Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

<<Անկանխիկ գործառնությունների մասին>> ՀՀ օրենքի, <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին>>, <<Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին>> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> , <<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Գրավատների և գրավատնային գործունեության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>> և <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>  ՀՀ օրենքների ընդունումը նպատակ ունի.

  1. Նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը

սահմանափակումներ են դրվել նաև կանխիկ միջոցների  ծախսային և եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, Նախագծով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիների միջև 2019 թվականի հուլիսի 1-ից՝ 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման,  աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով:           

Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ  վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:

  1. Քաղաքացիների համար սահմանել անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր.

Նախագծերի փաթեթով նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը պարտավորեցնող դրույթներ: Առօրյա կյանքում հաճախորդների կողմից դժգոհություններ են արտահայտվում սպասարկման ոլորտում այդպիսի սարքերի բացակայության վերաբերյալ, ինչը բարդացնում է անկանխիկ վճարումների իրականացումը: Քաղաքացին ստիպված է  վատնել ժամանակ և կրել մի շարք անհարմարություններ վճարային քարտից գումար կանխիկացնելու և որոշակի ապրանքի (ծառայության) դիմաց վճարում կատարելու համար, այնինչ շատ հեշտությամբ վճարային քարտով կարող է սպասարկվել խանութներում և այլ սպասարկման վայրերում:

  1. ՈՒժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ: Անկանխիկ գործառնություններ իրականացնելիս դժվարանում է (գրեթե անհնար է) հարկային և մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելը:

 Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաև անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ:

Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել առավել ստվերային և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին.

  1. Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։

Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետևյալ դեպքերում.

          կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է,

          լրացել է կենսաթոշակառուի 75 տարին,

Վերը նշված դեպքերում կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի ընտրությամբ։

Ընդ որում, անցումը կենսաթոշակների կանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար առաջարկվում է փուլային տարբերակ` սկսած 2020 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքում, 2021 թվականի հունվարի  1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2022 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով: Միաժամանակ, նախատեսվում է, որ տվյալ բնակավայրում կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման պահանջն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակը շարունակվելու է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչև կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմում ներկայացնելը կամ կենսաթոշակ վճարելը կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը։

Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից: Ըստ այդմ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև օրենքի այլ՝ չվճարված կենսաթոշակի գումարի և թաղման նպաստի վճարմանը փոխկապակցված դրույթներում։

 

  1. Մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները: Օրենքների ընդունումը կբերի նաև բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը: Բացի այդ, անկանխիկ վճարումների իրականացումը (բանկային հաշվի առկայությունը բանկում, այդ հաշվի միջոցով գործառնությունների իրականացումը) կհանգեցնի նաև անձանց կողմից պահանջվող և բանկերի կողմից մատուցվող այլ ծառայությունների իրականացմանը (օրինակ՝ վարկերի, օվերդրաֆտների տրամադրում և այլն):
  2. Հայաստանի Հանրապետությունում ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ:

 Օրենքների փաթեթի ընդունումը հիմք կհանդիսանա նշված խնդիրների լուծման համար:

