Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 17. Նախագծով նախատեսվող վարույթը կարգավորող նորմերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ այն ըստ էության, քաղաքացիական դատավարությունում կենսագործվող ինքնուրույն վարույթի տեսակ է, որի կապակցությամբ առանձին օրենքի ընդունումը փաստացի հակասում է այն գաղափարին քաղաքացիական դատավարության իրականացման կարգը սահմանվում է քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Կարծում ենք` նշված խնդիրը լուծելու համար հիշյալ ինստիտուտն անկհայտորեն կարող էր նախատեսվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, իսկ դրան վերաբերող դատավարական նորմերը` քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Չի ընդունվել: Նախագծի կարգավորումները հնարավոր կլիներ կյանքի կոչել նաև տարբեր ակտերում սահմանված լինելու պարագայում; Միևնույն ժամանակ, միասնական օրենք ունենալու տարբերակն ընտրվել է մեկ փաստաթղթով ամբողջական կարգավորման ներառման նպատակով, որն ընդգրկում է ինչպես մինչև դատարան դիմելը իրականացվող գործողությունների կանոնակարգում, այնպես էլ՝ դատավարական առանձնահատկությունների սահմանում։
2 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 18. Խնդրահարույց է նաև Նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական տրամաբանությունը, ըստ որի Պատասխանողին պատկանող գույքի նկատմամբ նրա հետ չփոխկապակցված անձի գույքային իրավունքները, բացառությամբ սեփականության իրավունքի, գույքի բռնագանձումից հետո պահպանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում, եթե հայցվորի կողմից չի ապացուցվում, որ այդ իրավունքները ծագելու պահին անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին։ Նման պայմաններում փաստորեն, ստացվում է, որ կարելի է առանց որևէ խնդրի, մինչև օրենքի ընդունումն ընկած ժամանակահատվածը կամ դրանից հետո գրավ դնել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը չփոխկապակցված որևէ անձի մոտ և հետագայում դրա հնարավոր բռնագանձումը դադարեցնել այն հիմքի ապացուցմամբ, որ գրավի իրավունքը ծագելու պահին գրավառուն չգիտեր կամ ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին: Սա որևէ կերպ չի բխում կոռուպցիայի դեմ իրական պայքար մղելու ռազմավարական առաջնահերթություններից: Առաջարկում ենք հրաժարվել այս վիճահարույց կարգավորումից: Ընդունվել է: Նախագծում ավելացվել է հստակեցում, ըստ որի բռնագանձման ենթակա գույքի՝ բարեխիղճ երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու դեպքում, պատասխանողից բռնագանձման է ենթակա տվյալ գույքի շուկայական արժեքին համարժեք գումար։
3 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 19. Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ Բռնագանձված գույքը ուղղվում է պետական բյուջե, իսկ եթե առկա են անձինք, ում իրավունքները խախտվել են ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերմամբ և ովքեր ունեն իրավունքներ համապատասխան գույքի նկատմամբ, բռնագանձված գույքը վերադարձվում է նրանց։ Փաստորեն, ստացվում է, որ սույն վարույթի շրջանակներում դատախազության կողմից հայցի հարուցումն ընդգրկում է ոչ միայն պետական շահի պաշտպանությունը, այլ նաև երրորդ անձանց իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավազորությունը, որը որևէ կերպ չի ներառվում դատախազության սահմանադրական իրավասության տիրույթում: Հետևապես, առաջարկում ենք վերացնել Սահմանադրության, այլ իրավական ակտերի և այս կարգավորման միջև առկա հակասությունները: Չի ընդունվել: Նախագծով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման և հայցի հարուցման լիազորությունը տրված է ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «[դ]ատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան»։ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքը չեն բացահայտում «պետական շահեր» հասկացությունը։ Միևնույն ժամանակ, «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «[դ]ատախազի կողմից պետական շահերի (…) պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է` (…) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը»։ Ընդ որում, «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը սպառիչ թվարկում է, թե որոնք են այն «բացառիկ դեպքերը», երբ դատախազը ներկայացնում է պետական շահերի պաշտպանության հայց՝ նշելով երկու դեպք․ առաջին՝ այլ մարմին, որին վերապահված է հայցի ներկայացման լիազորությունը, չի ներկայացնում համապատասխան հայց, երկրորդ՝ հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ այլ մարմնի։ Նախագծով նախատեսված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցումը ենթադրում է ինչպես պետության գույքային (գործընթացը նպատակ է հետապնդում շրջանառությունից հանել և հօգուտ պետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը), այնպես էլ ոչ գույքային շահերի պաշտպանություն (գործընթացը նպատակ է հետապնդում նաև կանխարգելել ֆինանսական հանցագործությունների կատարումը և բացառել ապօրինի գույքի ազատ շրջանառությունը)։ Միևնույն ժամանակ, այդպիսի հայցի ներկայացումը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ այլ մարմնի։ Ավելին, տարընկալումներից խուսափելու համար օրենքի նախագիծն ամեն դեպքում նախատեսում է կատարել փոփոխություններ նաև «Դատախազության մասին» օրենքում՝ հատուկ սահմանելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցի հարուցումը որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։ Բռնագանձված գույքն արդեն կարող է օգտագործվել ընդհանուր նպատակներով (պետական բյուջեի մասին համապատասխան օրենքով նախատեսված կարգով) կամ նախագծով սահմանված հատուկ նպատակով (փոխանցվել անձի, ում օրինական տիրապետումից դուրս է եկել համապատասխան գույքը)։
4 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 20. Առաջարկում ենք Նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված վավերապայմանները միմյանցից տարանջատել ոչ թե ստորակետով, այլ բաժանված կետերով այնքանով, որքանով ակնհայտ է, որ դրա կիրառման համար բավարար է թվարկված պայմաններից անգամ մեկի առկայությունը: Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
5 Իրավաբանների հայկական ասոցիացիա 25.09.2019 18:39:19 21. Առաջարկում ենք նաև Նախագծի 29-րդ հոդված իրավակարգավորման առարկայի շրջանակներում հստակեցնել գույքի` պետության տիրապետությանն անցնելու կոնկրետ պահը: Ընդունվել է ի գիտություն: Գույքը բռնագանձվում է հօգուտ պետության դատական ակտով։ Գտնում ենք, որ հավելյալ հստակեցման անհրաժեշտությունն ակնհայտ չէ։
6 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.09.2019 17:35:11 «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ իր առաջարկությունները կներկայացնի մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը: Ընդունվել է ի գիտություն:
7 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 03.10.2019 17:19:30 Բովանդակային առումով նախագիծն ամրագրել է քրեական և քաղաքացիական դատավարությունների զուգորդման հայեցակարգը: Մասնավորապես՝ նախագծի համաձայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ սկսելու և այն քաղաքացիական դատավարության կարգով հանգուցալուծելու համար հիմքը քրեական գործի կամ նախապատրաստվող նյութերի շրջանակում անձի արարքին քրեաիրավական գնահատական տալն է կամ գոնե քրեաիրավական ընթացակարգերի շրջանակներում իրականացված որոշակի դատավարական գործողությունների իրականացումը, օրինակ` որպես մեղադրյալ ներգրավելը, քրեական գործի վարույթի կասեցումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից մեկով։ Հիմնախնդրի լուծման առաջարկվող հայեցակարգի պայմաններում կարող են առաջանալ էական հակասություններ և խնդիրներ, որոնք կարող են արժեզրկել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում քաղաքական նախաձեռնությունները և առաջացնել նաև փակուղիներ՝ առանց իրավական հանգուցալուծումների հնարավորության: Մասնավորապես՝ • նման իրավակարգավորումը անհիմն երկարաձգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օպերատիվություն ենթադրող գործընթացը, քանի որ ուսումնասիրություն սկսելու համար ներկայացված նախագծի 5-րդ հոդվածով թվարկված հիմքերը պահանջում են ժամանակատար գործողություններ քրեական գործերի շրջանակներում կամ գոնե նախապատրաստվող նյութերով, ինչպես օրինակ՝ տարաբնույթ փորձաքննությունների իրականացումը, որոնք պահանջում են ապացուցողական բարձր շեմի հիմնավորում։ Ըստ էության նախատեսված իրավակարգավորումն էականորեն չի տարբերվում գործող օրենսդրությամբ քրեական վարույթի շրջանակներում գույքի բռնագրավման ինստիտուտից, բացառությամբ՝ օրենքի հետադարձ ուժի և ապացուցման բեռը կրող սուբյեկտների տարբերությունից: Մասնավորապես, ի տարբերություն գործող իրավակարգավորման՝ համաձայն որի ապացուցման բեռը կրում է պետությունը, առաջարկվող նախագծով այն դրված է գույքի