Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծի վերաբերյալ

 1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների դրույթների համաձայն՝ 2017 և 2018 թվականների ընթացքում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը պարտք է կուտակել Իրանի նկատմամբ, որը գործող կանոնների պարագայում աճման միտում ունի։ Հաշվառումը իրականացվում է հաշվարկային ժամանակահատվածի վերջում ձևավորված տվյալների հիման վրա։ Նման ձևով հաշվառումը չի արտացոլում Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրան փոխհոսքերի շրջանակներում արտահանված էլեկտրական էներգիայի իրական պատկերը։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 8-րդ և 9-րդ բաժիններում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք կապահովեն յուրաքանչյուր ժամանակահատվածի համար Իրանի հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման իրականացումը ժամային կտրվածքով։

Բացի այդ, վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման և արտահանման գործառույթը ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ ՓԲԸ-ին վերապահելու հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել որոշակիորեն հստակեցնել նշված էլեկտրական էներգիայի  հաշվառման հետ կապված հարցերը։ Հստակեցման կարիք ունի նաև Հաշվեկշիռը փակող կայան հասկացությունը և դրա հետ կապված որոշակի հարաբերություններ։

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 21-ի N747Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմանները շարադրվել է նոր խմբագրությամբ, որտեղ առկա չեն պայմանների նախկին շարադրանքով սահմանված՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի գնման (ծառայությունների մատուցման) և դրա դիմաց վճարումների կատարման հետ կապված կարգավորվումները, անհրաժեշտություն է առաջացել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների  10-րդ բաժնում (30ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցողներին (ներքին սպառման մասով) բաշխողի կողմից վճարումները երաշխավորող հատուկ հաշիվը (հաշիվները)) կատարել խմբագրական բնույթի փոփոխություններ։  

      2.Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններով Իրանի հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառումը իրականացնել ժամային կտրվածքով։

Միաժամանակ, նախատեսվում է վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով էլեկտրական էներգիայի ներկրման ու արտահանման գործընթացին, հաշվեկշիռը փակող կայանի սահմանմանը, դրան առնչվող իրավահարաբերություններին և 30ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրողներին և ԷՄՇ-ի մասնակիցներին ծառայություններ մատուցողներին բաշխողի կողմից վճարումները երաշխավորող հատուկ հաշվին վերաբերող դրույթներում կատարել խմբագրական բնույթի փոփոխություններ:

     3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ Իրանի հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի մասով՝ «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությամբ։

     4.Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրան փոխհոսքերի շրջանակում արտահանված էլեկտրական էներգիայի հաշվառումը կիրականացվի իրական պատկերին համահունչ, ինչպես նաև կնվազի Իրանի հետ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Իրանի նկատմամբ ունեցած պարտքի մեծությունը։

Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կհստակեցվեն վթարային կամ անհաղթահարելի իրավիճակներում ներկրվող ու արտահանվող էլեկտրական էներգիայի հաշվառման, հաշվեկշիռը փակող կայանի սահմանմանը և դրան առնչվող իրավահարաբերությունների հետ կապված հարցերը, ինչպես նաև կանոնների 10-րդ բաժնով սահմանված կարգավորումները կհամապատասխանեցվեն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով և  հանձնաժողովի այլ իրավական ակտերով սահմանված դրույթներին:

  • Քննարկվել է

    11.03.2019 - 10.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6631

Տպել