Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Սարաֆյան 18.09.2019 17:39:28 Ընդհանրապես անկանխիկ վճարումները զարգացնելը դրական է, սակայն կան որոշակի վերապահումներ փաթեթի առնչությամբ, 1. թոշակների վճարումը չի կարելի ամբողջությամբ տանել անկանխիկի դաշտ, դժգոհություններ կլինեն սահմանամերձ բոլոր բնակավայրերից, փոքր գյուղերից, 2. բաց է թողնվել վճարահաշվարկային համակարգի տերմինալների մասը, այսինքն ենթակառուցվածքի ապահովման մասով, 3. արդյոք բանկերի հետ քննարկվել է մարզերի բնակավայրերում բանկոմատներով ապահովվածությունը, ձեռնտու է իրենց դրանց ցանցի ընդլայնումը ֆինանսական տեսանկյունից, 4. էսքրոու հաշիվների սակագները դրանից կնվազեն, քննարկվել է հարցը բանկերի հետ, 5. դիտարկվել է այն հարցը, որ մարզերում մարդկանց համար առաջանալու են լրացուցիչ ծախսեր գումար ստանալու հաշվով, հատկապես ձմռանը, 6.պետական նպաստները վճարվում են նաև ըստ պետական նպաստների օրենքի՝ հոդված 5, նույն հոդվածի 8-րդ մասը պետք է վերաբերի նաև նպաստներին. 7. հոդված 9-ի 1-ին մասում կարելի էր ձևակերպել այսպես. պետական եկամուտների կոմիտեն, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված, գրանցված և (կամ) վերահսկվող անձանց նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: ինչը ավելի կհստակեցնի թե որ կառույցը ինչ շրջանակի վերահսկողն է:
2 Սամսոն 18.09.2019 23:50:54 ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել մի աբսուրդային օրենքի նախագիծ: Հոդվածներից մեկով պարտադրվում է, գնորդի կամ ստուգողի պահանջի դեպքում, վաճառքի գործարքը կատարել անկանխիկ, քարտային վճարման համակարգի միջոցով, այլապես սպասվում են խիստ տուգանքներ։ Ներկա իրավիճակում, յուրաքանչյուր քարտային վճարումից բանկերը ստանում են 1,5-3% միջնորդավճար, 0.3% և ավելի գումարի կանխիկացման վճար, տարեկան և ամսական սպասարկման վճարներ։ Համարում ենք՝ այս հոդվածը միտված է որոշ չինովնիկների կամ նրանց բարեկամների բանկերի հարստացման և ՓՄՁ ոլորտի հարստահարման նոր միջոց։ Փաստացի գործարարի վրա բարդվում է պետական հարկերը գերազանցող, որոշ մարդկանց համար անձնական եկամուտ ապահովող վճարներ։ Մեկ այլ հոդվածով Հունվարի 1-ից պարտադրվում է աշխատավարձերը վճարել միայն անկանխիկ։ Բոլորին է հայտնի բնակչության ստվար զանգվածի ֆինանսական վիճակը, վարկային բեռը, կալանքների և արգելանքների տակ գտնվող հաշիվները։ Սույն հոդվածով լուրջ հարված է հասցվում օրվա ապրուստը վաստակող մեծաքանակ մարդկանց, ում համար անկանխիկ աշխատավարձ ստանալն անհնար է։ Պահանջում ենք նախագծի շտապ ետ կանչում, համարում ենք ժամանակավրեպ և հում։ Պահանջում ենք նախապես երկրում ապահովել ավելի լուրջ ֆինանսական իրադրություն, աղքատության կրճատում, բանկային բարձիթողի համակարգի կարգավորում, վարկային և միջնորդային ծառայությունների վերանայում, ինչից հետո ֆինանսներն ինքնըստինքյան կձգտեն անկանխիկ շրջանառության և հասարակ քաղաքացու գրպանից չեն հոսի օֆշորներ, կոռումպացված չինովնիկների և քրեաօլիգարխիկ նախկին համակարգի գրպանները։ ԿԱՍԵՑՈՒՄ քաղաքացիական շարժում
3 Mikayel Mutafyan 19.09.2019 09:48:51 Տիգրան Սարգսյանը կարծես էլ հարց չի լուծում մեր երկրում, բայց տպավորություն է, որ նա դեռ Վարչապետ է և բոլորս միահամուռ փորցում ենք ապահովել բանկերի եկամուտը: Դուք գոնե հասկանում եք, որ ստիպում եք վաճառողին վաճառքից վճարել բանկին 1.5 ից 3% միջնորդավճար ? Դուք հասկանում եք, որ վաճառողը հնարավոր է տվյալ ապրանքի մեջ ունենա 1% եկամուտ, բայց բանկին վճարի 1.5? Եթե գնում ենք կանխիկի նվազեցման ճանապարհով և կարծում ենք, որ դա օգնելու է ստվերից դուրս գալուն, լավ է, բայց բաշխեք համաչափ ծանրությունը, ստիպեք բանկերին, որ հանեն միջնորդավճարը և տրամադրեն տերմինալները անվճար, նրանք բավական եկամուտ կստանան գումարի շրջանառությունից, հաշվի առնելով որ վաճառականը տեղում այդ գումարը չի հանելու, կամ չի փոխանցելու այլ բանկ: Այս փոփոխությունը ուղղակի բանկիրների լոբբինգի արդյունք է: Փոշմանեք հնարավորինս շուտ:
4 Հայկ Սարգսյան 19.09.2019 17:37:32 Կանխիկի շրջանառության սահմանափակումը լավ և ճիշտ քաղաքականություն է, բայց ներկա իրավիճակում այս օրենքի միակ լուսավոր կետը 4-րդն է: Իսկ մնացածում այնպիսի տպավորություն է, որ օրենքը գրողի համար գոյություն ունի միայն Երևան քաղաքն իր զարգացած ենթակառուցվածքներով, բանկոմատներով... Նախ, կառաջարկեի օրենքը նախագծողին նախ ուսումնասիրել և վերլուծել, թե ինչ ենթակառուցվածքներ կան ՀՀ-ում, Երևանից դուրս, տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուրի թոշակը և նպաստը հասանելի դարձնել իրեն: Երկրորդը, այնպիսի տպավորություն է, որ Կառավարությունն "ընկել է գրավատների հետևից": Ես կարծում եմ, որ այս Օրենքի նախագծող, հավանաբար հասկանում է, որ այս Օրենքը բավականին լայն հնարավորություններ է տալիս բանկերին և մեծացնում է նրանց, առանց այն էլ, գերիշխող դիրքը: Չէ որ, բոլոր անկանխիկ գործարքները, ի վերջո, անցնում են բանկային հաշիվներով; Ընդ որում, օրենքով հնարավորություն ընձեռնվում է բանկերին և վարկային կազմակերպություններին փոխառություններ տրամադրել օգտվել բացառություններից, այն դեպքում, երբ հենց վարկերի ժամանակ է առավելագույն ռիսկը փողերի լվացման առումով, իսկ այ, գրավատների պարագայում (հաստատ, դրանք որևէ մեկի աչքի լույսը չեն, բայց...), մինչև 20,000 դրամ... սա խտրականություն է:
5 Գևորգ Հակոբյան 20.09.2019 13:10:34 4-րդ հոդվածի հետևյալ պարբերությունը անհրաժեշտ է հստակեցնել. Բացառություն է կազմում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առևտրում սահմանված կարգով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձևակերպված ապրանքների ձեռք բերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում: Ձևակերպումից միանշանակ չի հասկացվում, որ սա վերաբերում է ԱԱՀ գումարը կանխիկ վերադարձնելուն։ 4-րդ հոդվածի 5-րդ մասում ԿԲ-ին լիազորություն վերապահելը սահմանելւ առավելագույն և նավազագույն սահմանաչափեր ձևակերպված է որպես հայեցողական լիազորություն, ինչը ճիշտ չէ։ անհրաժեշտ է այն