ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մարտի 5-ի ՀՕ-309 օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքը սահմանում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և իրականացման հիմնական սկզբունքները, խնդիրները, միջոցառումները, ղեկավարումը, ուժերը, պաշտպանական կառույցները, նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը, ինչպես նաև պետական, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, անկախ կազմակերպական-իրավական ձևից կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում:
Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները
1.Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
- քաղաքացիական պաշտպանություն՝ ռազմական գործողությունների վտանգներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների պաշտպանության կամ դրա նախապատրաստության նպատակով խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների ընդհանրություն.
- անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ՝ առաջնահերթ աշխատանքներ՝ ուղղված մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը, բնակչության ու փրկարարների կենսապահովման առաջնահերթ կազմակերպությունների ժամանակավոր սխեմաներով վերականգմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը.
- պատսպարում՝ զենքի տեսակների կիրառման կամ կիրառման սպառնալիքի դեպքում մարդկանց կյանքն ու առողջությունն ապահովելու նպատակով բնակչությանը պաշտպանական կառույցներում ժամանակավոր տեղավորումն ու կենսապահովումը.
- տարհանում` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք մարդկանց, նյութական և մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխում ու տեղաբաշխում:
- անհատական պաշտպանություն` մարդկանց ճառագայթային, քիմիական և կենսաբանական ներգործությունից անհատական պաշտպանության միջոցներով ապահովում.
- hատուկ, կարևորագույն նշանակության կազմակերպություն՝ պետական, պաշտպանական և ռազմավարական նշանակության, քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ու զորահավաքային առաջադրանքներ ունեցող օբյեկտ կազմակերպություն.
- քաղաքացիական պաշտպանության օբյեկտ՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, կառավարման կետ, քաղաքացիական պաշտպանության միջոցների պահպանման շինություն, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման համար նախատեսված կառույց.
- վտանգավոր տարածք` տեղանք կամ առանձին բնակավայր, որտեղ ռազմական դրության հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ.
- բնակչության կենսապահովում՝ բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ ֆիզիոլոգիական, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարմանն ուղղված նվազագույն պայմանների ստեղծում և պահպանում.
- քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց՝ քաղաքաշինության ոլորտի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան շենքի նկուղային կամ որմնախարսխային հարկում (ներկառուցված) տեղակայված կամ բնակավայրի տարածքում առանձին կառուցված ստորգետնյա շինություն՝ ապաստարան, հակաճառագայթային կամ պարզագույն թաքստոց, մետրոպոլիտենի կայարան, թունել կամ այլ քաղաքաշինական կառույց, որը պատսպարում է մարդկային, տեխնիկական և նյութական ռեսուրսները տարատեսակ զենքի կիրառումից.
- ապաստարան՝ պաշտպանական կառույց, որը նախատեսված է զենքի խոցման գործոնների ազդեցությունից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար.
- հակաճառագայթային թաքստոց՝ պաշտպանական կառույց, որը նախատեսված է պատսպարվողներին իոնացնող ճառագայթման ներգործությունից պաշտպանելու համար.
- պարզագույն թաքստոց` շենքերի և շինությունների նկուղներ, կիսանկուղներ, ստորգետնյա շինություններ, արագ կառուցվող թաքստոցներ, որոնք նախատեսված են պատսպարվողների վրա հարվածային ալիքի ազդեցությունը նվազեցնելու և բեկորներից պաշտպանելու համար.
- քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք՝ բնակավայր, հատուկ, կարևորագույն ու պատմամշակութային նշանակության կազմակերպություններ ընդգրկող բնակավայր կամ տարածք.
- պատրաստում`արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում օպերատիվ և արհեստավարժ գործելու նպատակով մշտապես պատրաստվածության վիճակի ապահովմանն ուղղված խաղաղ ժամանակ իրականացվող գործընթաց.
- քաղաքացիական պաշտպանության պլան՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը կանոնակարգող փաստաթղթերի փաթեթ՝ մարդկային, նյութական և մշակութային ռեսուրսները (արժեքները) պաշտպանելու համար.
- փրկարարուժեր՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորումներ.
- լիազոր մարմին՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմին.
