Հիշել նախագիծը

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

----------------------------------------------------------------------------------------------

 

 1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ ՀՀ) շարունակական քայլեր է ձեռնարկում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցման ուղղությամբ: Այսպես, 2018թ.-ի մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենք) և այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը՝ ի կատարումն 2015թ.-ի Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված մի շարք հանձնարարականների:

2018թ.-ի հուլիս ամսին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից հաստատվել է Հայաստանի Առաջընթացի առաջին հաշվետվությունը՝ ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ տրված հանձնարարականների կատարման մասով: ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրվել է, որ ընդհանուր առմամբ բացահայտված տեխնիկական թերությունների վերացման ուղղությամբ Հայաստանը արձանագրել է զգալի առաջընթաց, այդուհանդերձ, դեռևս առկա են ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման որոշ թերություններ:

 ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն վերացնել ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրված մի շարք թերություններ և Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունները.

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով ներկայացվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորել հետևյալ հարաբերությունները․

1 Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնում՝ ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձին, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, այդ թվում նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ այլ կերպ փոխկապակցված անձանց.

2015թ.-ի Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է, որ նախատեսված չեն օրենսդրական պահանջներ տեղական քաղաքական ազդեցություն ունեցող անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, նրանց ընտանիքի անդամի կամ նրանց հետ այլ կերպ փոխկապակցված անձանց վերաբերյալ: Հետագայում, 2018թ.-ին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ ֆինանսական համակարգի կայունության գնահատման հաշվետվությամբ հանձնարարական է տրվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենք) տեղական քաղաքական ազդեցություն ունեցող անձանց հասկացությունը սահմանելու և նրանց նկատմամբ պատշաճ ուսումնասիրության հավելյալ պահանջներ կիրառելու վերաբերյալ: Ըստ այդմ, վերանայվել է «քաղաքական ազդեցություն ունեցող անձ» հասկացությունը՝ համապատասխանեցնելով ՖԱԹՖ-ի 12-րդ հանձնարարականի պահանջներին: Նախագծով «քաղաքական ազդեցություն ունեցող անձ» հասկացության մեջ են ներառելով ոչ միայն արտասահմանյան երկրի կամ տարածքի նախկին կամ գործող բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց, այլ նաև տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ այլ կերպ փոխկապակցված անձանց:

2 Իրական շահառուի նույնականացում և ինքնության ստուգմանն ուղղված ողջամիտ քայլերի ձեռնարկում՝ ըստ հաջորդականության սկզբունքի.

Իրավաբանական անձանց թափանցիկության ապահովման, այդ թվում՝ օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորումների և դրանց իրական շահառուների պարզման նպատակով կատարված փոփոխություններով հստակեցվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից իրավաբանական անձ հաճախորդի իրական շահառուի պարզման, այդ թվում՝ նույնականացման և ինքնության ստուգման համար իրականացվող գործընթացը՝ ըստ հաջորդականության սկզբունքի՝ հիմք ընդունելով ՖԱԹՖ 10-րդ հանձնարարականի պահանջները: Նշվածը ենթադրում է որպես իրական շահառու դիտել քսան և ավելի բաժնետոմսի տիրապետողին կամ իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու իրավասություն ունեցող ֆիզիկական անձին, իսկ այդպիսի անձի բացակայության դեպքում, կամ այն դեպքում, երբ առկա է հիմնավոր ենթադրություն այդպիսի անձի՝ իրական շահառու չհանդիսանալու վերաբերյալ, իրավաբանական անձի նկատմամբ իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնող անձին: Վերը նշված քայլերի իրականացման արդյունքում համապատասխան ֆիզիկական անձ առկա չլինելու դեպքում իրական շահառու է դիտվում իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը իրականացնող պաշտոնատար անձը։ Ընդ որում՝ սահմանվել է նաև իրական շահառուի նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում վերոնշյալ քայլերի արդյունքում կատարված եզրահանգումները հաշվետվություն տրամադրող անձի կողմից փաստաթղթավորելու և պահպանելու պարտականությունը։ Նախատեսվել է նաև օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորում հանդիսացող հաճախորդների իրական շահառուի պարզման նպատակով հաշվետվություն տրամադրող անձանց կողմից անհրաժեշտ տեղեկություններին տիրապետելու պարտականությունը, ինչպես նաև օտարերկրյա օրենսդրությամբ սահմանված տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդի պարտավորությունը՝ բացահայտելու իր կարգավիճակը գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս։

Նախագծով առաջարկվում է նաև իրավաբանական անձանց կողմից պետական գրանցման փուլում իրական շահառուի հայտարարագրման վերաբերյալ հարաբերությունների կարգավորումը հանել ՀՀ կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներից և վերապահել ՀՀ արդարադատության նախարարությանը:

3 Ֆինանսական խմբի անդամների միջև կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման դրույթների նախատեսում.

Նախագծով նախատեսվել է ֆինանսական խմբի դեպքում ֆինանսական խմբի անդամների միջև կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հնարավորությունը։ Նման պահանջը բխում է ՖԱԹՖ 18-րդ և 21-րդ հանձնարարականներից և ուղղված է ՓԼ/ԱՖ ռիսկերի կառավարման նպատակով ֆինանսական խմբի անդամների, այդ թվում՝ դուստր ընկերությունների և մասնաճյուղերի միջև ՓԼ/ԱՖ կասկածների հետ կապված տեղեկատվության ազատ շրջանառության ապահովմանը:

4․Փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի կիրառման արդյունքում ի հայտ եկած թերությունները վերացնելու անհրաժեշտությամբ.

  • Նախատեսվել է «դրամական փոխանցում» հասկացությունը, որի բացակայության պարագայում անհստակ էր ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի 20-րդ հոդվածի կիրառելիության շրջանակը, ներառվել է նաև «նախորդող հանցագործություն» հասկացությունը, որը միտված է հստակեցնելու ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի 13-րդ հոդվածում կատարված լրացումը, հստակեցվել են «իրավաբանական անձ», «զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորում» հասկացությունները՝ կապված տրաստերին վերաբերող կարգավորումների ներմուծմամբ և ահաբեկչության ֆինանսավորման հասկացության բոլոր տարրերի կրկնությունն ապահովելու նպատակով:
  • Նախագծով սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից լիազոր մարմնի հանձնարարականների ստացման մասին հաճախորդիներին կամ այլ անձանց հայտնելու արգելքը: Նշված դրույթի նախատեսումն ուղղված է լիազոր մարմնի հանձնարարականների, այդ թվում՝ կասկածների չբացահայտման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը:
  • Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների շարքից հանվել և ՖԴԿ-ին է վերապահվել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու իրավասությունը՝ հաշվի առնելով միջոցների հնարավոր արտահոսքի կանխարգելման առավել արդյունավետ իրականացման, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության շրջանակում քրեական գործի հարուցման և գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին արագ օժանդակելու անհրաժեշտությունը:
  • Հստակեցվել են գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելու կամ դադարեցնելու դրույթները, ներառյալ՝ ընթացիկ պատշաճ ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում գործարար հարաբերության դադարեցման պահանջի հետ կապված:
  • Նախատեսվել է լիազոր մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ չհամապատասխանող երկրների կամ տարածքների ցանկերը ներկայացնելու և այն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով հրապարակելու իրավասությունը՝ համապատասխանեցնելով ՖԱԹՖ-ի 19-րդ հանձնարարականի պահանջներին:
  • Լրացուցիչ կարգավորման են ենթարկվել քրեական հետապնդման մարմիններին տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, ներառյալ՝ նախատեսելով կարգավորումներ տեղեկությունների փոխանակման հիմքերի և այդ տեղեկությունների՝ քրեական հետապնդման մարմինների կողմից երրորդ անձանց չտրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև այլ փոփոխություններ՝ պայմանավորված օրենքի կիրառման արդյունքնում ի հայտ եկած թերությունների վերացման անհրաժեշտությամբ:

 

3.Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության շարունակական զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը համապատասխանեցնել առկա միջազգային պահանջներին, ինչպես նաև բարելավել օրենսդրության պահանջների կիրարկման պրակտիկան։

4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, իսկ իրական շահառուի ինստիտուտի հետ կապված կարգավորումները կատարվել են ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ:

 

  • Քննարկվել է

    13.10.2020 - 30.10.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9246

Տպել