Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգ

Նախագիծ

արձանագրային

 

 ………  2017 թվական

 

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

            Հավանություն տալ Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին՝   համաձայն Հավելվածի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

 

ՀՀ կառավարության արձանագրային

----  -------------- ----  որոշման  

 

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

 

Փաստաթուղթը մշակող մարմինը՝       ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Ամփոփ համառոտագիրը

1.             Գործարար միջավայրի բարելավման գլխավոր նախապայմաններից մեկը ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն է: Ներկա իրավիճակի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ անհրաժեշտ է ապահովել ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում` տարբեր առարկաներում և կրթական ծրագրերում ձեռնարկատիրական կրթության ինտեգրման սկզբունքով: Ձեռնարկատիրական կրթության զարգացումը աշակերտներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիք ու հմտություններ՝ գործարար նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:

2.            Ձեռնարկատիրական կրթության նպատակը սովորողների կարողությունների զարգացմանը նպաստելն է: Ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության զարգացումը կդիտարկվի որպես կարիերայի այլընտրանք դիտարկելուն ուղղված ուսումնառության կազմակերպման հնարավորություն։

3.            Կրթության բոլոր մակարդակներում լիարժեքորեն կապահովվի ձեռնարկատիրական կրթության կազմակերպումն ու զարգացումը: Աշակերտների և ուսանողների մոտ կձևավորվի ձեռնարկատիրական մտածողություն, կստեղծվեն հնարավորություններ՝ ուսումնական հաստատությունների և գործարարների միջև արդյունավետ համագործակցության համար, կստեղծվեն գործարար կապեր:

 

 

                                                     Ներածություն

4.      «Արևելյան գործընկեր» (ԱԳ) երկրները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ներկայացնում են ռազմավարական տեղադրությամբ կարևոր տնտեսական տարածաշրջան, որտեղ ՀՆԱ-ի միջին աճը 2010թ. կազմել է 5.4%: Տարածաշրջանի բոլոր  երկրներում  փոքր  և  միջին  ձեռնարկությունները հանդիսանում են տնտեսական աճի և զարգացման հիմնական շարժիչ ուժերը:

5.            Այնուամենայնիվ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և բիզնեսի վարման ստեղծված անբարենպաստ պայմանների արդյունքում ՓՄՁ-ն այս տարածաշրջանում ապահովում է աշխատատեղերի 50%-ը միայն (այս ցուցանիշը ՏՀԶԿ երկրներում կազմում  է 60-70%)  և համախառն ավելացված  արժեքի 30%-ը  (55%`  ՏՀԶԿ  երկրներում):

6.   Սկսած 2000թ. Հայաստանի կառավարությունը նախաձեռնողական մոտեցում է ցուցաբերում ՓՄՁ աճի խթանմանը: Այս ընթացքում հիմնական զարգացումներն են եղել ՓՄՁ քաղաքականության իրականացման գործակալության հիմնումը, ՓՄՁ աջակցության խորհրդի ստեղծումը և ՓՄՁ նոր ռազմավարության մշակումը՝ սկսած 2012թ.:

7.    2011թ. ՓՄՁ-ների պաշտոնական սահմանումները համապատասխանեցվեցին ԵՄ սահմանումներին: Այս և մի շարք այլ կարգավորումների պարզեցման զանգվածային նախաձեռնությունների շնորհիվ Հայաստանը առավելագույն միավորներն է վաստակել գործառնական միջավայրում:

8.   Նշված իրավիճակում ձևավորվում են հետևյալ առաջնահերթությունները.

ա. Մշակել և հաստատել ՓՄՁ զարգացման ռազմավարությունը և շարունակել հանրային-մասնավոր երկխոսությունների վրա հիմնված բիզնես միջավայրի բարեփոխումները:  Ռազմավարությունը  պետք  է  ներառի  ձեռներեցության ռազմավարական զարգացումը ուսումնառության համակարգում, շեշտադրի հմտությունների  զարգացումը  փոքր  բիզնեսում  և  կանանց  ձեռներեցության աջակցությունը:

բ. Բարձրացնել հանրային-մասնավոր խորհրդատվությունների արդյունավետությունը՝ քաղաքականության մշակման քննարկումների մեջ՝ ՓՄՁ ներկայացուցիչների ներգրավվածության մեծացման միջոցով:

գ. Առաջնահերթություն սահմանել ՓՄՁ ֆինանսավորման, նորարարության և արտահանման խթանման ուղղություններով: Որպես օրինակ կարող է ծառայել ՓՄՁ քաղաքականության գործիքների սահմանումը, որոնք կհասցեագրեն տնտեսության առանցքային ճյուղերում (ագրոբիզնես, տեղեկատվական և հեռահաղորդակցության  տեխնոլոգիաներ,  զբոսաշրջություն  և  շինարարություն) ՓՄՁ-ների  հատուկ  կարիքները:

9.           Ունակությունները, որոնք անձին օգնում են կյանքում հաջողությունների հասնելու համար, սկզբնավորվում են կրթության դեռևս վաղ տարիներին: Այդ իսկ պատճառով կրթության տարբեր մակարդակներում` սկսած տարրական դպրոցից,  սովորողների մեջ պետք է դաստիարակել այնպիսի որակներ, ինչպիսիք են ստեղծագործելու կարողությունը, նորարարությունը, նախաձեռնողական ոգին, ինքնավստահությունը, սեփական գործողությունների նկատմամբ պատասխանատվության զգացումը:

10.         Ըստ Ազգային կրթակարգի` տեխնոլոգիա (աշխատանքի ուսուցում) և գործարարություն ուսումնական բնագավառը հնարավորություն է տալիս` ապահովելու սովորողների աշխատանքային դաստիարակությունը` ուսումնական հաստատությունում և դրանից դուրս գործնական, այդ թվում  գյուղատնտեսական և տեխնիկական աշխատանքների միջոցով, սերմանելու հարգանք աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ, ձևավորելու խնայողական վերաբերմունք բնության և այլոց աշխատանքի արդյունքների նկատմամբ, ինչպես նաև զարգացնելու սովորողների` գեղեցիկը կյանքում մարմնավորելու կարողությունը, յուրացնելու տարբեր նյութերի հետ կենցաղում աշխատելու կարողություններ, ստեղծագործական, տեխնիկական և տնտեսական նախագծերի միջոցով զարգացնելու գործարարության համար անհրաժեշտ կարողություններ:

11.           Քանի որ ձեռներեցությունը  անձի հենց այն գլխավոր ունակություններից  է, որն անհրաժեշտ է ինքնադրսևորման, սոցիալական ներգրավվածության, ակտիվ քաղաքացիության և աշխատունակության մեծացման  համար, գնալով առավել կարևոր և հրատապ է դառնում կրթության ոլորտում ձեռնարկատիրական կրթության ներդրման ապահովումը:

12.          Ձեռնարկատիրական կրթության հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել  գործարարության վերաբերյալ անհրաժեշտ  գիտելքիներ  և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք: 

13.          Ձեռնարկատիրական կրթության ներդրումը չի ենթադրում, որ բոլոր սովորողները  պետք է անպայման դառնան ձեռներեցներ և  ուղղված չէ միայն գործարարություն սովորեցնելուն, ստարտափներ կամ այլ տեսակի ձեռնարկություն հիմնելուն: Ձեռնարկատիրությունը կարևոր ունակություն է բոլորի համար: Լայն առումով այն սովորեցնում է անձին` ինչպես իր երազանքները  դարձնել իրականություն: Այն  խրախուսում  է նրանց  լինել նորարար, մտածել ստեղծագործաբար և գիտակցել սեփական անձի ներուժը: Ձեռնարկատիրական կրթությունից ձեռք բերած կարողությունները սովորողները կարող են կիրառել իրենց ողջ կյանքի ընթացքում, տանը և աշխատավայրում` անկախ իրենց ընտրած մասնագիտությունից:

 

Նախապատմություն. Խնդիրներ, նպատակներ

 

14.          2012թ. ՓՄՁ քաղաքականության համաթիվը քաղաքականություն մշակողների համար գործիք է, որը կոչված է բացահայտելու ՓՄՁ-ի իրական ներուժն աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի նպաստման գործում: Համաթիվը կառուցվում է քաղաքականության 92 ցուցանիշների հիման վրա և ներկայացնում է Փոքր բիզնեսի ակտի (ՓԲԱ, Small Business Act for Europe) 10 սկզբունքների համաձայն ՓՄՁ ազգային քաղաքականության գնահատման հայեցակարգ: Համաթիվը բացահայտում է ուժեղ և թույլ կողմերը քաղաքականության մշակման և իրականացման ասպարեզում և յուրաքանչյուր երկրի համար առաջադրում է առաջնահերթ բարեփոխումների ցանկ: Այն կառուցված է 2006թ., 2009թ. և 2012թ. արևմտյան բալկանյան երկրներում կիրառած օրինակների և «MEDA» տարածաշրջանի (ԵՄ-ի հարավային հարևանություն) 2008թ. գնահատման հիման վրա:

15.          Վերջին տասնամյակում բարելավվել է բիզնես միջավայրը: Ընկերությունների գրանցման գործընթացների բարեփոխումները նվազեցրել են կարգավորումների ավելորդ բեռը: Օրենսդրական բարելավումները նվազեցրել են ՓՄՁ-ի համար վարչական և օրենսդրական արգելքները:

16.         Հայաստանում սկսել են իրականացնել իրավական և կարգավորումների դաշտի բարեփոխումներ՝ ընդլայնելով ֆինանսական ոլորտը, որը ներկայումս ՓՄՁ-ի արտաքին ֆինանսավորման հիմնական աղբյուրն է:

 17.          Ամրապնդվել է ՓՄՁ զարգացման ինստիտուցիոնալ հենքը: Հայաստանը առաջընթաց է գրանցել հանրային-մասնավոր երկխոսությունների և միջգերատեսչական համակարգման միջոցով, հատկապես ՓՄՁ-ին ուղղված քաղաքականությունների և ինստիտուտների զարգացման ասպարեզում:

18.         Այնուամենայնիվ, դեռևս առկա է նպատակային քաղաքականությունների անհրաժեշտություն՝ ուղղված ՓՄՁ-ի համար ֆինանսավորման հասանելիության ապահովմանը և ձեռներեցության խթանմանը:

19.         Չնայած նրան, որ ֆինանսավորման հասանելիության ապահովման բնագավառում առկա են մի շարք հաջողված փորձեր (օրինակ՝ վարկային երաշխիքների համակարգեր, միկրոֆինանսավորում, մասնավոր ռիսկային կապիտալ), այնուամենայնիվ բացակայում են արդյունավետ քաղաքականությունները:

20.         Հայաստանում պետք է խթանվի ձեռնարկատիրական մտածելակերպը և զարգացնել ձեռնարկատիրական հմտությունների արդյունավետ քաղաքականություն՝ հիմնվելով պոտենցիալ գործարար առաջնորդների վերապատրաստման կարիքների վրա:

21.          Ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը կնպաստեն նաև կանանց ձեռներեցության խթանմանն ուղղված մեխանիզմները:

22.         ՓՄՁ-ի վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ: Առավել արդյունավետ  քաղաքականություն մշակելու և քաղաքականության գործիքների մոնիթորինգի և գնահատման համակարգի բարելավման համար անհրաժեշտ է արդիական, ճշգրիտ և համակողմանի տեղեկատվություն, որտեղ առավել բարենպաստ պայմաններ են գործում, թեև առկա են որոշակի մարտահրավերներ.

ա. Արդյո՞ք ՓՄՁ-ներին տրամադրվում են որակյալ վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:

բ. Ինչպե՞ս են երկրներում գնահատվում վերապատրաստման և ուսումնառության   արդյունքները:

23. Բոլոր ԱԳ երկրները քաղաքային և գյուղական կենտրոնների միջոցով ՓՄՁ- ներին վերապատրաստման ծառայություններ տրամադրելու համար մշակել են  քաղաքականություն  և  հատկացրել  ռեսուրսներ,  ներառյալ  առցանց գործիքները:  Տարածաշրջանում  դեռևս  հասանելի  չեն  հատուկ  խմբերին  (ինչպիսիք են երիտասարդ  ձեռնեռեցները,  կանայք  և  արագ  աճող  ձեռնարկությունները) հասցեագրող քաղաքականությունը և մեխանիզմները:

23.         Հայաստանում պարբերական կարգով գնահատման են ենթարկում ՓՄՁ-ների կարիքները վերապատրաստման բնագավառում, սակայն նման նախաձեռնությունները հիմնականում իրականացվում են ոչ պարբերաբար վերապատրաստման ծառայություններ տրամադրողների և գործատուների անհատական ջանքերով: ԱԳ երկրներից ոչ մեկում չի գործում որակի ապահովման ազգային ենթակառուցվածք՝ վերապատրաստման որակի կամ ուսումնառության արդյունքների գնահատման կամ վերապատրաստման դասընթացների միջազգային հավատարմագրման համար:

24.         Նշված իրավիճակում ձևավորվում են հետևյալ առաջնահերթությունները.

ա. ՓՄՁ հմտությունների զարգացման բնագավառում քաղաքականության բարելավման և ռեսուրսների բաշխման օպտիմիզացման նպատակով վերապատրաստման կարիքների վերաբերյալ տեղեկատվության պարբերական հավաքագրում:

բ. Որակի վերահսկման և ինստիտուցիոնալ աջակցությանը նպատակաուղղված մեխանիզմների մշակում սկսնակ ընկերությունների և արագ աճող ձեռնարկությունների համար:

գ. Բիզնես համայնքի և կառավարության համաձայնությամբ ընտրված չափանիշների օգնությամբ վերապատրաստման, խորհրդատվության և ֆինանսական աջակցության մեխանիզմների միջև կապերի ապահովում:

25.         Այնուամենայմիվ, վերը նշված բոլոր գործողություններով հանդերձ, Հայաստանի  համար առաջնային կարևորություն է հանդիսանում տնտեսական մրցակցային լայն աճի ապահովման գերխնդիրը: Որպես մարտահրավեր է դիտարկվում արտաքին առևտրի ընդլայնումը:

26.         Փոքր և միջին ձեռնարկությունները, սակայն, հնարավորություններ չունեն օգտվելու Եվրոպական Միության կողմից տրամադրվող լայն շուկայական հնարավորություններից: Դրա հիմնական խնդիրը տնտեսական քաղաքականությամբ, առևտրի խթանման ու մասնագիտական որակավորման քաղաքականությունն իրականացնող հաստատությունների ոչ բավարար կարողություններն են:

27.         Հայաստանի համար մեկ այլ կարևորագույն խնդիր է երիտասարդների համար ապահովել կրթություն, որի արդյունքում նրանք հետագայում կունենան իրենց կայուն տեղն ու դերը աշխատաշուկայում՝ այդպիսով ամրապնդելով սերտ կապը կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի միջև:

28.         Արդիական է դարձել ձեռնարկատիրական ուսուցման ներդրումը հանրակրթական, ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատություններում, հաշվի առնելով երիտասարդների մոտ ձեռնարկատիրական մտածողության բացահայտման և զարգացման կարևորությունը:

29.         Ձեռնարկատիրական կրթությունն ուղղված է երիտասարդների մոտ նախաձեռնության և ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ստեղծագործական ու նորարարական հմտությունների խթանմանն ու որոշումներ կայացնելու, պլանավորելու և իրենց սեփական նախագծերը ղեկավարելու հնարավորությունների ընձեռնմանը:

30.        ՀՀ հանրակրթության նպատակներից մեկը աշխատանքային պատրաստվածություն ունեցող անձի ձևավորումն է: Գործարար ոլորտը` որպես գործատու, հաճախ է դժգոհում, որ դպրոցն ավարտած շատ շրջանավարտներ, որոնք ընդունվում են վարձու աշխատանքի,  չեն տիրապետում աշխատանքային այնպիսի հիմնական հմտություններին, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքի ընթացքում որևէ խնդիր լուծելը, ժամանակը ճիշտ կառավարելը, թիմային աշխատանքներում ներգրավվելը, գրավոր և բանավոր ճիշտ հաղորդակցվելը, զգացմունքները  կառավարելը և այլն:

31.           Հաճախ ձեռնարկությունները ստիպված իրենք են կազմակերպում դասընթացներ՝ այդպիսի պարզագույն հմտությունները նրանց սովորեցնելու համար: Մինչդեռ այդ հմտությունները, գործարար ոլորտի կարծիքով, նրանք պետք է ձեռք բերեին հանրակրթության տարիներին:

32.         Սա, իհարկե, վերաբերում է միայն այսօրվա խնդիրներին: Խնդիրն ավելի է բարդանալու ապագայում` կապված տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական, կլիմայական փոփոխությունների հետ:  Այսօր պահանջարկ ունեցող շատ աշխատանքներ ապագայում պարզապես գոյություն չեն ունենալու:  Այդ աշխատանքները կկատարվեն արհեստական բանականության միջոցով գործադրվող էլեկտրոնային սարքավորումների, ռոբոտների, համակարգիչների  միջոցով:   Ստացվում է, որ 21-րդ դարի կրթությունը սովորողներին պետք է նախապատրաստի այնպիսի աշխատանքերի համար, որոնք դեռևս գոյություն չունեն:

33.         Այսօրվա սովորողը ապագայում օգտագործելու է  տեխնոլոգիական այնպիսի հնարավորություններ և օգտվելու է այնպիսի նորարարություններից, որոնք այսօր դեռևս չեն ստեղծվել: Այսպիսի հանգամանքներում հանրակրթությունը սովորողներին պետք է պատրաստի որոշ չափով անորոշ ապագայի համար:

34.         Ձեռնարկատիրական կրթությունը հենց այն գործիքն է, որը կնպաստի սովորողների շրջանում  աշխատանքային հիմնական հմտությունների ձևավորմանը: Հաշվի առնելով, որ ներկայումս  աշակերտները կրթական նպատակներով որպես  ուսումնական գործիք օգտագործում են նաև իրենց սմարթֆոնները, և  անլար համացանցի կիրառումը նրանց հնարավորություն է տալիս բառացիորեն ամենուրեք  շրջապատված լինելու  տեղեկատվությամբ, հենց նմանատիպ ուսումնական բաղադրիչների միջոցով  կարելի է հասնել սովորողների՝ աշխատանքային պատրաստվածության բավարար մակարդակին դեռևս ուսումնառության տարիներին:

35.          Ձեռնարկատիրական կրթությունը կնպաստի նաև սեփական ջանքերով և նախաձեռնությամ հիմնելու սեփական գործը` նպաստելով աշխատատեերի ընդլայնմանը, գործազրկության նվազեցմանը և զբաղվածության մեծացմանը:

 

                                                             Առաջարկվող լուծումներ, առավելություններ

36.        ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդիսանում է ձեռնարկատիրական ուսուցման ծրագրերի իրականացման հիմնական շահառուներից մեկը:

37.         Պետական քաղաքականության մոտեցումը պետք է սևեռված լինի ձեռնարկատիրության կայացմանն ու զարգացմանն ուղղված համակարգված քայլերին, ֆորմալ և ինֆորմալ կրթության բոլոր մակարդակներում: Ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը բոլոր կրթական մակարդակներում ապահովելու համար անհրաժեշտ է.

          Հանրակրթություն

38.        Հանրակրթության ոլորտում  նպատակահարմար է ձեռնարկատիրական կրթության տարրերը ներդնել  առաջիկա 4 տարվա ընթացքում. /ներդրման սկիզբը` սեպտեմբեր, 2017, ավարտը` սեպտեմբեր, 2020/՝ հիմնական դպրոցում ինտեգրման, ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում՝  առանձին առարկայի ուսուցման միջոցով:

39.        Ձեռնարկատիրական կրթությունը սովորողներին պետք է ապահովի  հետևյալ հիմնական կոմպետենցիաներով. 

1)             տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նոր ձեռնարկություն կամ ստարտափ հիմնելու և այն գործարկելու համար,

2)            իրավիճակները քննարկելու, դրանք հասկանալու, ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու կարողություն,

3)            նախաձեռնողականություն և հնարավորությունները  բացահայտելու  և գնահատելու կարողություն,

4)            մտքեր, մտահղացումներ,  բիզնես գաղափարներ ստեղծելու և դրանք ներկայացնելու կարողություն,

5)            նորարարությունները հասկանալու և գնահատելու, ինչպես նաև նորարարություններ մտածելու կարողություն,

6)           բիզնես պլան, ինչպես նաև ցանկացած գործողությունների պլան կազմելու կարողություն,

7)            տեխնիկական և տեխնոլոգիական նորամուծությունները գնահատելու և դրանք կիրառելու կարողություն,

8)           անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները բացահայտելու   կարողություն,

9)           շուկայական  հետազոտություններ կատարելու  կարողություն,

10)         փող վաստակելու հնարավորությունները հասականալու կարողություն,

11)           վաստակած շահույթը ճիշտ օգտագործելու կարողություն,

12)          ժամանակը ճիշտ կառավարելու և իրատեսական պլաններ կազմելու կարողություն,

13)          արդյունավետորեն գրավոր և բանավոր հաղորդակցվելու, ժողովներ և հանդիպումներ կազմակերպելու կարողություն,

14)          ստեղծագործաբար և քննադատաբար մտածելու կարողություն,

15)          կառավարչական հմտություններ զարգացնելու կարողություն,

16)         կարողանալ պատկերացնել, թե ողջ նախագծի իրականացումը  ինչպիսի առաջադրանքների կատարում է պահանջում, կարողանալ որոշել այդ առաջադրանքների կատարման իրական ժամկետները և պատասխանատուներին, հասկանալ ռիսկային գործոնները և ակնկալվող արդյունքները,

17)          կարողանալ վերլուծել ստացված տեղեկատվությունը և ըստ անհրաժեշտության կիրառել այն,

18)         կարողանալ պատկերացնել` ինչպես են ստեղծվում ստարտափները` սկսնակ ձեռնարկությունները,  կամ այլ տեսակի ձեռնարկությունները և կրթական ծրագրի շրջանակներում ստեղծել սեփական ձեռնարկությունը:

19)         կարողանալ բացահայտել և հասկանալ հաջողակ ձեռներեցների և ներդրողների գործունեությունը, ինչպես նաև պատկերացնել, թե ինչպես են նրանք արժեք ստեղծում իրենց և այլոց համար,

20)         կարողանալ բացատրել` ինչ է նշանակում կազմել  գործարարության ռազմավարություն,

21)          կարողանալ թվարկել բիզնես և աշխատանքային էթիկայի հիմնական նորմերը և բացատրել դրանց  պահպանման անհրաժեշտությունը հաջողված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար, 

22)         կարողանալ էթիկական հիմնական նորմերը կիրառել իր  շրջապատում,

23)         կարողանալ նկարագրել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և այդ սկզբունքների  կիրառման անհրաժեշտությունը  բիզնես գործունեության մեջ:

 

Ինտեգրման սկզբունքները և մեթոդները

40.         Ձեռնարկատիրական կրթության տարրեր նախատեսվում է ներդնել   «Տեխնոլոգիա» առարկայի միջոցով՝

1)             Տարրական դպրոցի 2-4 դասարաններում

2)            Հիմնական դպրոցի 5-7 դասարաններում

41.          Տեխնոլոգիայի  ուսուցման գործընթացում ձեռնարկատիրական  կրթության ինտեգրումը՝

1)             չպետք է ավելորդ ծանրաբեռնվածություն առաջացնի սովորողների համար,

2)             դասավանդման տեսանկյունից պետք է լինի հետաքրքիր և դյուրըմբռնելի,

3)             ձեռներեցության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է մատուցվի փոքր չափաբաժիններով, ներկայացվի պարզ, մատչելի և գրավիչ ձևերով՝ խուսափելով տվյալ տարիքի երեխայի կյանքին չառնչվող տեղեկատվություն հաղորդելու գայթակղությունից,

4)            պետք է կրի ինտերակտիվ բնույթ՝ հենվելով աշակերտակենտրոն ուսուցման առավելությունների վրա,

5)            ինտեգրվող և հիմնական նյութը պետք է փոխլրացնեն միմյանց՝ կազմելով ամբողջական միավոր, առանց ձախողելու դասի նպատակը:

 

      Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի բովանդակությունը

42. Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրումը նպաստում է սովորողի այնպիսի որակների ձևավորմանը, որոնց շնորհիվ նա կկարողանա իր գիտելիքներն ու հմտությունները կիրառել հետևյալ ուղղություններով.

43. Ձեռներեց և ձեռնարկատիրություն (ձեռներեցություն)

1)     Բիզնես գաղափար և բիզնես պլան

2)    Շուկայի հետազոտություն և վերլուծություն

3)    Ինչպես ստեղծել ձեռնարկություն. բիզնեսը որպես իրավական միավոր

4)    Բիզնես էթիկա, աշխատանքային էթիկա

5)    Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

44.         Ձեռնարկատիրական կրթության գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի այն տարրերը, որոնք ինտեգրված ձևով ներառվելու են «Տեխնոլոգիա» առարկայի բովանդակության մեջ,  առարկայական ծրագրերի կառուցվածքային էական փոփոխություններ չեն պահանջում:

45.         Տեխնոլոգիայի առարկայական ծրագրերում ոչ թե առանձին թեմաներ և դասաժամեր են հատկացվելու ձեռներեցական գիտելիքների համար, այլ տեխնոլոգիայի նյութի ուսուցմանը զուգընթաց սահմանվելու է նաև ձեռներեցական կարողությունների ձևավորման նպատակ: Իսկ վերջինիս իրականացման համար ծրագրվում է դիտարկել գործարար ոլորտի այնպիսի իրավիճակներ, օրինակներ, առաջադրանքներ, խաղեր, որոնց իրականացումը և կատարումը անմիջական առնչություն ունեն ուսուցանվող նյութի բովանդակության և կիրառության հետ

46.        Ձեռնարկատիրական կրթության ներդրման հիմք է հանդիսանում նաև Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության ծավալած գործունեությունը, որը  ՀՀ հանրակրթության բնագավառում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության ծրագրեր է իրականացնում դեռևս 1992 թվականից: 1992 թվականից առ այսօր կազմակերպության կողմից վերապատրատվել է շուրջ 1500 ուսուցիչ, վերոհիշյալ ծրագրերին մասնակցել է ավելի քան  200 000 աշակերտ:

47.         Կազմակերպության կողմից մշակվել և հրատարակվել են այդ ոլորտներին առնչվող ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, մեթոդական ուղեցույցներ` կիրառական տնտեսագիտություն, ձեռնարկատիրական կրթություն, աշակերտական գործարար ընկերություններ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներ:

48.        Կազմակերպությունը անդամակցում է Պատանեկան նվաճումներ միջազգային կազմակերպությանը, որն աշխարհում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն տրամադրող ամենահզոր կառույցն է: Վերոնշյալ ձեռնարկները  Պատանեկան նվաճումներ միջազգային կազմակերպության հեղինակած ուսումնական նյութերի վերամշակված և տեղայնացված տարբերակներն են, որոնք տարիներ ի վեր փորձարկվել են հանրապետության հարյուրավոր դպրոցներում:

 

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Բովանդակային միջուկ` 2-րդ դասարան

Ձեռներեց և ձեռներեցություն (ձեռնարկատիրություն)
Ինչ է բարիքը, և ով է ստեղծում այն: Ով է ձեռներեցը: Ինչ է ձեռներեցությունը (ձեռնարկատիրությունը): Բարիքի տեսակները. ապրանքներ և ծառայություններ: Ինչպիսին պետք է լինի ձեռներեցը, և ինչ հատկանիշներ պետք է նա ունենա: Ինչ է ռիսկը:

Բիզնես գաղափար
Մտքի/ մտահղացման  ձևակերպում: Մտքի/ մտահղացման իրականացում:

Բիզնես պլան
Աշխատանքային պլանի կազմում:
Բիզնես էթիկա
Ինչ է էթիկան: Էթիկական նորմեր:


Բովանդակային միջուկ` 3-րդ դասարան

Բիզնես գաղափար
Ձեռներեց, ձեռներեցական միտք, գաղափար: Նոր մտքի/ մտահղացման ստեղծում:
Մտքերի/ մտահղացումների համեմատում:

Շուկայի հետազոտություն
Ուսումնասիրությունների և հետազոտությունների անցկացում / կարծիքների  
բացահայտում: Ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքների վերլուծություն, արդյունքների ամփոփում:

 

Բովանդակային միջուկ` 4-րդ դասարան

 

Ձեռներեց և ձեռնարկատիրություն

Ինչպես է ձեռներեցը ռիսկի դիմում որևէ ապրանք/ ծառայություն ստեղծելիս:

Բիզնես գաղափար
Բիզնես գաղափարի  ձևակերպում:

Ցանկություններ, կարիքներ. Սակավություն
Ինչ են ցանկությունները և կարիքները: Ինչ է սակավությունը:
Ապրանքներ և ծառայություններ

Ինչ է ծառայությունը: Ինչ է ապրանքը: Ապրանքի և ծառայության տարբերակումը:

Շուկա. Արտադրողներ, վաճառողներ և սպառողներ
Ովքեր են արտադրողները, վաճառողները և սպառողները: Ինչ է շուկան:
Բիզնես պլան
Ինչ է Բիզնես պլանը: Բիզնես պլանի կազմում աշակերտների կողմից

Բիզնես էթիկա
Էթիկական նորմերի կարևորությունը ձեռնարկատիրական գործունեության մեջ:

 

ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ

Բովանդակային միջուկ` 5 –րդ դասարան

 

Ձեռներեց և ձեռներեցություն

Հաջողակ ձեռներեց լինելու անձնական հատկանիշները: Հաջողակ ձեռներեց լինելու մասնագիտական գիտելքիները և հմտությունները: Ռիսկ: Ռիսկի գնահատում: Աշխատանք: Աշխատանքային հմտություններ: Ինքնազբաղվածություն և վարձու աշխատանք:

Բիզնես էթիկա

Էթիկական նորմեր

Սոցիալական ձեռներեցություն

Ինչ է սոցիալական ձեռներեցությունը:

 

Բովանդակային միջուկ` 6 –րդ դասարան

 

Արտադրության գործոններ և ռեսուրսներ

Որոնք են արտադրության գործոնները

Նորարարություն և ստեղծարարություն

Նորարարությունների և նոր գաղափարների ստեղծման գործընթացը: Ստեղծարարություն:

Շուկայի հետազոտություն
Հարցաշարի կազմում, հարցումների անցկացման կազմակերպում, շուկայական պահանջարկի ուսումնասիրություն

Բիզնես պլան
Բիզնես պլանի կազմում աշակերտների կողմից
Ձեռներեցության շարժիչ ուժը

Ինչ են արտադրության ծախքերը: ինչ է ինքնարժեքը: Ինչ է եկամուտը: Ինչ է շահույթը  և ինչպես է այն հաշվարկվում: Շահույթի ակնկալիքը` որպես ձեռներեցության շարժիչ ուժ

Գովազդ

Գովազդի տեսակները: Գովազդի դրական և բացասական կողմերը: Գովազդի պատրաստում աշակերտների կողմից:

Շուկայի հետազոտություն
Շուկայի վերաբերյալ տվյալների հավաքում և ուսումնասիրում

Խելացի սպառող

Ինչ է նշանակում լինել խելացի սպառող: Ապրանքի պիտակը: Ինչպես ճիշտ հասկանալ պիտակի վրայի տեղեկությունները:

Սոցիալական ձեռներեցություն
Ինչ է սոցիալական ձեռներեցությունը: Ինչու է այն կարևոր: Ինչ է կամավորությունը:

 

Բովանդակային միջուկ 7 – րդ դասարան

 

Աշխատանքի կազմակերպումը
Աշխատանքային անվտանգություն: Անվտանգ աշխատանքային միջավայր և պայմաններ Աշխատանքի բաժանում:

Աշխատանքային էթիկա

Ինչու է կարևոր աշխատանքային էթիկան: Աշխատանքային էթիկայի նորմերը և դրանց կիրառությունը:

Ինչպես ընդունվել աշխատանքի

Ինչպես ճիշտ նախապատրաստվել հարցազրույցներին: Ինչպես լրացնել ինքնակենսագրական թերթիկը: :

Ապրանքանիշ, հեղինակային իրավունք

Ինչ է ապրանքանիշը: ինչպես է այն պաշտպանվում: Ինչ է հեղինակային իրավունքը: Ինչպես է այն պաշտպանվում:

Սպառողի իրավունքները
Ապրանքի/ ծառայության անվտանգությունը որպես սպառողի իրավունք:

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Բովանդակային միջուկ` 10 – րդ դասարան

 

Ինչ է տնտեսագիտությունը

Ինչ է տնտեսագիտությունը, և ինչու է այն կարևոր: Ինչպես են բաշխվում ապրանքները և ծառայությունները շուկաների և ազատ փոխանակության միջոցով: Ինչ է սակավությունը և այընտրանքի գինը: Ինչ են արտադրության գործոնները: Ինչ են այընտրանքը, սահմանային ծախքն ու սահմանային օգուտը և ինչպես են դրանք ազդում մեր ամենօրյա որոշումների վրա:Ինչ հիմնական տնտեսական ընտրություններ են կատարվում հասարակության մեջ:

Պահանջարկ, առաջարկ, շուկայական հավասարակշռություն

Ինչ դեր են խաղում գները շուկայական տնտեսության մեջ: Ինչ է պահանջարկը և ինչպես է այն ներկայացնում գնի ազդեցությունը: Ինչ կապ գոյություն ունի անհատական պահանջարկի և շուկայական պահանջարկի միջև: Ինչ է պահանջարկի գնային առաձգականությունը: Ինչ է առաջարկը և ինչպես է այն արձագանքում գնի ազդեցությանը: Ինչ կապ գոյություն ունի շուկայական առաջարկի և վաճառողների անհատական առաջարկի միջև: Ինչ է առաջարկի առաձգականությունը և ինչով է այն պայմանավորված:  Ինչ է հավասարակշիռ գինը: Ինչպես են հավասարակշիռ գները բաշխում ապրանքները և ծառայությունները: Ինչպես են առաջարկի և պահանջարկի փոփոխությունները հանգեցնում հավասարակշիռ գների փոփոխության: Ինչպես են հավասարակշիռ գները կարևոր տեղեկատվություն տալիս և խթանում սպառողներին և արտադրողներին:

Ազատ ձեռնարկատիրություն

Որոնք են ազատ ձեռնարկատիրության հենասյուները: Ինչ դեր ունի շահույթը ազատ ձեռնարկատիրական համակարգում: Տնտեսության կազմակերպման այլ համակարգերը: Գործարար կազմակերպությունների ձևերը, դրանց առավելությունները և թերությունները:Ինչպես է տեղի ունենում շրջապտույտ տնային տնտեսությունների և գործարար ձեռնարկությունների միջև: Ինչ է փողը: Որոնք են փողի գործառույթները: Ինչ դեր ունի ձեռներեցությունը տնտեսության աճի գործում:

Սպառողներ, խնայողներ և ներդրողներ

Որոնք են տնային տնտեսությունների եկամուտների հիմնական աղբյուրները: Ինչ դեր ունի անձնական բյուջեն սպառողի և խնայողի տեսանկյունից: Սպառում և խնայում: Ներդրումները և հարստության աճը:Վարկ: Ապահովագրություն: Սպառողների իրավունքները և դրանց պաշտպանությունը ազատ ձեռնարկատիրական համակարգում:

Գործարարության ֆինանսավորումը

Ինչպես են ֆինանսական շուկաները նպաստում գործարարությանն անհրաժեշտ կապիտալային ռեսուրսների ձեռք բերմանը: Ինչ են բաժնետոմսերը: Ին է արժեթղթերի շուկան: Ինչ է հաշվեկշիռը և ինչ է տեղեկագիրը:

Արտադրություն և արտադրողականություն

Ինչ է համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) և ինչպես է այն չափվում: Ինչ է բնակչության կենսամակարդակը: Ինչպես են ՀՆԱ-ի փոփոխությունները և արտադրողականությունը ազդում բնակչության կենսամակարդակի վրա: Որոնք են արտադրողականության աճի հիմնական գործոնները: Ինչու են արտադրության ծախքերը փոխվում` կախված արտադրության ծավալի փոփոխությունից:

Ինչպես են մրցակցում ձեռնարկությունները

Մրցակցությունը և շուկայի կառուցվածքը: Զուտ մրցակցությունը և զուտ մոնոպոլիան: Մոնոպոլիստական մրցակցություն և օլիգոպոլիա: Շուկայավարություն (մարկետինգ):

 

Աշխատանք և սոցիալական երաշխիքներ

Ինչպես են շուկայական ուժերը ազդում աշխատավարձի վրա: Աշխատանքային ռեսուրսների շարժը:Գործազրկությունը, դրա տեսակները և հետևանքները:Աղքատությունը և դրա հաղթահարման ուղիները: Եկամտի բաշխումը:

Կառավարությունը և տնտեսությունը

Պետական քաղաքականությունը տնտեսության մեջ: Կառավարության դերը տնտեսության մեջ: Պետությունը` որպես իրավարար: Կառավարությունը` որպես կառավարիչ: Կառավարությունը` որպես մասնակից: Պետական որոշումնեն իր լրումն շուկայական որոշումների: Պետական և մասնավոր հատվածների փոխազդեցությունը: Ինչպես է կառավարությունը ծախսում փողը: Որոնք են կառավարության եկամտի աղբյուրները: Հարկեր: Պետական բյուջե:

Փող և ֆինանսկան հաստատություններ

Ինչ է փողը և ինչով է այն բնութագրվում: Ինչ ծառայություններ են մատուցում բանկերը և ֆինանսկան հաստատությունները: Ինչպես են բանկերը փող ստեղծում: Ինչ դեր է խաղում Կենտրոնական բանկը: Ինչու է փոխվում փողի արժեքը: Ինչ է արժեզրկումը և ինչու է այն կարևորվում:

Տնտեսկան կայունություն և աճ

Ինչ ցուցանիշներ են օգտագործվում տնտեսության վիճակը գնահատելու համար: Տնտեսական աճի գործոնները: Որոնք են տնտեսական պարբերաշրջանները. բարձրակետ, անկում, ցածրակետ, վերելք: Ինչպես է պետությունը փորձում կայունացնել տնտեսությունը:  Հարկաբյուձետային և դրամավարկային քաղաքականություններ:

 

Բովանդակային միջուկ` 11 – րդ դասարան

 

Բիզնես գաղափարի մշակում և գնահատում

Բիզնես գաղափարի արժեքը: Բիզնես գաղափարների մտահղացման խոչընդոտները:

Պոտենցիալ բիզնես գաղափարների աղբյուրները:Բիզնես գաղափարների գնահատումը:

Բիզնես գաղափարի վերլուծումն` ըստ շուկայի պահանջների:Նորարարություն և ստեղծարարություն:

Շուկայի հետազոտություն և վերլուծություն

Շուկայի հետազոտության անհրաժեշտությունը: Շուկայի հետազոտության հիմնական ուղղությունները: Շուկայի հետազոտության գործընթացը: Շուկայի հետազոտության արդյունքների խմբավորում և վերլուծություն: Պահանջարկի գնահատում:

Մրցակցային միջավայրի վերլուծություն:

Բիզնես պլան

Ինչ է բիզնես պլանը և որոնք են նրա նպատակները: Ինչպես գրել բիզնես պլան: Բիզնես պլանի կառուցվածքը: Մարքետինգային պլան: Աշխատանքային պլան: Ներդրումային պլան: Ֆինանսական պլան: Վտանգների գնահատում:

Բիզնեսի համար ֆինանսական միջոցների հայթայթում
Ֆինանսական միջոցների պահանջների սահմանում:Կանոնադրական կապիտալ: Վարկ:

Արժեթղթեր:

Հարկեր
Ինչու են անհրաժեշտ հարկերը եվ այլ վճարումները: Հարկերի եվ պարտադիր վճարների տեսակները Հայաստանի Հանրապետությունում: Հաշվետվություններ:

Բիզնեսը որպես իրավական միավոր

Անհատ ձեռնարկատերեր: Իրավաբանական անձինք: Ձեռնարկությունների պետական գրանցման գործընթացը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Ինչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը /ԿՍՊ/: ԿՍՊ-ի անհրաժեշտության հիմնավորումը բիզնես տեսանկյունից: Սոցիալապես պատասխանատու ներդրումներ:

Բիզնես էթիկա

Ինչ է բիզնես էթիկան: Էթիկական նոմերի կիրառումը բիզնես գործունեության մեջ:


Նախնական/արհեստագործական/ մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն

49.        Մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները պետք է օգնեն ուսանողներին, բացահայտելու սեփական ձեռնարկատիրական ներուժը կարիերայի ուղղորդման միջոցով ևս, տալով նրանց ձեռնարկատիրական փորձի և նորարարությունների մասին գիտելիքներ, հմտություններ՝ ապահովելով մրցունակությունը աշխատաշուկայում ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում:

50.        Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների հիմնական մասի պետական կրթական չափորոշիչներում արդեն իսկ ներառված են երկու մոդուլներ, որոնք կարող են ապահովել այն հմտությունների մի մասը, ինչը պահանջվում է ձեռնարկատիրական գործունեության համար:

51.          Այդ մոդուլներն են՝

1)     Կազմակերպության և առանձին ստորաբաժանումների գործունեության կազմակերպում

2)    Կազմակերպության էկոնոմիկա և կառավարում:

52.         Հաշվի առնելով այս մոդուլների ուսուցման բնագավառում ձեռք բերված փորձը և դրանց ուսումնառության արդյունքները համադրելով <<Ձեռնարկատիրական հմտություններ>> մոդուլի ուսումնառության արդյունքների հետ հնարավոր կլինի ձևավորել այն մոդուլը, ինչը թույլ կտա ամբողջացնել ամբողջական մոդուլի պահանջները: Այս դեպքում անհրաժեշտ է լինելու վերանայել մոդուլի ամբողջական գնահատման առաջադրանքի բովանդակությունը:

53.         «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» ուսումնական մոդուլի մշակման և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում փորձնական գործողությունների ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական գործողությունները.

1)             ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից իրականացվող «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի մեթոդաբանության ներկայացում և վերապատրաստում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ընտրված դասխոսների համար՝ ուսումնական պրոցեսում ամբոջությամբ ընդգրկվելու նպատակով:

2)            «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» ուսումնական մոդուլի մշակում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ հիմնված ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի մեթոդաբանության վրա:

3)            Նախնականմասնագիտական/արհեստագործական/  և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մոդուլի կիրառում/դասընթացների անցկացում:

4)            Ծրագրիընթացիկմշադիտարկում/մոնիթորինգ:

5)            Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ), Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) մասնակցությամբ «Ձեռնարկատիրություն» չափորոշիչ և մոդուլային ծրագրի կազմում:

6)           Ծրագրի արդյունքների ամփոփում, դիտարկումների, առաջարկների և հետագա քայլերի ներկայացում:

54.         «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» ուսումնական մոդուլի մշակաման և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում փորձնական գործողությունների ծրագրի իրականացման և մոնիթորինգի արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը, աշխատաշուկայի պահանջարկին միտված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ ունենալու երկրի վարած քաղաքականությունը, աշխատաշուկայի ներկայիս զարգացումները` առաջարկվում է.

1)             «Ձեռնարկատիրական հմտություննների զարգացում» մոդուլը ներառել ՄԿՈՒ պետական կրթական չափորոշիչներում:

2)            Նորմատիվային փաստաթղթերում կատարել անհրաժեշտ փոփոխություններ և մշակել մոդուլի ներդրման ընթացակարգ:

3)            Կազմակերպել ուսումնականհաստատություններիդասավանդողների և ՄԿՈՒ կառավարում իրականացնողների վերապատրաստում:

4)            Մշակել ձեռնարկներ՝ ուսանողի, դասավանդողի և ՄԿՈՒ քաղաքականություն մշակողների համար:

Բարձրագույն կրթություն

55.         Բարձրագույն կրթական ոլորտի արդի հիմնախնդիրներից է մնում այն, որ կրթական ծրագրերում գերակշռում են սովորողների տեսական պատրաստվածությունը, շրջանավարտները չունեն կյանքի և մասնագիտական գործունեության համար բավարար կիրառական կարողություններ ու հմտություններ:

56.        Այս խոչընդոտների հաղթահարման նպատակով բուհերի ուսանողներին և շրջանավարտներին  մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ տրամադրելու, կարիերայի և ձեռներեցության զարգացմանը նպաստող դասընթացներ կազմակերպելու, գործատուների հետ կապեր հաստատելու, դպրոցների հետ կապի և համագործակցության ստեղծման նպատակով ՀՀ բուհերում (80%) ստեղծվել են «Կարիերայի կենտրոններ», որոնց նպատակներից է նաև խթանել մասնագիտական ձեռներեցության իրականացման հնարավորությունների ընձեռումը ուսանողներին:

57.         Կենտրոնների կողմից իրականացվում է դիմորդների և ուսանողների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված գործառույթ` ամբողջական տեղեկատվություն տրամադրելով աշխատաշուկայի առկա վիճակի, զարգացման միտումների, կրթական համակարգի ընձեռնած հնարավորությունների և մասնագիտությունների վերաբերյալ: Շրջանավարտների և գործատուների միջև կապ հաստատելու նպատակով բուհերի և գործատուների միջև կնքվել է «Համագործակցության համաձայնագիր»:

58.        Շրջանավարտների մասնագիտական կրթության և զբաղվածության արդի մարտահրավերներից մեկը կարիերայի գիտակցված ուղղորդման, պլանավորման և կառավարման հնարավորությունների ստեղծումն է: Հաշվի առնելով շրջանավարտների շրջանում առկա գործազրկության բարձր մակարդակը` աշխատաշուկայում նրանց մրցունակությունը բարձրացնելու և ինքնազբաղվածությանն ուղղված կարողությունները զարգացնելու նպատակով որոշ բուհերի ուսումնական պլաններում որպես կամընտրանքային ներդրվել է «Կարիերայի կառավարում» առարկան, որի հիմնական նպատակն է բարձրացնել ուսանողների շրջանում աշխատաշուկա մուտք գործելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների մակարդակը, ուսանողների մոտ զարգացնել աշխատաշուկայի և կարիերայի հնարավորությունների մասին տեղեկատվությունները ուսումնասիրելու կարողությունները:

59.        Առարկայի դասավանդումից ակնկալվող արդյունքն է` բուհերի շրջանավարտների առանցքային կարողությունների զարգացումը` ուղղված աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և կայուն զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը, այդ թվում ձեռնարկատիրական հմտությունների բացահայտմանը և զարգացմանը:

60.        ՀՀ 9 պետական և 2 ոչ պետական բուհերի աշխատակիցներ մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի» կողմից կազմակերպված վերապատրաստումներին, ինչպես նաև «Բուհերում կարիերայի ուղղորդման աշխատանքները», «Ձեռներեցությունը որպես կարիերայի այլընտրանք» և «Կարիերայի կառավարում. Ուսանողների ձեռներեցության կարողության զարգացում» թեմաներով սեմինարներին:

61.         Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման և նոր գործիքակազմի ներդրման նպատակով ութ պետական բուհեր ներառված են Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Tempus Hen-Gear ծրագրի մեջ, որի շրջանակներում ուսանողների աշխատաշուկա մուտք գործելը հեշտացնելու և հետադարձ կապ ապահովելու նպատակով, ինչպես նաև գործատուների և ուսանողների միջև անմիջական կապ ստեղծելու համար որոշ կենտրոններում ներդրվել են Էլեկտրոնային հարթակներ: Շրջանավարտների հավաքագրված տվյալների հիման վրա կատարվել է փորձնական արդյունքների վերլուծություն: Նույն հարթակը թույլ է տալիս կատարել վերլուծություն` շրջանավարտների զբաղվածության ցուցանիշների վերաբերյալ:

62.         Առնչվելով տնտեսագիտական առարկաների և ձեռնարկատիրության հետ՝ ոչ ձեռնարկատիրական կրթության մասնագիտություններ ստացող ոլորտի ուսանողներին մոտիվացնելու լավագույն մեթոդը դա՝ համապատասխան ոլորտի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ ներկայացնելն է:

63.        Ոչ ձեռնարկատիրական կրթության մասնագիտություններ ստացող ուսանողները գործնականում կարողանում են ներկայացնել առավել արդյունավետ մտքեր, այնուամենայնիվ շատ հաճախ նրանց չի բավարարում տեսական գիտելիքներ՝ ոլորտում զբաղվելու ձեռներեցությամբ: Այս նախադրյալներով, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողներին նախատեսվում է ոչ ձեռնարկատիրական ուղղվածություն ունեցող մասնագիտությունների կրթական ծրագրերում ընդգրկել հատուկ դասախոսություններ մտավոր սեփականության, առտևտրային գործընթացի, մարքեթինգի և ձեռնարկատիրական կապիտալի շուրջ:

64.        Այսպիսով կանխատեսվում է, որ ձեռնարկատիրական կրթության լայն կիրառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում կնպաստի նորարարական նոր նախագծերի իրագործմանը և փոքր ու միջին բիզնեսի  խթանմանը:

  • Քննարկվել է

    07.06.2017 - 22.06.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

19.06.2017 19:37

edu.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9876

Տպել