- նյութական արժեքներ` արտադրական, արժութային և գիտական արժեքներ, գյուղատնտեսական կենդանիներ, սննդամթերքի, դեղորայքի, բժշկասանիտարական (սանիտարատնտեսական և սանիտարատեխնիկական) գույքի և ապրանքների պաշարներ, որոնք նախատեսված են օգտագործման համար:
Հոդված 3. Քաղաքացիական պաշտպանության իրավական հիմքը
1.Քաղաքացիական պաշտպանության իրավական ապահովման հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, և այլ նորմատիվ իրավական ակտերը:
Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության համակարգը
1.Քաղաքացիական պաշտպանության համակարգը ներառում է պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններն, կազմակերպությունները, կառավարման կետերը, քաղաքացիական պաշտպանության ուժերը և միջոցները:
Հոդված 5. Քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և իրականացման հիմնական սկզբունքները
- Քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է հետևյալ հիմնական սկզբունքների հիման վրա.
- մարդու կյանքի և առողջության պաշտպանության գերակայության.
- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի ընդգրկվածության.
- տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկություններով տարբերակման.
- կենտրոնացված կառավարման:
ԳԼՈՒԽ 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 6. Քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրները
1.Քաղաքացիական պաշտպանության հիմնական խնդիրներն են.
1) բնակչության կյանքի և առողջության պաշտպանությունը.
2) տնտեսության և կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը.
Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները
1.Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բաժանվում են նախապատրաստական և հիմնական միջոցառումների:
- Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն իրականացվում են խաղաղ ժամանակ:
- Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները կարող են իրականացվել նաև ռազմական դրության պայմաններում՝ քաղաքացիական պաշտպանության պլաններին համապատասխան:
- Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են ռազմական դրության պայմաններում՝ քաղաքացիական պաշտպանության պլաններին համապատասխան:
Հոդված 8. Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները
- Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են՝
1) քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը և մշտական պատրաստականության ապահովումը.
2) քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության կազմակերպությունների գործունեության կայունության ապահովումը և նպատակահարմար տեղաբաշխումը.
3) բնակավայրերի, հասարակական և արտադրական նշանակություն ունեցող տարածքների, ինժեներական կառույցների և ենթակառուցվածքների, հատուկ, կարևորագույն նշանակության կազմակերպությունների անվտանգ և անխափան գործունեությանն ուղղված միջոցառումների ապահովումը.
4) քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը և դրանց բնականոն գործունեության ապահովումը.
5) պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումը և բնակչության ուսուցումը.
6) ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը և գործունեության ապահովումը.
7) քաղաքացիական պաշտպանության համակարգի մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգի հիմնումը.
8) քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախագծումը, շինարարությունը, վերակառուցումը, արդիականացումը և վերազինումը.
9) նոր շինարարության և կառուցապատման ժամանակ պաշտպանական կառույցների նախատեսումը և իրականացումը.
10) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը և պահպանումը.
11) սննդամթերքի, բժշկական պարագաների ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծումը և պահպանումը.
12) քաղաքացիական պաշտպանության ու բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանման պլանների մշակումը.
13) պետական, տարածքային կառավարման մարմինների, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումը.
14) հումանիտար ականազերծման աշխատանքների կազմակերպումը.
Հոդված 9. Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները
- Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն են՝
1) քաղաքացիական պաշտպանության համակարգի մարմինների և բնակչության ազդարարումը.
2) բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանումը և տեղաբաշխումը.
3) պատսպարումը.
4) անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովումը.
5) բժշկական օգնության և սպասարկման ապահովումը.
6) հրդեհային անվտանգության ապահովումը.
7) վտանգավոր տարածքների բացահայտման, ապաակտիվացման, վարակազերծման (դեզինֆեկցիա), միջատների ու կրծողների դեմ պայքարի (դեզինսեկցիա, դեռատիզացիա) և սանիտարական մշակման ապահովումը.
8) բնակչության կենսապաահովումը.
9) զոհվածների հաշվառումը և հուղարկավորումը.
10) շրջակա միջավայրի, սննդամթերքի նկատմամբ ճառագայթային, քիմիական ու կենսաբանական մշտական հսկողության ուժեղացումը.
