Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1.1 Ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հիմնական հանգամանքով, որ ներկա պահին քաղաքաշինության բնագավառում գործող լիցենզավորման կարգերը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներն ու պայմանները չեն ապահովում քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացի արդյունավետությունը: Հստակ սահմանված պահանջների և պայմանների բացակայությունը տնտեսվարող սուբյեկտներին լիցենզիաների տրամադրումը  դարձնում է ինքնանպատակ: Ոչ լիարժեք և հստակ սահմանված լիցենզավորման պայմաններն ու պահանջները տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում են անհավասար մրցակցային դաշտ, ինչը հակասում է լիցենզավորման նպատակներին, մասնավորապես՝ չի նպաստում շուկայական հարաբերությունների կարգավորմանը:

1.2 Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով: Լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հատատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ է («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 2): Քաղաքաշինության բնագավառում սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները ամբողջությամբ համահունչ են լիցենզավորման գործընթացի նպատակներին («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 5): 

1.3 Ներկայումս «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ կետով սահմանված քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

1. Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջոց աշխանքների),

2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջոց աշխանքների),

3. Շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող`300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների),

4. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող` 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների),

5. Ինժեներական հետազննում,

6. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:

1.4 Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը: Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվել այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի («Լիցենզավորման մասին ՀՀ օրենք, Հոդված 7): Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները բնույթով հանդիսանում են ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, որոնք իրականացվում են տնտեսվարող սուբյեկտների կողմից: 

1.5 Լիցենզիաները տրամադրվում են միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորված պետական մարմինները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 8): Լիցենզիաների լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն  օրենքով և լիցենզավորման կարգերով: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հակայաստանի Հանրապետության կառավարությունը («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 10): Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ որոշումներով՝

1. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիս 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N777-Ն,

2. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիս 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N775-Ն,

3. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N788-Ն,

4. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և ձևը հաստատելու մասին N774-Ն,

5. ՀՀ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1533-Ն,

6. ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամն զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N855-Ն:

1.6 Լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների համար, որոնց իրականացումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պայմաններ («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, Հոդված 13): 

  Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության, ինժեներական հետազննման, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեությունների համար օրենքով նախատեսված է մասնագիտական որակավորման պայման:

    Փաստացի ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N855-Ն որոշումը չի կիրառվում, քանի որ լիցենզավորման կարգերով նախատեսված է մասնագիտական որակավորման գնահատման այլ պահանջ: Նշված պահանջները համապատասխանում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին (անձի մասնագիտական որակավորում ունենալու փաստը պետք է հավաստվի սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական որակավորման ստուգման արդյունքում լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով): Անձի կողմից ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ որոշակի պաշտոններում կամ որոշակի բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը նույնպես կարող է համարվել անձի՝ տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ, եթե դա սահմանված է օրենքով, լիցենզավորման կամ որակավորման կարգերով): Սակայն քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման կարգերում որպես մասնագիտական որակավորման պահանջ սահմանված է մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթի և աշխատանքային ստաժի միաժամանակյա պահանջ: Ըստ էության լիցենզավորման կարգերով նախատեսված պահանջը հակասում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանաված կարգավորումներին, քանի որ մասնագիտական որակավորման փաստը կարող է հավաստվել կամ լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթով, կամ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթով: Բացի այդ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ կետով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության և շինարարության իրականացման համար մասնագիտական որակավորման պահանջ նախատեսված չէ: Սակայն նշված գործունեությունների լիցենզավորման կարգերով նախատեսված է մասնագիտական որակավորման պահանջ:

 1.7 ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի դեկտմեբերի 6-ին ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների փոփոխությունները բացասական ազդեցություն են ունեցել քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա: «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ համատեղ փոփոխություն է իրականացվել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, համապատասխան որի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)» լիցենզիան փոխարինվել է երկու տարբեր գործունեության լիցենզիաներով. «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)» և «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)»։ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով «Ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպության ստեղծումից վեց ամիս անց դադարեցվել  են նախկինում քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն» բնագավառի լիցենզիաները: ՀՀ կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոսնտրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզավորման կարգն ու լիցենզիաների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1533-Ն որոշմամբ հաստատվել է տվյալ գործունեության տեսակների լիցենզավորման կարգը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ սահմանված պահանջների: «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոփոխությունները հակասում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին: Համաձայն գործող օրենսդրության՝ քաղաքաշինական փաստաթղթերը հանդիսանում են քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց՝ կարգավորելով քաղաքաշինական սուբյեկտների միջև հարաբերությունները։ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակում՝ առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հիմնավոր է համարում այն փաստարկը, որ չի կարող պետական կարգավորման միջոց հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերի մի մասի մշակումը լինել լիցենզավորված, իսկ մյուս մասինը ոչ, քանի որ քաղաքաշինական փաստաթղթերի բոլոր բաժինների մշակումն ուղղակի առնչություն ունի անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանմանը։ Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության արդյունքում առաջացած ռիսկերը հնարավոր է կառավել միայն պատշաճ փորձաքննության միջոցով:

Առաջացած խնդրի վերաբերյալ կազմակերպվել են բազմաթիվ հանրային քննարկումներ, որոնց արդյուքնում սույն օրենսդրական նախագծով շեշտադրումն իրականացվել է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման արդյունավետության բարձրացման վրա: Հետևաբար ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթով  առաջարկվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքները հանել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից:

1.8 Գործող լիցենզավորման կարգերը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները լիարժեք չեն ապահովում լիցենզավորման գործընթացի արդյունավետությունը և չեն նպաստում քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ որակավորմամբ տնտեսվարող սուբյեկների ձևավորմանը, չեն տարանջատում տարբեր որակավորում և փորձառություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների գործունեությունները: Այս պարագայում հնարավոր չէ ապահովել սպառողների իրավուքների պաշտպանությունը, ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը: Հստակ սահմանված որակավորման պահանջների բացակայության պայմաններում  լիցենզիաների տրամադրումը դառնում է ինքնանպատակ և հնարավորություն չի ընձեռում ապահովել պատշաճ վերահսկողություն: Լիցենզավորման կարգերով հաշվի չի առնվում քաղաքաշինական օբյեկների բարդությունը, և ոչ լիարժեք սահմանված լիցենզավորման պայմանները ստեղծում են անհավասար մրցակցային դաշտ, ինչը հակասում է լիցենզավորման նպատակներին։ 

   Ներկայումս գործող իրավական ակտերի կարգավորումների համաձայն՝ լիցենզավորված սուբյեկտին թույլատրվում է իրականացնել ցանկացած բարդության և ռիսկայնության աստիճան ունեցող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և/կամ փորձաքննության կամ շինարարական աշխատանքների իրականացման գործառույթներ, ինչը շատ դեպքերում հանգեցնում է անորակ աշխատանքների կատարաման կամ ծառայությունների մատուցման և կարող է ունենալ ծանր հետևանքներ:

1.9 Գործող լիցենզավորման կարգերով նախատեսվում է, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի լիցենզիային կից պետք է տրամադրվի օրենսդրությամբ սահմանված ձևի համապատասխան ներդիր: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն լիցենզիային կից ներդիրները  տրամադրվում են այն դեպքում, երբ օրենքով և լիցենզավորման կարգերով նախատեսված է մասնագիտական որակավորման, տեխնիկական կամ այլ պահանջներ և պայմաններ: Լիցենզիային կից ներդիրով հավաստվում է, որ լիցենզավորված անձի կողմից պահապանվել են սահմանված պայմաններն ու պահանջները: Սակայն գործող լիցենզավորման կարգերով սահմանված ներդիրների տրամադրման տրամաբանությունը խախտված է: Մասնավորապես՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, շինարարության իրականացման և շինարարության որակի տեխնիկական հսկողության համար սահմանված են ներդիրների տարբեր տեսակներ և այդ գործունեության տեսակների համար նախատեսված չէ մասնագիտական որակավորման պահանջ: Հետևաբար լիցենզիային կից ներդիրներ նախատեսվել չէին կարող: Բացի այդ սահմանված ներդիրները բաժանված են ըստ ոլորտների, որոնց որոշակիությունը որևէ օրենսդրական ակտով ապահովված չէ:

 

 2. Առկա խնդիրներին առաջարկվող լուծումները.

2.1 Սույն օրենսդրական փաթեթով որպես առաջին հիմնական նպատակ առաջարկվում է հստակ սահմանել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և գործող կարգավորումներում կատարել խմբագրություն: Ըստ առաջարկի քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են՝

       1) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն,

       2) Շինարարության իրականացում,

       3) Շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն,

       4) Ինժեներական հետազննում,

       5) Շենքերի և շինությունների տեխնիկական զննություն:

   Քանի որ շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը, շենքերի և շինությունների տեխնիկական զննությունն ու ինժեներական հետազննումը իրականացվում է հաստատված կարգերի և մեթոդաբանութունների հիման վրա, ինչպես նաև կոնկրետ պատասխանատու անձանց միջոցով,  նպատակահարմար է նշված ծառայությունները ամփոփել մեկ լիցենզավորման ենթակա գործունության տեսակի՝ ինժեներական ծառայության մեջ: Լիցենզավորված սուբյեկտը նշված գործունեությունները կարող է իրականացնել, եթե լիցենզիայի անբաժան մաս հանդիսացող ներդիրում առկա է համապատասխան գրառում գործունեության համար պատասխանատու անձի վերաբերյալ: Հետևաբար ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվում է հետևյալ լիցենզիայի տեսակները՝

       1) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն,

       2) Շինարարության իրականացում,

       3) Ինժեներական ծառայություն:

   Լիցենզավորման ենթակա բոլոր գործունեության տեսակների համար նախատեված է մասնագիտական որակավորման պահանջ: Լիցենզավորված սուբյեկտը լիցենզավորման ենթակա գործունեությունը կարող է իրականացնել միայն պատասխանատու անձի միջոցով: Որակավորված պատասխանատու անձի վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է լիցենզիային կից ներդիրում:

2.2 Ներկայացված օրենսդրական նախագծի երկրորդ հիմնական նպատակն է ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային դաշտ, ինչպես նաև բարձրացնել  մասնագիտական որակավորման պահանջներն ու պատասխանատվությունը: Այդ նպատակով  նախատեսվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները բաժանել ըստ հինգ ռիսկայնության աստիճանի (կատեգորիաների)՝

       1) ցածր ռիսկայնության օբյեկտներ (I կատոգորիա),

       2) միջին ռիսկայնության օբյետկներ (II կատեգորիա),

       3) միջինից բարձր ռիսկայնության օբյեկտներ (III կատեգորիա),

       4) բարձր ռիսկայնության օբյեկտներ (IV կատեգորիա),

       5) բարձրագույն ռիսկայնության օբյեկտներ (V կատեգորիա):

  Տարբեր ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների շինարարության իրականացման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կամ այլ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար ներկայիս լիցենզավորման կարգերով սահմանվել են տարբեր պայմաններ և պահանջներ: Իրավական որոշակիության ապահովման նպատակով ներկայացված օրենսդրական փաթեթով նախատեսվել է խմբագրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը՝ սահմանելով  քաղաքաշինական օբյեկտների դասակարգումը, բացառությամբ պաշտապանական նշանակության քաղաքաշինական օբյեկտների, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:  Սույն օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում նախատեսվում է օպտիմալացնել լիցենզավորման ընթացակարգի առանձին ոլորտները կանոնակարգող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող ենթաօրենսդրական ակտերը (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.07.2009թ. N777-Ն, 02.07.2009թ. N775-Ն, 20.07.2009թ. N788-Ն, 02.07.2009թ. N774-Ն, 27.12.2018թ. N1533-Ն որոշումներ)` դրանք մեկ ընդհանրական փաստաթղթում միավորելու, առկա փոխհատումներն ու կրկնությունները վերացնելու, լիցենզիաների և որակավորման վկայականների տրամադրման առավել հստակ և հնարավորինս պարզ պայմաններ սահմանելու միջոցով` դրանք փոխկապակցելով օբյեկտների ռիսկայնության աստիճանի հետ, ինչպես նաև Կառավարությանը ներկայացնել քաղաքաշինական գործունեության օբյեկտների դասակարգման նոր ցանկը:

2.3  Ներկայումս քաղաքաշինական օբյեկտների  դասակարգումը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N596-Ն որոման Հավելված 4-ով: 

   Ներկայացված օրենսդրական նախագծի երրորդ հիմնական նպատակն է ամբողջությամբ վերանայել գործող ցանկը՝ սահմանելով ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը և այլ շինարարական աշխատանքների տեսակներ, որոնց համար չի պահանջվելու շինարարության թույլտվություն:

2.4 Օրեսդրական նախագծի չորրորդ հիմնական նպատակն է հստակեցնել շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնող սուբյեկտին: Գործող կարգավորումների համաձայն շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը իրականացվում է երկու առանձին սուբյեկտների կողմից:

  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» ենթակետով սահմանվում է, որ կառուցապատողը պարտավոր է ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը՝ օրենքով սահմանված կարգով: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ շինարարութան որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները հանդիսանում են քաղաքաշինության գործունեության սուբյեկտ և նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով: Սակայն քաղաքաշինության գործունեության սուբյեկտ հանդիսացող շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազամակերպությունների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով համապատասխան կարգավորումները բացակայում են:

   Գործնականում քաղաքաշինության սուբյեկտի կողմից  շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի «Շինարարության որակի տեխնիկական հսկողության հրահանգ» N 44 հրամանի համաձայն:«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ը» ենթակետով սահմանվում է, որ նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակի մասնակցության կանոնները սահմանում է Կառավարությունը: Գործնականում քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից հեղինակային հսկողությունն իրականացվում է հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի սեպտեմբերի 28-ի «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հրահանգը հաստատելու մասին» N 143 հրամանի համաձայն: Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության, ինչպես նաև հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից ծառայությունների մատուցումն իրականացվում է  կառուցապատողի հետ կնքած երկկողմ պայմանագրի հիման վրա: Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողությունն իրականացվում է քաղաքաշինական օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագիծ մշակողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից։ Ի տարբերություն շինարարության որակի տեխնիկական հսկողության, գործող օրենսդրական կարգավորումներով հեղինակային հսկողության իրականացումը համարվում է ոչ լիցենզավորված գործունեություն։

  ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի սեպտեմբերի 28-ի  N143 հրամանի 4.5 կետի համաձայն՝ հեղինակային հսկողություն իրականացնողը հետևում է քաղաքաշինական օբյեկտի իրականացման համապատասխանությանը հաստատված նախագծի պահանջներին և պայամաններին։ ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի  ապրիլի 28-ի  N 44 հրամանի 2.1 կետի համաձայան՝ տեխնիկական հսկողությունն իրականացվում է հսկողական ստուգումներով, բացումներով, հսկողական չափագրումներով, աշխատանքների նախագծային ծավալների ստուգումներով, փորձարկումներով: Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտը հսկողական ստուգման միջոցով պարզում է արդեն կատարված շինմոնտաժային աշխատանքների համապատասխանությունը նախագծային լուծումներիշինարարական նորմերի ու կանոնների հետ:

   Վերոնշյալ իրավական ակտերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ շինարարության որակի տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող սուբյեկտները քաղաքաշինական օբյեկտի շինարարության ընթացքում իրականացնում են նույն գործառույթը. հետևում են, որպեսզի շինարարություն իրականացնող սուբյեկտը պահպանի նախագծային փաստաթղթերով տրված լուծումներն ու պահանջները։

    Հատկանշական է, որ  ՀՀ քաղաքաշինության նախարարի  1998 թվականի սեպտեմբերի 28-ի  N 143 հրամանի 4.3 կետի համաձայն՝ կառուցապատողը հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության հետ կարող է կնքել շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնելու պայմանագիր, եթե սուբյեկտն ունի համապատասխան լիցենզիա։

   ՀՀ քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի «Շինարարության որակի տեխնիկական հսկողության հրահանգ» N 44 հրամանի 2.1 կետը սահմանում է, որ տեխնիկական հսկողությունն իրականացվում է հսկողական ստուգումներով, բացումներով, հսկողական չափագրումներով, աշխատանքների  նախագծային ծավալների ստուգումներով և փորձարկումներով։ Փորձարկումը լաբորատոր պայմաններում կամ տեղում փորձնական բեռնվածքների գործիքների և մեխանիզմների օգնությամբ, կառուցվածքների կամ նրանց առանձին մասերի կրողունակության, ամրության, տարբեր տեսակի մեկուսացման, ինչպես նաև այլ ֆիզիկամեխանիկական և տեխնիկական հատկությունների ստուգումն է նախագծի պահանջների և նորմերի հետ համեմատելու նպատակով:

   Թվարկված գործառույթներից առավել խնդրահարույց է փորձարկումը, քանի որ շինարարության ընթացքում կիրառվող շինարարական նյութերի փորձարկումները հիմնականում կատարվում են լաբորատոր պայմաններում։ Գործնականում փորձաքննության ենթակա շինարարական նյութերը փորձարկվում են ոչ թե շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտի կողմից, այլ իրականացվում են  անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ լաբորատոր փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների միջոցով։

   Լաբորատոր փորձաքննության ենթակա շինարարական նյութերի փորձաքննության դեպքերը սահմանվում են նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, իսկ տեղում իրականացվող փորձարկումները սահմանվում են հաստատված մեթոդաբանական ցուցումներով։

      Շինարարության ընթացքում անհարկի վարչարարության և կրկնվող գործառույթները բացառելու նպատակով սույն օրենսդրական փաթեթով առաջարվում է սահմանել շինարարության արտադրության նկատմամաբ հսկողության մեկ գործառույթ՝ գործածությունից հանելով շինարարության որակի տեխնիական հսկողությունը և հեղինակային հսկողությունը։

   Շինարարության արտադրության նկատմամբ հսկողություն կարող է իրականացնել նախագծային փաստաթղթերը մշակող քաղաքաշինական սուբյեկտը։ Շինարարական աշխատանքներ իրականացնող սուբյեկտը չի կարող իրականացնել շինարարության նկատմամաբ հսկողություն։

   Սույն օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում նախատեսվում է Կառավարությանը ներկայացնել շինարարական աշխատանքների իրականացման  նկատմամբ հսկողության կարգը, և  փոփոխություններ ու լրացումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի «Շինարարության արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանում։

2.5 Ներկայացված օրենսդրական նախագծի հինգերորդ հիմնական նպատակն է ապահովել ինչեպս սկսնակ, այնպես էլ գործող տնտեսվարող սուբյեկտների ոլորտում ազատ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը՝ սկսնակներին առաջարկելով  սկսել գործառույթները ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներից:   Սահմանված է պետական տուրքի դրույքաչափ,  որը տրվող լիցենզիայի համար չի գերազանցում ներկայումս գործող յուրաքանչյուր գործունեության տեսակի լիցենզիայի բոլոր ներդիրների դրույքաչափերի միասնական գումարին:

   Ստորև ներկայացնելով վերջին տարիներին իրականացված հիմնական գործառույթները, ինչպես նաև ՀՀ պետական բյուջե փաստացի մուտքերն ու կանխատեսումները, պետք է նշել, որ առաջարկվող իրավակարգավորումների արդյունքն ընդհանուր առմամբ անկանխատեսելի է և կախված է օրենքի կիրարկումից:

    Տրամադրվել է. 2016 թվականին՝ 209 լիցենզիա և 434 ներդիր, 2017 թվականին՝  236 լիցենզիա և 503 ներդիր, 2018 թվականին՝ 204 լիցենզիա և 367 ներդիր, 2019 թվականին՝ 473 լիցենզիա և 1214 ներդիր:

     Դադարեցվել է. 2016 թվականին՝ 94 լիցենզիա և 175 ներդիր, 2017 թվականին՝  97 լիցենզիա և 178 ներդիր, 2018 թվականին՝ 81 լիցենզիա և 167 ներդիր, 2019 թվականին՝ 60 լիցենզիա և 124 ներդիր:

     Որպես տարեկան պետական տուրք և տույժ 2016-2019 թվականներին ՀՀ պետական բյուջե փաստացի մուտք է եղել համապատասխանաբար՝ 324, 43 մլն, 344,65 մլն, 322,73 մլն և 355,08 միլիոն ՀՀ դրամ, իսկ որպես կանխատեսում եղել է՝ 339,50 մլն, 343,58 մլն, 326,88 մլն և 347,10 միլիոն ՀՀ դրամ:

2.6 Ներկայացված օրենսդրական նախագծով առաջարվում է նոր լիցենզայի տեսակներ, որոնք էականորեն տարբերվում են նախկինում տրված լիցենզիաներից: Ինչպես նշվեց, կախված քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանից, լիցենզավորման կարգերով նախատեսվելու է տարբեր պայմաններ և պահանջներ, բացառությամբ առաջին կարգի առաջին ռիսկայնության օբյեկտների: Ցածր ռիսկայնության օբյեկտների համար լիցենզավորվող սուբյեկտը պետք է ներկայացնի միայն տվյալ գործունեության համար պատասխանատու անձանց:

   Քանի որ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նախկինում տրված լիցենզիաները, ապա ներկայակայած օրենսդրական առաջարկով նախատեսվում են համապատասխան անցումային դրույթեր, որոնք նախատեսված են մինչև օրենքների ուժի մեջ մտնելը: Քաղաքաշինական գործունեության սուբյեկտի կողմից շինարարություն կարող է իրականացվել միայն տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով տրված շինարարաության թույլտվության հիման վրա: Շինարարության իրականացման հիմք  հանդիսացող ճարտարապետաշինարարական փաստաթղթերով նորմատիվային տվյալների հիման վրա հաշվարկվումէ շինարարության տևողությունը(շինարարության նորմատիվային տևողություն): Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավել, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերի հաշվարկված ժամկետի չափով: 

     Հայաստանի Հանրապետության կառաարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման Հավելված 1-ի 111-րդ կետի՝ նոր կառուցվող  շենքերի, շինությունների համար շինարարության ավարտի ժամկետը՝ ըստ հայցվող ժամկետի, բայց ոչ ավելի նախագծային փաստաթղթերում նախատեսված ժամկետների 1.5-ապատիկից: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում շինարարության թույլտվությամբ՝ կառուցապատողի հայեցողությամբ, սահմանվում է նաև շահագործման թույլտվության ձևակերպման ժամկետը: Ուստի  առաջարկվող օրենսդրական նախագծով մինչև նոր լիցենզիաների ուժի մեջ մտնելը տրված շինարարության թույլտվությունների հիման վրա ստանձնած պարտավորությունների մասով քաղաքաշինական սուբյեկտի համար նոր լիցենզիա չի պահանջվում:  Հետևաբար նոր լիցենզիաների ուժի մեջ մտնելու պահից տնտեսվարող սուբյեկտը չի կարող նոր շինարարություն սկսել նախկինում տրված լիցենզիաներով: Օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից, եթե շինարարություն իրականացնող կամ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող  սուբյեկտը չունի համապատասխան կատեգորիայի լիցենզիա, ապա տեղական ինքնակառավարման մարմնի կողմից չի տրամադրվի շինարարության թույլտվություն:

2.7 «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի փոփոխությունը  պայմանավորված է ՀՀ վարչապետի  2018 թվականի հունիսի 11-ի N730-Լ որոշման 7-րդ կետով ամրագրված դրույթով, որի համաձայն  ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության լուծարման պահից սկսված գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային տեսչական մարմին: Շինարարության արտադրանքի որակը կարելի է ապահովել միայն այն դեպքում, եթե ճարտարապետաշինարարական փաստաթղթերով տրված լուծումները համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Ուստի կարևորվում է տեսչական մարմին արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նապատակով համապատասխան փոփոխությունների իրականացնելը գործող օրենսդրական ակտերում:

   Ներկայացված օրենսդրական նախագծի վեցերորդ հիմնական նպատակն է պետական տեսչական վերահսկողություն իրականացնող մարմնին ապահովել  անհրաժեշտ իրավական հիմքերով՝ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար: Դրա իրականացման համար նախատեսվում է մշակել շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողության կարգը:

      Սույն օրենսդրական նախագծի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ կառավարության հաստատմանը կներակայացնի շինարարական աշխատանքների նկատմամաբ հսկողության կարգը, որով պետք է կարգավորվեն Կառուցապատողի, շինարարություն իրականացնող կազմակերպության, շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնող կազմակերպության և պետական տեսչական մարմնի գործառույթները:

 

3. Ակնկալվող արդյունքը.

3.1 Նախագծի ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար ձևավորել հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ և հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:

3.2 Լիցենզավորված գործունեության իրականացման համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտին տրվելու է մեկ լիցենզիա մեկ անբաժանա ներդիրով: Արդյունքում լիցենզավորված սուբյեկտն ազատվում է անհարկի վարչարարությունից և պատասխանատու անձի փոփոխման դեպքում բավարար է փոփոխություն իրականացնել տրամադրված լիցենզիայի ներդիրում:

3.3 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, վերարտադրման ռիսկերի կրճատմամբ, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովմամբ (հետդիպլոմային մասնագիտական կրթության կարգ, հիմնական և նեղ մասնագիտությունների ցանկի հաստատում, շարունակական մասնագիտացման զարգացման կատարելագործման և լրացուցիչ մասնագիտացման անցկացման կարգ և պայմաններ, ուսումնական ծրագրեր), լիցենզավորման գործընթացների հետագա կանոնակարգմամբ ու պարզեցմամբ, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշությամբ` լիցենզավորման տարբեր փուլերում հնարավորինս շրջանցելով  քաղաքաշինական սուբյեկտների միջև անմիջական շփումը:

3.4 «Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենքերի և շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը:

3.5 Ոչ պակաս կարևոր հանգամանք է ներկայացնում, ըստ ոլորտների մասնագետների որակավորման բարելավմանն ուղղված այնպիսի՛ միջոցառումների իրականացումը, որոնք որևէ կերպ չեն վտանգի կառուցապատվող միջավայրի անվտանգությունը, կայունությունն ու հուսալիությունը:

Լիցենզավորման համակարգում կներդրվի քաղաքաշինության բնագավառում միասնական ռեեստրի ստեղծման, կառուցվածքի վարման և մոնիթորինգի իրականացման համակարգը, որը ուղված կլինի նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա իրականացման 2019-2022 թվականների «4.3 Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում» գլխի միջոցառումների ծրագրի կատարմանը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունման հետ կապված անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներում և մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտերում (Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն, 02.07.2009թ. N 777-Ն, 02.07.2009թ. N 775-Ն, 20.07.2009թ. N 788-Ն, 02.07.2009թ. N 774-Ն, 27.12.2018թ. N 1533-Ն 23.07.2009թ. N 855-Ն որոշումներում):

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ հնարավոր նվազեցում:

 

  • Քննարկվել է

    12.06.2019 - 27.06.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11266

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.06.2019

Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 4-րդ պարբերությունում նշվում է, որ նախատեսվում է լիցենզավորման ներկա կարգերը միավորել, և սահմանել մեկ միասնական կարգ՝ քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունության բոլոր տեսակների համար: Իսկ որպես նշվածի հիմնավորում ներկայացվում է երեք պատճառաբանություն. 1) Ներկա կարգերը համահունչ չեն միմյանց, 2)Գործունության ենթատեսակների բաժանումը հիմնավորված չէ, 3) Կարգերով սահմանաված պահանջները հակասում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին: Որևիցե հստակ փաստարկ չներկայացնելով 1-ին և 2-րդ պատճառաբանությունների վերաբերյալ՝ 3-րդի մասով ներկայացվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կամայական մեկնաբանություն, և գործող կարգերի համաձայն ներդիրների տրամադրումը սահմանված չէ օրենքով: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսվում է. 1. Մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների համար անձանց լիցենզիաներ տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող են նախատեսվել այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է նրանց գիտելիքների համապատասխանությունը սահմանված պահանջներին: 2. Տեխնիկական պահանջներ և պայմաններ նախատեսող գործունեության տեսակների համար լիցենզիա տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող է նախատեսվել սարքավորումների կամ տեխնիկական միջոցների առանձին տեսակների համար լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է դրանց համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին և պայմաններին: 2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար: 3. ….. Իսկ, օրինակ՝ ՀՀ կառավարության 02.07.2009թN 774-Ն որոշմամբ հաստատված <<Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման>> կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջն է մասնագիտական որակավորումը:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.06.2019

7. Առաջարկում ենք զերծ մնալ անհարկի, առանց փաստարկված հիմնավորումների փորձերից, որոնք միտված են լիցենզավորման նոր լայնածավալ գործընթացներ սկսելուն, հատկապես, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-6-րդ ենթակետերին վերաբերող փոփոխություններին: Ըստ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնում առկա այդ ենթակետերի վերաբերյալ ներկայացվածի հերթականության՝ ներկայացնենք մեր վերոնշված առաջարկությունների հիմնավոր փաստարկները. 5-րդ ենթակետի վերաբերյալ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ և 3-րդ նախադասություններում ներկայացվել է տեղեկատվություն, որը <<ՀՀՇՆ I-2.01-99 Ինժեներական հետազննություններ շինարարության համար: Հիմնական դրույթներ>>-ի 3.1 կետից վերցվել և ներկայացվել է աղավաղված տեսքով: Սրա հետ մեկտեղ, նույն ծավալուն նորմատիվային փաստաթղթից այդ կերպ ներկայացնելով ընդամենը երկու պարբերություն և խախտելով նշված նորմատիվային փաստաթղթի էությունը, անհիմն առաջարկվել է <<Ինժեներական հետազննում>> լիցենզավորման տեսակը փոխարինել <<Ինժեներաերկրաբանական հետազոտություն>> տեսակով, այսինքն, համաձայն Նախագծի, առանձնացվել է նշված նորմատիվային փաստաթղթով նախատեսված ինժեներական հետազննությունների տեսակներից մեկը: 6-րդ ենթակետի վերաբերյալ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 4-րդ նախադասությունում ներկայացվել է տեղեկատվություն, որը ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանի N1 հավելվածի 1-ին կետից է վերցվել և ներկայացվել աղավաղված տեսքով: Սրա հետ մեկտեղ, ծավալուն նորմատիվային փաստաթղթից այդ կերպ ներկայացնելով ընդամենը մեկ պարբերություն, խախտելով նշված նորմատիվային փաստաթղթի տրամաբանության էությունը, անհիմն առաջարկվել է <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզավորման տեսակը փոխարինել <<Ինժեներական գործունեություն>> տեսակով՝ այն էլ ըստ կատեգորիաների, քանի որ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 6-րդ նախադասությունում այն համարվել է բնույթով ինժեներական գործունեություն: Այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզավորման տեսակը հաշվի առնելով՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանով հաստատված <<Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության մեթոդական ցուցումներ>> կարգը պետք է նմանեցնել ճարտարագետ(ինժեներ)-կոնստրուկտորի գործունեությանը, և այդ աշխատանքները թույլատրել իրականացնելու քաղաքաշինական փաստաթղթեր մշակելու համապատասխան լիցենզիա ունեցող սուբյեկտին: 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» լիցենզիայի տեսակ համարվող գործունեությունը Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերության 1-ին նախադասության համաձայն առաջարկվում է ներառել ինժեներական գործունեության համատեքստում՝ չներկայացնելով որևիցէ հիմնավորում կամ պարզաբանում: Հաշվի առնելով, որ շինարարության ընթացքում կատարվող աշխատանքների համապատասխանումը նախագծի ճարտարապետական բաժնին վերահսկվում է հեղինակային հսկողի կողմից, հողային աշխատանքներից հետո ինժեներական հետազննում իրականացնողը կազմում է համապատասխան եզրակացություն, ապա հստակ է դառնում, որ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականցնողի կողմից կատարվող աշխատանքները համահունչ են ճարտարագետ(ինժեներ)-կոնստրուկտորի գործունեությանը և այն այլ լիցենզավորման տեսակի հետ մեկ խմբում ներառելուն հիմնավորող որևիցե փաստարկ չի կարող ներկայացվել: Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերության 2-րդ նախադասությունում ներկայացվում է, որ առաջարկվում է <<Ինժեներական գործունեություն>> անվամբ մեկ լիցենզիայի մեջ ներառել շինարարական աշխատանքների ընթացքում հսկողություն և շինարարական աշխատանքներից հետո հետազննություն իրականցնող աշխատանքների տեսակները, որը անթույլատրելի է առնվազն հետևյալ չորս պատճառներով. 1) Շահերի բախում, 2) Այդ աշխատանքների համար տարբեր գործիքակազմ է անհրաժեշտ, 3) Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնելիս հատուկ տեխնիկական պահանջներ և պայմաններ անհրաժեշտ չեն ի տարբերություն հետազննության աշխատանքների: 4) Դեռևս գործող արատավոր պրակտիկայում մեկ մասնագետը ըստ պայմանագրերի միաժամանակ բազմաթիվ`անգամ տարբեր մարզերում գտնվող օբյեկտների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն է իրականացնում: Ներկայացվող առաջարկության դեպքում այդ պրակտիկան կդառնա գրեթե անվերահսկելի:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.06.2019

6. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը տնտեսության ազատ շուկայական հարաբերությունների զարգացման ջատագովն է, որը ենթադրում է սպառողների ընտրության ազատություն, ձեռներեցության ազատություն, մրցակցություն, գնի որոշում սպառողների և արտադրողների փոխազդեցության միջոցով և պետության սահմանափակ միջամտություն, ուստի առաջարկում ենք «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան նպատակներին հասնել ոչ թե ոլորտի շատ բարեխիղճ սուբյեկտներին լիցենզիաներից զրկելու և լրացուցիչ բյուրոկրատական բեռ ավելացնելու միջոցով, որոնք կունենան իրենց մեծ բացասական ազդեցությունը ինչպես տնտեսության, այնպես էլ սպառողների վրա, այլ միջազգային լավագույն փորձից ելնելով՝ կիրառել հնարավոր մեծ գործիքակազմից միջոցներ, որոնցից կարող են լինել առնվազն նույն օրենքի 12-րդ, 13-րդ, 18-րդ, 34-րդ և այլ հոդվածներով նախատեսված դրույթները:

Տեսնել ավելին