նկատմամբ իրավունքներ կրողի վրա։ • առաջարկվող տարբերակի պարագայում ուսումնասիրություն կարող է սկսվել նաև քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուց հետո։ Սակայն օրենքով կանխատեսված չեն և համապատասխան իրավակարգավորումներ նախատեսված չեն այնպիսի իրավիճակների համար, երբ անձը ներգրավված է որպես մեղադրյալ, քրեական գործով վարույթի ընթացքում ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը բռնագրավվելուց հետո քրեական գործի վարույթը արդարացնող հիմքով կարճվում է, կամ որոշ ժամանակ անց նոր երևան եկած հանգամանքներով գործի վարույթը վերսկսելու հիմքեր են ի հայտ գալիս։ Այլ կերպ ասած՝ քրեական գործի վարույթը և ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման վարույթը բովանդակային գործողությունների իմաստով կարող են հակասել միմյանց և առաջացնել իրավական կոլիզիաներ։ Գտնում ենք, որ խնդիրն արդյունավետ կարող է կարգավորվել բացառապես ուսումնասիրության շրջանակներում հայտարարագրերի ուսումնասիրության և այլ հիմքերի համադրմամբ ապացույցները քաղաքացիական դատավարության կարգով դատարանում քննարկելու եղանակով։ Առաջարկ․ • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքականությունն իրացնել՝ առաջնորդվելով այդ գործընթացը քաղաքացիական դատավարության ընթացակարգով հայցի հարուցում «գույքի դեմ» (in rem) սկզբունքով։ Նման հայեցակարգի դեպքում կիրառելի է ապացույցների բալանսավորման (balance of probabilities) սկզբունքը, համաձայն որի՝ ապացուցման բեռը կրող կողմը դատարանում հաղթում է, եթե 51 տոկոսով ապացուցում է իր պնդումը։ Հայեցակարգային նման լուծումը վկայում է այն մասին, որ հայցերի արդյունքում կիրառվող ներգործության միջոցները կրում են ոչ թե պատժիչ կամ պատասխանատվության ենթարկելու, այլ վերականգնողական բնույթ` տնտեսական շրջանառությունից հանելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը վերադարձնելու պետությանը։ Ընդ որում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերոնշյալ մոտեցումը չի կապում այն հանցագործության փաստի արձանագրման հետ և ապահովում է օպերատիվություն: Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը կառուցված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական դատավարության ընթացակարգի հիման վրա։ Նախագծի 5-րդ հոդվածում ամրագրված հիմքերը հանդիսանում են ազդակներ, որոնց հիման վրա կարող է սկսվել ուսումնասիրությունը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության ռիսկի մասին ազդակ լինելուց զատ, քրեական գործի ընթացքը և ելքը պայմանավորված չեն կարող լինել բռնագանձման վարույթի ելքով և հակառակը։ Նմանօրինակ մոտեցում է որդեգրված նաև Միացյալ Թագավորության օրենսդրությամբ, որտեղ չհիմնավորվող հարստացման վարույթ կարող է նախաձեռնվել անձի առնչությամբ, ով կապված է ծանր հանցագործության կատարման հետ կամ հանդիսանում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ։ Միևնույն ժամանակ, վարույթը անկախ է ընթանում քրեական բնույթի ընթացակարգերից։
8 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 03.10.2019 17:28:02 Հոդված 3, 16-րդ կետ․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացակարգ նախաձեռնելու իրավասու մարմին Ներկայացված նախագծի 3-րդ հոդվածի 16-րդ կետում նախատեսված է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացակարգ նախաձեռնելու իրավասությունը պատկանում է միայն ՀՀ գլխավոր դատախազությանը, բացառելով այլընտրանքի հնարավորությունը և հակակշիռների կիրառումը, ինչը կարող է տալ դատախազությանը հայեցողական լայն հնարավորություններ և առաջ բերել կոռուպցիոն ռիսկեր, քանի որ գործընթացը նախատեսվում է իրականացնել գաղտնիության ռեժիմով։ Այս առումով նպատակահարմար է նախագծով նախատեսել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նախաձեռնման և հայցի հարուցման այլընտրանքային մարմին, ինչպես օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Բացի այդ, իրավակիրառելիության որոշակիության տեսանկյունից ամրագրված չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասու մարմնի որոշումների բողոքարկման իրավական ուղղորդիչները, ինչը օրենսդրության չիմացության պարագայում կարող է հանգեցնել իրավունքի «սահմանափակման»: Առաջարկ․ • Բացի ՀՀ գլխավոր դատախազությունից, որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացակարգ նախաձեռնելու իրավասու մարմին նախատեսել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ • Նախագծում ամրագրված դրույթների կիրառելիության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ամրագրել, որ իրավասու մարմինների կողմից ուսումնասիրություն նախաձեռնելու վերաբերյալ իրենց լիազորությունների շրջանակում ընդունվող որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։ Չի ընդունվել: Այս փուլում ՀՀ դատախազությունը ընտրվել է որպես իրավասու մարմին՝ հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասնագիտացվածությունը կոռուպցիոն բնույթի գործունեության դեմ պայքարում, մինչդեռ նախագծում նախատեսվում են նաև այլ հնարավոր գործունեության տեսակներ, որոնց արդյունքում կարող է կուտակված լինել ապօրինի ծագում ունեցող գույք։ Միևնույն ժամանակ, ինստիտուտի գործարկման սկզբնական փուլի համար կարևորվում է ակտիվների վերադարձով մասնագիտացված խումբ ձևավորելու անհրաժեշտությունը։ Ապագայում ամեն դեպքում հնարավոր է դիտարկել առաջարկվող մոդելը՝ հայց ներկայացնելու մի քանի տարբեր մարմինների իրավասությամբ, որպիսին գործում է օրինակ Միացյալ Թագավորությունում։ Ընդունելով հանդերձ, որ դատարանը պետք է հնարավորություն ունենա գնահատական տալու իրավասու մարմնի գործողությունների իրավաչափությանը, գտնում ենք, որ դա կարող է արվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր կանոններով։ Իրավասու մարմնի գործողությունները կարող են քննարկվել դատարանում գործի քննության ընթացքում, ինչի արդյունքում իրավասու մարմնի ներկայացրած ապացույցները կարող են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով ճանաչվել անթույլատրելի, եթե դրանք հադիսանում են հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցներ:
9 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 03.10.2019 17:28:30 Հոդված 3, 12-րդ կետ․ Պաշտոնատար անձի հասկացություն Նախագծի 3-րդ հոդվածի 12-րդ կետում պաշտոնատար անձի հասկացությունը մեկնաբանվում է որպես «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձ կամ «այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն» զբաղեցրած անձ։ Վերջին ձևակերպումից հետևում է ակնհայտ տարածական մեկնաբանություն, քանի որ համարժեքության չափելիության կոնկրետ սկզբունք նախագիծը չի նախատեսում, ուստիև հայեցողական մեկնաբանության ու կոռուպցիոն ռիսկերի հավանականությունն աճում է։ Բացի այդ, որակյալ իրավական ակտի հիմնական չափանիշներից է իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը։ Նշված ձևակերպումը բավարար հստակեցված չէ և, այդպիսով, չի համապատասխանում իրավական որոշակիության կանոններին, տարբեր մեկնաբանությունների և դրանից բխող բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ ՀՀ որևէ օրենսդրական ակտով չի տրվում պաշտոնատար անձին համարժեք պաշտոն զբաղեցնող անձի հասկացության սահմանումը, ուստի նախագծի նման ձևակերպումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին։ Առաջարկ․ • Նախագծի 3-րդ հոդվածի 12-րդ կետում հստակեցնել «այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն» հասկացությունը՝ իրավական որոշակիության սկզբունքի իրացումն ապահովելու համար։ Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
10 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 03.10.2019 17:29:19 Հոդված 14․ Գույքի նկատմամբ ապահովման միջոցների կիրառում Գույքի նկատմամբ ապահովման միջոցների կիրառվում են այն դեպքում, երբ առկա են իրական ռիսկեր բռնագանձվող գույքի օտարման կամ օգտագործման ընթացքում փչացման վերաբերյալ։ Նախագծի 14-րդ հոդվածի 14-րդ մասում առկա է խիստ վիճարկելի դրույթ, որը վերաբերում է կիրառված հայցի ապահովման միջոցը դատարանի կողմից մասնակիորեն վերացվելու հիմքերից մեկին, մասնավորապես՝ գույքը տիրապետող շահագրգիռ անձի կողմից մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացմանն այն ծառայեցնելու նպատակով վերացմանը։ Նախագծի վերոնշյալ ձևակերպումն առաջացնում է տարակուսանք պետության կողմից նույն նպատակի վերաբերյալ միմյանց հակասող գործողություններ նախատեսելու առումով։ Մասնավորապես՝ մի կողմից պետությունն այդ գույքը դիտարկում է որպես ապօրինի ծագում ունեցող՝ նպատակ հետապնդելով այն հանել ապօրինի շրջանառությունից, մյուս կողմից՝ իրավական հնարավորություն է նախատեսում գույքի սեփականատիրոջ համար դրա շահագործումից շահույթ ստանալ և ծառայեցնել նույն անօրինական նպատակներին, ինչին ծառայում է թեկուզ դեռևս ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։ Նախագծի առաջարկն այս առումով վիճարկելի է նաև այն պատճառով, որ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելիս այսպես թե այնպես իրավունք ունի անդրադառնալ այդ գույքի կիրառական նշանակությանը, ինչպես նաև գույքի վերաբերյալ ցանկացած այլ հարցի։ Առաջարկ․ • Նախագծի 14-րդ հոդվածի 14-րդ մասի ձևակերպումից՝ կիրառված հայցի ապահովման միջոցի վերացման հիմքերի շարքից հանել մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքերը։ Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