11) քաղաքացիական պաշտպանության համակարգի մարմինների և բնակչության իրազեկման ապահովումը.
12) փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը.
13) հասարակական կարգի ապահովումը, ինչպես նաև հատուկ, կարևորագույն նշանակության կազմակերպությունների պահպանման ուժեղացումը.
14) նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային օգտագործման ապահովումը.
15) փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար Հայաստանի Հանրապետությունում գործող էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օգտագործումը.
16) հումանիտար ականազերծման աշխատանքների իրականացումը.
17) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի հետ փոխհամագործակցության կազմակերպումը և կիրառման (օգտագործման) պլանավորումը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 10. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը
- Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է:
- Լիազոր մարմնի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է:
- Պետական, տարածքային կառավարման մարմինների, համայնքների ու կազմակերպությունների ղեկավարներն ի պաշտոնե հանդիսանում են համապատասխան պետական, տարածքային կառավարման մարմինների, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պետեր:
- Լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդիսանում են համապատասխան մարզի և Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության պետերի տեղակալներ:
- Քաղաքացիական պաշտպանության պետերն իրենց իրավասության սահմաններում՝
- ապահովում են քաղաքացիական պաշտպանության մշտական պատրաստականությունը.
- կազմակերպում և ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
- ապահովում են քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը.
- արձակում են քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող որոշումներ, հրամաններ, կարգադրություններ.
- հաստատում են քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման ամենամյա կազմակերպական ցուցումները և հիմնական միջոցառումների պլանը.
- իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:
- Պետական մարմինների, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պետերի տեղակալներ են հանդիսանում՝ պետական մարմինների, համայնքների (բացառությամբ՝ Երևան քաղաքի) ու կազմակերպությունների ղեկավարների տեղակալները, իսկ հաստիքի բացակայության դեպքում՝ ղեկավարի կողմից նշանակված անձինք:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
- ապահովում է քաղաքացիական պաշտպանության բնագավառում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
- իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը.
- սահմանում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը.
- հաստատում է քաղաքացիական պաշտպանության զարգացման ծրագրերը և վերահսկում դրանց կատարումը.
- սահմանում է տարածքների և կազմակերպությունների դասակարգումը քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից.
- հաստատում է բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանման կարգը.
- հաստատում է տարհանված բնակչության կենսապահովման կարգն ու չափաքանակները.
- սահմանում է պահեստային կառավարման և ղեկավարման կետերի բացազատման վայրերը (բացառությամբ ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի պահեստային կառավարման կետերի), դրանց ներկայացվող պահանջները և աշխատանքների կազմակերպման կարգը.
- հաստատում է քաղաքացիական պաշտպանության պլանների օրինակելի ձևերը, սահմանում է քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը.
- սահմանում է պետական, տարածքային կառավարման մարմինների, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգը.
- սահմանում է քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների հաշվառման, պահպանության վիճակի մոնիթորինգի կարգը.
- սահմանում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը քաղաքացիների մասնակցության կարգը.
- սահմանում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը պետական սեփականություն չհամարվող տրանսպորտային միջոցների, տեխնիկայի, գույքի, շինության և այլ արժեքների ներգրավման, օգտագործման, հետագա համարժեք փոխհատուցման դեպքերն ու կարգը.
- հաստատում արտակարգ իրավիճակների, արտակարգ և ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման, կառավարման և լրացուցիչ կապուղիների տրամադրման կարգը.
- համակարգում է քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի մշակման աշխատանքները, ինչպես նաև ապահովում դրա կատարումը.
- համակարգում է տնտեսության և կազմակերպությունների ռազմական դրության ժամանակ կայուն գործունեության ապահովման միջոցառումները.
- սահմանում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտի հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը.
- սահմանում է ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը.
- սահմանում է քաղաքացիական պաշտպանության համակարգի մարմինների և բնակչության ազդարարման և իրազեկման կարգը.
- սահմանում է բնակչության պատսպարման կարգը.
- սահմանում է անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովման կարգը.
- ստեղծում է տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցների, բժշկական ու բժշկասանիտարական գույքի, նյութական այլ պաշարների ֆոնդեր.