պայմանավորել սպառողների շահերով և հակամրցակցային օրենսդրությամբ, և ընդհանրապես պետք է հասկանալ թե արդյոք այս լիազորությունը ԿԲ-ին վերապահելը հիմնավորված է, թե դա պետք է լինի վերապահված օրինակ՝ ՏՄՊՊՀ-ին։ «5-րդ հոդվածի 2-րդ մասի հետևյալ պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն մասից բացառություն կազմող այն վճարների տեսակները և այդպիսի վճարներ ստացողների առանձին կատեգորիաների ցանկը, որոնք կարող են վճարվել կամ որոնց կարող է վճարվել կանխիկ եղանակով» պարունակում է կոռուպցիոն ռիսկեր. անհրաժեշտ է սահմանել, թե որ կամ ինչ չափանիշների առկայության դեպքում ՀՀ Կառավարությունն իրավունք ունի սահմանել դա։ Նույն հոդվածում առողջապահական ծառայությունների մատուցման սահմանափակումը անկանխիկ վճարման եղանակով պարունակումէ. ռիսկ, որ քաղաքացին կարող է չստանալ կամ ուշ ստանալ հրատապ առողջապահական միջամտություն անկանխիկ միջոցների վրա արգելանքի պատճառով։ Այս դրույթը հարկավոր է վերանայել։ 6-րդ հոդվածի տրամաբանությունը հասկանալի է, սակայն չկան այն չափանիշները, որոնցով պետք է գնահատել, թե դա մի գործարք է եղել բաղդատված, թե մի քանի տարբեր գործարքներ։ 7-րդ հոդվածի բովանդակությունը և նպատակը անհասկանալի է։ 8-րդ հոդվածի 3-րդ մասը պարտականություններ սահմանելու լիազորություն է վերապահում ՀՀ Կառավարությանը, այնինչ պարտականությունները պետք է սահմանել օրենքով։ Նույն հոդվածի 5-րդ մասը անհրաժեշտ էքննարկել բանկային գաղտնիքի լույսի ներքո։ Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Ընթացիկ արժութային գործարքների իրականացման նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել: Անհրաժեշտ է հստակեցնել նախատեսվող օրենքի և նշված օրենքի փոխհարաբերությունը այս հարցի կապակցությամբ։ ՎԻՎՕ 165.10 հոդվածը հակասում է մայր օրենքի 10-րդ հոդվածին, որում չկա նախազգուշացում։ Ընդհանրապես, հարկավոր է պատասխանատվության միջոցը սահմանել միայն մեկ իրավական ակտում, կամ մայր օրենքում, կամ ՎԻՎՕ-ում։
6 Գևորգ Հակոբյան 21.09.2019 17:09:16 Առաջարկ. Արգելեք օրենքով բանկային հաշիվ բացել մերժելը բանկի կողմից, այդ թվում՝ ՓԼԱՖ ռիսկերի առկայության պարագայում (բանկը պետք է կատարի դիտարկումներ, այլ ոչ թե հրաժարվի հաճախորդ վերցնել կամ սպասարկել. այսպիսի խնդիր ունենք օտարերկրացիների և որոշ տեսակի ձեռնարակատիրական գործունեության հետ կապված, օրինակ՝ կրիպտոարժույթների)։ Սահմանեք խոշոր տուգանք և լիցենզիայից զրկում։
7 Սոնա Շահինյան 20.09.2019 15:07:59 Մարդ միշտ պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ կանխիկ կամ անկանխիկ վճարելու։ Կանխիկի սահմանափակումը բազմաթիվ լավ կողմեր ունի, որոնցից է, օրինակ, կոռուպցիայի նվազելը, ավելի արագ գործարքներ իրականացնելը, սակայն, մյուս կողմն այն է, որ խախտվում է մարդու անձնական կյանք վարելու իրավունքը, ներխուժում է գործվում մարդու, այսպես ասած, անձնական տարածք, որն անընդունելի է։ Այսպիսով, կանխիկի և անկանխիկի միջև ընտրության հնարավորությունը շատ կարևոր է առողջ հասարակություն ունենալու համար, հասարակություն, որտեղ չեն խախտվում մարդու իրավունքները։