11 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ 03.10.2019 17:31:15 Գլուխ 5․ Գույքի կառավարում Նախագծի 5-րդ գլուխը վերնագրված է «գույքի կառավարում», սակայն ամբողջությամբ վերաբերում է որպես հայցի ապահովման միջոց կիրառված գույքի կառավարմանը։ Մինչդեռ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման կարևորագույն նպատակներից մեկը հանդիսանում է բռնագանձված գույքի արդյունավետ կառավարումը՝ ի շահ պետության։ Այս առումով ներկայացված նախագիծը որևէ կերպ չի անդրադարձել քննարկվող խնդրին, ավելին՝ չի նախատեսել որևէ իրավական կարգավորում այս առնչությամբ։ Բռնագանձվող գույքի կառավարման արդյունավետությանը նպաստող մեխանիզմների ամրագրումը ոչ միայն կապահովի նախագծի գաղափարական հենքը: «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6․1-րդ հոդվածը սահմանում է, որ պետական գույքի կառավարման մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է։ Նշված մարմինը օժտված է բավականաչափ ռեսուրսներով՝ կառավարելու ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքը։ Այս պարագայում պետության վրա չի դրվում հավելյալ բեռ՝ ստեղծելու հատուկ մարմին՝ նշված գույքի կառավարումն ապահովելու համար։ Այս պարագայում կարևոր դեր է խաղում նաև հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը՝ որպես ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի հանրային հաշվետվողականությունը ապահովող տարր։ Որպես քաղաքացիական հասարակության միավոր, հասարակական կազմակերպություններին պետք է տալ հստակ իրավական լծակներ՝ հանրային շահերի ջատագովությունը արդյունավետ իրականացնելու համար, հիմք ընդունելով հանրային հաշվետվողականության և թափանցիկության բարձրացումը: Առաջարկ․ • Նախագծում ամրագրել, որ դատական վարույթի արդյունքում բռնագանձված գույքի 95 տոկոսը պետք է ուղղվի պետական գանձապետարան: Մնացյալից, 2.5 տոկոսը անհրաժեշտ է հատկացնել տվյալ վարույթում ներգրավված համապատասխան աշխատակցին/աշխատակիցներին՝ որպես խրախուսում, իսկ մնացած 2.5 տոկոսը՝ փախանցել այն կառույցի բյուջե, որին ներկայացնում է աշխատակիցը/աշխատակիցները: • Վերադարձված գույքի 95 տոկոսի առնչությամբ ՀՀ կառավարությունը պետք է կազմի հատուկ ծրագրային բյուջե և վերադարձված գումարը ուղղվի միայն այդ բյուջե: Այս առնչությամբ, ՀՀ կառավարությունը պարտավոր է ապահովել բարձր թափանցիկությունը և այդ նպատակով ստեղծել առանձին կայք/կայքէջ, որը պետք է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ, թարմացվի: • Անշարժ և շարժական գույքի դեպքում՝ ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքը փոխանցվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի ֆոնդ, իսկ դրա կառավարումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով: Ընդունվել է մասնակի: Հարկ ենք համարում նշել, որ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձված գույքի կառավարումն առնչվում է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձված գույքի կառավարման հարցերին և իր ծավալում ներառում է ինչպես որպես ապահովման միջոց պետությանը փոխանցված, այնպես էլ` պետության սեփականությանը անցած գույքի կառավարումը։ Հիմք ընդունելով ինստիտուտի ավելի համընդգրկում լինելը, քան նախագծի կարգավորումների հիման վրա գույքի կառավարման հարցերն են՝ գույքի կառավարման ինստիտուտը ներառվել է առաջիկա բարեփոխումների աշխատանքում` ներառելով ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական վարույթներով գույքի կառավարման հարցերը։ Միևնույն ժամանակ, համաձայն ենք մոտեցման հետ, որ նախագծի հիման վրա բռնագանձված գույքը «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կանոններին համապատասխան պետք է փոխանցվի Պետական գույքի կառավարման կոմիտե։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ այդ նպատակին հասնելու համար նախագծում հատուկ նշում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։