- սահմանում է hատուկ, կարևորագույն նշանակության կազմակերպությունների ցանկը:
- իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 12. Լիազոր մարմնի իրավասությունը
- Լիազոր մարմինը՝
- մշակում է քաղաքացիական պաշտպանության բնագավառում Կառավարության քաղաքականությունը.
- մշակում է քաղաքացիական պաշտպանության պլաններ և ծրագրեր, կազմակերպում դրանց կատարումը.
- համակարգում և կազմակերպում է պետական, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում.
- կազմակերպում է պետական, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պատրաստումն ու բնակչության ուսուցումը.
- կազմակերպում է պետական, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության ազդարարումը.
- համակարգում է տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցների, բժշկական ու բժշկասանիտարական գույքի, նյութական այլ պաշարների, ֆոնդերի կուտակման գործընթացը և դրանց նպատակային օգտագործումը.
- համակարգում է հումանիտար ականազերծման գործողությունների իրականացումը.
- մշակում է բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանման գործընթացների պետական քաղաքականությունը և համակարգում իրականացման աշխատանքները.
- համակարգում և կազմակերպում է պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակատավարման մարմինների և բնակչության իրազեկումը.
- Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ.
- իրականացնում է պաշտպանական կառույցների ընդհանուր հաշվառում, պահպանության վիճակի մոնիթորինգ.
- մշակում է քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման ամենամյա կազմակերպական ցուցումները և քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումների պլանը.
- հսկողություն է իրականացնում փրկարար ուժերի գործունեության նկատմամբ.
- կազմակերպում և իրականացնում է պետական, տարածքային կառավարման մարմինների, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում.
- իր իրավասության սահմաններում մշակում է քաղաքացիական պաշտպանության ոլորտի իրավական ակտերի նախագծերը.
- Անվտանգության խորհրդի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը.
- կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական մարմինների միջև փոխգործակցությունը.
- կազմակերպում է փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող անձնակազմի սննդամթերքով և նյութատեխնիկական անհրաժեշտ միջոցներով ապահովումը
- իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 13. Պետական մարմինների ընդհանուր իրավասությունները
- Պետական մարմինները՝
- կազմակերպում են իրենց աշխատողների պաշտպանությունը.
- կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.
- կազմակերպում են իրենց ենթակա քաղաքացիական պաշտպանության հատուկ, կարևորագույն նշանակության կազմակերպությունների կայուն գործունեությունը և պահպանությունը.
- իրենց լիազորությունների շրջանակներում ստեղծում և պահպանում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ գույքի, նյութատեխնիկական և այլ միջոցների պաշարներ.
- մշակում են իրենց քաղաքացիական պաշտպանության պլանը, նախապատրաստման հիմնական միջոցառումների ամենամյա պլանները և ապահովում դրանց կատարումը.
- ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի և ազդարարման համակարգեր և ապահովում դրանց գործունեությունը.
- կազմակերպում են իրենց լիազորությունների շրջանակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովումը՝
- կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության գծով համակարգի և ենթակա կազմակերպությունների պատրաստում և աշխատողների ուսուցում.
- իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 14. Կապի ոլորտի պետական կառավարման մարմնի իրավասությունը
- Կապի ոլորտի պետական կառավարման մարմինը՝
1) օժանդակում է կառավարման մարմինների և բնակչության ազդարարմանը.
2) ռազմական դրության ժամանակ ներկայացված հայտերի համաձայն կառավարման մարմիններին կապով ապահովման նպատակով՝ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կազմակերպությունների հետ իրականացնում է անհրաժեշտ համագործակցություն:
Հոդված 15. Քաղաքաշինության ոլորտի պետական կառավարման մարմնի իրավասությունը
- Քաղաքաշինության ոլորտի պետական կառավարման մարմինը՝
1) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում բնակչության պատսպարման նպատակով կազմակերպում է պաշտպանական կառույցների վաղօրոք նախապատրաստման, պահպանման, շահագործման և վերանորոգման միջոցառումները.
2) առաջարկություններ է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների կազմակերպությունների նպատակահարմար տեղաբաշխման վերաբերյալ.
3) առաջարկություններ է ներկայացնում շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովման վերաբերյալ:
4) առաջարկություններ է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից նոր շինարարության և կառուցապատման ժամանակ պաշտպանական կառույցների նախատեսման և իրականացման վերաբերյալ:
Հոդված 16. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտի տեսչական մարմնի իրավասությունը
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգությանոլորտի տեսչական մարմինը՝ իրականացնում է վերահսկողություն քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների վերաբերյալ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ:
Հոդված 17. Առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմնի իրավասությունը
- Առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմինը՝
1) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում կազմակերպում է բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը.
2) կազմակերպում է շրջակա միջավայրի կենսաբանական գործոններով պայմանավորված վարակվածության նկատմամբ մշտադիտարկում և խմելու ջրի աղբյուրներում և համակարգերում ջրի որակի լաբորատոր հսկողություն.
3) կազմակերպում և իրականացնում է սանիտարահակահամաճարակային միջոցառումները:
Հոդված 18. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի պետական կառավարման մարմնի իրավասությունը
- Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի պետական կառավարման մարմինը՝
կազմակերպում է շրջակա միջավայրի վիճակի ու աղտոտվածության դիտարկման և հսկողության իրականացումը.
Հոդված 19. Ագրոպարենային ոլորտի պետական կառավարման մարմնի իրավասությունը
- Ագրոպարենային ոլորտի պետական կառավարման մարմինը՝
1) համակարգում է բույսերի և բուսաբուծական արտադրանքի պաշտպանության միջոցառումները.
2) կազմակերպում է վտանգավոր տարածքներից գյուղատնտեսական կենդանիների, ագրոպարենային արտադրանքի պաշարների դուրսբերման աշխատանքները.
3) համակարգում է գյուղատնտեսական կենդանիների բուժման և կանխարգելման միջոցառումների իրականացումը.
Հոդված 20. Տրանսպորտի ոլորտի պետական կառավարման մարմնի իրավասությունը
- Տրանսպորտի ոլորտի պետական կառավարման մարմինը՝
կազմակերպում է բնակչության տարհանման, հիվանդների և տուժածների փոխադրման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների տրանսպորտային ապահովումը՝ լիազոր մարմնի ներկայացրած հայտերի համաձայն.
Հոդված 21. Էներգետիկայի ոլորտի պետական կառավարման մարմնի իրավասությունը
- Էներգետիկայի ոլորտի պետական կառավարման մարմինը՝
1) կազմակերպում է էներգամատակարարման համակարգի գործունեության կայունության միջոցառումների պլանավորումը ու իրականացումը.
2) կազմակերպում է էներգամատակարարման ցանցերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները.
Հոդված 22. Ջրային համակարգերի կառավարման ոլորտի պետական կառավարման մարմնի իրավասությունը
- Ջրային համակարգերի կառավարման ոլորտի պետական կառավարման մարմինը՝ կազմակերպում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կայունության բարձրացման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները.
Հոդված 23. Բնակչության հատուկ սպասարկումների ոլորտի պետական կառավարման մարմնի իրավասությունը
- Բնակչության հատուկ սպասարկումների ոլորտի պետական կառավարման մարմինը՝ համակարգում է բնակչության շրջանում զոհերի հաշվառման, դիակների հուղարկավորման աշխատանքները:
Հոդված 24. Սննդամթերքի անվտանգության ոլորտի տեսչական մարմնի իրավասությունը
- Սննդամթերքի անվտանգության ոլորտի տեսչական մարմինը՝ կազմակերպում է սննդամթերքի և կերի անվտանգության վերահսկման ապահովումը.
Հոդված 25. Հասարակական կարգի պահպանման ոլորտի պետական կառավարման մարմնի իրավասությունը
- Հասարակական կարգի պահպանման ոլորտի պետական կառավարման մարմինը՝
1) ապահովում է ռազմական դրության ժամանակ քաղաքներում և այլ բնակավայրերում, կազմակերպություններում, տարհանման հավաքակայաններում ու տրանսպորտային մայրուղիներում հասարակական կարգի և գույքի պահպանումը, ինչպես նաև տարհանված բնակավայրերում և օբյեկտներում մնացած գույքի պահպանությունը.