8 Կարինե Յոլյան 20.09.2019 15:14:38 Առաջարկում եմ հաշվի առնել քվերակության արդյունքները:
9 Աննա ԱՆՆԱ 21.09.2019 11:40:22 Չհաջողված նախագիծ…
10 Մհեր Գևորգյան 24.09.2019 09:54:44 Ինչ է նշանակում գրավատնային ոլորտին հատուկ զրկել կանխիկ գումար տրամադրելու հնարավորությունից ...... կարելի էր ոլորտն ուսումնասիրել , քննարկումներ անց կացնել , որի արդյունքում ավելի նպատակահարմար սահմանաչափ կարելի էր որոշել ։ Օրինակ 2 միլիոն դրամ ։ Բայց ո՛չ 20.000 դրամ ( ինչպես առաջարկվում է նախագծում ) ։ Դրա հետևանքն է լինելու ոլորտում գոյություն ունեցող կեսից ավելի ընկերությունների գործունեության դադարեցումը ։
11 Սիմոն Սիմոնյան 26.09.2019 12:20:34 Անհասկանալի է օրենքի նախագծում գրավատների համար խտրական և ոչ հավասար մոտեցումը, որը միանշանակ չունի տրամաբանություն: Քանի որ նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նշվում է, որ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև լիցենզիայի հիման վրա վարկեր և փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող վարկերի և փոխառությունների, իսկ հաջորդ կետում ԳՐԱՎԱՏԱՆ համար սահմանվում է ավելի խսիտ պայման՝ այն է սկսած 2020 թվականի հունվարի 1-ից՝ գրավատների կողմից 20000 ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով: Անհասկանանլի է նաև 20000 ՀՀ դրամ սահմանումը, քանի որ նշված սահմանաչափը Նախագծում կապ չունի որևէ այլ սահմանաչափի հետ, և միանշանակ է, որ այն նպատակ ունի սահմանափակելու ՀՀ-ում գրավատնային գործունեությունը: Խնդրում և պահանջում եմ Նախագծի հեղինակներին հիմնավորել գրավատների համար ներկաայցված խտրականության հիմքերը, քանի որ Նախագծի հիմնավորման մեջ որևէ խոսք չկա դրա վերաբերյալ: Գրավտներից հիմնականում օգտվում են այն քաղաքացիները, որոնց անհրաժեշտ է լինում ՇՏԱՊ գումար որոշակի կենցաղային հարցեր լուծելու համար և հիմանականում նրանց կողմից առաջարկվող գրավը ընդունելի չէ ֆինանսական համակարգի այլ մասնակիցների համար և այս Նախագծով փորձ է սահմանափակել նշված տիպի վարկավորումը:
12 Տիգրան Մեծ 28.09.2019 19:11:33 Տպավորությունը այնպիսին է, որ այս օրենքը բանկերի և վարկային կազմակերպությունների սեփականատերերն են նախագծել... բանկերը էլ ավելի գերշահույթ կստանան բնակչության հարստահարման հաշվին, վարկային կազմակերպություններն էլ՝ գրավատների գործունեության սահմանափակման հաշվին...մինչ այդ պետական տուրքն էին բարձրացնում 60 անգամ, հիմա էլ կանխիկի սահմանափակում մինչև 20.000 դրամ...Ա Ն Հ Ե Թ Ե Թ է
13 Medea parfum 30.09.2019 16:49:28 Այս նախագիծը իհարկե գեղեցիկ շարադրել են, հիմնավորել են, բայց այն պարտադրելով մարդկանց վզին փաթաթելը ավելի շատ խնդիրներ կառաջացնի քան կլուծի, որն անընդունելի է.. Սա ավելի շատ Խորամանկ կազմված բիզնես պլան է, քան պետության համար խնդիր լուծելու միջոց; Իսկ Խնդիրները այս նախագծի մեջ շատ են; Ներկայումս բանկերը անկանխիկ գործարքներից 1,5 – 4,5% միջնորդավճար է պահում
