Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը

Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա վավերացրել է 2002 թվականին: Այդ թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ներպետական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին:

Եվրոպական կոնվենցիոն համակարգի զարգացման համատեքստում պարբերաբար կարևորվել է անդամ պետությունների կողմից եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի կատարելագործումը: Եվրոպական կոնվենցիային կից 14-րդ Արձանագրությամբ (ի տարբերություն 11-րդ Արձանագրության) որդեգրվեց նոր քաղաքականություն, համաձայն որի՝ այսուհետ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն (այսուհետ՝ Նախարարների կոմիտե) բացի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կայացրած վճիռներից վերահսկելու է նաև բարեկամական կարգավորումների արդյունքում ընդունված որոշումների կատարումը[1]։

Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածով[2] ամրագրված պարտականության պատշաճ կատարման շրջանակներում Նախարարների կոմիտեն վճիռների և որոշումների կատարման համար առավել արդյունավետ եղանակ է համարում ներպետական մակարդակում գործերի նոր քննության, ինչպես նաև դատական կարգով գործերի վերանայման արդյունավետ պաշտպանության միջոցի տրամադրումը բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր չէ ապահովել restitutio in integrum:

Այս պարտականությունն ուղղակիորեն սահմանվում է Նախարարների կոմիտեի՝ գործերի վերանայմանը վերաբերող հատուկ հանձնարարականով[3], որտեղ անդամ պետություններին խրախուսվում է ներպետական իրավական համակարգը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ ներպետական մակարդակում գործերի վերանայման և նոր քննության հնարավորություն ընձեռելով:

Կոպենհագենի հռչակագրին[4] համընթաց 2019 թվականի հունվարի 1-ից Եվրոպական դատարանի քարտուղարությունը, խրախուսելով վեճերի կարգավորման բանակցային գործընթացը, գործերը պետություններին կոմունիկացնում է նոր մեթոդներով՝ հստակ տարանջատելով երկու փուլ՝ յուրաքանչյուրի համար տրամադրելով առանձին ժամկետ: Այդ փուլերն են՝

  1. վեճերի բանակցային կարգավորում (բարեկամական համաձայնագիր, միակողմանի հայտարարություն).
  2. դիմումատուի գանգատի վերաբերյալ պետության դիմումատուների ներկայացում:

Կարևոր է ընդգծել, որ Եվրոպական դատարանը բարեկամական կարգավորումներն ու միակողմանի հայտարարությունները չի դիտարկում որպես վեճերի լուծման դասական առումով այլընտրանքային տարբերակ, այլ համարում է այն «դատական կարգավորման» եղանակ: Եվրոպական դատարանը յուրաքանչյուր առանձին գործով դրանք գնահատում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համատեքստում՝ ղեկավարվելով գնահատման սեփական չափանիշներով: Պետության կողմից մարդու իրավունքների և ազատությունների չհարգման վտանգի առկայության դեպքում Եվրոպական դատարանը մերժում է բարեկամական կարգավորումն ու միակողմանի հայտարարությունը: Ավելին, Եվրոպական դատարանի պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ բարեկամական կարգավորումը կամ միակողմանի հայտարարությունը հաստատելուց հետո պետությունը չի պահպանել դրանցում առաջարկված պայմանները, Եվրոպական դատարանը գանգատը վերականգնել է գործերի ցուցակում, իրականցրել գործի քննություն՝ կայացնելով վճիռ:

Հիմք ընդունելով, որ միակողմանի հայտարարության դեպքում պետության կողմից խախտման ընդունումը պարտադիր պայման է, իսկ բարեկամական կարգավորման դեպքում՝ ոչ, պետք է փաստել, որ ելնելով վիճարկվող հոդվածի բնույթից՝ Եվրոպական դատարանն ինչպես բարեկամական կարգավորման, այնպես էլ միակողմանի հայտարարության ընդունումը պայմանավորում է պետության կողմից տրվող գործերի վերանայման հավաստիացումով:

Եվրոպական դատարանը իր նախադեպային իրավունքում զարգացրել է այն գաղափարը, որ բարեկամական կարգավորման կամ միակողմանի հայտարարության առկայության դեպքում գանգատը գործերի ցուցակից հանելու որոշում կայացնելիս նման որոշումն ինքնին չի սահմանափակում դիմումատուի կողմից ազգային մակարդակում իր խախտված իրավունքների վերականգնման համար արդյունավետ պաշտպանության այլ միջոցներին դիմելու հնարավորությունը[5]: Ավելին, այլ գործերով Եվրոպական դատարանը բարեկամական կարգավորման և միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու որոշում կայացնելն ուղղակիորեն պայմանավորել է ներպետական մակարդակում գործի վերանայման հնարավորությամբ:[6]

Եվրոպական դատարանը հատկապես կարևորում է ներպետական մակարդակում գործերի վերանայումը Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգային խախտումների պարագայում՝ սահմանելով նմանատիպ գործերի արդյունավետ քննության շարունակական պարտավորություն: Եվրոպական դատարանի պրակտիկան ցույց է տալիս, որ նման պարտավորություն սահմանվում է ինչպես վճիռներով, այնպես էլ բարեկամական կարգավորման կամ միակողմանի հայտարարության որոշումներով:

Հարցի առնչությամբ վճռորոշ է Jeronovičs v. Latvia[7] գործով վճիռը, որում Եվրոպական դատարանը միակողմանի հայտարարության հիման վրա գործերի ցուցակից հանել էր դիմումատուի գանգատը: Ներպետական մակարդակում դիմումատուն պահանջել է գործի վերաբացում, սակայն դրան ընթացք չի տրվել, քանի որ Կառավարությունը պնդել է, որ ո՛չ միակողմանի հայտարարությամբ, ո՛չ դատարանի որոշմամբ նման հնարավորություն նախատեսված չի եղել: Եվրոպական դատարանը, պետության կողմից բերված հիմնավորումը համարելով անընդունելի, գանգատը վերականգնել է գործերի ցուցակում և կայացրել խախտում արձանագրող վճիռ, որում վերահաստատել է նախկինում սահմանված չափանիշն առ այն, որ ընթացակարգային խախտման պարագայում առկա է արդյունավետ քննություն իրականացնելու շարունակական պարտականություն, և որ նման պարագայում վերաբացման մերժումը հակասում է եվրոպական չափանիշներին:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել համապատասխան դրույթով, ըստ որի՝ հստակ կսահմանվի, որ ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական և վարչական գործերը ենթակա են վերանայման նաև բոլոր այն դեպքերում, երբ այդ մասին հստակ նախատեսված է բարեկամական կարգավորմամբ կամ միակողմանի հայտարարությամբ։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա ներպետական մակարդակում վերանայել գործերը նաև այն դեպքերում, երբ բարեկամական կարգավորմամբ կամ միակողմանի հայտարարությամբ պետությունն ուղղակիորեն ստանձնել է նման պարտականություն։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման պարագայում ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի նոր հանգամանքներով գործերի վերանայման հիմքն առավել հստակ ամրագրում կստանա։ Մասնավորապես, գործը կվերանայվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորված լինելու պարագայում, այլև այն դեպքում, երբ վերանայման հնարավորությունն ուղղակիորեն սահմանված կլինի միակողմանի հայտարարությամբ կամ բարեկամական կարգավորմամբ։ Նման փոփոխությունը միտում ունի ՀՀ օրենսդրական կարգավորումները համահունչ դարձնել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ լրացուցիչ երաշխիք դառնալով անձանց իրավունքների և ազատությունների լիարժեք ապահովման համար։

 

[1] https://www.echr.coe.int/Documents/Library_Collection_P14_ETS194E_ENG.pdf

[2] Հոդված 46. Վճիռների պարտադիր ուժն ու կատարումը

1.Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են։

  1. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ։

[3] https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805e2f06

[4] 2018 թվականի ապրիլի 13-ին Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ պետություններն ընդունել են Կոպենհագենի հռչակագիրը:

[5] Տե՛ս Josipović v. Serbia (dec.), no. 18369/07, 4 March 2008; Žarskis v. Latvia (dec.), no. 33695/03, § 38, 17 March 2009; and Ielcean v. Romania (dec.), no. 76048/11, 7 October 2014:

[6] Տե՛ս Sroka v. Poland (dec.), no. 42801/07, 6 March 2012:

[7] Տե՛ս Jeronovičs v. Latvia, no.44898/10, judgment 5 July 2016:

 

  • Քննարկվել է

    05.04.2019 - 30.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6262

Տպել