Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

…. …….. 2021 թվականի N …..-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. մարմնում գլխավոր քարտուղարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձն է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարը աշխատակազմի ղեկավարի կամ նախարարի փոխարեն կարող է վերջիններիս լիազորված պաշտոնատար անձը.».

2) 7-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել  հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ՝

«դ. գնման գործընթացների կազմակերպման ժամանակացույցը.».

3) 12-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը կամ ենթակա մարմինը.».

4) 21-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «ը» պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ը. կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի ժամկետը, որը չպետք է պակաս լինի 20 օրացուցային օրից:».

բ. 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» պարբերությամբ՝

«ժ. մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման համար պահանջվող փաստաթղթերը: Սույն պարբերության կիրառման դեպքում հրավերով չի սահմանվում ընտրված մասնակցի կողմից որակավորման ապահովման ներկայացման պահանջը: Մասնակիցներին ներկայացվելիք որակավորման   չափանիշները և դրանց գնահատման համար պահանջվող փաստաթղթերը սահմանվում են հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից նախատեսված պայմանները: Ընդ որում, եթե պատասխանատու ստռորաբաժանման կողմից սահմանվող չափանիշները և/կամ դրանց գնահատման համար պահանջվող փաստաթղթերը տարբերվում են նախատեսված պայմաններից, ապա դրանք նախապես գրավոր եղանակով համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ: Նման դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դիրքորոշումը պատվիրատուին ներկայացվում է գրությունը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».

5) 26-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը և դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:».

6) 32-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ. իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Որակավորման ապահովումը ներկայացվում է բանկերի կամ Հայաստանի Հանրապետությունան կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքների կամ կանխիկ փողի ձևով: Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե՝

- գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքերի.

- ընտրված մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված վարկանիշիչ չափով.

- հրավերով որակավորման ապահովման փոխարեն սահմանվում են մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներ:

Ընդ որում՝

- շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքերում որակավորման ապահովման չափը հավասար է ընտրված մասնակցի գնային առաջարկի չափին, իսկ գնային առաջարկը գնման հայտով սահմանված ծառայության ձեռքբերման գնից, որը հրապարակվում է հրավերով, պակաս լինելու դեպքում՝ նախահաշվային արժեքին.

- գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գնումների բազային միավորի յոթանասունապատիկը գերազանցելու դեպքում որակավորման ապահովման չափը հավասար է ընտրված մասնակցի գնային առաջարկի քսանհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ հիսուն տոկոսին.».

բ. 5-րդ ենթակետում «25 տոկոսը» բառերը փոխարինել  «հիսուն տոկոսը» բառերով.

գ. 10-րդ ենթակետը շարադրեյլ հետևյալ խմբագրությամբ՝

     «10) եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա և կնքվելիք պայմանագրի գինը չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը, ապա որակավորման ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված ֆինանսական միջոցները գերազանցում են գնումների բազային միավորի տասնապատիկը, սակայն պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի և որակավորման ապահովումներըը, հատկացված ֆինանսական միջոցների մասով, ներկայացվում են երաշխիքի կամ կանխիկ փողի, իսկ պահանջվող ֆինանսական միջոցների մասով` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով.».

դ. 17-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. մասնակիցը հայտ ներկայացնում է մեկից ավելի չափաբաժինների համար, ապա կարող է ներկայացնել՝ ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ՝ մեկ հայտի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ հայտի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է ներկայացված չափաբաժինների գնային առաջարկների հանրագումարի նկատմամբ.

բ. մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել՝ ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ պայմանագրի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ: Եթե ընտրված մասնակցի հետ կնքվող պայմանագրի ընդհանուր գինը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, սակայն ըստ առանձին չափաբաժինների գները չեն գերազանցում այդ չափը, ապա պայմանագրի և որակավորման ապահովումները ներկայացվում են երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.».

7) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ ենթակետով՝

«29) մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշները և դրանց գնահատման համար մասնակցի կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը, եթե չի կիրառվում սույն կետի 1-ին ենթակետի գ) պարբերությունը:».

8) 33-րդ կետի 12-րդ ենթակետում «բանկային երաշխիքով» բառերը փոխարինել «երաշխիքով» բառով.

9) 40-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե դրան ներկա մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են գնման հայտով սահմանված գինը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է բանակցությունների արդյունքում ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարել ընտրված մասնակից՝ պայմանով, որ վերջինիս հետ կնքվող պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ են մտնում գնման հայտով սահմանված գինը գերազանցող չափով լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև համաձայնագիր կնքելու դեպքում: Ընդ որում համաձայնագիրը կնքվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետները երկարաձգելով պայմանագրի կնքման օրվանից մինչև համաձայնագրի կնքման օրն ընկած ժամանակահատվածով: Սույն պարբերության համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե կնքելուն հաջորդող վաթսուն օրացուցային օրվա ընթացքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում.».

10) 43-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  

«2) իր և գնահատող հանձնաժողովի` հայտերի բացման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 1-ին, 2-րդ 3-րդ, 4-րդ և 20-րդ կետերի հիման վրա կատարվող գնումների: Գնահատող հանձնաժողովի այն անդամները, ովքեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտերի բացման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն ենթակետում նախատեսված հայտարարությունները, որոնք տեղեկագրում քարտուղարը հրապարակում է ստորագրմանը հաջորդող աշխատանքային օրը:».

     11) 71-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

     «3) 3) եթե գնումն իրականացվում է օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ կամ 5-րդ կետերի հիման վրա, ապա մասնակիցը՝

ա. հայտի, ինչպես նաև որակավորման և պայմանագրի (կանխավճարի) ապահովումներ չի ներկայացնում,

բ. ներկայացնում է միայն գնային առաջարկ:»:

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված տաս աշխատանքային օրվա ընթացքում հաստատել և նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հրավերով մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներին և դրանց գնահատման համար պահանջվող փաստաթղթերին ներկայացվող պահանջները:
  2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած գնման ընթացակարգերի վրա:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՎԱՐՉԱՊԵՏ

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ      

 

 

  • Քննարկվել է

    17.03.2021 - 01.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7090

Տպել

Առաջարկներ`

Բեկյալ

25.03.2021

Խնդրում եմ նշել որոշումը որ օրվանից է ուժի մեջ(ամսաթիվը) Ունեմ շահած տենդեր, որի պայմանագրի կնքման վերջնաժամկետը 05.04.2021։

Տեսնել ավելին