Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

  1. Սույն օրենքը ուղղված է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության իրավական կարգավորմանը։
  2. Օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության և տեխնոլոգիայի, պաշտպանության և անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության զարգացումը և հետագա ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից տիեզերքի խաղաղ օգտագործման իրավական կարգավորումը։ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտումը և օգտագործումը, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պետական շահի կարևորագույն առաջնահերթություններ:

         

Հոդված 2. Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

          Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն Օրենքով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, համընդհանուր ճանաչված սկզբունքներով, միջազգային իրավունքի նորմերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

         

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

        Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

 

  1. Տիեզերական գործունեություն՝

1) Տիեզերական սարքերի, տիեզերանավերի և կայանների (այդ թվում՝ ուղեծրային, միջմոլորակային և բազմակի օգտագործման), ինչպես նաև դրանց բաղկացուցիչ և ամբողջական մասերի հետազոտությունները, փորձարկումները, շահագործումը, տեղեկատվության հանձնումը ու ընդունումը, ինչպես նաև կառավարումը։

2) Ավտոմատացված տիեզերական սարքերի,  օդաչուով և անօդաչու տիեզերանավերի և կայանների (այդ թվում՝ ուղեծրային, միջմոլորակային և բազմակի օգտագործման) նախապատրաստումը արձակման և արձակումը։

3) Թռիչքի ընթացքում ավտոմատացված տիեզերական սարքերի, օդաչուով և անօդաչու տիեզերանավերի և կայանների (այդ թվում՝ ուղեծրային, միջմոլորակային և բազմակի օգտագործման) կառավարում։

5) Տիեզերական կայանների, արձակման կետերի և կենտրոնների, հրամանատարա-կարգավարական համալիրների, տիեզերական տեխնիկայի թռիչքների կառավարման և վերահսկման կետերի և կենտրոնների, տեղեկատվության ընդունման, պահպանման և մշակման կետերի, տիեզերական տեխնիկայի պահպանման բազայի, վայրէջքի ուղիների և թռիչքի, վայրէջքի համար նախատեսված գոտիների, տիեզերական տեխնոլոգիաների մշակման համար փորձարարական օբյեկտների, տիեզերագնացների նախապատրաստման համար կենտրոնների և սարքավորումների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ և ամբողջական մասերի շահագործումը (այդ թվում՝ ավտոմատացված համալիրների փորձարկումը, վերգետնյա կառավարման և տեղեկատվության ընդունման և մշակման համալիրների ստեղծումը)։

6) Տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների և փորձարկումների իրականացումը։

7) Երկրի հեռակա զոնդավորման արդյունքում տիեզերական սարքերից ստացված տեղեկատվության ընդունումը և մշակումը։

2․ Տիեզերական գործունեության իրականացում՝ տիեզերական գործունեության տարր կազմող գործողությունների կատարում։

3․ Շահագրգիռ մարմին՝ պաշտպանության և անվտանգության բնագավառում օրենքով սահմանված լիազորությամբ օժտված պետական և պետական կառավարման համակարգի մարմին։

4․ Տիեզերական տեխնիկա՝ տիեզերական տարածությունում օգտագործվող տեխնիկա, սարքեր և սարքավորումներ, որոնք կապված են օբյեկտները տիեզերք արձակելու և Երկիր վերադարձնելու կամ տիեզերքում իրականացվող անմիջական աշխատանքի հետ, ինչպես նաև երկակի նշանակության  տեխնիկա:

5․ Տիեզերական օբյեկտ՝ Երկրագնդի մթնոլորտի սահմաններից դուրս, տիեզերական տարածությունում գտնվող  դեպի տիեզերք և/կամ երկիր թռիչքի ցանկացած փուլում սարքավորում:

6․ Տիեզերական ենթակառուցվածք՝ տիեզերական գործունեության ապահովման համար նախատեսված փոխկապակցված նյութական և կազմակերպական կառուցվածքների ամբողջություն:

 7․ Տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտ՝  տիեզերական գործունեության ապահովման կամ իրականացման նպատակով օգտագործվող օբյեկտներ։ 

 8․ Տիեզերական տարածություն՝ տիեզերքի, երկնային մարմինների մթնոլորտից դուրս գտնվող համեմատաբար դատարկ տարածություն:

 

Հոդված 4. Տիեզերական գործունեության նպատակները

          Տիեզերական գործունեության նպատակներն են.

