Լրամշակման փուլում է
«Ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » 2021թ. № _______-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՈՅՈՒԹՅԱՆ, ՌԵԺԻՄԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել՝ ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » 2021թ.
ք.Երևան
Հավելված
Հայաստնի Հանրապետության
կառավարության « » ______ 2021թ.
№ ____-Ն որոշման
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՈՅՈՒԹՅԱՆ, ՌԵԺԻՄԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄԸ
- Ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների (այսուհետև` օբյեկտ) աշխատանքի հատուկ ռեժիմը՝ այդ օբյեկտներում աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման միջոցառումների համալիր է:
- Աշխատանքի հատուկ ռեժիմ ըստ անհրաժեշտության սահմանվում է հետևյալ օբյեկտներում` հիդրոէլեկտրակայաններ, 35-110 ԿՎ և բարձր լարման ենթակայաններ, գազաբաշխիչ կայաններ, խմելու ջրի ավազաններ, կապտաժներ, ջրամբարներ, պոչամբարներ, հեռախոսագծերի սպասարկման կայաններ, երկաթուղային կայարաններ, ավտոկայարաններ, օդանավակայաններ, պետական պահուստի պահեստներ, ատոմակայան և ջերմաէլեկտրակայաններ, հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ, վտանգավոր օբյեկտներ, որտեղ օգտագործում, արտադրում, վերամշակում, պահում կամ փոխադրում են ռադիոակտիվ, հրդեհապայթյունավտանգ, քիմիական և պայթուցիկ նյութեր, կենսաբանական վտանգավոր միջոցներ, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցներ, դյուրավառ և պայթուցիկ նյութերի պահեստներ, բենզալցակայաններ, գազալցակայաններ, վառելիքի պահեստներ, տրանսպորտային միջոցների վերանորոգման կենտրոններ, սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների նորոգման և արտադրության օբյեկտներ, հասարակական նշանակության շինություններ, ուսումնական հաստատություններ, գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ, դեղատներ, առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդամթերքի արտադրամասեր:
- Աշխատանքի հատուկ ռեժիմի ժամանակ օբյեկտներում աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոնների պատասխանատու հանդիսանում է տվյալ օբյեկտի ղեկավարը, իսկ համակարգումն իրականացնում է ոլորտը համակարգող պետական կառավարման համակարգի մարմինը:
- Աշխատանքի հատուկ ռեժիմի ժամանակ աշխատաժամանակի նորմալ տևողությունը կարող է գերազանցել խաղաղ պայմաններում տվյալ օբյեկտի համար սահմանված աշխատաժամանակից:
- Աշխատանքի հատուկ ռեժիմի ժամանակ յուրաքանչյուր օբյեկտի աշխատողների աշխատաժամանակը, աշխատանքի ժամանակացույցը և հանգստի ռեժիմը որոշվում է օբյեկտի ղեկավարի կողմից` հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակի տևողությունը:
- Աշխատանքի ժամանակացույցով սահմանվում են ամենօրյա աշխատանքի սկիզբը, ավարտը, հանգստի ու սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա և ամենշաբաթյա հանգստի ժամանակը:
- Շուրջօրյա աշխատանքի ռեժիմի դեպքում, օբյեկտի ղեկավարը կարող է աշխատողների աշխատանքային օրվա ռեժիմում սահմանել մի քանի ընդմիջումներ՝ հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները:
- Օբյեկտի ղեկավարը կարող է սահմանել հերթափոխեր և փոփոխել հերթափոխի ժամանակացույցը:
- 9. Օբյեկտի ղեկավարության կողմից օբյեկտի անխափան աշխատանքի կազմակերպման համար ձեռնարկվում են հետևյալ միջոցառումները՝
1) հաշվի առնելով օբյեկտի գործունեության բնույթը՝ մշակվում են օբյեկտի անցագրային ռեժիմի խստացված տարբերակներ՝ կիրառելով մեկանգամյա և բազմակի օգտագործման անցագրեր,
2) օբյեկտների ռազմավարական նշանակություն ունեցող տեղամասերում, արտադրամասերում, պահեստներում և պահատեղերում ստուգվում են պահպանության և հակահրդեհային ահազանգման սարքավորումների առկայությունն ու դրանց սարքինությունը, անհրաժեշտության դեպքում տեղադրվում են լրացուցիչ սարքավորումներ,
3) իրականացվում են օբյեկտների շրջափակող պարիսպների վնասված մասերի վերանորոգման աշխատանքներ, լրացուցիչ պաշտպանական կառույցների (արգելքների) կառուցման աշխատանքներ,
4) ստուգվում է օբյեկտների լուսաքողարկման վիճակը,
5) իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ հրդեհների, պայթյունների և վթարների հետևանքների վերացման ուղղությամբ,
6) իրականացնում է անձնակազմի ազդարարում և իրազեկում,
7) օբյեկտի պահպանությունն իրականացնող ծառայությունների հետ համատեղ մշակվում են հնարավոր արտակարգ իրավիճակներում օբյեկտների աշխատողների տարատեղման, տարհանման, պատսպարման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման գործողությունների պլանը, ինչպես նաև այցելուների տարհանման պլանը և տեղում մնացած նյութական արժեքների պահպանությունը,
8) կատարվում է օբյեկտի վիճակի հետազոտում՝ դրա պատշաճ պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի ճշգրտման նպատակով (անվտանգության, տեխնիկական համակարգերի առկայություն, դրանց արդիականացման անհրաժեշտություն, պահակակետերի թվաքանակ, պահակատների, անցակետերի, պարսպի պարագծային լուսավորության առկայություն և այլն),
9) օբյեկտի պահպանությունն իրականացնող ծառայության հետ քննարկվում են օբյեկտի պահպանության ձևը, գործողությունների և միջոցառումների այն համալիրը, որի իրականացմամբ հնարավոր է ապահովել օբյեկտի և աշխատողների անվտանգությունը և անխափան աշխատանքը,
10) օբյեկտի պահպանության համար անհրաժեշտության դեպքում կնքվում է պայմանագիր պահպանությունն իրականացնող ծառայության հետ, ելնելով ստեղծված իրավիճակից օբյեկտի պահպանությունը կարող է իրականացվել օբյեկտի աշխատողների ուժերով,
11) անհրաժեշտության դեպքում, համակարգումն իրականացնող մարմնի միջնորդությամբ, օգնության խնդրանքով դիմում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության, առողջապահության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառների պետական լիազոր մարմիններին,
12) աշխատանքները համակարգվում և համաձայնեցվում են պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
13) անհրաժեշտության դեպքում օբյեկտներում նշանակվում է հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողություն է իրականացնում սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պարտադիր պահպանման նկատմամբ,
14) իրականացվում են օբյեկտի անընդհատ և կայուն ղեկավարման աշխատանքներ:
- Աշխատանքի հատուկ ռեժիմի դեպքում կարող է սահմանվել անցագրային և (կամ) ներօբյեկտային ռեժիմ, որի կազմակերպման համար պահպանությունն իրականացնող ստորաբաժանման և պահպանվող օբյեկտի տնօրինության կողմից սահմանվում են օբյեկտ կամ դրա առանձին տեղամասեր աշխատակիցների, տրանսպորտային միջոցների և այլ անձանց մուտքի կամ ելքի, նյութական արժեքների ներկրման կամ դուրսբերման, օբյեկտի տարածքում ներքին անվտանգության կանոնները, ինչպես նաև անցագրերի ձևանմուշները:
- Անցագրային ռեժիմի խնդիրներն են`
1) պահպանվող օբյեկտի տարածք աշխատողների, այլ անձանց, տրանսպորտային միջոցների մուտք ու ելքի, արտադրանքի և նյութական արժեքների թույլատրված մատակարարման և դուրսբերման կանոնակարգումը,
2) օբյեկտի գույքի պահպանությունը,
3) աշխատանքների և ծառայությունների անխափան պահպանումը,
4) օբյեկտի ներքին կարգ ու կանոնի պահպանությունը,
5) օբյեկտի և դրա գործունեության նկատմամբ վտանգ ներկայացնող գործողությունների կանխումը,
6) շահույթ հետապնդող օբյեկտի բնականոն գործունեության ապահովումը,
7) օբյեկտում մտավոր սեփականության և ոչ նյութական բարիքների պաշտպանությունը:
- Անցագրային ռեժիմը կարող է սահմանվել ինչպես պահպանվող օբյեկտի ողջ տարածքում, այնպես էլ դրա առանձին շինություններում, արտադրամասերում, պահեստներում կամ բաժիններում:
- Անցագրային ռեժիմը ապահովում է պահպանվող օբյեկտի աշխատողների, այլ անձանց, տրանսպորտային միջոցների վերահսկելի մուտքն ու ելքը, ինչպես նաև նյութական արժեքների մատակարարումն ու դուրսբերումը պահպանվող օբյեկտի տարածք կամ օբյեկտի առանձին շինություններ՝ հսկիչ անցագրային կետերով:
- Ներօբյեկտային ռեժիմը պահպանվող օբյեկտի տարածքում աշխատող կամ գտնվող անձանց կամ այցելուների կողմից պահպանման ենթակա անվտանգության ապահովմաննէ և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է:
- Ներօբյեկտային ռեժիմի հիմնական խնդիրներն են`
1) օբյեկտի շահերի համար վտանգ ներկայացնող երևույթների բացահայտումը,
2) օբյեկտի ղեկավարման ապահովումը` բացասական երևույթներին արագ արձագանքելու միջոցով,
3) օբյեկտի օրինական շահերի դեմ ուղղված գործողությունների կանխումը:
- Ներօբյեկտային ռեժիմն իր մեջ ընդգրկում է`
1) ներքին աշխատակարգի կանոնները,
2) գաղտնիության ռեժիմի պահպանությունը,
3) տեղեկատվական անվտանգության ապահովումը,
4) հիմնարկության ներսում գաղտնի փաստաթղթերի շրջանառության կարգի ապահովումը,
5) անվտանգության պաշտպանության կանոնների ապահովումը,
6) պահպանվող օբյեկտի տարածքում հասարակական կարգի և անվտանգության ապահովումը:
-
Քննարկվել է
27.01.2021 - 11.02.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6517
Տպել