելով խտրական վերաբերմուք։ Այս պարագայում կարելի է ենթադրել, որ նշված անձինք իրենց գործառույթներն իրականացնելիս չեն կարող ապահովել հանրային շահերից և պետության պոզիտիվ պարտականություններից բխող՝ իրենց գործառույթների պատշաճ կատարում, քանի որ նրանց շփումը հանրային ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, ովքեր պարտավորված են պահպանելու սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, չի երաշխավորում վարակի տարածման կանխարգելումը: Այսինքն, հանրային իշխանության որոշ պաշտոնատար անձինք իրենք են դառնալու վտանգի աղբյուր այլոց համար: Հետևապես, նախագծի այդ լրացումն անընդունելի է։ Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված է համաչափության սկզբունքը, համաձայն որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը։ Հետևապես, վճարովի թեստ հանձնելու կամ անվճար պատվաստվելու իրավաչափության և համաչափության խնդիր է առաջանում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակմանը։ Պատվաստանյութ ստացած մարդիկ կարող են կրկին վարակվել և տարածել հիվանդությունը, իսկ դա նշանակում է, որ դրանով չի լուծվում առողջության պահպանման խնդիրը։ Մինչդեռ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք, իսկ 86-րդ հոդվածով սահմանված է, որ պետության քաղաքականության հիմնական նպատակներից են՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը։ Նախագծով հանրային ծառայողի առջև դրված է երկընտրանք. կամ պետք է պատվաստվի, կամ էլ 14 օրը մեկ գործատուին ներկայացնի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության, որն իրականացվում է աշխատողի հաշվին։ Նախագծով այս պահանջի չկատարումը հիմք է հանդիսանում հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ պաշտոնից ազատման։ Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նման սահմանափակումը հանգեցնելու է բազմաթիվ խնդիրների առաջացմանը, դատաիրավական գործընթացների, ընդհուպ գործազրկության աճի, հանրապետությունից արտագաղթի։ Լավ կլիներ, որ թեսթավորումը նույնպես լիներ անվճար, կամ վճարի չափը քառապատիկի չափով նվազեցվեր, որպեսզի պատվաստվելու ցանկություն չունեցող անձինք հնարավորինս կարողանային իրենց ֆինանսական միջոցների հաշվին ամսական երկու անգամ թեսթավորվել: Հետևելով ԶԼՄ- ներում և սոցիալական հարթակներում նախագծի վերաբերյալ հանրության կողմից արտահայտած կարծիքներին՝ ակնհայտ է դառնում, որ հանրության ճնշող մասը մեծամասամբ դեմ է նման օրենսդրական կարգավորումներին, քանի որ լիովին փորձարկում չստացած պատվաստանյութերով քաղաքացիների պատվաստումը անվտանգ չէ, ուստի նման կարգավորումներով նախագծի ընդունումը տեղին չէ և անտրամաբանական է:

Տեսնել ավելին