Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն ՀԿ 04.04.2019 21:41:22 Սույն նախագծի հիմնավորման տեքստում չկա նոր օպերատորներ ներգրավելու պատճառաբանված հիմնավորում, այլ միայն նշված է, որ <<բիզնեսի հիմնադրման համար առավել մատչելի և հասանելի պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել նոր օպերատորների>>: Արդարացիորեն հարց է ծագում. ի՞նչ պատճառաբանված հիմնավորում կա, որ այս փոփոխությամբ ներգրավվող նոր օպերատորները առավել մատչելի և հասանելի պայմաններ կապահովեն: Նշված չէ նաև ինչն է պատճառը, որ մինչ այժմ գործող օպերատորները չեն ապահովել առավել մատչելի և հասանելի պայմաններ: Առաջարկում եմ հիմնավորման մեջ անդրադառնալ վերը նշված հարցերին՝ հիմնավոր պատճառաբանություններով, ինչպես նաև նշել այն ուսումնասիրության արդյունքները, որոնք հիմք են դարձել այս լրացումը կատարել՝ առաջարկելով նոր օպերատորներ ներգրավել: Չի ընդունվել Պետական ծառայությունների պատվիրակման հիմքն է հանդիսանում ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագիրը, ինչպես նաև պետական ծառայությունների մատուցման ոլորտում կատարված ուսումնասիրությունները: Մասնավորապես՝ միանշանակ պարզ է, որ ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթների պատվիրակումը հաշվապահական գրասենյակներին հնարավորություն կտա ՀՀ մարզերում բնակվող անձանց օգտվել տվյալ ծառայություններից առանց այլ մարզ կամ քաղաք գնալու, այսինքն տվյալ փոփոխության միջոցով վերոնշյալ ծառայությունների մատուցման առավել մատչելի և հասանելի պայմաններ կապահովվեն:
2 Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն ՀԿ 04.04.2019 23:00:40 Անհրաժեշտ է հիմնավորել նոր օպերատորներին առաջադրվող չափանիշների պահանջը: Ինչու՞ է առաջարկվում սահմանել, որ ունենան վերջին մեկ տարվա ընթացքում տարեկան առնվազն 20 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն, գործունեություն իրականացնեն առնվազն վերջին 3 տարվա ընթացքում և ունենան առնվազն 3 հաշվապահի կամ աուդիտորի որակավորում ունեցող աշխատող: Արդյոք սա մրցակցային անհավասար վիճակում չի դնի ավելի փոքր շրջանառություն և քիչ թվով աշխատողներ ունեցող հաշվապահական գրասենյակներին: Արդյոք չի կարող նորաստեղծ հաշվապահական գրասենյակն էլ արհեստավարժ 2 հաշվապահով ու 20 մլն դրամի չհասնող շրջանառությամբ հաջողությամբ իրականացնել բիզնեսի հիմնադրման գործընթացը: Ի դեպ, փոփոխության մեջ առաջարկվող չափանիշները կարող են վնասել առաջին հերթին մարզերում գործող կամ հիմնադրվող հաշվապահական փոքր գրասենյակներին: Բիզնեսի հիմնադրման գործընթաց իրականացնելուց զրկված լինելով նրանք կարող են զրկվել նաև պոտենցիալ հաճախորդներից, որոնք բիզնես հիմնադրելու համար կդիմեն սույն փոփոխությամբ առաջարկվող հաշվապահական գրասենյակներին, որից հետո էլ կդառնան նրանց հաճախորդը: Տարեկան հարկվող շրջանառության չափի ու աշխատակազմի քանակի չափանիշների սահմանման դեպքում պետք է բերվի օբյեկտիվ կամ հիմնավորված պատճառ: Օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նկատակից զուրկ տարբերակված մոտեցումը խտրականության արգելքի սկզբունքի խախտում է հանդիսանում(Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-881 որոշումը, 4-րդ և 5-րդ կետեր:): Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում նշել է, որ վերաբերմունքում տարբերությունը խտրական է, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, այսինքն, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ եթե չկա կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցություն (Տե՛ս Ֆաբրիսն ընդդեմ Ֆրանսիայի (Fabris v. France) գործով 07.02.2013թ. վճիռ, գանգատ թիվ 16574/08, կետ 56: Մազուրեկն ընդդեմ Ֆրանսիայի (Mazurek v. France) գործով 01.05.2000թ. վճիռը, գանգատ թիվ 34406/97, կետ 46 և 48:): Այսպիսով, վերը նշված չափանիշների կիրառմամբ կարգավորումը չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, և պարզ չէ, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում: Հետևաբար, առաջարկում եմ սույն փոփոխությունը կատարելու հիմնավորման մեջ բերել օպերատորներին ներկայացվող չափանիշների սահմանման հիմնավոր պատճառաբանությունը կամ չկիրառել օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից զուրկ տարբերակված մոտեցում: Ընդունվել է Նախագծի հիմնավորման մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն: