Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծեր

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս առկա օրենսդրական կարգավորումները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության համար չեն նախատեսում արդյունավետ լուծումներ և կառուցակարգեր, որոնք պրակտիկայում առաջացնում են տարբեր խնդիրներ:

Նախ հարկ է նշել, որ դատական իշխանության պաշտոնական կայքում առկա վիճակագրական տվյալները փաստում են, որ 2018 թվականի ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտի մասով ներկայացվել է 17.136 միջնորդություն, 2019 թվականի ընթացքում՝ 18.627 միջնորդություն, իսկ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 9.883 միջնորդություն: 2019 թվականին ներկայացված միջնորդություններից 11.717-ը ներկայացվել են Երևան քաղաքում, իսկ 6.910-ը՝ մարզերում:

Ընդ որում, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարացնելու և կալանքի վերահաստատման մասին միջնորդությունները կազմել են՝ Երևան քաղաքում՝ 2.193, մարզեր՝ 1.213, խուզարկության կատարման մասին միջնորդությունները՝ Երևան քաղաքում՝ 3.005, մարզերում՝ 2.298:

Այսպիսով, քրեական մասնագիտացման դատավորները ի լրումն իրենց մակագրվող քրեական գործերի, քննում են նաև վերոգրյալ միջնորդությունները, ինչը ոչ միայն առաջացնում է գերծանրաբեռնվածություն, այլև չի ապահովում տվյալ միջնորդությունների քննության արդյունավետությունը և նշված հարցերով մասնագիտացումը:

Բացի այդ, առկա է նաև մեկ այլ խնդիր: Այսպես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների ուժով դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակայնության դեպքում կանխատեսելի է դառնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննությունը ևս իրականացվում է ի լրումն այլ գործերի, ինչը կրկին առաջացնում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն և չի ապահովում մասնագիտացված քննություն:

 Ընդ որում, 2019 թվականի հուլիսի 1-ից 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դատարանում քննվում են 275 կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված քրեական գործեր, իսկ դատախազությունը շուրջ 2.228 քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացնում է դատախազական հսկողութուն: Եթե նույնիսկ նշված քրեական գործերի 30%-ը փոխանցվի դատական քննություն իրականացնելու համար, ապա նշված ժամանակահատվածի համար քննվող կոռուպցիոն հանցագործությունների թիվը էականորեն կավելանա:

Ամփոփելով վերոգրյալ վիճակագրական տվյալները և պրակտիկայում առկա խնդիրները՝ գտնում ենք, որ վերը նշված գործերի՝  մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված բոլոր միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունների,  ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության ապահովումը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որը կբարձրացնի այդ գործերի քննության արդյունավետությունը, կապահովի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով քննվող քրեական գործերի ընդհանուր վիճակագրական տվյալները և հարաբերակցությունը առանձին գործերի հետ՝ անհրաժեշտ է դատական համակարգը համալրել նաև քրեական մասնագիտացման նոր դատավորներով:       

             Հատկանշական է, որ տարբեր մասնագիտացումներում առանձին գործերի համար դատավորների ընտրության առնչությամբ միջազգային չափանիշները ևս փաստում են վերոգրյալի անհրաժեշտության մասին:

Եվրոպայի խորհրդի Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 15 (2012) Դատավորների մասնագիտացման մասին կարծիքում մատնանշվել են մասնագիտացման առավելությունները: Այսպես.

  • մասնագիտացումը հաճախ առաջանում է իրավունքի ոլորտում փոփոխություններին համապատասխանելու անհրաժեշտությամբ պայմանավորված,
  • նոր օրենսդրական ակտերի մշտական ընդունումը, լինի դա միջազգային, եվրոպական թե ներպետական իրավունքի ոլորտներում, կամ փոփոխվող նախադեպը և տեսությունը իրավական գիտությունը դարձնում են չափազանց ընդգրկուն և բարդ: Դատավորների մասնագիտացումը կարող է ապահովել, որ նրանք տիրապետեն համապատասխան գիտելիքների և փորձառության իրենց իրավասության առանձին ոլորտներում:
  • իրավական ոլորտի խոր իմացությունը կարող է դրական անդրադառնալ դատավորի ընդունած որոշումների որակի վրա: Նեղ մասնագետ դատավորներն առավել շատ փորձ են ձեռք բերում կոնկրետ ոլորտներում, ինչը կարող է իր հերթին նպաստել դատարանի հեղինակության բարձրացմանը,
  • առանձին գործերը վերապահելը նեղ մասնագետ դատավորների խմբին կարող է նպաստել դատական որոշումների հետևողականությանը, հետևաբար կարող է խթանել իրավական որոշակիությունը,
  • մշտապես նույն տիպի գործերով զբաղվելու դեպքում մասնագիտացումը կարող է օգնել դատավորներին՝ առավել լավ հասկանալու իրենց ներկայացված գործերի էությունը, լինի դա տեխնիկական, սոցիալական թե տնտեսական ոլորտներում, ուստի գտնել լուծումներ, որոնք ավելի համապատասխան են այդ բնագավառների համար,
  • նեղ մասնագետ դատավորները, որոնք գիտելիքներ ունեն իրավական գիտությունից դուրս, կարող են խթանել միջճուղային-գիտական մոտեցումը քննարկման ենթակա խնդիրների առնչությամբ,
  • որոշակի իրավական ոլորտներում առավել խորը փորձառնության միջոցով մասնագիտացումը կարող է նպաստել դատարանի արդյունավետության բարձրացմանը և գործերի կառավարմանը՝ հաշվի առնելով, որ դատարան ներկայացվող գործերի թիվը մշտապես աճում է:[1]

          Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միտումներ են նկատվում մինչդատական քրեական վերահսկողության ոլորտի միջնորդությունների, կոռուպցիոն հանցագործությունների և այլ քրեական գործերով առանձին մասնագիտացումների տարանջատման ուղղությամբ:

Եվրոպական որոշ երկրներում, օրինակ` Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, վերջին տարիներին առանձնացվել են մասնագիտացված դատավորներ, որոնք քննում են կալանքի վերաբերյալ հարցերը և նախաքննության ընթացքում վերահսկողություն իրականացնում անհատի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նկատմամբ:

Օրինակ, Գերմանիայում այդ դատավորներին անվանում են Ermittlungsrichter կամ նախաքննության գործերով վերահսկողություն իրականացնող դատավոր, Ֆրանսիայում` juge des libertés et de la detention կամ նախնական կալանքի դատավորներ, Իտալիայում` giudice per le indagini preliminari: Նշված երկրներում դատավորը չի մասնակցում քրեական գործի ըստ էության քննությանը, չի կայացնում որոշում ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության մասին:[2] Ղազախստանի Հանրապետությունում ևս քննարկվում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների առանձնացման հնարավորությունը[3], իսկ Ռուսաստանի Դաշնությունում քննարկվում է այս մասով նախագիծ մշակելու անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը:[4] Մինչդատական քրեական վարույթի գործերի դատավորների առանձնացումը Ուզբեկստանի Հանրապետությունում մեծ առաջադիմական բարեփոխում է գնահատվել:[5]

Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննությանը՝ հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր երկրներում այդ հանցագործությունների քննության համար ստեղծվում են հակակոռուպցիոն դատարաններ: Այսպես.

Սլովակիայում[6] հակակոռուպցիոն դատարանը բացի կոռուպցիոն գործերով դատական քննությունից իրականացնում է նաև սպանության և փողերի լվացման գործերով քննություն: Այստեղ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը բաղկացած է 13 դատավորից, որոնք նշանակվում են 5 տարի ժամկետով: Ոչ մեծ ծանրության գործերի քննությունը  իրականացվում է միանձնյա, իսկ առավել ծանր հանցագործությունների պարագայում իրականացվում է գործերի կոլեգիալ քննություն՝ 3 հոգուց բաղկացած: Գործերի քննության միջին տևողությունը 4 ամիս է:

Խորվաթիայում հակակոռուպցիոն դատարանները ձևավորվել են 2008 թվականին՝ որպես առաջին ատյանի մասնագիտացված դատարաններ: Խորվաթիայի հակակոռուպցիոն դատարաններն ունեն  իրավասություն քննելու ոչ միայն բարձր մակարդակի կոռուպցիոն հանցագործությունների, այլ նաև կազմակերպված հանցավորության դեպքում:[7]

2018 թվականին Ուկրաինայում[8] ընդունված օրենքի հիման վրա ևս ստեղծվել է Բարձր հակակոռուպցիոն դատարան, որը որպես մասնագիտացված դատարան՝ գործում է 2019 թվականի ապրիլի 11-ից: Ներկայումս  առաջին ատյանի և վերաքննիչ ատյանի դատարաններում գործունեություն է ծավալում  38 դատավոր: Այս դատավորները ընտրվում են բացառապես բաց մրցույթի արդյունքում: Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների բարեվարքությունը ստուգվում է միջազգային փորձագետների խորհրդի կողմից: Վերջիններս հավաքում են սահմանված տեղեկություններն իրենց աշխատակազմի և Բյուրոյի միջոցով: Միջազգային փորձագետների բացասական եզրակացության դեպքում դատավորին հնարավոր չէ նշանակել անգամ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների մեծամասնության դեպքում:

Նշենք նաև, որ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծվել են նաև մի շարք այլ երկրներում՝ Բուլղարիա, Քենիա, Շրի Լանկա, Ֆիլիպիններ և այլն:

Վերոգրյալը վկայում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքի նախագծերով նախատեսվում է՝

  • մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից.
  • դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում.
  • մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը վերապահել ինչպես գործող դատավորների, այնպես էլ նոր համալրված կադրերին, ընդ որում, առանձնահատկություններ սահմանելով Երևան քաղաքի (առանձին դատավորներ քննելու են միայն այդ գործերը) և մարզերի դատարանների (առանձին դատավորներ քննելու են այդ գործերը և ի լրումն դրանց` նաև այլ քրեական գործեր) համար` հաշվի առնելով վերջիններիս ծանրաբեռնվածության և մարզերում դատավորների թվաքանակի հարաբերակցությունը.
  • դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ գործող դատավորների համար հոգեբանական թեստավորման փուլն անցնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ.
  • գործող դատավորների վարույթում քննվող քրեական այլ գործերի բաշխման կանոնները մինչդատական քրեական վարույթի գործեր և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող դատավոր նշանակվելու դեպքերում:

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը,  կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

 

[1] https://rm.coe.int/no15-in-armenian-15-2012-/16808e64f0:

[2] https://www.unodc.org/documents/centralasia//2020/judicial_oversight_24.03.20.pdf, էջ 4:

[3] https://online.zakon.kz/Document/?doc_id=36142152#pos=32;19:

[4] https://www.advgazeta.ru/mneniya/institut-sledstvennykh-sudey-panatseya-ili-pyatoe-koleso-/:

[5] https://www.unodc.org/documents/centralasia//2020/judicial_oversight_24.03.20.pdf, էջ 4:

[6] Սլովակիա, Մասնագիտացված քրեական դատարանի մասին օրենք N 291, 2009թ., https://www.u4.no/assets/slovakia-specialised-criminal-court-law-law-no.-291-2009-2009-slovakian-original.pdf:

[7] Խորվաթիա, Դատարանների ակտ, 2010թ., https://www.u4.no/assets/croatia-courts-act-2010-english-translation.docx:

[8] Ուկրաինա, Բարձր հակակոռուպցիոն դատարանի մասին օրենք, 2018թ., https://www.u4.no/assets/ukraine-anti-corruption-court-law:

  • Քննարկվել է

    23.12.2020 - 08.01.2021

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10596

Տպել

Առաջարկներ`

Վարդան Բարդախչյան

25.12.2020

Կներեք, ես իրավաբան չեմ և միգուցե չկարողանամ միտքս ձևակերպել իրավաբանության մեջ ընդունված տերմիններով։ Միայն մեկ հարց ունեմ կապված նախագծի հետ։ Հիմնավորումների մեջ դուք բերում հետևյալը՝ "Բացի այդ, առկա է նաև մեկ այլ խնդիր: Այսպես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների ուժով դատավորների հերթապահության ժամանակացույցի հրապարակայնության դեպքում կանխատեսելի է դառնում համապատասխան միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման տեսանկյունից:" Բայց ես չեմ հասկանում, ինչպես է այս նախագիծը նշված կանախատեսելիությունը նվազեցնում, եթե շարունակելու է գործեր դատական օրենսգրքի նույն հոդվածը։ Եվ սրա հետ կապված, միգուցե է հարկ է հենց դատավորներին վերաբերվող (կամ դատավորների ներգրավվածությամբ) կոռուպցիոն գործերի քննությունը չտալ գործող այլ դատավորներին, այլ նախատեսել մեկ այլ ընթացակարգ, նմանատիպ գործերը քննելու համար։ Նոր դատավորների ներգրավվումը և ավելին նեղ մասնագիտական բաժանումը կարծում եմ այդ հարցը չեն լուծի։ Եթե սխալ եմ հասկանում, և իմ ասածը կապված չէ տվյալ նախագծի հետ, հայցում եմ Ձեր ներողամտությունը։

Արմեն Մաթևոսյան

24.12.2020

Կարծում եմ, անհրաժեշտ է նաև ներդնել դատավորների՝ թե անձնական ու մոտ հարազատներին պատկանող գույքի, և թե իրենց կայացրած դատավճիռների ողջամտության ու անկողմնակալության վերահսկողության անկախ և առարկայական մեխանիզմներ:

Տեսնել ավելին