Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայողական քննությունների անցկացման, կարգապագական տույժերի տրման, տրված կարգապահական տույժերը բողոքարկելու գործընթացին վերաբերող օրենքի կարգավորումներ հստակեցնելու հանգամանքով: Օրենքի նախագծի ներկայացումը նախատեսվել է նաև ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 199.4-րդ կետով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի գործողության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից: Մասնավորապես, օրենքով սահմանվում է, որ կարգապահական խախտումը համարվում կոպիտ և դրա համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է՝ եթե այն կատարվել է նախկինում հանցագործություն կատարած զինծառայողի կողմից: Տվյալ պարագայում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կարգավորումների համաձայն դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում են դատվածության հետ կապված իրավական հետևանքները, որի պարագայում եթե նախկինում կատարած հանցագործության շրջանակներում զինծառայողը չունի դատվածություն, ապա այն չի կարող դիտվել որպես ծանրացնող հանգամանք: Բացի այդ, օրենքում նախատեսված չեն ծառայողական քննության կասեցման հիմքերը, հստակեցված չեն այն ժամանակահատվածները, որոնց հաշվառմամբ կարող է տրվել կարգապահական տույժը, կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զինծառայողին տեղեկացնելու, զինծառայողի կողմից այն բողոքարկելու և դրա արդյունքներով կայացվող որոշումների վերաբերյալ դրույթները: Որոշակի խնդիրներ էր առաջացնում նաև այն հանգամանքը, որ օրենքի 23-րդ հոդվածում սահմանված է <<աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում>> կարգապահական տույժը, սակայն օրենքի 5-րդ գլխում օգտագործվում է արտահերթ վերակարգի նշանակումը: Միաժամանակ, օրենքի 5-րդ գլխում կարգապահական իրավախախտումների տեսակների համար սահմանված կարգապահական տույժերի ցանկում ներառված չեն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական բոլոր տույժերը, ինչը մի շարք դեպքերում հնարավորություն չէր տալիս կատարված արարքի գնահատման շրջանակներում կիրառել արարքին համապատասխան կարգապահական տույժի տեսակ և բացասական ազդեցություն էր ունենում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման և կարգապահության ամրապնդման վրա:     

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել ՀՀ զինված ուժերում կարգապահական իրավահարաբերությունների ամբողջականությունը, զինծառայողների իրավունքների և շահերի պաշտպանության պատշաճ կազմակերպումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է, որ կարգապահական իրավախախտումը ծանրացնող հանգամանք է հանդիսանում իրավախախտումը դատվածություն ունեցող զինծառայողի կողմից կատարելը, սահմանվում է կարգապահական իրավախախտումների համար օրենքով նախատեսված բոլոր կարգապահական տույժերի կիրառման հնարավորությունը, սահմանվում է նյութական վնաս հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը, ինչպես նաև այն ժամանակահատվածները, որոնք հաշվի են առնվում կարգապահական տույժ տալու համար սահմանված առավելագույն ժամկետում, նախատեսվում են կարգապահական տույժի տրման վերաբերյալ զինծառայողին պարտադիր տեղեկացնելու դրույթներ և ծառայողական քննության կասեցման հիմքերը, կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զինծառայողի կողմից բողոք ներկայացնելու և բողոքի քննարկման արդյունքներով ընդունվող որոշումները, կարգապահական տույժերի հանման շրջանակներում նախատեսվում է նաև այն դեպքը երբ տույժը հանվել է բողոքարկման արդյունքում, կարգապահական իրավախախտումների տեսակները սահմանող հոդվածներում հստակեցվում են կարգապահական տույժերի անվանումները:

      5. Ակնկալվող արդյունքը

  Օրենքի ընդունումը կապահովի ՀՀ զինված ուժերում կարգապահական իրավահարաբերությունների ամբողջականությունը, զինծառայողների իրավունքների և շահերի պաշտպանության գործընթացի պատշաճ կազմակերպումը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարի 2012թ. սեպտեմբերի 20-ի N 991-Ն որոշմամբ հաստատված ծառայողական քննության անցկացման կարգում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

    Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2019թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

   Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

  • Քննարկվել է

    15.07.2019 - 30.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6191

Տպել