2) ապահովում է տարհանման երթուղիներում ճանապարհային երթևեկության անվտանգությունը:
Հոդված 26. Առողջապահության և աշխատանքի ոլորտի տեսչական մարմնի իրավասությունը
- Առողջապահության և աշխատանքի ոլորտի տեսչական մարմինը՝
1) ռազմական դրության ժամանակ իրականացնում է աշխատողների առողջության պահպանման և աշխատանքների անվտանգության ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) իր իրավասության շրջանակներում կազմակերպում է պետական սահմանի անցման կետերում սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի կողմից կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումները:
Հոդված 27. Տարածքային կառավարման մարմինների իրավասությունը
- Տարածքային կառավարման մարմինները՝
- պլանավորում, կազմակերպում և ղեկավարում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի տարածքում.
- մասնակցում է հանրապետական պլաններով և ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.
- համակարգում է կամավոր փրկարարական ուժերի ստեղծման և գործունեության ապահովման միջոցառումները.
- համայնքների ղեկավարներին, կազմակերպություններին և բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.
- կազմակերպում է պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովման ուղղությամբ.
- համակարգում է մարզի քաղաքացիական պաշտպանության հատուկ, կարևորագույն նշանակության կազմակերպությունների կայուն գործունեությունը.
- համակարգում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ գույքի, նյութատեխնիկական և այլ միջոցների պաշարների ստեղծման և պահպանման միջոցառումները.
- հաստատում է մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը.
- կազմակերպում և ապահովում է քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի և ազդարարման համակարգերի գործունեությունը.
- կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովումը.
- համակարգում է քաղաքացիական պաշտպանության գծով մարզի ղեկավար կազմի պատրաստման և բնակչության ուսուցման միջոցառումները.
- Լիազոր մարմնի հետ պլանավորում և իրականացնում է տուժած բնակչության կենսապահովման միջոցառումները.
- Լիազոր մարմնի հետ պլանավորում և իրականացնում է մարզի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանումը ու տեղաբաշխումը, ինչպես նաև տարհանվածների կենսապահովումը.
- իրականացնում է մարզի բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.
- կազմակերպում և իրականացնում է սույն օրենքի 14-26 հոդվածներով սահմանված իրավասությունները մարզի տարածքում.
- իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 28. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
- Տեղական ինքնակառավարման մարմինները՝
- կազմակերպում է համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.
- իր իրավասության սահմաններում պլանավորում և իրականացնում է միջոցառումներ ռազմական դրության ժամանակ համայնքային ենթակառուցվածքների և կազմակերպությունների անխափան և անվտանգ գործունեության ապահովման ուղղությամբ.
- կազմակերպում է փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ.
- համակարգում է քաղաքացիական պաշտպանության գծով համայնքապետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի, ինչպես նաև համայնքային հիմնարկների, կազմակերպությունների աշխատողների պատրաստումը և բնակչության ուսուցումը.
- որպես պետության պատվիրակած լիազորություն ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի և լոկալ (տեղական) ազդարարման համակարգեր և ապահովում դրանց գործունեությունը.
- իր իրավասության սահմաններում իրականացնում է քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների հաշվառում, բնակչությանը պաշտպանական կառույցներին ամրագրում.
- իրականացնում է համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարհանումը, բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովում.
- իրականացնում է համայնքի բնակչության ազդարարումը.
- իր իրավասության շրջանակներում մասնակցում է սույն օրենքի 14-26 հոդվածներով նախատեսված միջոցառումների իրականացմանը համայնքի տարածքում.
- իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 29. Կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները
1.Կազմակերպությունների իրավունքներն են՝
1) ստանալ ճշգրիտ տեղեկություն իրենց պաշտպանվածության աստիճանի մասին.
2) ստանալ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հետևանքով կրած վնասների համարժեք փոխհատուցում.
3) ուսուցանվել քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով.
4) տեղեկացված լինել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների տեղակայման մասին:
- 2. Կազմակերպությունների պարտականությունները՝
- իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.
- պլանավորում, կազմակերպում և իրականացնում են կազմակերպությունում քաղաքացիական պաշտպանության միջոցառումները.
- պլանավորում և իրականացնում են միջոցառումներ ռազմական դրության ժամանակ կազմակերպության կայուն գործունեթյան ապահովման ուղղությամբ.
- մշակում են կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պլանը, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման ամենամյա պլաններ և ապահովում դրանց կատարումը.
- կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության գծով կազմակերպության ղեկավար կազմի պատրաստումը և աշխատողների ուսուցումը.
- ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի և լոկալ ազդարարման համակարգեր և ապահովում դրանց գործունեությունը.
- հիմնում են քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդեր և իրականացնում աշխատողների պատսպարումը.
- ստեղծում և պահպանում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ գույքի, նյութատեխնիկական և այլ միջոցների պաշարներ.
- քաղաքացիական պաշտպանության կարիքների համար տրամադրում են սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական և անշարժ գույք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:
Գ Լ ՈՒ Խ 5
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 30. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները և պարտականությունները
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն՝
1) ստանալ ճշգրիտ տեղեկություն իրենց պաշտպանվածության աստիճանի մասին.
2) ստանալ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հետևանքով կրած վնասների համարժեք փոխհատուցում.
3) ուսուցանվել քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով.
4) տեղեկացված լինել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների տեղակայման մասին:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են՝
1) մասնակցել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.
2) ռազմական դրության ժամանակ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովման համար տրամադրել սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական և անշարժ գույք, ներառյալ տրանսպորտային միջոցներ՝ համաձայն սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի:
Հոդված 31. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների իրավունքները սահմանվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն:
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են կատարել պատսպարման, վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման, ինչպես նաև բնակչության կողմից վարվելակերպի կանոնների պահպանման վերաբերյալ ազդարարման և իրազեկման համակարգով տրված քաղաքացիական պաշտպանության համակագի մարմինների հրահանգները:
3.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 6
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ
Հոդված 32. Քաղաքացիական պաշտպանության ուժերը
- Քաղաքացիական պաշտպանության ուժերն են՝
1) քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները.
2) փրկարար ուժերը.
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին կարող են ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետությանզինված ուժերի այլ զորքերի ստորաբաժանումներ:
Հոդված 33. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները
1.Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ընդգրկվում են լիազոր մարմնի կազմում, համարվում են մշտական պատրաստության փրկարարական ստորաբաժանումներ և նախատեսված են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար:
2.Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը և իրավասությունը սահմանվում են օրենքով:
Հոդված 34. Փրկարար ուժերը
1.Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ փրկարարական աշխատանքների կատարման և բնակչությանը մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվում են փրկարար ուժեր, որոնք գործում են կենտրոնացված կառավարման սկզբունքով:
2.Փրկարար ուժերը ստեղծվում են՝ որպես մասնագիտացված փրկարար ուժեր և կամավոր փրկարար ուժեր:
3.Մասնագիտացված փրկարար ուժերը ստեղծվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի կազմում, կարող են ստեղծվել համայնքների ղեկավարների կողմից՝ միջհամայնքային և համայնքային փրկարար ուժերը, կազմակերպությունների կողմից՝ այլ փրկարար ուժերը:
- Փրկարար ուժերի ստեղծման և գործունեության հիմքերն ու կարգը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող փրկարարների և քաղաքացիների իրավունքները, պարտականությունները, սոցիալական երաշխիքները և նյութական ապահովության հիմքերը սահմանվում են օրենքով:
- Կամավոր փրկարարական ուժերը ստեղծվում են օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 7
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
Հոդված 35. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների համակարգը
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների համակարգը ապաստարանների, հակաճառագայթային և պարզագույն թաքստոցների ամբողջություն է, որն ապահովում է բնակչության պատսպարումը:
- Ապաստարանները նախատեսված են ռազմական դրության ժամանակ գործունեությունը շարունակող կազմակերպությունների աշխատողների և (կամ) նրանց հարակից տարածքներում բնակվող մարդկանց պատսպարման համար:
- Հակաճառագայթային թաքստոցները նախատեսված են Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչության և կազմակերպությունների աշխատողների պատսպարման համար:
- Պարզագույն թաքստոցները նախատեսված են բնակչության և (կամ) կազմակերպությունների աշխատողների պատսպարման համար:
- Արագ կառուցվող թաքստոցները կառուցվում են հակառակորդի հարձակման սպառնալիքի ժամանակ և նախատեսվում են պաշտպանական կառույցներին չկցագրված բնակչությանը պատսպարելու համար:
- Մետրոպոլիտենի ստորգետնյա կայարանները և թունելները նախատեսվում են բնակչության պատսպարման համար:
- Ապաստարանների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 36. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդի կուտակումը
1.Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդի կուտակումն իրականացվում է՝
1) քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների շինարարությամբ.
