Հիշել նախագիծը

««Արագեյթ» ներդրումային ծրագրին և «Արագեյթ Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք կոնցեսիոն պայմանագրի նախագծին հավանություն տալու, ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և կառուցապատման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՐԱԳԵՅԹ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ «ԱՐԱԳԵՅԹ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԵԼԻՔ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 1. Անհրաժեշտությունը

Հաշվի առնելով Քաղաքաշինության կոմիտեի և «Արագեյթ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ի միջև 2020 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում ստորագրված Համագործակցության հուշագիրը` «Արագեյթ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ն` ի դեմս Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի, ներկայացրել է Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված զբոսաշրջության և հասարակական ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), որի շրջանակներում Արագածոտնի մարզի Ուշի, Բյուրական և Ապարան (Վարդենուտ, Արայի, Արագած և Շենավան բանակավայրեր) համայնքների տարածքում (ընդհանուր 5498.2 հա մակերեսով) նախատեսվում է հիմնադրել «Արագեյթ» լեռնադահուկային հանգստավայրի համալիրը` նախատեսված տարվա բոլոր եղանակներին հարմարեցված հանգստի և ժամանցի կազմակերպման համար:

 

 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ծրագիրն ուղղված է Արագածոտնի մարզում զբոսաշրջության համար հասարակական ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության առողջարանային և ազատ հանգստի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության խթանմանը և տարբեր սպորտաձևերի, մասնավորապես` դահուկային սպորտի զարգացմանը։

Ծրագրի նպատակն է օգտագործել Արագածոտնի մարզի տեղագրական ակտիվները և կառուցել տարածաշրջանում դեռևս նմանը գոյություն չունեցող հանգստավայր, ինչպես նաև զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում, բարելավել Արագածոտնի մարզի շրջանը և բնակչությանն ապահովել բազմաթիվ աշխատատեղերով։ Ձգտելով հնարավորինս պահպանել և բարելավել շրջակա միջավայրը` «Արագեյթ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ը նախատեսել է մի քանի միջոցառումներ՝ ներառյալ ծառատունկ, Քարի լճի շրջակայքի բարելավում, աղբի վերամշակում և այլն։

Տարածաշրջանում հավասարազոր մրցակիցներ կարող են լինել Սոչի քաղաքի Ռոզա-Խուտոր, Վրաստանի Գուդաուրի և Բակուրիանի համալիրները, որոնք ևս հանդիսանում են լեռնադահուկային առողջարանային համալիրներ՝ այն տարբերությամբ, որ «Արագեյթ» համալիրի 4-սեզոնային գործունեությունը նախատեսում է շատ ավելի սպորտաձևեր, մասնավորապես՝ սահնակավարություն, դահուկավազք, բիաթլոն, սահադաշտ, դահուկներով քայլք, ամառային սահնակավարություն, արշավներ, բասկետբոլ, լեռնային հեծանվավազք, զիփլայն, գոլֆի խաղադաշտ, պարապլայներ, լեռնագնացություն, գարնանային/աշնանային դահուկավազք, ինչպես նաև միջազգային մրցումներ։

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

«Արագեյթ» համալիրի նախագծի հաստատումից հետո կսկսվեն աշխատանքներ Արագածոտնի մարզում բազմակողմանի լեռնային համալիրի կառուցման համար:

Ծրագրի առավելությունն այն է, որ նմանօրինակ համալիր դեռևս չի կառուցվել Հայաստանում: Ծրագրի շրջանակներում «Արագեյթ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ն համագործակցում է աշխարհի լավագույն լեռնային համալիրներ կառուցող և կառավարող ընկերություններից երկուսի հետ՝ Société des 3 Vallées (Քուրշեվել, Ֆրանսիա) և Consulting by MDP (Մեյլան, Ֆրանսիա)։ 

«Արագեյթ» համալիրի կառուցումը կնպաստի ոչ միայն մեծ թվով աշխատատեղերի ստեղծմանը Արագածոտնի մարզում, այլ նաև համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: 

Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով, և միայն լեռնադահուկային համալիրի կառուցման ոլորտում կատարվելու է նվազագույնը 172.000.000.000 (մեկ հարյուր յոթանասուներկու միլիարդ) դրամի չափով ներդրում:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է «Արագեյթ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի միջև համագործակցության արդյունքում։ Օժանդակություն է ցուցաբերվել նաև ՀայՆախագծի կողմից։ Société des 3 Vallées (Քուրշեվել, Ֆրանսիա), և Consulting by MDP (Մեյլան, Ֆրանսիա) ընկերությունների խորհրդատուների և ինժեներների թիմերը մեկ տարուց ավելի ուսումնասիրել են տարածքի բոլոր հարթությունները և աշխատել են նախագծերի ռազմավարության, նախագծման և իրականացման ուղղությամբ:

Société des 3 Vallées ընկերությունը գլխավորվում է Պասկալ դը Տիերսանթի կողմից, որը նաև հանդիսանում է հայկական «Արագեյթ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ։ Société des 3 Vallées-ն տնօրինում է Քուրշևելի դահուկուղիների, ճապանուղիների, արհեստական ձյան, անվտանգության ուղղություննևերը, որի բացառիկ և բազմակողմանի փորձը ներմուծվելու է Արագածոտնի մարզ։

Ecole du Ski Français (Քուրշեվել, Ֆրանսիա) ընկերության հետ պայմանավորվածության համաձայն՝ «Արագեյթ» համալիրում կկառուցվեն նաև պրոֆեսիոնալ դպրոցներ երեխաների և սկսնակ դահուկորդների համար։

 

5. Ակնկալվող արդյունքը  

«Արագեյթ» Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բյուրական, Ուշի և Ապարան (Վարդենուտ, Արայի, Արագած և Շենավան բնակավայրեր) համայնքներում կկառուցվի լեռնադահուկային համալիր և քաղաք, որը կդառնա նոր վայր՝ բոլորի նախասիրություններին համապատասխան:

Հայաստանի Հանրապետություն կներմուծվեն լեռնադահուկային հանգստավայրերի համաշխարհային կարգի ստանդարտներ` դրանով իսկ նպաստելով Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին զբոսաշրջային գրավչության մեծացմանը։

Ծրագրի իրականացման և հետագայում համալիրի գործունեության ընթացքում մարզում կստեղծվեն աշխատատեղեր, կբարձրանա բնակչության կենսամակարդակը, կփոխվի ապրելակերպը:

 

6. Այլ տեղեկություններ, եթե այդպիսիք առկա են

««Արագեյթ» ներդրումային ծրագրին և «Արագեյթ ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք կոնցեսիոն պայմանագրի նախագծին հավանություն տալու, ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և կառուցապատման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում երկարաժամկետում նախատեսվում է եկամուտների ավելացում՝ հաշվի առնելով իրականացվելիք ներդրումների տնտեսական ազդեցությունը,  ինչպես նաև կարող է առաջանալ ծախսերի ավելացում՝ կապված պետության կողմից ենթակառուցվածքների ձևավորման նպատակով իրականացվելիք ներդրումների հետ (ֆինանսական նախնական գնահատականները ներկայացվել են), իսկ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ակնկալվում է սեփականության եկամուտների ավելացում:

  • Քննարկվել է

    26.05.2021 - 10.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Սպորտային տուրիզմ

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6271

Տպել