Հիշել նախագիծը

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների կամ Ազգային ժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկման իրականացման կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի`

1) «ներքին» բառից հետո լրացնել «(լոկալ)» բառը.

2) «աշխատանքային» բառից հետո լրացնել «,քաղաքացիաիրավական» բառը:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Օրենսդրական» բառը փոխարինել «Նորմատիվ իրավական» բառերով.

2) լրացնել 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ՝

«1.1.Հանրային քննարկման ենթակա չեն նաև ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների կիրառմանը և միջոցառումների իրականացմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:».

3) 2-րդ մասից հանել «նորմատիվ» բառը:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն)» բառերը փոխարինել «արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության (այսուհետ՝ նախարարություն) իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«3.Օրենքի նախագծերը պարտադիր ենթակա են փորձաքննության, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի: Այլ նորմատիվ իրավական ակտերը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսվածների, կարող են ուղարկվել փորձաքննության ակտը փորձաքննության ուղարկելու իրավասություն ունեցող մարմնի պատճառաբանված գրությամբ, որով հիմնավորվում է փորձաքննության անհրաժեշտությունը:».

3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրից հանել «պարտադիր» բառը:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Նորմատիվ իրավական ակտի լեզուն պետք է լինի պարզ, հստակ և մատչելի:»:

Հոդված 7 Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք բաժանվում են տեքստից միջակետով: Ենթակետերը՝ համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք բաժանվում են տեքստից փակագծով: Պարբերությունները համարակալվում են հայերեն փոքրատառերով, որոնք բաժանվում են տեքստից միջակետով:»:

Հոդված 8Օրենքի 18-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«5. Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը և «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:».

2) 6-րդ մասից հանել «այլ» բառը:

Հոդված 9Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարվում է «Ա»` անհատական իրավական ակտի դեպքում, «Լ»` ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում։»:

Հոդված 10Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը» բառերը փոխարինել «Կառավարության կողմից սահմանված պաշտոնական թարգմանության գործառույթ կատարող կազմակերպության ղեկավարը» բառերով:

Հոդված 11Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ, բացառությամբ ակտերի, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:»:

Հոդված 12Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի որոշումները

 1.Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի որոշումները, «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են անմիջական կիրառության։

  1. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից ստացվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, Կառավարության կողմից սահմանված իրավասու մարմնի կողմից ուղարկվում են թարգմանության: Թարգմանության համար նախատեսված ժամկետը չի կարող գերազանցել ակտի ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
  2. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի որոշումները թարգմանվելուց հետո Կառավարության կողմից սահմանված իրավասու մարմնի կողմից ուղարկվում են հրապարակման:

4.Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի որոշումները թարգմանության ուղարկելու, դրանց թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 13Օրենքի 25-րդ հոդվածը՝

1) լրացնել 3.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ.

«3.1.Միասնական կայքում հրապարակվելուն զուգահեռ նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության ենթաօրենսդրական  նորմատիվ իրավական ակտերի տեղեկագիր», «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիր» և «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականներում հրատարակվելու միջոցով:».

2) 4-րդ մասում «հրապարակումն» բառը փոխարինել «հրապարակումը և հրատարակումն» բառերով.

3) 6-րդ մասում «և պաշտոնական ինկորպորացիայի կարգը» բառերը փոխարինել «,պաշտոնական ինկորպորացիայի և տեղեկագրերում հրատարակման կարգերը» բառերով.

4) լրացնել 7-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«7.Հրապարակման միասնական կայքում պաշտոնապես հրապարակված նորմատիվ իրավական ակտի տեքստի և նույն ակտի՝ առաջին անգամ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված պարբերականում հրատարակված տեքստի բովանդակությունների միջև անհամապատասխանության դեպքում որպես առաջնային աղբյուր ընդունվում է պարբերականում հրատարակված տեքստը:»:

Հոդված 14Օրենքի 6-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ» բառերը:

Հոդված 15 Օրենքի 36-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3) նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում:»:

Հոդված 16.Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1 հոդվածով՝

«38.1 Նորմատիվ իրավալան ակտը չեղյալ ճանաչելը

  1. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտով, եթե այլևս նպատակահարմար չէ ընդունված, սակայն դեռևս ուժի մեջ չմտած ակտի կիրառումը: Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում ընդունման պահից:»:

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «վաղ» բառը փոխարինել «ուշ» բառով:

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի «մարմինները» բառից հետո լրացնել «,բացառությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված ենթաօրենսդրական ակտերի:» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 մասով.

«4.1. Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի, քաղաքացիական, քրեական, վարչական դատավարության օրենսգրքերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում:»:

Հոդված 19. Անցումային դրույթներ

  1. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի որոշումները թարգմանության ուղարկելու, դրանց թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում ապահովվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի որոշումների թարգմանությունը և հրապարակումը՝ Կառավարության որոշմանը համապատասխան:
  3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կառավարության նորմատիվ որոշումները, որոնցով գործողության մեջ են դրվել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նորմատիվ բնույթի որոշումները, պահպանում են իրենց ուժը:

 

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ»  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի  16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 67-րդ հոդվածում լրացնել 3-րդ մասը հետևյալ բովանդակությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում՝ նախաձեռնության հեղինակը  մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է օրենքի նախագծի հանրային քննարկումը: Հանրային քննարկման կարգը սահմանվում է Աշխատակարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

  • Քննարկվել է

    18.05.2020 - 02.06.2020

  • Տեսակ

    Սահմանադրական օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6933

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

02.06.2020

Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը լրացնել 4.1 մասով, համաձայն որի՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, Քաղաքացիական, Քրեական, Վարչական դատավարության օրենսգրքերի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում: Հարկ է նկատել, որ նշված կարգավորումն ինքնին խնդրային է եւ կարող է հանգեցնել իրավունքի գերակայության եւ իրավական որոշակիության սկզբունքի խախտման, որոնք իրավական պետության հիմնարար սկզբունքներից են։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ 1176 եւ ՍԴՈ-1213 որոշումներում հստակ ամրագրել է, որ «...իրավական որոշակիության ամրագրման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» եւ «… իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ։»։ Միաժամանակ հաշվի առնելով կենսական հարցերի բազմազանությունն ու նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու անհնարինությունը` օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում` միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը։ Այս իմաստով՝ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու իրավունքն ապահովում է անձանց՝ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավունքն ու ապահովում, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքներն ու վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում: Անհրաժեշտ է նկատել նաեւ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի» (“Busuioc v. Moldova”, application №. 61513/00, 21/12/2004) գործով եւս փաստել է, որ «...որ թեեւ օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, եւ օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։»։ Վերոգրյալը հաստատվում է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1270 որոշմամբ արտահայտած դիրքորոշմամբ առ այն, որ «…իրավադրույթների պարզաբանման եւ փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է:»։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի կարգավորումներից հանել նշված դրույթը։

Արմեն Վարդանյան

20.05.2020

<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի վերանայման նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումը Եվրասիական տնտեսական միության ակտերի վերաբերյալ խիստ խնդրահարույց է, քանի որ գործող կարգավորումն առավել քան հստակ է և որոշակի, իսկ առաջարկվող կարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, մասնավորապես պարզ չէ, թե ԵԱՏՄ հանձնաժողովի որոշումներից բացի, տնտեսական միության այլ մակարդակի իրավական ակտերը, իրավակարգավորող այլ տեսակի փաստաթղթերի հարցը ինչ է լինելու; Բացի այդ, հանձնաժողովի որոշումներում բազմաթիվ կարգավորումներ ենթադրում են նորմեր, պահանջներ, որոնք ՀՀ-ում բացառապես օրենքի կարգավորման առարկա են, որովհետև սահմանում են փաստացի պարտավորություններ, վերահսկողության և օրենքի կարգավորման ենթակա այլ դրույթներ, ինչը նշանակում է, որ օրենքի գործող կարգավորումը միանշանակ ճիշտ է: Նախագծի տրամաբանությամբ պարզ չէ, թե ԵԱՏՄ հանձնաժողովի որոշումները թարգմանելու պարագայում արդյոք չեն առաջանում հակասություններ վերը նշված պահանջի հետ, բացի այդ, բաց է մնում այն կարևոր հարցը, թե ի՞նչ է լինում եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի որոշումներից բացի, միության այլ տեսակի իրավական բազմաթիվ ակտերի դեպքում, ինչպե՞ս են դրանք կիրառվելու ՀՀ իրավակիրառ պրակտիկայում և ի՞նչ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում: Հաշվի առնել, որ պետք է սահմանել, թե Եվրասիական տնտեսական միության որ տեսակի ակտը ՀՀ-ում ինչպես և ինչ տեսակի նորմատիվ ակտով է տեղայնացվելու, արդյո՞ք օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերը թույլ են տալիս փակել ԵԱՏՄ-ի իրավական ակտերի ողջ տեսականու ՀՀ-ում գործածության մեջ դնելու խնդիրը:

Արտակ Պողոսյան

19.05.2020

Ներկայացված նախագծի 18-րդ հոդվածը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը նոր 4.1 մասով լրացում կատարելու մասին՝ «4.1. Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի, քաղաքացիական, քրեական, վարչական դատավարության օրենսգրքերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում:» առաջարկում եմ հանել: Սույն նախագծով սահմանափակվում է քաղաքացիների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց տարաբնույթ մեկնաբանություններ ունեցող դրույթների ու հոդվածների պարզաբանման իրավունքից, ինչը իր հերթին ավելի է ծանրաբեռնելու դատական համակարգը: Խնդիրը կայանում է նրանում, որ պաշտոնեական պարզաբանումները բավարար հիմք է հանդիսանում բնականոն գործունեությունը ապահովելու համար: Մասնավորապես, այն պետական մարմինը ով պատասխանատու է կամ լիազորված է տվյալ իրավական ակտերի վերաբերյալ պարզաբանումներ տալու ավելի քաջատեղյակ է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող դրույթների և հոդվածների իմաստից: Հակառակ դեպքում, յուրաքանչյուր պարզաբանման համար, օրինակ տնտեսվարող սուբյեկտները, ծախսելու են բավականին մեծ ժամանակ դատական ընթացակարգերով պարզաբանումը ստանալու համար: Բացի այդ, սա այն վառ օրինակներից է նաև, որ սույն նախագիծը մշակողը պետք է ներկայացներ նաև «Իրավական ակտի ազդեցության գնահատումը» վերլուծությունը բոլոր ոլորտների վրա, ինչը ավելի հիմնավոր կամ ոչ հիմնավորված կլիներ ներկայացված առաջարկությունները:

Տեսնել ավելին