  • Քննարկվել է

    18.09.2019 - 08.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9862

Տպել

Առաջարկներ`

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա

08.10.2019

«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն սկզբունքորեն դրական է վերաբերվում Հայաստանում անկանխիկ գործառնությունների զարգացման նախաձեռնությանը։ Ավելին, կարծում ենք, որ պատասխանատու գերատեսչությունները պետք է օր առաջ ապահովեն ժամանակակից վճարային տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Այդ բարեփոխումները կարող են նպաստել Հայաստանում բիզնեսի համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հայկական FinTech ոլորտի զարգացմանը։ Միաժամանակ, մեր խորին համոզմամբ անկանխիկ եղանակով վճարումների զարգացմանը պետք է տալ համալիր լուծում, որի արդյունքում շահառուները կօգտվեն անկանխիկ վճարումների եղանակից ոչ թե պարտադրանքով պայմանավորված, այլ քանի որ այդպես ավելի հարմար է ու շահավետ։ Մենք կարծում ենք, որ այս նախագծի ընդունումը կարող է կտրուկ վատթարացնել ՓՄՁ ոլորտի առանձին ներկայացուցիչների ֆինանսական դրությունը ինչի վերաբերյալ ցանկանում ենք ներկայացնել մի շարք վերապահումներ և առաջարկություններ․ 1. Առկա չէ օրենքի կարգավորման ազդեցության գնահատականը։ Բացակայում են հաշվարկներն այն մասին, թե քանի՞ տնտեսվարող սուբյեկտ, քանի՞ աշխատող, քանի՞ գործարք է ընկնելու այս օրենքի կարգավորման շրջանակում, ինչքա՞ն են կազմելու տնտեսվարողների ծախսերը՝ բանկային միջնորդավճարների գծով և այլն։ 2. Բանկերը, անկանխիկ գործառնությունների համար միանվագ ու ամսական սպասարկման վճարներից զատ, գանձում են նաև միջնորդավճար, որը կազմում է հասույթի 1.5-2.5%։ Նշենք, որ ԱՎԿ տվյալների համաձայն, 2017թ-ին առևտրի ոլորտում տնտեսվարողների համախառն շահութաբերության մարժան կազմել է 14%։ Այսինքն տվյալ օրենքի ընդունման հետևանքով ՓՄՁ-ների մոտ կառաջանա բանկային միջնորդավճարի լրացուցիչ ծախսային հոդված, ինչի արդյունքում էլ ավելի կնվազի ՓՄՁ-ների շահութաբերությունը։ 3. Առաջարկում ենք Օրենքի նախագծի՝ քննարկումներին զուգահեռ, ԿԲ-ն հրապարակի, թե իր նորմատիվ իրավական ակտերով անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն ինչպիսի սահմանաչափեր է պատրաստվում սահմանել (հոդված 4-ի, 5-րդ ենթակետ), որն ուղեցույց կարող է հանդիսանալ Օրենսդիր մարմնի համար՝ նախագիծը մերժելու կամ հաստատելու։ 4. Տնտեսական գործունեության առանձին տեսակների դեպքում, օրինակ, գյուղատնտեսության և շինարարության, որտեղ մեծ թիվ են կազմում օրավարձով աշխատող անձինք, այս Օրենքի կիրառումը գործնականում կախված է լուրջ դժվարությունների հետ։ Առաջարկում ենք այս երկու ոլորտների համար Օրենքի կիրառումը հետաձգել կամ սահմանել բացառություն։ Հաշվի առնելով այս նկատառումները՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիան նախաձեռնում է քննարկումների շարք շահագրգիռ մարմինների հետ՝ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնելու համար։ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ Նախագահ՝ Ռուբեն Օսիպյան chairperson@sme.am

Medea parfum

30.09.2019

Այս նախագիծը իհարկե գեղեցիկ շարադրել են, հիմնավորել են, բայց այն պարտադրելով մարդկանց վզին փաթաթելը ավելի շատ խնդիրներ կառաջացնի քան կլուծի, որն անընդունելի է.. Սա ավելի շատ Խորամանկ կազմված բիզնես պլան է, քան պետության համար խնդիր լուծելու միջոց; Իսկ Խնդիրները այս նախագծի մեջ շատ են; Ներկայումս բանկերը անկանխիկ գործարքներից 1,5 – 4,5% միջնորդավճար է պահում

Տիգրան Մեծ

28.09.2019

Տպավորությունը այնպիսին է, որ այս օրենքը բանկերի և վարկային կազմակերպությունների սեփականատերերն են նախագծել... բանկերը էլ ավելի գերշահույթ կստանան բնակչության հարստահարման հաշվին, վարկային կազմակերպություններն էլ՝ գրավատների գործունեության սահմանափակման հաշվին...մինչ այդ պետական տուրքն էին բարձրացնում 60 անգամ, հիմա էլ կանխիկի սահմանափակում մինչև 20.000 դրամ...Ա Ն Հ Ե Թ Ե Թ է

Տեսնել ավելին