14 ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա 08.10.2019 12:46:16 «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն սկզբունքորեն դրական է վերաբերվում Հայաստանում անկանխիկ գործառնությունների զարգացման նախաձեռնությանը։ Ավելին, կարծում ենք, որ պատասխանատու գերատեսչությունները պետք է օր առաջ ապահովեն ժամանակակից վճարային տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Այդ բարեփոխումները կարող են նպաստել Հայաստանում բիզնեսի համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հայկական FinTech ոլորտի զարգացմանը։ Միաժամանակ, մեր խորին համոզմամբ անկանխիկ եղանակով վճարումների զարգացմանը պետք է տալ համալիր լուծում, որի արդյունքում շահառուները կօգտվեն անկանխիկ վճարումների եղանակից ոչ թե պարտադրանքով պայմանավորված, այլ քանի որ այդպես ավելի հարմար է ու շահավետ։ Մենք կարծում ենք, որ այս նախագծի ընդունումը կարող է կտրուկ վատթարացնել ՓՄՁ ոլորտի առանձին ներկայացուցիչների ֆինանսական դրությունը ինչի վերաբերյալ ցանկանում ենք ներկայացնել մի շարք վերապահումներ և առաջարկություններ․ 1. Առկա չէ օրենքի կարգավորման ազդեցության գնահատականը։ Բացակայում են հաշվարկներն այն մասին, թե քանի՞ տնտեսվարող սուբյեկտ, քանի՞ աշխատող, քանի՞ գործարք է ընկնելու այս օրենքի կարգավորման շրջանակում, ինչքա՞ն են կազմելու տնտեսվարողների ծախսերը՝ բանկային միջնորդավճարների գծով և այլն։ 2. Բանկերը, անկանխիկ գործառնությունների համար միանվագ ու ամսական սպասարկման վճարներից զատ, գանձում են նաև միջնորդավճար, որը կազմում է հասույթի 1.5-2.5%։ Նշենք, որ ԱՎԿ տվյալների համաձայն, 2017թ-ին առևտրի ոլորտում տնտեսվարողների համախառն շահութաբերության մարժան կազմել է 14%։ Այսինքն տվյալ օրենքի ընդունման հետևանքով ՓՄՁ-ների մոտ կառաջանա բանկային միջնորդավճարի լրացուցիչ ծախսային հոդված, ինչի արդյունքում էլ ավելի կնվազի ՓՄՁ-ների շահութաբերությունը։ 3. Առաջարկում ենք Օրենքի նախագծի՝ քննարկումներին զուգահեռ, ԿԲ-ն հրապարակի, թե իր նորմատիվ իրավական ակտերով անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն ինչպիսի սահմանաչափեր է պատրաստվում սահմանել (հոդված 4-ի, 5-րդ ենթակետ), որն ուղեցույց կարող է հանդիսանալ Օրենսդիր մարմնի համար՝ նախագիծը մերժելու կամ հաստատելու։ 4. Տնտեսական գործունեության առանձին տեսակների դեպքում, օրինակ, գյուղատնտեսության և շինարարության, որտեղ մեծ թիվ են կազմում օրավարձով աշխատող անձինք, այս Օրենքի կիրառումը գործնականում կախված է լուրջ դժվարությունների հետ։ Առաջարկում ենք այս երկու ոլորտների համար Օրենքի կիրառումը հետաձգել կամ սահմանել բացառություն։ Հաշվի առնելով այս նկատառումները՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիան նախաձեռնում է քննարկումների շարք շահագրգիռ մարմինների հետ՝ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնելու համար։ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ Նախագահ՝ Ռուբեն Օսիպյան chairperson@sme.am