  • Աջակցությունը պետության տնտեսական զարգացմանը, Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը տիեզերական տեխնիկայի, տիեզերական նյութերի և տիեզերական տեխնոլոգիաների ռացիոնալ և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև դրանց օգտագործման ծավալների ընդլայնման միջոցով,
  • Տիեզերական արդյունաբերության և դրա ենթակառուցվածքների գիտատեխնիկական և մտավոր ներուժի ամրապնդումը ու զարգացումը,
  • Աջակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը,
  • Երկրի, տիեզերական տարածության և երկնային մարմինների մասին գիտական գիտելիքների հետագա ձեռքբերումն, կատարելագործումն ու փոխանակումը։
  • Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ համաշխարհային տնտեսական հարաբերությունների և միջազգային անվտանգության ապահովման համակարգում Հայաստանի Հանրապետության հետագա ինտեգրման նպատակով:

 

Հոդված 5. Տիեզերական գործունեության սկզբունքները

  1. Տիեզերական գործունեությունն իրականացման սկզբունքներ են՝
  • տիեզերական գիտության ձեռքբերումների և տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման աջակցում,
  • տիեզերական գործունեության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման ապահովում,
  • տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության համար հավասար և փոխշահավետ համագործակցության ապահովում,
  • տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պատասխանատվության ապահովում,
  • գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների ռացիոնալ համադրության և հավասարակշռված զարգացման ապահովում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության։
  1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելված տիեզերական գործունեությունը չի թույլատրվում:
  2. Տիեզերական գործունեությունը, ինչպես նաև տիեզերական գործունեության մասին տեղեկատվության տարածումը իրականացվում են պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքի, ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ բացարձակ իրավունքների պահպանմամբ՝ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխան:

 

      

ԳԼՈՒԽ II. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

Հոդված 5. Տիեզերական  գործունեության կարգավորում

  1. Տիեզերական գործունեության պետական կարգավորումը իրականացվում է հետևյալ ձևերով՝ իրավական պաշտպանություն, լիցենզավորում, հարկում, ֆինանսավորում, սակագների ձևավորում, ներդրում, ինչպես նաև օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

  1. Տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության գործառույթներն են․
  • տիեզերական գործունեության բնագավառի պետական քաղաքականության մշակում և իրականացում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության տարբեր ոլորտների և միջազգային համագործակցության,
  • համակարգում է տիեզերական գործունեության շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը,
  • տիեզերական գործունեության հայեցակարգի, երկարաժամկետ տիեզերական ծրագրերի, տիեզերական տեխնիկայի և տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտների, արտադրության և մատակարարման, տիեզերական սպառազինության և զինվորական տեխնիկայի մշակման, արտադրության և մատակարարման պետական պատվերի մշակում և իրականացում,
  • կառավարության կողմից ֆինանսավորում կամ կառավարում պահանջող տիեզերական գործունեության բնագավառի զարգացման ծրագրերի հաստատում.
  • ապահովում է բարենպաստ պայմաններ տիեզերական գործունեության բնագավառում հեռանկարային տեխնոլոգիաների մշակման համար, իրականացնում է հրթիռատիեզերական բնագավառի պետական աջակցության քաղաքականությունը,
  • համակարգում է Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության հարցերը տիեզերական գործունեության բնագավառում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային տիեզերական նախագծերի մշակման և իրականացման վերահսկողությունը,
  • հաստատում է տիեզերական տեխնիկայի օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման ընթացակարգերը,
  • ստեղծում է տիեզերական տեխնիկայի փորձարկման հարցերով զբաղվող պետական հանձնաժողովներ:

 

Հոդված 8. Տիեզերական գործունեության հարցերով լիազոր մարմինը

  1. Տիեզերական գործունեության պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)։
  2. Լիազոր մարմինը՝
  • իր իրավասությունների սահմաններում ապահովում էտիեզերական գործունեության բնագավառին առնչվող պետական ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական և ռազմավարական քաղաքականության մշակումը և իրականացումը.
  • ապահովում էտիեզերական գործունեության բնագավառի կատարելագործման և ներդաշնակեցման ռազմավարության քաղաքականության մշակումը և իրականացումը.
  • Ապահովում է տիեզերական գործունեության ղեկավարումը, համակարգում է գիտական և սոցիալ-տնտեսական նշանակության տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև շահագրգիռ մարմինների հետ համատեղ տիեզերական ծրագրերի, տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող այլ մարմինների կողմից տիեզերական տեխնիկայի ստեղծման աշխատանքները։
  • իրականացնում է տիեզերական գործունեության ոլորտում գործող կազմակերպությունների լիցենզավորումը,
  • իր իրավասության սահմաններում իրականացնում էտիեզերական գործունեության բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն,
  • ապահովում էտիեզերական գործունեության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.
  • իր իրավասության սահմաններում ապահովում է շրջակա միջավայրի վրա տիեզերական գործունեության վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների և միջոցառումների իրականացում,
  • իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

Հոդված 9. Շահագրգիռ մարմինները  

  1. Շահագրգիռ մարմինները մասնակցում են տիեզերական գործունեության բնագավառում պետական քաղաքականության իրականացմանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև լիազոր մարմնի հետ համատեղ կազմակերպում ռազմական նշանակության տիեզերական տեխնոլոգիաների և սպառազինության պետական ծրագրի, երկակի նշանակության տիեզերական տեխնիկայի, ինչպես նաև տիեզերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության ծրագրերի մշակման աշխատանքները:
  2. Վերոնշյալ նպատակով Շահագրգիռ մարմիններն ունեն հետևյալ լիազորությունները․
  • մասնակցում են տիեզերական գործունեության բնագավառում պետական քաղաքակնության իրականացմանը,
  • մասնակցում են տիեզերքի բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության հայեցակարգի, ռազմավարության և տիեզերական գործունեության ոլորտը կանոնակարգող իրավական այլ ակտերի մշակմանը,
  • մասնակցում են Հայաստանի Հանրապետության՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակմանը, ստեղծմանն ու արտադրությանն ուղղված ծրագրերի տիեզերական բաժնի նախագծերը,
  • ապահովում են սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման մշակմանը, արտադրությանը ու մատակարարմանն ուղղված պետական պատվերի ձևակերպումը,
  • իրականացնում են տիեզերական տեխնիկայի օգտագործումը (շահագործումը)՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության,
  • ապահովում և համակարգում են ռազմական նշանակության տիեզերական տեխնիկայի ստեղծմանն ուղղված գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորային աշխատանքների իրականացումը, ինչպես նաև Նախարարության հետ համատեղ՝ երկակի նշանակության տիեզերական տեխնիկայի ստեղծմանն ուղղված աշխատանքների իրականացումը,
  • կազմակերպում և համակարգում են ռազմական նշանակության տիեզերական տեխնոլոգիաների զարգացման հիմնական ուղղությունների և հեռանկարների համակարգային հետազոտությունները, ինչպես նաև Նախարարության հետ համատեղ՝ երկակի նշանակության տիեզերական տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների և հեռանկարների համակարգային հետազոտությունները,
  • կազմակերպում և իրականացնում են ռազմական նշանակության  տիեզերական տեխնիկայի՝ սահմանված կարգով օգտագործումը (շահագործումը),
  • կազմակերպում և իրականացնում են ռազմական նշանակության տիեզերական տեխնիկայի փորձարկումները՝ լիազոր մարմնի հետ համատեղ,
  • ի շահ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության՝ իրականացնում են տիեզերական գործունեության բնագավառում պետական գործունեության վերաբերյալ առաջարկների նախապատրաստման աշխատանքները,
  • մասնակցում են Հայաստանի Հանրապետության և միջազգային տիեզերական նախագծերի ու ծրագրերի իրականացմանը,
  • իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ։
  1. Շահագրգիռ մարմինը լիազոր մարմնի համաձայնությամբ իրավասու է սահմանված կարգով փոխանցել տիեզերական ենթակառուցվածքների ժամանակավորապես ազատ օբյեկտները գիտական և սոցիալ-տնտեսական նպատակով տիեզերական գործունեության իրականացման ընթացքում դրանց օգտագործման (շահագործման) համար:

Հոդված 10. Տիեզերական գործունեության լիցենզավորումը

  1. Տիեզերական գործունեությունը իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Լիցենզավորման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը

Հոդված 11. Տիեզերական տեխնիկայի սերտիֆիկացում և համապատասխանության հավաստագրում

  1. Գիտական և սոցիալ-տնտեսական նպատակով ստեղծվող տիեզերական տեխնիկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապաստախան ենթակա է պարտադիր համապատասխանության սերտիֆիկացման:
  2. Տիեզերական տեխնիկայի արտադրության, վերանորոգման և արդիականացման նպատակով գործունեություն ծավալելու նպատակով կազմակերպությունները պետք է ունենան համապատասխանության հավաստագիր:
  3. Տիեզերական տեխնիկայի արտադրության, վերանորոգման և արդիականացման նպատակով գործունեության համապատասխանության հավաստագման և համապատասխանության սերտիֆիկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը

 

ԳԼՈՒԽ III. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 12. Տիեզերական գործունեության ֆինանսավորումը

  1. Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
  2. Տիեզերական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ունեցող կազմակերպություններին տրամադրվում են հարկային արտոնություններ՝ օրենքով սահմանված կարգով։

 

Հոդված 13. Տիեզերական տեխնիկայի օգտագործումը (շահագործումը)

  1. Տիեզերական տեխնիկայի (տեխնիկայի օգտագործման իրավունքի պետական գրանցման պայմանով) օգտագործումն (շահագործումը) իրականացվում է դրա սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ կողմից լիազորված անձի կամ այն անձի կողմից, որին օրենքով սահմանված կարգով տրամադրվել է տիեզերական տեխնիկայի օգտագործման (շահագործման) իրավունք:
  2. Պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի բաղադրիչները կարող են գտնվել մեկ կամ մի քանի կազմակերպությունների տնտեսական կամ գործառնական կառավարման ներքո, եթե դա չի խախատում այդպիսի տեխնիկայի գործարկման տեխնոլոգիական ռեժիմը:
  3. Շահագործումից հանված տիեզերական տեխնիկան կարող է սահմանված           կարգով փոխանցվել այն հաստատություններին, կազմակերպություններին, որոնց   հիմնական գործունեությունն ուղղված է տիեզերական գործունեության արդյունքների օգտագործմանը՝ կրթության, գիտության և մշակույթի նպատակներով:

Հոդված 14. Մտավոր գործունեության արդյունքների իրավական պաշտպանությունը

 Տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների մշակման ընթացքում ստացված մտավոր գործունեության արդյունքների իրավական պաշպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ IV. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ, ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Հոդված 15. Տիեզերական օբյեկտներ

  1. Տիեզերական օբյեկտները ենթակա են պարտադիր գրանցման և պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետությանը վերջիններիս պատկանելիության հաստատման պիտականշումը:
  2. Տիեզերական օբյեկտների գրանցման և պիտականշման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Հայաստանի Հանրապետությունը վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում գրանցված տիեզերական օբյեկտների նկատմամբ՝ Երկրի վրա այդ օբյեկտների գտնվելու ընթացքում, դեպի տիեզերք թռիչքի ցանկացած փուլում կամ տիեզերքում գտնվելու ընթացքում, երկնային մարմինների վրա դրանց գտնվելու ընթացքում, ինչպես նաև դեպի Երկիր վերադառնալու ընթացքում և դրանից հետո։
  4. Եթե տիեզերական օբյեկտը ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, դրանցում գործող կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, ապա այդպիսի օբյեկտի գրանցման, դրա նկատմամբ սեփականության իրավունքի և վերահսկողություն իրականացնելու իրավասության հարցերը լուծվում են համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա:
  5. Տիեզերական օբյեկտների նկատմամբ սեփականության, ինչպես նաև դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքները չեն վերաբերվում տիեզերական տարածության զբաղեցրած տարածքի (հատվածի), մակերեսի կամ երկնային մարմնի ընդերքի իրավական կարգավիճակին:

Հոդված 16. Տիեզերական ենթակառուցվածքներ

  1. Հայաստանի Հանրապետության տիեզերական ենթակառուցվածքներն են՝
  • Տիեզերանավակայաններ,
  • Մեկնարկային համալիրներ և արձակման կայաններ,
  • Կառավարման և չափումների համալիրներ,
  • Տիեզերական օբյեկտների թռիչքների կառավարման կենտրոններ և կետեր,
  • Տեղեկատվության ընդունման, պահպանման և մշակման կետեր,
  • Տիեզերական տեխնիկայի պահպանման բազաներ,
  • Տիեզերական օբյեկտների մասնատվող թափոնների անկման վայրեր,
  • Տիեզերական օբյեկտների վայրէջքի համար նախատեսված տարածքներ (պոլիգոններ) և թռիչքային-վայրէջքային գծեր,
  • Տիեզերական տեխնիկայի մշակման համար փորձարարական բազայի օբյեկտներ,
  • Տիեզերագնացների նախապատրաստման համար կենտրոններ և սարքավորումներ,
  • Տիեզերական գործունեության իրականացման համար օգտագործվող այլ կառուցվածքներ և տեխնիկա:
  1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտների փոխանցումը այլ կազմակերպություններին, այդ թվում՝ տվյալ օբյեկտների շահագործման նպատակով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  2. Հողային տարածքների հատկացումը և դրա օգտագործումը որպես տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես նաև դրանց հարակից օտարման գոտիները իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  3. Հայաստանի Հանրապետության իրավասությունից դուրս տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտների օգտագործման (շահագորման) հարցերով Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների գործունեությունը իրականացվում է միջազգային պայմանագրերի և սույն Օրենքի համաձայն:

Հոդված 17. Տիեզերական օբյեկտների կառավարման առանձնահատկությունները

  1. Տիեզերական օբյեկտների կառավարումը բոլոր փուլերում՝ դրանց մեկնարկի սկզբից մինչ թռիչքի ավարտը, իրականացնում են այդ օբյեկտները օգտագործող (շահագործող) կազմակերպությունները:
  2. Տիեզերական օբյեկտների վայրէջքը կատարվում է տիեզերական օբյեկտների վայրէջքի համար նախատեսաված տարածքներում (պոլիգոններ):
  3. Պատահարների դեպքում՝ ներառյալ վթարները և աղետները, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում Տիեզերական օբյեկտների վայրէջքը կարող է կատարվել այլ վայրերում շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմիններին ծանուցելով:
  4. Տիեզերական օբյեկտների մանևրումը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում իրականացվում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքը կարգավորող օրենսդրության պահանջների համապատասխան:
  5. Օտարերկրյա պետության տիեզերական օբյեկտը կարող է իրականացնել մեկանգամյա անվնաս արձակում Հայաստանի Հանրապետության օդային տարածքով այդպիսի օբյեկտի մեկնարկի նպատակով Երկրի ուղեծրի երկայնքով կամ ավելի հեռու՝ դեպի տիեզերական տարածություն, ինչպես նաև Երկիր դրա վերադարձնելու նպատակով՝ ժամանակի, վայրի, հետագծի և արձակման այլ պայմանների մասին լիազոր մարմինը նախապես ծանուցելու և համաձայնություն ստանալու պայմանով:
  6. Լիազոր մարմինը և Շահագրգիռ մարմինները Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության տիեզերական մարմինների արձակման և վայրէջքի մասին։ Լիազոր մարմինը և Շահագրգիռ մարմիններն անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմիններին տեղեկացնում են նաև օտարերկյա շահագրգիռ պետությունների և միջազգային կազմակերպությունների տիեզերական մարմինների արձակման և վայրէջքի մասին:
  7. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի կամ գոյության դադարեցման դեպքում, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները իրենց գործառույթները իրականացնում են օտարերկյա շահագրգիռ պետությունների իրավասու մարմինների համաձայնությամբ:

 

ԳԼՈՒԽ V. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հոդված 18. Տիեզերական գործունեության անվտանգության ապահովումը

  1. Տիեզերական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջերի պահպանմամբ:
  2. Տիեզերական գործունեության անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների ընդհանուր ղեկավարման պատասխանատվությունը կրում են լիազոր մարմինը, ինչպես նաև Շահագրգիռ մարմինները։
  3. Տիեզերական գործունեությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության՝ շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող օրենսդրությանը համապատասխան:
  4. Տիեզերական տեխնիկայի օգտագործողները (շահագործողները) տիեզերական գործունեության իրականացման ընթացքում ի հայտ եկած վտանգների մասին տեղեկատվությունը անհապաղ պետք է ներկայացնեն լիազոր մարմին, ինչպես նաև Շահագրգիռ մարմիններին:
  5. Բնակչությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքում լիազոր մարմինը, Շահագրգիռ մարմիններն անհապաղ տեղեկացնում են այդ մասին պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին։

Հոդված 19. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների հետաքննությունը

  1. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարները՝ ներառյալ վթարները և աղետները, ենթակա են հետաքննության, որի իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ միջազգային պայմանագրերին համապատասխան:
  2. Պատահարների հետաքննության անցկացման կարգը և արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Հոդված 20. Որոնման և փրկարարական աշխատանքները, պատահարների հետևանքների վերացումը

  1. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման և փրկարարական աշխատանքները, ինչպես նաև պատահարների հետևանքների վերացումը կատարվում են շահագրգիռ մարմինների, լիազոր մարմնի, անհրաժեշտության դեպքում՝ այլ երկրների իրավասու մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:
  2. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում պատահարների հետևանքների վերացման աշխատանքները ներառում են պատահարների արդյունքում տուժած արդյունաբերական և այլ օբյեկտների վերականգնումն ու վերակառուցումը, անհրաժեշտ բնապահպանական միջոցառումները, տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասի հատուցումը:
  3. Օտարերկրյա պետության տարածքում տիեզերական գործունեության իրականացման ընթացքում որոնման և փրկարարական աշխատանքները, ինչպես նաև պատահարների հետևանքների վերացումը կատարվում են այդ պետության իրավասու մարմինների համաձայնությամբ՝ այդպիսի գործողություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների, Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 21. Տիեզերական գործունեության ապահովագրությունը

  1. Տիեզերական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, որոնք օգտագործում են (շահագործում են) տիեզերական տեխնիկա կամ որոնց պատվերով ստեղծվում և օգտագործվում է (շահագործվում է) տիեզերական տեխնիկան, իրականացնում են տիեզերագնացների, տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտների աշխատակիցների, ինչպես նաև կյանքի, առողջությանը կամ այլ անձանց ունեցվածքին պատճառած վնասի ռիսկի պարտադիր ապահովագրությունը։
  2. Տիեզերական գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու քաղաքացիները կարող են իրականացնել տիեզերական տեխնիկայի ապահովագրություն:

 

ԳԼՈՒԽ VI. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 22. Միջազգային համագործակցության իրավական կարգավորումը

  1. Տիեզերական գործունեության բնագավառի միջազգային նախագծերի իրականացմանը մասնակցող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունները և քաղաքացիները պայմանագրեր են կնքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների մասնակցությամբ տիեզերական գործունեության նկատմամբ կիրառվող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության օրենսդրությունների դրույթների հակասության դեպքում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

 

ԳԼՈՒԽ VII. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈԻԹՅՈՒՆ

Հոդված 23. Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում վնաս պատճառելու համար պատասխանատվությունը

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում և իր սահմաններից դուրս տիեզերական գործունեության իրականացման ընթացքում տիեզերական օբյեկտի կողմից պատճառած վնասի համար պատասխանատվությունը առաջանում է անկախ այդ վնասը պատճառելու դիտավորության առկայությունից կամ բացակայությունից:
  2. Եթե ցանկացած վայրում, բացառությամբ Երկրի մակերեսի, տիեզերական գործունեության ընթացքում տիեզերական օբյեկտին կամ այդպիսի օբյեկտի գույքին վնաս է պատճառվում Հայաստանի Հանրապետության այլ տիեզերական օբյեկտի կողմից, պատճառված վնասի փոխհատուցումը ամբողջությամբ կրում է վնասը պատճառած, օբյեկտի սեփականատեր հանդիսացող կազմակերպությունը կամ քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված կարգով և պայմաններով:
  3. Հայաստանի Հանրապետության տարածքում կամ իր տարածքի սահմաններից դուրս տիեզերական գործունեության իրականացման ընթացքում տիեզերական օբյեկտի կողմից քաղաքացուն կամ վերջինիս ունեցվածքին պատճառված վնասը կամ իրավաբանական անձի ունեցվածքին պատճառած վնասը ենթակա է փոխհատուցման Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 24.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ   ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածը լրացնել 19-րդ մասով՝

 

«19. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

19.1 Տիեզերական գործունեության իրականացման համար` բազային տուրքի 10000-ապատիկի չափով:»

 

 

 

 

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 19-րդ բաժնով՝

«19. ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1.

