Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 372-րդ հոդվածը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

Հոդված 372. Տուժանքի առավելագույն չափը և այն պակասեցնելը

  1. Տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առոչինչ է:
  3. Եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանը կամ Ֆինանսական համակարգի հաշտարարը պակասեցնում է այն:
  4. Գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու դեպքում գրավատուն կամ պարտապանը, եթե գրավատուն պարտապանը չէ, տուժանքի նվազեցման պահանջով կարող է դիմել դատարան, իսկ պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա լինելու դեպքում՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին:
  5. Դատարանի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից տուժանքը նվազեցնելու դեպքում գրավառուն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու պահից 30-օրվա ընթացքում կատարում է վերահաշվարկ և գրավատուին վերադարձնում տուժանքի նվազեցված չափին համապատասխան գումար::

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 372.1-րդ հոդվածով.

Հոդված 372.1. Տուժանքի վճարման գծով պարտավորության դադարումը

  1. Պարտավորության խախտման օրվանից մեկամսյա ժամկետում գրավառու բանկի կամ վարկային կազմակերպության կողմից սահմանված կարգով պարտքի բռնագանձման, այդ թվում՝ արտադատական կարգով գործընթացը չսկսելու դեպքում մեկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում:
  2. Գրավառու բանկի կամ վարկային կազմակերպության կողմից առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման ծանուցումը սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնելու օրվանից երկու ամիսը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն չանցնելու կամ ուղղակի վաճառքով չիրացվելու, իսկ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելիս՝ գրավի առարկայի իրացման գործընթացը չսկսվելու դեպքում մեկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում:
  3. Գրավառու բանկի կամ վարկային կազմակերպության և գրավատուի, ինչպես նաև պարտապանի, եթե գրավատուն պարտապանը չէ, միջև սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետում բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացը սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնություն կնքելու դեպքում տուժանքը հաշվարկվում է մինչև երկարաձգման ժամկետի ավարտը:
  4. Բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացը երկարաձգելու մասին համաձայնությունը կնքվում է նույն ձևով, ինչ գրավի պայմանագիրը:
  5. Սույն հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված ժամկետների ընթացքը կասեցվում է գրավի առարկայի վրա դրա իրացմանը խոչընդոտող արգելանք դրվելու կամ դատական ակտով գրավառու բանկին կամ վարկային կազմակերպությանը սույն հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարումը արգելելու դեպքում՝ մինչև այդ խոչընդոտների վերացումը:
  6. Սույն հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված պայմանների խախտմամբ տուժանքի վճարման վերաբերյալ համաձայնությունը առոչինչ է::

 

Հոդված 3. Օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկը::

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և դրա գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի կողմից բանկի կամ վարկային կազմակերպության հանդեպ ունեցած պարտավորության առաջին խախտումից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

 

  • Քննարկվել է

    12.04.2017 - 27.04.2017

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Տնտեսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7096

Տպել

Առաջարկներ`

Hovhannes Harutyunyan

13.04.2017

Առաջարկս վերցված է պրակտիկ իրավիճակից: 2008-ին ձևակերպվել է անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր և բանկը 10.000.000 ՀՀ դրամով ֆինանսավորել է գործարքը: Տունը փոխադարձ համաձայնությամբ գնահատվել է 20.000.000 ՀՀ դրամ: Նույն օրը ի թիվս գրավի այդ պայմանագրի կատարումն ապահովվել է նաև երկու երաշխավորության պայմանագրերով: 2009-ին վարկը դարձել է կետանցված: Բանկը երաշխավորներին և հիմնական վարկառուին ուղարկել է 9.000.000 ՀՀ դրամի պահանջագիր, իսկ դրանից որոշ ժամանակ անց նաև բռնագանձման ծանուցում: Տան շուկայական արժեքը ըստ գնահատողների այդ պահի դրությամբ կազմել է 22.000.000 ՀՀ դրամ: Երաշխավորներն իմացել են, որ տան շուկայական արժեքը ավելի քան կրկնակի ծածկում է պարտավորության չափը և չեն առարկել արտադատական կարգով բռնագանձման գործընթացը սկսելու դեմ: Բանկը ծանուցումն ուղարկելուց հետո 9 ամիս չի իրականացրել գրավի առարկայի բռնագանձումը և անհայտ պատճառով դիմել է դատարան գումարի բռնագանձման և գրավի առարկայի վրա բռնագանձումը տարածելու պահանջի մասին հայցով: Կարճ լինելու համար ասեմ, որ արդեն անցել է 8 տարի, սակայն գրավի առարկան դեռ չի իրացվել, 2009-ից հետո սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով ՀՀ մարզում գտնվող տունը արժեզրկվել է և այս պահին հարկադիր աճուրդի է դրվել 3.200.000 ՀՀ դրամով, իսկ վարկառուի և երաշխավորների պարտքի չափը տոկոսների և տույժերի պատճառով արդեն գերազանցում է 50.000.000 ՀՀ դրամը: Եթե բանկը 2009-ին իրացներ իր «իրավունք»-ը և գույքը վաճառեր արտադատական կարգով ապա քիչ չի վարկը կմարվեր, ավելի քան 10.000.000 ՀՀ դրամ ստիպված կլիներ վերադարձնել պարտապանին: Վարկառուն մինչև հիմա դեռ բնակվում է աճուրդի դրված տանը և փաստացի ստացվել է այնպես, որ վարկառուին ընդառաջելու և ժամանակ ձգելու պատճառով այժմ երաշխավորների ամբողջ գույքը ևս պետք է բռնագանձվի, ավելին՝ շուրջ 20 միլիոն ՀՀ դրամ դեռևս պարտք են մնալու: Առաջարկս հետևյալն է, ա. այն դեպքերում, երբ ի թիվս գրավի պարտավորությունն ապահովված է նաև երաշխավորությամբ, բանկի կողմից գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը «իրավունք»-ից պետք է վերածել «պարտականության»: բ. այն դեպքերում, երբ գրավի առարկան ուշ իրացվելու հետևանքով գրավի առարկան արժեզրկվել է, ապա այդ արժեզրկումը պետք է համարել գրավատուին պատճառված վնաս: գ. այն դեպքում, երբ բանկը արդեն իսկ ուղարկել է բռնագանձման ծանուցում, իսկ երաշխավորները և վարկառուն չեն վիճարկել բռնագանձման ծանուցումը, ապա բանկը այլևս իրավունք չունի ժամանակ ձգելու նպատակով դիմել դատարան: Վերջին կետը կարող է խնդրահարույց թվալ, սակայն, երբ նայում ենք դատարան ներկայացվող պահանջի բովանդակությանը, ապա հասկանում ենք, որ բանկը դատարան է դիմել այն իրավունքի պաշտպանության համար, որն արդեն իսկ ուներ և ոչ ոք չէր ոտնձգում այդ իրավունքին, որպեսզի դրա պաշտպանության խնդրով բանկը դիմի դատարան: Գումարի բռնագանձման + բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջները = Պայմանագրի ուժով ծագած գրավի առարկայի արտադատական կարգով իրացման իրավունքին

Տեսնել ավելին