Հիշել նախագիծը

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

Հոդված 1. «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Էլեկտրոնային փաստաթղթի, էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի մասին»։

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների» բառերը փոխարինել «էլեկտրոնային փաստաթղթերի, էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային կնիքների» բառերով։

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի ստուգման տվյալներ (այսուհետ՝ ստուգման տվյալներ)՝ պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի իսկությունը հաստատելու համար.»

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի ստուգման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի ստուգման տվյալները.

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«էլեկտրոնային կնիքի կամ թվային ստորագրության հավաստագիր՝ փաստաթուղթ՝ թղթի, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա, որը հաստատում է ստորագրող անձին էլեկտրոնային թվային ստորագրության կամ կազմակերպության էլեկտրոնային կնիքի ստուգման տվյալների և էլեկտրոնային կնիքի կամ էլեկտրոնային թվային ստորագրության պատկանելիությունը և ծառայում է էլեկտրոնային կնիքի և էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգման միջոց.»

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

հավաստագրման կենտրոն՝ էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրեր տրամադրող և էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային կնիքների հետ կապված այլ ծառայություններ մատուցող կազմակերպություն.

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«շահագրգիռ անձ՝ անձ կամ կազմակերպություն, որին հասցեագրված է էլեկտրոնային փաստաթուղթը կամ ցանկացած այլ անձ, որն անհրաժեշտություն ունի նույնականացնել ստորագրող անձին կամ էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպությանը.»

Հոդված 5. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով. 

«էլեկտրոնային կնիք՝ էլեկտրոնային տվյալներ, որոնք ավելացվում են էլեկտրոնային թվային կնիքը ստեղծող կազմակերպության կողմից և կապվում այլ էլեկտրանային տվյալներին և օգտագործվում այդ տվյալների ծագումը և ամբողջականությունը պարզելու, էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպությանը նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

 «էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ռեկվիզիտներով տրամադրվել է էլեկտրոնային կնիքի հավաստագիրը.»

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 9.

Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի ստստուգման տվյալների ստեղծումը և տարածումը

  1. Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի ստուգման տվյալները ստեղծվում են ստորագրող անձի, էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպության կամ հավաստագրման կենտրոնի կողմից` ապարատային և (կամ) ծրագրային միջոցների օգտագործմամբ:
  2. Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի ստուգման տվյալները, բոլոր շահագրգիռ անձանց կողմից օգտագործման համար, տարածում է`

1) ստորագրող անձը կամ էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպությունը՝ անձամբ հանձնելով կամ հաղորդելով այդ տվյալները կամ էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի հավաստագիրը.

2) հավաստագրման կենտրոնը՝ ի պատասխան շահագրգիռ անձանց կողմից կատարված հարցման։»

Հոդված 7. Օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  4
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՆԻՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 10.

Էլեկտրոնային փաստաթղթի, էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի կիրառումը կարգավորող օրենսդրությունը

  1. 1. Էլեկտրոնային փաստաթղթի, էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի կիրառումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:
  2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են սույն օրենքով նախատեսվածից տարբերվող նորմեր, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը:
  3. Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային կնիքի կիրառումը կարող է սահմանափակվել օրենսդրությամբ:

Հոդված 11.

Էլեկտրոնային  փաստաթղթի, էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի կիրառման կարգը

  1. Պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի, էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային կնիքների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և նրա լիցենզավորած անձինք կիրառում են էլեկտրոնային փաստաթղթերը, էլեկտրոնային թվային ստորագրությունները և էլեկտրոնային կնիքները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
  3. Գանձապետարանը իր տեղեկատվական համակարգերում կիրառում է էլեկտրոնային փաստաթղթերը, էլեկտրոնային թվային ստորագրությունները և էլեկտրոնային կնիքները «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորումն իրականացնող պետական մարմնի սահմանած կարգով:
  4. Սկզբնական (հաշվառման) փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները փոխարինում են իրենց թղթային տարբերակներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, կամ եթե պահպանվել են դրանց թղթային տարբերակները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Հոդված 11.1.

Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի կիրառումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները ձեռք բերելիս

  1. Էլեկտրոնային թվային ստորագրությունը և էլեկտրոնային կնիքը կիրառվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս:
  2. Էլեկտրոնային թվային ստորագրության և «կամ» էլեկտրոնային կնիքի կիրառմամբ ծառայություններ կամ գործողություններ կատարելու նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջներին:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված համակարգին միանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց էլեկտրոնային համակարգերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին:
  4. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման համակարգի տեխնիկական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել էլեկտրոնային համակարգի օպերատոր, որը կապահովի էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումը: Էլեկտրոնային համակարգի օպերատորի գործառույթները կարող են վերապահվել պետական որևէ մարմնի կամ իրավաբանական անձի:

Գ Լ ՈՒ Խ  5

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՆԻՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 12.

Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրման  կենտրոնները

  1. Հավաստագրման կենտրոնները պարտավոր են՝

1) իրենց ծառայությունների մատուցման համար ստորագրող անձի կամ էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպության հետ կնքել համապատասխան պայմանագիր` հավաստագրեր տրամադրելու, ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի հետ կապված այլ ծառայություններ մատուցելու վերաբերյալ.

2) տրամադրել էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի ստեղծման և ստուգման տվյալները.

3) հաշվառել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի հավաստագրերը և ստուգման տվյալները.

4) հավաստել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի հավաստագրի և էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի ստուգման տվյալների պատկանելիությունն ստորագրող անձին կամ կնիք կիրառող կազմակերպությանը.

5) նույնականացնել և հաստատել էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի ստուգման տվյալների և հավաստագրի համապատասխանությունը.

6) երաշխավորել էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի պաշտպանվածությունը.

7) նախքան անձի կամ կազմակերպության հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքելը պատշաճ ձևով տեղեկացնել նրանց էլեկտրոնային թվային ստորագրության  կամ էլեկտրոնային կնիքի օգտագործման պայմաններին, ներառյալ` դրաց օգտագործման սահմանափակումները.

8) էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի ստեղծման տվյալներ տրամադրելիս ապահովել այդ ծառայությունների մատուցման գաղտնիությունը` իրենց մոտ չպահպանելով էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի ստեղծման տվյալները:

  1. Հավաստագրման կենտրոնները կարող են`

1) կասեցնել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրերի գործողությունը (վավերությունը) սույն օրենքով և ստորագրող անձի կամ էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպության հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում.

2) մատուցել էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հետ կապված այլ ծառայություններ:

  1. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, կազմակերպություններն իրավունք ունեն ընտրելու կամ ստեղծելու հավաստագրման կենտրոններ՝ իրենց տեղեկատվական համակարգերում կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային կնիքի հավաստագրեր տրամադրելու և դրանց հետ կապված այլ ծառայություններ մատուցելու նպատակով:

Հոդված 13.

Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագիրը

  1. Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի և դրանց ստուգման տվյալների պատկանելիությունը ստորագրող անձին և էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպությանը հաստատվում է էլեկտրոնային թվային ստորագրության և համապատասխանաբար էլեկտրոնային կնիքի հավաստագրով, որը տրամադրում է հավաստագրման կենտրոնը։
  2. Հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) հավաստագրի եզակի գրանցման համարը` ըստ տվյալ կենտրոնի.

2) Էլեկտրոնային թվային ստորագրության պարագայում՝ անձի անունը, ազգանունը կամ նրա կեղծանունը (մտացածին անունը), իսկ էլեկտրոնային կնիքի պարագայում՝ կազմակերպության անվանումը.

3) էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի ստուգման տվյալները.

4) էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրի տրման օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի հավաստագիրն ունի գործողության ժամկետ, ապա նաև այդ ժամկետը.

5) էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի հավաստագրման կենտրոնի անվանումը, գործունեության իրականացման հասցեն և իրավաբանական անձի գտնվելու վայրը։

  1. Համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի` հավաստագիրը կարող է նաև պարունակել`

1) տվյալ էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի  կիրառմամբ կատարվող գործարքների առավելագույն թույլատրելի արժեքը.

2) տվյալ էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի կեղծման, կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ոչ պատշաճ որակի կամ թերի մատուցված ծառայությունների հետևանքով առաջացած վնասի չափը, որը կենտրոնի կողմից ենթակա է փոխհատուցման:

  1. Նույնականացման քարտում զետեղվում են հավաստագրման կենտրոնի կողմից թողարկված էլեկտրոնային թվային ստորագրության անհատական հավաստագրերը:
  2. Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի ակտիվացման համար անհրաժեշտ քայլերի նկարագրությունը տեղադրվում է հավաստագրման կենտրոնի կայքում: Նույնականացման քարտում զետեղվող էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրեր թողարկելուց բացի, հավաստագրման կենտրոնը կարող է թողարկել այլ տեսակի նյութական կրիչներում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրեր: Նման տեսակի հավաստագրերի թողարկման և տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 14.

Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրի գործողության ժամկետը

  1. Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրերը կարող են ունենալ գործողության ժամկետ։ Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրի գործողության ժամկետը լրանալու պահից հետո տվյալ էլեկտրոնային թվային ստորագրությամբ և էլեկտրոնային կնիքով հաստատված փաստաթղթերը չեն համարվում էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ էլեկտրոնային կնիքով պաշտպանված։
  2. Նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը տրվում է նույնականացման քարտի վավերականության ժամկետով:

Հոդված 15.

Հավաստագրման կենտրոնների հավատարմագրումը

  1. Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրման կենտրոնները կարող են ստանալ հավատարմագրում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:
  2. Լիազոր մարմինը՝

1) իրականացնում է հավատարմագրման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) վարում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) վերահսկում է հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։

  1. Հավաստագրման կենտրոնը դատարանի որոշմամբ կարող է զրկվել հավատարմագրումից՝ սույն օրենքի դրույթների կամ հավատարմագրման կարգի պահանջները խախտելու դեպքում:
  2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և նրա լիցենզավորած անձանց կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային կնիքների հավաստագրեր տրամադրող հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
  3. Այլ պետություններում գործող հավաստագրման կենտրոնների տրամադրած էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային կնիքների հավաստագրերը հավասարեցվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների տրամադրած հավաստագրերին` այդ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության համապատասխան վավերացված միջազգային պայմանագրերի առկայության դեպքում։

Հոդված 16.

Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների լիազորությունները

  1. Հավատարմագրված հավաստագրման կենտրոնները, բացի սույն օրենքի 12-րդ հոդվածում սահմանված պարտավորություններից և իրավունքներից`

1) պարտավոր են՝

- էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրերի տրամադրելուց նույնականացնել անձը՝ անձը հաստատող փաստաթղթերի հետ, իսկ էլեկտրոնային կնիքի հավաստագիրը տրամադրելուց՝ նույնականացնել կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում առկա գրանցման տվյալների հիման վրա,

- վարել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրերի ռեեստրը՝ ապահովելով վերջինիս պահպանությունը,

- ապահովել ստորագրող անձի անձնական, իսկ կազմակերպության պարագայում՝ առևտրային գազտնիք հանդիսացող տվյալների գաղտնիությունը,

- անմիջապես տեղեկացնել ստորագրող անձին և կազմակերպությանը ցանկացած տեխնիկական թերության առկայության մասին, որի հետևանքով կարող է վտանգվել էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի պաշտպանվածությունը կամ անհնարին դառնալ դրա օգտագործումը,

- դադարեցնել հավաստագրի գործողությունը՝

ա. էլեկտրոնային թվային ստորագրության պարագայում՝ եթե նույնականացման քարտը, իսկ էլեկտրոնային կնիքի պարագայում՝  իրավաբանական անձի գրանցումը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվավեր,

բ. եթե՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ հավաստագիրը կեղծվել է, կամ հավաստագրի օգտագործումը վնաս է պատճառում ստորագրող անձին, էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպությանը կամ երրորդ անձի,

գ. ստորագրող անձի, օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի կամ կնիք կիրառող կազմակերպության գրավոր պահանջի դեպքում,

- էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրի գործողությունը դադարեցվելու կամ ժամանակավոր կասեցվելու դեպքերում կատարել համապատասխան գրառում էլեկտրոնային թվային ստորագրությունների կամ համապատասխանաբար էլեկտրոնային կնիքի հավաստագրերի ռեեստրում.

2) իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ժամանակավորապես կասեցնելու էլեկտրոնային թվային ստորագրության կամ էլեկտրոնային կնիքի հավաստագրի գործողությունը՝

ա. էլեկտրոնային թվային ստորագրության պարագայում՝ եթե առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ նույնականացման քարտը կորել է, իսկ էլեկտրոնային կնիքի դեպքում՝ էլեկտրոնային կրիչը կորել է, թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագիրը կարող է կեղծվել, կամ դրա օգտագործումը կարող է վնաս պատճառել ստորագրող անձին, էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպությանը կամ երրորդ անձի: Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև նշված փաստերի հաստատումը կամ հերքումը,

բ. ստորագրող անձի կամ էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում: Էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպության հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված վճարի կատարումը:

  1. Հավաստագրման կենտրոնի կողմից իր նախաձեռնությամբ էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի հավաստագրի գործողության ժամանակավորապես կասեցումը կատարվում է ստորագրող անձի և էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային փոստին այդ մասին ծանուցում ուղարկելու պահից:
  2. Ծանուցումը պետք է բովանդակի հավաստագրի գործողության ժամանակավորապես կասեցման վերաբերյալ որոշման հիմքերը:

 

 

Հոդված 17.

Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության դադարեցումը

  1. Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության դադարեցման դեպքում վերջիններիս կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային կնիքների հավաստագրերը կարող են փոխանցվել մեկ ուրիշ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի` նախօրոք համաձայնեցնելով ստորագրող անձի կամ էլեկտրոնային կնիք կիրառող կազմակերպության հետ: Էլեկտրոնային թվային ստորագրությունների և էլեկտրոնային կնիքների այն հավաստագրերը, որոնք չեն փոխանցվել մեկ ուրիշ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի, համարվում են անվավեր և փոխանցվում են ի պահ լիազոր մարմին:

Հոդված 18.

Էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության, էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքի կիրառման և դրանց հետ կապված այլ ծառայությունների մատուցման ոլորտում իրավախախտման համար պատասխանատվությունը

  1. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության, էլեկտրոնային թվային ստորագրության և էլեկտրոնային կնիքների կիրառման և դրանց  հետ կապված այլ ծառայությունների մատուցման մասին օրենսդրության խախտման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»
  • Քննարկվել է

    06.08.2019 - 22.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

20.08.2019 09:49

նախագիծ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11342

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Անդրանիկ Մարկոսյան

16.08.2019

Հիմնավորումը խիստ կասկածելի է, ՌԴ–ում ու այլ երկրներում տենդերներին մասնակցելու համար էլեկտրոնային կնիք ունենալու անհրաժեշտությունը իրականությանը չի համապատասխանում։

Դավիթ Սանդուխչյան

16.08.2019

Հակիրճ դիտարկումները, որոնք բացված ներկայացրել եմ հաջորդ պարբերություններում. 1. Օրենքի հիմնավորումը խիստ կասկածելի է, քանի որ չի բխում միջազգային իրավական փորձից ինչպես։ 2. ՌԴ-ում ու այլ երկրներում մրցույթներին (տենդերներին) մասնակցելու համար էլեկտրոնային կնիք ունենալու անհրաժեշտությունը իրականությանը չի համապատասխանում (տես ստորև բերված պարզբանումը)։ 3. ՚Առաջարկվող փոփոխությունը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գործարքների վավերապայմաններ՝ քանի որ ըստ օրենսգրքի 296 հոդվածի փ մասի բավարար վավերապայման է համարվում ստորագրությունը կամ «էլեկտրոնային թվային ստորագրությանը կամ իր (անձի) ստորագրության այլ նմանօրինակ»։ Նախ և առաջ նշեմ, որ հիմնավորման տեքստում կա վրիպակ։ Գրված է «Ըստ այդմ, ՀՀ օրենսդրությամբ կնիք կարող է ունենալ միայն ֆիզիկական անձը, իսկ իրավաբանական անձի կողմից կնիք ունենալու հնարավորություն նախատեսված չէ»։ Կարծում եմ, որ կարիք չկա բացատրելու, որ կնիք կարող է ունենալ թե իրավաբանական անձը, թե ֆիզիկական անձը՝ օրինակ բժիշկները, փաստաբանները, իրավաբանական անձ չհանդիսացող անհատ ձեռնարկատերերը ու այլ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող, սակայն տնտեսվարող սուբյեկտ հանդիսացող անձինք։ Իսկ ըստ բովանդակությամբ կարևոր եմ համարում հայտնել հետևյալը։ Աշխարհի գրեթե բոլոր զարգացած իրավական համակարգերում իրավաբանական անձը ներկայացնում է համապատասխան լիազորություններ ունեցող ֆիզիկական անձ։ Այդ իսկ պատճառով պայմանագրերում գրվում է այս ինչ ընկերությունը ի դեմս տնօրենի (նրա տեղակալի կամ այլ որևէ ներկայացուցչի), որը գործում է ընկերության կանոնադրության կամ լիազորագրի հիման վրա։ Այսինքն, որևէ այլ միջոց բացի ներկայացուցչի ստորագրության անհրաժեշտ չէ իսկ նրա լիազորությունները հաստատվում են լիազորագրով, կանոնադրությամբ և/կամ պետ գրանցման ներդրը վավերացված պատճենի միջոցով։ Ռուսաստանի Դաշնադրությում ևս չկա էլեկտրոնային կնիքի հասկացությունը և ՌԴ-ում գնումներին (տենդերներին) մասնակցելու համար օրենքը էլեկտրոնային կնիք հասկացությամբ լրացնելու պատճառաբանումը խիստ զարմանալի է։ ՌԴ-ում ի տարբերություն ՀՀ-ի գործում է էլեկտրոնային ստորագրությունների հավատարմագրման շատ ավելի խիստ գործընթաց, որը պայմանավորված է ՌԴ-ն կառավարության կողմից վարվող պահպանողական քաղաքականությամբ ու այլ երկրներում արտադրած գաղտնագրմամ (կրիպտոգրաֆիկ) ապրանքներ արտադրողների համար ռուսական շուկա մուտք գործելը բարդացնելու ցանկությամբ։ ՀՀ ընկերությունների համար, որոնք ցանկանում են մասնակցել ՌԴ-ում պետական ու մասնավոր մրցույթներին, առավել հեշտ ճանապարհը կլինի ՌԴ-ում հավատարմագրված որակավորված ԷԹՍ ձեռք բերելը։ Տես «Պետական և մունիցիպալ կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքերի մատակարարման պայմանագրային համակարգի մասին» ՌԴ օրենքը։ Նշեմ նաև, որ ՀՀ-ում էլեկտրոնային կնիք ներդնելը կարող բերել լուրջ խառնաշփոթ՝ մինչև օրենքն ընդունելը ու օրենքը ընդունելուց հետո էլեկտրոնային ձևով կնքված փաստաթղթերի տարբեր վավերացման պայմաններ ունենալու տեսայետից։ Կարևոր է նաև նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով էլեկտրոնային կնիք հասկացությունը բացակայում է՝ ի տարբերություն էլեկտրոնային ստորագրության, որը համարվում է գործարք կնքելու բավարար վավերապայման թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց համար։ Օրենքի նախագծի հեղինակները պետք է առնվազն աշխատեն քաղ օրում համապատասխան լրացումներ կատարելու վրա։

Shushanik Sahakyan

06.08.2019

Առաջնահերթ կապն ու ծրագիրն է պետք բարելավել

Տեսնել ավելին