Տիեզերական գործունեություն

 

ԿՄ

-

-

-

-

-

Հ

Վ

                                                                                                                                    »:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ   ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի  հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 60-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

<<5)  Տիեզերական գործունեությունը

Հոդված 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը  լրացնել նոր 14-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 <<14) Տիեզերական գործունեության իրականացում:        

Սույն կետի դրույթները տարածվում են տիեզերական տեխնիկայի, տիեզերական օբյեկտների, տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների, ինչպես նաև տիեզերական տեխնիկայի, տիեզերական օբյեկտների, ռազմական և երկակի նշանակության տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների, անմիջականորեն տիեզերական տարածության մեջ գտնվող տեխնիկայի օգտագործմամբ իրականացվող, այդ թվում՝ Երկրի մակերեսից և/կամ մթնոլորտից կառավարվող (մատուցվող) աշխատանքների (ծառայությունների), տիեզերական տարածության հետազոտման, տիեզերական տարածությունում օբյեկտների և երևույթների դիտարկման, այդ թվում՝ Երկրի մակերեսից և/կամ մթնոլորտից կառավարվող (մատուցվող) աշխատանքների (ծառայությունների), տեխնոլոգիապես պայմանավորված (անհրաժեշտ) և տիեզերական տարածության հետազոտման աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) և/կամ անմիջականորեն տիեզերական տարածության մեջ գտնվող տեխնիկայի օգտագործմամբ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ ուղղակիորեն կապված նախապատրաստական և/կամ օժանդակ (ուղեկցող) վերգետնյա աշխատանքների վրա:»>>:

Հոդված 3. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 19-րդ  կետով հետևյալ բովանդակությամբ

«19) Տիեզերական գործունեության արդյունքում ստացված եկամուտները:

Սույն կետի դրույթները տարածվում են տիեզերական տեխնիկայի, տիեզերական օբյեկտների, տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների, ինչպես նաև տիեզերական տեխնիկայի, տիեզերական օբյեկտների, ռազմական և երկակի նշանակության տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների, անմիջականորեն տիեզերական տարածության մեջ գտնվող տեխնիկայի օգտագործմամբ իրականացվող, այդ թվում՝ Երկրի մակերեսից և/կամ մթնոլորտից կառավարվող (մատուցվող) աշխատանքների (ծառայությունների), տիեզերական տարածության հետազոտման, տիեզերական տարածությունում օբյեկտների և երևույթների դիտարկման, այդ թվում՝ Երկրի մակերեսից և/կամ մթնոլորտից կառավարվող (մատուցվող) աշխատանքների (ծառայությունների), տեխնոլոգիապես պայմանավորված (անհրաժեշտ) և տիեզերական տարածության հետազոտման աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)                       և/կամ անմիջականորեն տիեզերական տարածության մեջ գտնվող տեխնիկայի օգտագործմամբ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ անբաժանելիորեն կապված նախապատրաստական և/կամ օժանդակ (ուղեկցող) վերգետնյա աշխատանքների վրա»:

Հոդված 4. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 14-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․

«14) Տիեզերական գործունեության գծով կատարված ծախսերը:

Սույն կետի դրույթները տարածվում են տիեզերական տեխնիկայի, տիեզերական օբյեկտների, տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների, ինչպես նաև տիեզերական տեխնիկայի, տիեզերական օբյեկտների, ռազմական և երկակի նշանակության տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների, անմիջականորեն տիեզերական տարածության մեջ գտնվող տեխնիկայի օգտագործմամբ իրականացվող, այդ թվում՝ Երկրի մակերեսից և/կամ մթնոլորտից կառավարվող (մատուցվող) աշխատանքների (ծառայությունների), տիեզերական տարածության հետազոտման, տիեզերական տարածությունում օբյեկտների և երևույթների դիտարկման, այդ թվում՝ Երկրի մակերեսից և/կամ մթնոլորտից կառավարվող (մատուցվող) աշխատանքների (ծառայությունների), տեխնոլոգիապես պայմանավորված (անհրաժեշտ) և տիեզերական տարածության հետազոտման աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)                       և/կամ անմիջականորեն տիեզերական տարածության մեջ գտնվող տեխնիկայի օգտագործմամբ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ անբաժանելիորեն կապված նախապատրաստական և/կամ օժանդակ (ուղեկցող) վերգետնյա աշխատանքների վրա»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

 

  • Քննարկվել է

    14.03.2019 - 30.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1348

Տպել