Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2020 թվականի N __-Լ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 48-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.              

     Հավանություն տալ Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 hավելվածների, և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:  

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի       -ի

N     -Լ որոշման

 

 

 

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

2021 ԹՎԱԿԱՆԻ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. «Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
  2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 48-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության պահանջը:
  3. Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է երեխաների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

         Ծրագրի նպատակն է`

  1. Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովումը, երեխայի և նրա ընտանիքի գնահատված կարիքների բավարարումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից:

Ծրագրի խնդիրներն են՝

  1. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը, երեխայի խնամքը ընտանեկանին առավել մոտ պայմաններում ապահովելը.
  2. բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող երեխաների ընտանիք վերադարձի ապահովումը.
  3. բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, նրանց հետագա ինքնուրույն կյանքի կազմակերպման և ինտեգրման գործընթացի նպատակով բնակելի տարածությունով ապահովելը՝ բնակարանների վարձակալությունը.
  4. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, գնահատված կարիքների հիման վրա սոցիալական, հոգեբանական, մանկավարժական, առողջապահական, մասնագիտական կողմնորոշման, իրավական աջակցության տրամադրումը.
  5. շուրջօրյա խնամքի հաստատություն երեխայի մուտքի կանխարգելումը՝ այլընտրանքային ծառայությունների ցանցի, այդ թվում խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման միջոցով.
  6. Հայաստանի Հանրապետությունում երեխաների նկատմամբ թրաֆիքինգի և բռնության երևույթի կանխարգելումը:

 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

  1. «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառումը.

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) 5 հաստատությունում (մանկատուն իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած 649 երեխայի շուրջօրյա խնամքի, դաստիարակության ապահովումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Մանկատներից երեքը հատուկ է՝ մասնագիտացված, որտեղ խնամվում է ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական խնդիրներով շուրջ 450 երեխա:

  1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն` ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում կազմակերպվում է խնամքի և պաշտպանության հաստատություններից երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ, ինչպես նաև կանխարգելել նրանց մուտքը հաստատություններ:
  2. Երեխաների սոցիալական հոգածության 3 կենտրոնի կողմից ծառայություններ են տրամադրվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 6-18 տարեկան 300 երեխայի և նրանց ընտանիքներին:
  3. Սոցիալապես անապահով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների դպրոցահասակ շուրջ 350 երեխա խնամվում է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ 4 հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը տարանջատվում է կրթությունից և կազմակերպվում է հանրակրթական դպրոցներում` երեխային հասարակություն ինտեգրելու նպատակով:
  4. «Երևանի երեխաների «Զատիկ» սոցիալական աջակցության կենտրոնի» կողմից յուրաքանչյուր տարի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 17 երեխայի տրամադրվում է մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք` մինչև նրան կենսաբանական ընտանիք վերադարձնելը, մանկատանը կամ երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում տեղավորելը:
  5. «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է կազմակերպությունում ցերեկային ժամերին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան շուրջ 100 և կազմակերպությունից դուրս շուրջ 50 երեխայի խնամքի տրամադրումը, այդ երեխաների՝ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացման աջակցությունը:
  6. Կազմակերպություններում խնամվող դպրոցում սովորող երեխաներին գրպանի ծախսերի համար, որպես դրամական աջակցություն, պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում յուրաքանչյուր ամիս տրամադրվում է մանր ծախսերի համար նախատեսված գումար (գրպանի գումար):
  7. Մանկատների տվյալ տարվա շրջանավարտներին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն:
  8. 2020 թվականի ապրիլի 2-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության N 438-Ն որոշումը:
  9. Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:
  10. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին կենսաբանական ընտանիքներ վերադարձնելու, ինչպես նաև շուրջօրյա հաստատություններ այդ երեխաների մուտքի կանխարգելման նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունվել է «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1738-Ն, 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1906-Ն և 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N 1507-Ն որոշումը:
  11. Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
  12. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու և հասակակիցների շրջանում լիարժեք ներառվելու համար անհրաժեշտ հասանելի և մատչելի սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների տրամադրումն է, երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն աջակցությունը և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելումը: Միջոցառումն իրականացնող՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված պատվիրակված հասարակական կազմակերպությանը տրամադրվում է դրամաշնորհ՝ ՀՀ բոլոր մարզերի համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան 3277 երեխայի և նրանց ընտանիքներին ծառայություններ տրամադրելու նպատակով։
  13. Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու, մուտքը հաստատություններ կանխարգելելու և աջակցության ծառայությունների տրամադրումն է: Միաժամանակ, շահառու երեխաների ընտանիքներին տրամադրվելու են աջակցության փաթեթներ՝ Էլեկտրաէներգիայի փոխհատուցում, սննդի զամբյուղ, շահառու երեխաների հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ:
  14. Նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների 185 մասնագետի վերապատրաստում: Այդ թվում վերապատրաստվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներ: Դասընթացներին ներգրավվել են «Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն» ՊՈԱԿ-ների, Կանանց աջակցման կենտրոնի, թիվ 181 դպրոցի մանկավարժներ և Ազգային ինստոիտուտի աշխատակիցներ, «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»,ՊՈԱԿ-ի, Գյումրիի «Երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի» ինչպես նաև «Գյումրի քաղաքի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» և «Գյումրի քաղաքի Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն», Գյումրիի «Առավոտ» ՀԿ, ՍՕԱՌ հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի մասնագետները, ինչպես նաև Լոռու մարզի «Ընտանիքի և երեխայի աջակցման կենտրոնի», Վանաձորի մանկատուն ՊՈԱԿ, և Վանաձորի 4 դպրոցների մանկավարժներ: Վերապատրաստումներն իրականացրել են հոգեբաններ արտ.թերապևտներ, սոցիալական աշխատողներ, բժիշկ-վերականգնողաբաններ, հոգեբույժներ, մանկավարժներ: Վերապատրաստվել են տնօրեններ, փոխտնօրեններ, դաստիարակներ, ծրագրերի ղեկավարներ: Դասընթացի ավարտից հետո մասնագետներին տրվել են պետական նմուշի հավաստագրեր: Մինչև տարեվերջ նախատեսվում է «Գյումրու Երեխաների տուն» և «Ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ների աշխատողների, ինչպես նաև Ազգային ինստիտուտում անցկացվող 25 սոցիալական աշխատողի և 110 հոգեբանի վերապատրաստում:

 

  1. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

2021 թվականի ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2021 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալականացման նպատակով. մասնավորապես՝

  1. Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայությունների շրջանակում բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում իրականացվում է (մանկատուն), առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի, դաստիարակության ապահովումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
  2. Իրականացվում են ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ:
  3. Երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման, երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով կստեղծվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ: Նպատակին հասնելու համար ՀՀ կառավարության 2019 թ. հոկտեմբերի 31-ի թիվ 1507-Ն որոշմամբ լուծարվել են գիշերօթիկ խնամքի 4 հաստատություններ, որոնցից 3-ը՝ 01.12.2019 թ., իսկ 1-ը կլուծարվի 25.06.2020 թ.: 2020 թվականին կկազմակերպվի 90 երեխայի խնամք՝ նախորդ տարվա 350-ի փոխարեն
  4. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման նպատակով 2020 թվականի ապրիլի 2-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 432-Լ որոշումը և ըստ որոշման հավելված N 2-ի 7-րդ կետի, նախատեսվում է 2021-2023 թվականներին ստեղծել ճգնաժամային կենտրոններ՝ ընդգրկելով Երևան, Գյումրի և Կապան քաղաքները: 2021 թ. նախատեսվում է ծառայություն տրամադրել 125 երեխայի՝ 154 հաստիքային միավորով:
  5. Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայությունների շրջանակում իրականացվում է կազմակերպությունում և կազմակերպությունից դուրս ցերեկային ժամերին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաներիի խնամքի տրամադրումը, այդ երեխաների՝ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացմանն աջակցությունը:
  6. Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ կտրամադրվի 2-18 տարեկան հաշմանդամություն ունեցող, ծնողական խնամքից զրկված, դաստիարակության դժվարություններ ունեցող երեխաների՝ ցերեկային ժամերին խնամք կտրամադրվի շուրջ 4000 շահառույի:
  7. Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող դպրոցում սովորող երեխաներին դրամական աջակցություն կտրամադրի բնակչության շուրջօրյա խնամքի սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող, դպրոցում սովորող երեխաներին յուրաքանչյուր ամիս կտրամադրվի մանր ծախսերի համար նախատեսված գումար (գրպանի գումար):

2020 թվականին՝ 2,664.0 հազ.դրամ՝ միայն 2 խնամքի հաստատությունում խնամվող և դպրոց գնացող և գումարը տնօրինելու հմտություններ ունեցող 86 երեխայի դրամական աջակցություն տրամադրելու համար: 2021 թ-ից նախատեսվում է հաշվի առնել շուրջօրյա խնամքի բոլոր հաստատություններում խնամվող երեխաների կարիքները, բացառել խտրական վերաբերմունքը և գումարը տրամադրել դպրոցահասակ բոլոր երեխաներին, ովքեր կարող են այն տնօրինել, ավելին, հաշվի առնելով երեխաների 6 տարեկանից հանրակրթությունում ընդգրկվելու փաստը՝ նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ՝ գումարի տրամադրման տարիքային շեմը մինչև 6 տարեկան իջեցնելու համար:

  1. Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի միջոցառման շրջանակում յուրաքանչյուր տարի 100 երեխայի ընտանիքների տրամադրվել է աջակցություն` սննդի զամբյուղ, հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ և դասագրքեր, էներգետիկ ծառայությունների փոխհատուցում:
  2. Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին միանվագ դրամական օգնություն է տրամադրվում շուրջօրյա խնամքի շրջանակում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն:

Ծրագրի շրջանակում տրամադրվել է միանվագ աջակցության գումար մանկատան 4 շրջանավարտի: Հաշվի առնելով պետության որդեգրած քաղաքականությունը, այն է՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը ընտանիքատիպ մոդելով կազմակերպելը, անհրաժեշտ է ընդլայնել ծառայությունը ստացող շահառուների շրջանակը՝ ընդգրկելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և/կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, որոնք խնամք են ստանում նաև խնամատար ընտանիքում և 18 տարին լրանալու կապակցությամբ խնամատար ընտանիքում այլևս խնամքը շարունակել չեն կարող: Միաժամանակ, նախատեսվում է աջակցությունը տրամադրել ոչ թե միանվագ, այլ 12 ամսվա կտրվածքով: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրակավան ակտում նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ:

  1. Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրման, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը ապահովելու նպատակով ոլորտի քաղաքականությունն ուղղված է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների այլընտրանքային խնամքի մոդելի զարգացմանը և հաստատություններում խնամվող երեխաների թվի կրճատմամբ՝ ընտանիքում խնամք ստացող երեխաների թվի ավելացմանը: 2020 թվականին կազմակերպվել է 94 երեխայի խնամքի իրականացում խնամատար 90 ընտանիքում՝ մինչև նրանց 18 տարին լրանալը:
  2. 18-23 տարեկանների խնամքը կազմակերպելու` բնակարաններ վարձակալելու, համապատասխան մասնագետների հսկողությամբ նրանց խնամքն ու դաստիարակությունը ապահովելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում աջակցելու նպատակով իրականացվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտների սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում հաշվառված ընտանիքների համար բնակարանների վարձակալության միջոցառումը:

 

 

 

  • Քննարկվել է

    27.08.2020 - 11.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6320

Տպել

Առաջարկներ`

Հասմիկ Ղուկասյան

30.08.2020

Հարգելի գործընկերներ, կարծես թե կցված է նախագծի ոչ ճիշտ տարբերակը, բացակայում են կրթության, առոջջապահության, արդատատության, սպորտի և մշակույթի, միջոցառումները, կարծում եմ սոցիալական պաշտպանության ոլորտն էլ թերի, քանի որ շատ մեծ աշխատանք է տարվում, ոչ մի խոսք չկա ՔՈՎԻԴ-ի դեմ իրականացված և նախատեսվող միջոցառումների մասին և բացի այդ կցված չէ հավելված 2-ը։ Խնդրում եմ տեղադրեք ամբողջական նախագիծը և հավելվածը։

Տեսնել ավելին