2) նախկինում կառուցված և նպատակային օգտագործման ոչ պիտանի ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների վերակառուցմամբ և վերանորոգմամբ.
3) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ պարզագույն թաքստոցները (նկուղները) հակաճառագայթային թաքստոցների նորմատիվ պահանջներին հարմարեցմամբ.
4) արագ կառուցվող թաքստոցների նախատեսմամբ:
Հոդված 37. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ապահովումը
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանումը իրականացվում է քաղաքաշինության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմերին և կանոններին համապատասխան:
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները խաղաղ ժամանակ կարող են օգտագործվել տնտեսական և այլ նպատակներով՝ պահպանելով դրանց պատրաստականության վիճակի բերելու հնարավորությունը քաղաքացիական պաշտպանության պլաններով նախատեսված ժամկետներում:
- Պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման ընթացքում ապաստարանները և հակաճառագայթային թաքստոցները մասնավորեցման ենթակա չեն: Այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվում են մասնավորեցվող առևտրային կազմակերպությունների գույքի կազմից և հանձնվում Լիազոր մարմնի տնօրինությանը:
- Ապաստարան կամ հակաճառագայթային թաքստոց ունեցող կազմակերպությունները, ինչպես նաև տնտեսական նպատակներով տվյալ կառույցն օգտագործող կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք Լիազոր մարմնի հետ կնքում են քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի պահպանման, տնտեսական նպատակով օգտագործման և պատրաստականության բերման մասին պայմանագիր: Բնակավայրերի տարածքում տեղակայված պարզագույն թաքստոց հանդիսացող տարածքները տնտեսական նպատակով օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք համայնքի ղեկավարի հետ կնքում են պայմանագիր տվյալ տարածքներն անհրաժեշտության դեպքում բնակչության պատսպարման կազմակերպման համար օգտագործելու վերաբերյալ: Նշված պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պահպանման, շահագործման, վերականգման, վերանորոգման և սարքավորումների փոփոխման նախագծման ու իրականացման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն և ֆինանսավորումն իրականացվում է՝
1) պաշտպանական կառույցները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն (պետական, տարածքային կառավարման մարմինների տնօրինության ներքո գտնվող պաշտպանական կառույցներ), ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին.
2) պաշտպանական կառույցները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն և գտնվում են կազմակերպությունների տարածքներում և նախատեսված են տվյալ կազմակերպության աշխատողների պատսպարման համար, ֆինանսավորվում են տվյալ կազմակերպության հաշվին՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի պահպանման, տնտեսական նպատակով օգտագործման և պատրաստականության բերման մասին պայմանագրի համաձայն.
3) պաշտպանական կառույցները, որոնք մասնավորեցված են և հանդիսանում են կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց սեփականություն և նախատեսված են տվյալ կազմակերպության աշխատողների պատսպարման համար, ֆինանսավորվում են տվյալ կազմակերպության կամ ֆիզիկական անձի հաշվին՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի պահպանման, տնտեսական նպատակով օգտագործման և պատրաստականության բերման մասին պայմանագրի համաձայն:
- Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների շինարարության, վերանորոգման և պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 8
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 38. Նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական աղբյուրները
1.Պետական, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և կազմակերպությունները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, համայնքների բյուջեների, կազմակերպությունների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
- Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետական սեփականություն չհամարվող գույքի ու այլ արժեքների տիրապետումը և օգտագործումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով համարժեք փոխհատուցմամբ:
ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը և օրենքից բխող իրավական ակտերի ընդունումը
- 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնութ ամսյա ժամկետում։
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: