Հիշել նախագիծը

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ազատությունից զրկված անձանց կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը պետության կարևորագույն խնդիրներից է: Այս համատեքստում հարկ է նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուրի կյանքի իրավունքը՝ այդպիսով պետության համար նախատեսելով ոչ միայն այդ իրավունքի խախտումից զերծ մնալու, այլև դրա պաշտպանությունն ապահովելու պարտականություն:

Այս առումով պետության պոզիտիվ պարտականությունը դիտարկվում է 2 ասպեկտով՝ նորմատիվ-իրավական համապատասխան կարգավորման դաշտի ստեղծում և կանխարգելիչ միջոցների ձեռնարկում:[1]

Ըստ այդմ՝ ազատությունից զրկված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության տեսանկյունից կարևորվում է նաև նրանց կողմից կատարվող ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների ձեռնարկումը, առաջին հերթին՝ համապատասխան օրենսդրական դաշտի ապահովումը:

Ներկայումս օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձինք, որոնք ունեն իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում, գործնականում հասանելիություն են ունենում այնպիսի միջոցների, որոնք կարող են օգտագործվել իրենց առողջությանը վնաս հասցնելու, ընդհուպ մինչև՝ կյանքից զրկելու համար:

Մասնավորապես՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած 5 ինքնասպանությունները իրականացվել են կախվելու միջոցով, իսկ մինչ այդ՝ 2011 թվականի հունվարի մեկից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված 27 ինքնասպանություններից 26-ն են կատարվել կախվելու միջոցով, ընդ որում՝ ազատությունից զրկված անձինք օգտագործել են ինքնաշեն պատրաստված պարան, կոշկաքուղեր, սավան և այլն:

Ելնելով վերոգրյալից՝ հարկ է փաստել, որ ազատությունից զրկված անձանց՝ իրենց վնասելու համար օգտագործվող հնարավոր միջոցներին հասանելիությունը համապատասխան ժամանակահատվածով սահմանափակելը ներկայումս անհրաժեշտություն է և ի թիվս իրականացվող այլ միջոցառումների՝ գործուն միջոց կարող է դառնալ քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումները և ինքնասպանությունները կանխարգելելու տեսանկյունից:

Այս առումով հարկ է նշել նաև, որ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) իր գործունեության 3-րդ ընդհանուր զեկույցի 59-րդ կետով ինքնասպանությունների դեմ արդյունավետ պայքարի համատեքստում շեշտադրում է անհրաժեշտությունը՝ սահմանափակելու ազատությունից զրկված անձանց հասանելիությունը կյանքից զրկելու միջոցներին (պատուհանավանդակի ձողեր, կոտրված ապակի, գոտիներ, փողկապներ և այլն):[2]

Այս խնդիրներին պարբերաբար անդրադարձ է կատարում նաև Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) իր՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում:

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ 2019 թվականի տարեկան զեկույցում Պաշտպանը մասնավորապես նշել է, որ դեռևս շարունակում է չլուծված մնալ նաև ԽԿԿ-ի բարձրացրած խնդիրն այն մասին, որ կյանքից զրկելու միջոցները (պատուհանավանդակի ձողերը, կոտրված ապակին, գոտիները, փողկապները և այլն) չպետք է հասանելի լինեն ինքնասպանության ռիսկի խմբին դասվող անձանց, ինչն արձանագրվել է նաև նախորդ տարիներին Քրեակատարողական հիմնարկներ կատարված այցերի ընթացքում:

Արդյունքում Պաշտպանը ընդգծել է անհրաժեշտությունը՝ նախատեսելու ինքնավնասման, ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց կյանքից զրկելու միջոցներին անհրաժեշտ ժամանակահատվածով հասանելիությունը սահմանափակելու օրենսդրական հնարավորություն (օրինակ՝ պարան, կոշկաքուղեր, սավան, գոտի և այլն): [3]

Այսպիսով, չնայած խնդրի վերաբերյալ առկա վերոնշյալ մոտեցումներին և գործնականում ազատությունից զրկված անձանց կողմից իրենց առողջությանը և կյանքին վնաս հասցնելու նպատակով կոշկաքուղերի, պարանների և այլ միջոցների օգտագործմանը՝ ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց կյանքից զրկելու միջոցներին հասանելիությունը սահմանափակելու օրենսդրական կարգավորումը բացակայում է:

Ուստի  այդպիսի սահմանափակման նախատեսմամբ և ազատությունից զրկված անձանց կյանքի իրավունքի ապահովմամբ պայմանավորված՝ առկա է Նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ազատությունից զրկված անձանց կողմից կատարվող ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ:

Այսպես, «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝

1) նախատեսել, որ իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց արգելվում է հանձնուքներով փաթեթներով, ծանրոցներով ստանալ կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ՝ այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում,

2) նախատեսել, որ իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց արգելվում է իրենց մոտ պահել կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ՝ այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հնարավորություն կստեղծվի գործնականում բացառել կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր միջոցներին այն դատապարտյալների և կալանավորված անձանց հասանելիությունը, որոնք իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հակում ունեն, այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում՝ այդպիսով նպաստելով ազատությունից զրկված անձանց կողմից կատարվող ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխմանը և նրանց կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությանը:

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

 

 

[1] https://www.echr.coe.int/Documents/Guide_Art_2_ENG.pdf

[2] https://rm.coe.int/1680696a40

[3] https://www.ombuds.am/images/files/aaecbd07ea51e62da1b42ceed9470f81.pdf

  • Քննարկվել է

    23.06.2020 - 08.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5927

Տպել

Առաջարկներ`

Grigor Minasyan

23.06.2020

կառաջարկեմ թվարկված իերի մեջ առանձնահատուկ շեշտել նաև ածելին, քանի որ շատ հաճախ ածելիով է հենց կատարվում ինքնավնասումը: Բացի այդ, կառաջարկեմ օգտագործել ոչ միայն կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ, այլ նաև առողջությանը վնաս հասցնելու համար օգտագործվող առարկաներ տերմինը, քանի որ շատ դեպքերում քննարկումների և բողոքների հիմք կարող է դառնալ որևէ առարկայի՝ դատապարտված անձի մոտ գտնվելու արգելքի փաստը, այն հիմնավորմամբ, որ նրանք կամ պաշտպանները կարող են ասել, որ որևէ առարկա կյանքից զրկելու համար չի օգտագործվել, ուստի նրա մոտ այդ առարկայի պահելը չթույլատրելն ապօրինի է: Այս տարըմբռնումներից զերծ մնալու համար կառաջարկեմ ներառել նաև այս դիտարկումը

Տեսնել ավելին