Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի՝
2-րդ մասում պարզ չէ, թե ինչպես և ում կողմից է որոշվելու կամ գնահատվելու մրցակցության սահմանափակմանը հանգեցնելը կամ դրա հնարավորությունը: Նույն տեղում խնդրահարույց է հանձնաժողովի որոշմամբ արգելման դեպքերը սահմանելը՝ արդեն իսկ օրենքով նախատեսված արգելման դեպքերի պարագայում, որովհետև արգելումը փաստացի պարտավորություն է, որը ՀՀ Սահմանադրությամբ կարող է սահմանվել միայն օրենքներով, ուստի անհրաժեշտը է սույն օրենքով էլ հնավորինս սպառիչ թվարկել այդ դեպքերը:
3-րդ մասը քննարկման կարիք ունի, որովհետև հայտարարագրի իմաստի տրամաբանությամբ, հայտարարագիրը ընդհանրապես պետք է ներկայացնի ինչ-որ բան ձեռքբերողը կամ ստացողը, այլ ոչ թե տրամադրողը, որովհետև ի վերջո օժանդակության վերջնական հասցեատերը ստացողն է, իսկ տրամադրողը կարող է հանձնաժողովին ընդամենը օժանդակություն տրամադրելու մասին տեղեկացնել՝ տրամադրումից առաջ: Պարզ չէ, թե հայտարարագիրը ինչ պահանջներ է սահմանելու, ինչ տեղեկատվություն է ենթադրելու, այն ում կողմից և ինչպես է հաստատվելու և ինչ ընթացակարգով ու ժամկետներում է ներկայացվելու:
4-րդ մասում օրինաչափ է օժանդակություն ստացողի համար հայտարարագիր սահմանելը, սակայն պարտադիր չլինելու դեպքում այն կարող է և չներկայացվել, որի պարագայում պարզ չեն դրա ռիսկերը, հետևանքները: Եթե հայտարարագիր է, ապա այն ինքնին պետք է պարտադիր լինի, առաջարկվում է այն սահմանել որպես իմպերատիվ պահանջ և պարտավորություն, հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով: 4-րդ մասում ևս պարզ չէ, թե այդ հայտարարագիրը ինչ պահանջներ է սահմանելու, ինչ տեղեկատվություն է ենթադրելու, այն ում կողմից և ինչպես է հաստատվելու և ինչ ընթացակարգով ու ժամկետներում է ներկայացվելու:
5-րդ մասում հաշվի առնել նաև միջպետական պայմանագրերի դեպքերը:
6-րդ մասը քննարկման կարիք ունի, քանի որ հակասում է 3-րդ մասին, որով սահմանված է հայտարարագրման պահանջից ազատման հնարավորությունը, իսկ մյուս կողմից էլ ստացվում է կրկնորդում, քանի որ ամեն դեպքում գործելու է պարտավորություն՝ հայտարարագրման կամ տեղեկացման միջոցով: Կարծում եմ նպատակահարմար է խնդիրը կանոնակարգել հենց 3-րդ մասում, իսկ 6-րդ հոդվածում տալ տեղեկացման և հայտարարագրման տարբերությունները և նշել, թե ինչպես են կատարվելու: 6-րդ մասում պարզ չէ, թե որ դեպքերում է հանձնաժողովը պահանջելու կամ որ դեպքերում չի պահանջելու հայտարարագրի ներկայացում տեղեկացումից հետո, անհրաժեշտ է սահմանել այդ դեպքերը, հակառակ դեպքում առաջանում են տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով:
7-րդ մասում պարզ չէ, թե ինչ ժամկետնեում և ինչպես է ուսումնասիրվելու օժանդակությունը և ինչ ժամկետներում ու ինչպիսի հիմքերի հիման վրա են կայացվելու թույլատրման կամ արգելման որոշումները կամ էլ պայմանով թույլատրման որոշման դեպքում օժանդակության տրամադրման և ցանկացած ձևի օգտագործման պարագայում ինչ է լինելու այդ որոշման և կատարված գործողությունների ճակատագիրը:
8-րդ մասում պարզ չէ, թե ինչպես, ինչ ժամկետներում է կայացվելու հանձնաժողովի որոշումը, անհրաժեշտ է սահմանել որոշման կայացման ընթացակարգը, դրա վարչարարությունը:
9-րդ մասում պարզ չէ, թե չհայտարարագրված պետական օժանդակության պարագայում ինչ է լինում մինչ որոշման ընդունումը կատարված որոշակի գործողությունների հետևանքը, այդ թվում՝ իրավական և ինչպիսին է լինում օժանդակության ճակատագիրը, օրինակ՝ արդեն տրամադրվել է և ի՞նչ՝ վերադարձվում է, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ինչ է լինում և այլն….
10-րդ մասում առկա է հաասություն, որովհետև մի կողմից նշվում է , որ հանձնաժողովի որոշմամբ պետական օժանդակություն չի կարող տրամադրվել, իսկ մյուս կողմից նշվում է պետական օժանդակություն ստանալու հնարավորության մասին, որի դեպքում ստացողը պարտավոր է այն վերադարձնել, իսկ եթե տրամադրվել է առանց որոշման, ապա ինչ…: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է հնարավոր պետական օժանդակության արգելման դեպքում օժանդակության ստացումը, որ դեպքերում է նման իրավիճակ հնարավոր և անհրաժեշտ է սահմանել այդ դեպքերը կամ առանձին կետով իմպերատիվ պահանջ սահմանել, որ անկախ ամեն ինչից, առանց հանձնաժողովի որոշման ստացված օժանդակությունը ենթակա չէ օգտագործման կամ չի կարող օգտագործվել և ենթակա է վերադարձման, որի պարագայում առաջ է գալիս, թե ինչպես է կատարվելու օժանդակության վերադարձը, որը կանոնակարգման կարիք ունի:
11-րդ մասում պարզ չէ, թե միասնական գրանցամատյանը ում կողից , ինչ իրավական ակտով և ինչ լիազորությունների հիման վրա է հաստատվելու:
12-րդ կետում պարզ չէ, թե ինչ բովանդակության տեղեկատվություն, ում կողմից հաստատված ձևով, երբ և ինչպես պետք է ներկայացվի:
13-րդ կետում քննարկման և հստակեցման կարիք ունի, թե պետական օժանդակության տրամադրման այլ պայմաններ սահմանելիս ինչ հիմքերով կամ որ դեպքերում կամ ինչ չափանիշներով է ընդունվելու որոշումը, հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով:
14-րդ կետը քննարկման կարիք ունի, քանի որ նման ձևակերպման պարագայում այն ուղղակի մահակ է՝ ցանկացած դեպքում վերահսկողություն կատարումը լրացուցիչ վարչարարություն է առնվազն այն տրամաբանությամբ, որ սույն նախագծով դրվում է պետական օժանդակության գործընթացքում այսպես կոչված նախնական ծանուցման կամ տեղեկացման ինստիտուտը: