Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 1-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

         

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Oրենսդրական բացով պայմանավորված՝ ներկայումս խնդրահարույց է հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հիմքով դատապարտյալների վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացություն ստանալու հարցը այն դեպքերում, երբ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը:

Այսպես, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 113-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է հետևյալը. «Հոգեկան կամ այլ ծանր հիվանդության կապակցությամբ պատժի հետագա կրումից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող հիմնարկի պետը։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը (…)»։

ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» N 1636-Ն որոշման հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով համապատասխանաբար սահմանվում է.

«2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց (…) հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու, ինչպես նաև բժշկական՝ հոգեբուժական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կողմից իրականացվող դատահոգեբուժական փորձաքննությունը կազմակերպվում է հանձնաժողովային կարգով (…):

3.Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով, բացի հոգեկան առողջական վիճակին վերաբերող խնդիրներից, պատժից ազատելու նպատակով բժշկական փորձաքննությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հանձնաժողովի կողմից (…)»:

Վերոնշյալ նորմերի համալիր ուսումնասիրությունից կարելի է գալ այն եզրահանգման, որ ազատությունից զրկված անձանց շրջանում հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրներ առաջանալու դեպքում վերջիններիս խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության կամ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու հարցերը ենթակա են քննարկման ՀՀ առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրականացվող դատահոգեբուժական փորձաքննությամբ:

Խնդրո առարկան առավել է ցայտուն է արտահայտվում այն պարագայում, երբ Հանձնաժողովը իրավասու չի լինում իրականացնել անհրաժեշտ դատահոգեբուժական փորձաքննությունը՝ քրեակատարողական հիմնարկի կամ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի դիմումի (որոշման) հիման վրա, քանի որ ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 350-Ն որոշման իրավակարգավորումների համաձայն ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է բացառապես իրավապահ մարմինների որոշման հիման վրա:

Արդյունքում, Հանձնաժողովի եզրակացության բացակայության պայմաններում, այն դատապարտյալներն որոնց մոտ առաջացել է հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որը կարող է պատժի հետագա կրումից ազատ արձակելու հիմք հանդիսանալ չեն կարողանում օգտվել դատական պաշտպանության (պատժի հետագա կրումից ազատվելու նպատակով) իրենց հնարավորությունից, ինչն անընդունելի է և պահանջում է հրատապ լուծում:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու կամ խափանման միջոցը փոխելու հարցերը ենթակա են ուսումնասիրության Հանձնաժողովի կողմից, իսկ վերջինս դատահոգեբուժական փորձաքննություններն իրականացնում է բացառապես դատարանի կամ քննիչի հատուկ որոշմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական մակարդակում ներդնել համապատասխան կառուցակարգեր՝ հոգեկան առողջության վերաբերյալ խնդիրներ ուենցող անձանց իրավունքների իրացման նպատակով:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 350-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ին ներառել այն մարմինների ցանկում, որոնց    կայացրած որոշումը հիմք կհանդիսանա դատապարտյալների ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կներդրվեն անհրաժեշտ կառուցակարգեր՝ հոգեկան հիվանդություն ունեցող դատապարտյալներին ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու, և անհրաժեշտության դեպքում դրա հիման վրա նրանց պատժի հետագա կրումից ազատ արձակելու նպատակով:

 

  • Քննարկվել է

    20.07.2020 - 10.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6801

Տպել