Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 24-րդ գլխով կարգավորվում են պարտավորությունների կատարման ապահովման եղանակները: Օրենսգրքի 369-րդ հոդվածով որպես պարտավորության կատարման ապահովման եղանակ առանձնացվում է տուժանքը, որը օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարն է, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում:

 Բանկային պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները հաճախորդների հետ կնքվող պայմանագրերում պարտավորությունների կատարման ապահովման եղանակների շրջանակներում լայնորեն կիրառում են տուժանքը: Սակայն, հարկ է նշել, որ տուժանքի վերաբերյալ առկա իրավակարգավորումները կարող են առաջացնել բազմաթիվ խնդիրներ՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա օրենսդրական կարգավորման որոշակի անհստակությունների և բացերի առկայությունը: Մասնավորապես, դրանք դրսևորվում են հետևյալ իրավիճակներում՝

  1. Պարտապանի կողմից պարտավորությունը խախտելու պատճառով գրավառու բանկի կամ վարկային կազմակերպության կողմից պարտքի բռնագանձման պարագայում (այդ թվում՝ արտադատական կարգով)՝ հաշվի առնելով այն, որ օրենսդրությամբ նախատեսված չէ այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ.
  2. Գրավի առարկայի արտադատական կարգով իրացման դեպքում՝ հաշվի առնելով այն, որ օրենսդրորեն չի կարգավորվում այն հարցը, թե ՀՀ քաղ. օր. 249 հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց հետո երբ պետք է գրավառուն սկսի գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը (այդ թվում` ի սեփականություն ընդունելու եղանակով)[1] և դա այն պարագայում, երբ գրավի առարկայի իրացման գործընթացը ի սկզբանե ուղղված է պարտատիրոջ պահանջների առաջնահերթ բավարարմանը և հետևաբար հիմնավոր չէ այդ գործընթացի ձգձգումը որևէ պատճառաբանությամբ[2]:

Վերը թվարկված երկու դեպքերը մտահոգիչ են այն առումով, որ գործող կարգավորումները թույլ են տալիս այնպիսի իրավիճակի ստեղծում, երբ գրավառու բանկը կամ վարկային կազմակերպությունը՝

  1. Պարտքի բռնագանձմանը ձեռնամուխ լինի ոչ թե պարտավորության խախտումից անմիջապես հետո կամ հնարավոր սեղմ ժամկետում, այլ շատ ավելի ուշ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ խախտման պահից մինչև պարտքի մարմանն ուղղված գործողությունների ձեռնարկումը ընկած ժամանակահատվածում պարտավորության խախտման համար սահմանված տուժանքները (բանկային պրակտիկայում օրական տուժանքների չափերը հիմնականում տատանվում են չվճարված գումարի 0,3-0,5 տոկոսների տիրույթում) սկսեն հավասարվել և հաճախ էականորեն գերազանցել պարտքի մայր գումարը,
  2. Բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելուց հետո գրավի առարկան չիրացնի մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուժանքների միջոցով ապահովված պարտավորության չափը հավասարվի կամ գերազանցի իրացման ենթակա գրավի առարկայի արժեքը: Այլ կերպ ասած` նման ձևով արհեստականորեն կվերացվի գրավի առարկայի արժեքի և դրանով ապահովված հիմնական պարտավորության չափի անհամապատասխանությունը, իսկ այդ հանգամանքը կզրկի բանկի հաճախորդներին գրավի ժամանակին իրացման պայմաններում պարտքի չափը գերազանցող գրավի առարկայի արժեքը ստանալու օրինական ակնկալիքից:

Ընդ որում, վերը թվարկված խնդիրների հնարավոր առաջացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ոչ օրենսդրորեն, ոչ իրավակիրառ պրակտիկայի կողմից չեն ձևավորվել տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների միջև հավասարակշռություն կամ ողջամիտ հարաբերակցություն ապահովվող հստակ չափանիշներ: Սրա վառ ապացույցն է ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում տուժանքի համաչափության խնդրի կապակցությամբ արտահայտված դիրքորոշումները, որոնցում ևս հստակ չնախատեսվեցին տուժանքի համաչափության որոշմանն ուղղված չափանիշներ և չնախատեսվեցին այդ համաչափությունն ապահովող մեխանիզմներ:

Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը 27.11.2015 թվականի թիվ  ԵՄԴ/0492/02/14 քաղաքացիական գործով արձանագրեց, որ չսահմանափակելով պայմանագրերով նախատեսվող տուժանքի գումարի չափը` օրենսդիրը իրավունք է վերապահել դատարաններին որոշելու հիմնական պարտավորությանը համաչափ տուժանքի սահմանները՝ ապահովելով սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը: Դատարաններին վերապահված նման իրավունքն իրավական այն միջոցներից մեկն է, որոնք ուղղված են անձի կողմից իր քաղաքացիական իրավունքների իրականացման չարաշահումը կանխելուն, ինչն իր հերթին համահունչ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ իրավունքի որևէ ձևով չարաշահելու արգելքին:

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև տուժանքի չափը նվազեցնելը դատարանի իրավունքն է, այդուհանդերձ, իրավունքի չարաշահումը կանխելու տեսանկյունից այն, ըստ էության, նաև դատարանի պարտականությունն է: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում տուժանքը պակասեցնելիս դատարանն առաջին հերթին պետք է գնահատման առարկա դարձնի այն հարցը, թե պայմանագրով նախատեսված տուժանքը որքանով է անհամաչափ պարտավորության խախտման հետևանքներին: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ տուժանքի չափի նվազեցումը չի կարող նշանակել  տուժանքի վճարումից ընդհանրապես ազատում կամ այնպիսի չափով նվազեցում, որը կիմաստազրկի տուժանքի ինստիտուտը և չի ծառայի իր նպատակին[3]:

Վերահաստատելով և զարգացնելով տուժանքի ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը 2015 թվականի թիվ ԵՄԴ/0492/02/14 քաղաքացիական գործով հավելել է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի հիմքով իրավունք ունի պակասեցնել միայն տուժանքի գումարի չափը, այլ ոչ թե նվազեցնել պայմանագրով (համաձայնագրով) սահմանված տուժանքի տոկոսադրույքը:

Այս համատեքստում առավել խնդրահարույց է 17.04.2009 թվականի ԵՔԴ/0595/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը, որտեղ արձանագրվել է, որ առանց դատարան դիմելու գրավադրված գույքն իրացնելը բանկի հայեցողական իրավունքն է, այլ ոչ պարտականությունը։ Ուստի տվյալ դեպքում կիրառելի չեն նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ իրավունքի  չարաշահման վերաբերյալ 12-րդ հոդվածի դրույթները, քանի որ գործում առկա չէ որևէ ապացույց, որը վկայում է բանկի կողմից իրավունքի չարաշահում թույլ տալու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի ուսումնասիրությունից կարող են առանձնացնել հետևյալ հիմնական եզրահանգումները՝

  1. որպես տուժանքի անհամաչափության «ակնհայտության» գնահատման հիմնական չափանիշ բարձրագույն դատական ատյանի կողմից առանձնացվել է միայն տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը, ինչը վկայակոչված խնդիրների լուծման համար առնվազն բավարար չէ,
  2. առանց դատարան դիմելու գրավադրված գույքն իրացնելու գործընթացում բանկերին և վարկային կազմակերպություններին վերապահվել է հայեցողական իրավունք, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիական շրջանառության անկայունության, քաղաքացիական իրավունքի սուբյեկտների անբարեխիղճ վարքագծի դրսևորմանը:

Վկայակոչված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով ամրագրել բանկի կամ վարկային կազմակերպության՝ սահմանված ժամկետում պարտքի բռնագանձման և գրավի առարկայի իրացման գործընթացը սկսելու հստակ ժամկետներ, որոնց խախտումը կունենա իրավադադարեցնող նշանակություն՝ դրանից հետո հաշվեգրվելիք տոկոսների մասով:  Բացի այդ, անհրաժեշտ է սահմանել տուժանքի առավելագույն չափ և այն պակասեցնելու իրավասություն ընձեռել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ հաշվի առնելով իրավունքի չարաշահման բացառման անհրաժեշտությունը և Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվող գործերի մեծաթիվ լինելը: Օրենսդրությամբ անհրաժեշտ է նաև  նախատեսել տուժանքը նվազեցնելու դեպքում գրավառուի կողմից վերահաշվարկ կատարելու պարտականություն և սահմանել հստակ ժամկետներ դատարանի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից տուժանքը նվազեցնելու դեպքում գրավառուի կողմից վերահաշվարկ կատարելու և տուժանքի նվազեցված չափին համապատասխան գումարը գրավատուին վերադարձելու համար:

 Բացի այդ, անհրաժեշտ է չարաշահման հնարավոր բոլոր դրսևորումները կանխելու, միասնական մոտեցում որդեգրելու համար ամրագրել նաև  ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվող տոկոսների առավելագույն չափ՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների համապատասխան տոկոսները հաշվարկելու պահանջ, մինչդեռ նույն մասի երկրորդ պարբերությամբ հնարավորություն է ընձեռվում օրենքով կամ պայմանագրով նախատեսել տոկոսի այլ չափ, ինչը չի բացառում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքները գերազանցող տոկոսներ նախատեսելու դեպքերը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավակարգավորումները՝

  • Տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել (….) կենտրոնական բանկի սահմանած՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  • Եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին (….) Ֆինանսական համակարգի հաշտարարն իրավունք ունի պակասեցնել այն:
  • Պարտավորության խախտման օրվանից մեկամսյա ժամկետում գրավառու բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սահմանված կարգով պարտքի բռնագանձման (….) գործընթացը չսկսելու դեպքում մեկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում:
  • Գրավի առարկայի բռնագանձման ծանուցումը (….) հանձնելու օրվանից երկու ամիսը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն չանցնելու կամ ուղղակի վաճառքով չիրացվելու, իսկ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելիս՝ գրավի առարկայի իրացման գործընթացը չսկսվելու դեպքում մեկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում:
  • Դատարանի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից տուժանքը նվազեցնելու դեպքում գրավատուն (….) 30-օրվա ընթացքում կատարում է վերահաշվարկ և գրավառուին վերադարձնում տուժանքի նվազեցված չափին համապատասխան գումար:
  • Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկը:

 

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է եղել և Նախագիծը մշակվել  է ՀՀ արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կբացառվեն տուժանքի ակնհայտ անհամաչափության դեպքերը, տուժանքի պակասեցման իրավասություն կընձեռվի նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին, բացի այդ կստեղծվեն այնպիսի իրավական երաշխիքներ, որոնք կապահովվեն քաղաքացիական շրջանառության որոշակիությունը, քաղաքացիական շրջանառության մասնակիցների վարքագծի բարեխղճությունը և գրավով ապահովված պարտավորության չափը գերազանցող գրավի առարկայի արժեքի տարբերության վերադարձը գրավատուին:

 

 

[1] Հարկ է նշել, որ օրինակ՝ Մոլդովայի քաղաքացիական օրենսգրքի 491-րդ հոդվածը սահմանում է, որ գրավատուն պետք է ձեռնամուխ լինի գրավի առարկայի իրացմանը առանց անհարկի ձգձգումների, ողջամիտ շուկայական գնով՝ հաշվի առնելով գրավառուի շահերը:

[2] 01.07.2011 թվականի թիվ ԵԿԴ/0704/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը, արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ գրավառուն իր պահանջները պետք է բավարարի նախ գրավի առարկայի արժեքից, որի անբավարարության դեպքում նոր միայն կարող է պակաս գումարն ստանալ պարտապանների այլ գույքից։ Դրանից Վճռաբեկ դատարանը հետևության է հանգել, որ քանի դեռ չի լուծվել գրավի ամբողջ առարկայի վրա բռնագանձում տարածելու հարցը և պարզ չէ, թե գրավի առարկայի իրացումից ստացված գումարն արդյոք բավարար չէ պարտատիրոջ պահանջները բավարարելու համար, պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում չի կարող տարածվել:

 

[3] Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշումը:

  • Քննարկվել է

    12.04.2017 - 27.04.2017

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Տնտեսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7075

Տպել

Առաջարկներ`

Hovhannes Harutyunyan

13.04.2017

Առաջարկս վերցված է պրակտիկ իրավիճակից: 2008-ին ձևակերպվել է անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր և բանկը 10.000.000 ՀՀ դրամով ֆինանսավորել է գործարքը: Տունը փոխադարձ համաձայնությամբ գնահատվել է 20.000.000 ՀՀ դրամ: Նույն օրը ի թիվս գրավի այդ պայմանագրի կատարումն ապահովվել է նաև երկու երաշխավորության պայմանագրերով: 2009-ին վարկը դարձել է կետանցված: Բանկը երաշխավորներին և հիմնական վարկառուին ուղարկել է 9.000.000 ՀՀ դրամի պահանջագիր, իսկ դրանից որոշ ժամանակ անց նաև բռնագանձման ծանուցում: Տան շուկայական արժեքը ըստ գնահատողների այդ պահի դրությամբ կազմել է 22.000.000 ՀՀ դրամ: Երաշխավորներն իմացել են, որ տան շուկայական արժեքը ավելի քան կրկնակի ծածկում է պարտավորության չափը և չեն առարկել արտադատական կարգով բռնագանձման գործընթացը սկսելու դեմ: Բանկը ծանուցումն ուղարկելուց հետո 9 ամիս չի իրականացրել գրավի առարկայի բռնագանձումը և անհայտ պատճառով դիմել է դատարան գումարի բռնագանձման և գրավի առարկայի վրա բռնագանձումը տարածելու պահանջի մասին հայցով: Կարճ լինելու համար ասեմ, որ արդեն անցել է 8 տարի, սակայն գրավի առարկան դեռ չի իրացվել, 2009-ից հետո սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով ՀՀ մարզում գտնվող տունը արժեզրկվել է և այս պահին հարկադիր աճուրդի է դրվել 3.200.000 ՀՀ դրամով, իսկ վարկառուի և երաշխավորների պարտքի չափը տոկոսների և տույժերի պատճառով արդեն գերազանցում է 50.000.000 ՀՀ դրամը: Եթե բանկը 2009-ին իրացներ իր «իրավունք»-ը և գույքը վաճառեր արտադատական կարգով ապա քիչ չի վարկը կմարվեր, ավելի քան 10.000.000 ՀՀ դրամ ստիպված կլիներ վերադարձնել պարտապանին: Վարկառուն մինչև հիմա դեռ բնակվում է աճուրդի դրված տանը և փաստացի ստացվել է այնպես, որ վարկառուին ընդառաջելու և ժամանակ ձգելու պատճառով այժմ երաշխավորների ամբողջ գույքը ևս պետք է բռնագանձվի, ավելին՝ շուրջ 20 միլիոն ՀՀ դրամ դեռևս պարտք են մնալու: Առաջարկս հետևյալն է, ա. այն դեպքերում, երբ ի թիվս գրավի պարտավորությունն ապահովված է նաև երաշխավորությամբ, բանկի կողմից գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը «իրավունք»-ից պետք է վերածել «պարտականության»: բ. այն դեպքերում, երբ գրավի առարկան ուշ իրացվելու հետևանքով գրավի առարկան արժեզրկվել է, ապա այդ արժեզրկումը պետք է համարել գրավատուին պատճառված վնաս: գ. այն դեպքում, երբ բանկը արդեն իսկ ուղարկել է բռնագանձման ծանուցում, իսկ երաշխավորները և վարկառուն չեն վիճարկել բռնագանձման ծանուցումը, ապա բանկը այլևս իրավունք չունի ժամանակ ձգելու նպատակով դիմել դատարան: Վերջին կետը կարող է խնդրահարույց թվալ, սակայն, երբ նայում ենք դատարան ներկայացվող պահանջի բովանդակությանը, ապա հասկանում ենք, որ բանկը դատարան է դիմել այն իրավունքի պաշտպանության համար, որն արդեն իսկ ուներ և ոչ ոք չէր ոտնձգում այդ իրավունքին, որպեսզի դրա պաշտպանության խնդրով բանկը դիմի դատարան: Գումարի բռնագանձման + բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջները = Պայմանագրի ուժով ծագած գրավի առարկայի արտադատական կարգով իրացման իրավունքին

Տեսնել ավելին