Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նշված նախագծի մշակումը հիմնավորվում է հետևյալ հանգամանքներով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի /այսուհետ՝ Օրենսգիրք/ 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքի 188-րդ /առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը/, 189-րդ /կեղծ ձեռնարկատիրությունը/, 193-րդ /կանխամտածված սնանկությունը/, 194-րդ /կեղծ սնանկությունը/ և 205-րդ /հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը/ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Այսպես, Օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված է հարկը, տուրքը կամ պարտադի այլ վճարը չվճարելու հանցակազմը և դրա համար սահմանված պատասխանատվության միջոցները /սանկցիան/, մասնավորապես՝ նույն հոդվածի 1-ին մասով միջին ծանրության հանցագործության համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասով ծանր հանցագործության համար սահմանված է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:

Օրենսդրական նման ամրագրման պարագայում, 205-րդ հոդվածի հիմքով տնտեսական /միջին և ծանր/ հանցագործություններ կատարած անձինք, հատուցելով պետությանը պատճառված վնասը և տույժերն ու տուգանքները, ազատվում են քրեական պատասխանատվությունից՝ ըստ էության ենթարկվելով հարկային /այլընտրանքային/ պատասխանատվության:

Ուստի, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քրեական պատասխանատվությունը պետք է անջատ լինի հարկային պատասխանատվությունից և այն, որ այլընտրանքային պատժամիջոցները /վնասների հատուցումը՝ տույժերի և տուգանքների վճարումը/ առավելապես կիրառելի են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների պարագայում՝ անհրաժեշտություն է առաջացել 205-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծանր հանցագործությունների համար նախատեսված խրախուսական դրույթը վերացնել:

Այսպես, հարկային հանցագործությունների համար քրեական պատասխանատվության կիրառումն ամրագրված և հիմնավորված է ՏՀԶԿ-ի կողմից մշակված «Հարկային ոլորտում հանցավոր արարքների դեմ պայքարի 10 միջազգային սկզբունքներ» ձեռնարկում, որտեղ իրավական համակարգի արդյունավետ կիրառման հիմնական նախապայմաններից մեկը հանցավոր արարքի առկայության պարագայում քրեական պատժի կիրառումն է. յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ընտրված քրեաիրավական ներգործության միջոցը պետք է արտահայտի հանցավոր արարքի լրջությունը և համաչափ պատիժ նախատեսի, որը խթան կհանդիսանա կատարված հանցավոր արարքի հեղինակի և հասարակության այլ անդամների համար հետագայում նման արարքի կատարումից խուսափելու  համար։

          Մասնավորապես, թիվ 1 սկզբունքի համաձայն՝ երկրների օրենսդրությունները պետք է ունենան այնպիսի իրավական դաշտ և մեխանիզմներ, որպեսզի հարկային օրենդրության խախտումները ներառվեն որպես քրեական հանցագործություն, և գործնականում դրանց նկատմամբ կիրառվեն հենց քրեական, այլ ոչ թե՝ հարկային պատժամիջոցներ: Ավելին, պետք է քրեականացվեն նաև այլ անձանց կողմից հանցանք կատարած հարկ վճարողներին հարկային հանցագործության կատարմանն օժանդակելու, ներգրավելու, դրան նպաստելու կամ թույլատրելու հետ կապված գործողությունները: ՏՀԶԿ-ի կողմից նշված զեկույցը պատրաստելու համար տարբեր երկրներում կատարվել են մի շարք հարցումներ և հետազոտություններ՝ պարզելու համար վերջիններիս դիրքորոշումը՝ հարկային հանցագործությունների համար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, որին հարցմանը մասնակցած պետությունների գերակշիռ մասը քվեարկել է դրական /օրինակ՝ Ավստրալիա, Չեխիա, Սինգապուր, Նոր Զելանդիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Իսպանիա, Շվեյցարիա և այլ զարգացած պետություններ/:

Այսպես, հարկ է անդրադարձ կատարել քրեական պատասխանատվության այլընտրանքային ինստիտուտների կիրառմանը, մասնավորապես՝ մեդիացիան և տրանսակցիան միջազգային իրավունքում բավականին լայն տարածում են գտել՝ պայմանավորված վերջիններիս գործնական հարմարավետությամբ առաջին հերթին պետության համար, մասնավորապես՝ քրեական գործի վարույթի նվազ ծախսատարության, ավելի կարճ ժամկետներում գործի հանգուցալուծման և այլ պատճառներով։

Քրեական պատասխանատվության կանխարգելիչ գործառույթի /ինչը ներկայումս ՀՀ օրենսդրությամբ գործում է/ հետ կապված ՄԻԵԴ-ը մի շարք գործերով հայտնել է դիրքորոշում, համաձայն որի՝ դրա նպատակը կատարված հանցավոր արարքի համար պատժելն է, այլ ոչ թե՝ հասցված վնասների հատուցումը: Չնայած եվրոպական երկրներում օրեցոր տարածվող տրանսակցիայի կամ մեդիացիայի ինստիտուտների զարգացմանը, հարկ է ընդգծել, որ վերջիններս վերաբերում են գործի հանգուցալուծման այլընտրանքային եղանակին, որի հիմնական նպատակը պետության պրոցեսուալ, դատական ծախսերի կրճատումն է: Ինչպես նշվեց, հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության սահմանումը կարևոր կանխարգելիչ գործառույթ է իրականացնում ինչպես հանցանք կատարած անձին, այնպես էլ՝ հասարակության այլ անդամներին նման արարք կատարելուն խոչընդոտելու առումով, քանի որ քրեական պատասխանատվության կիրառումը և պատժի անխուսափելիությունը հասարակության որոշ զանգվածներին հանցավոր արարքներ կատարելուց զերծ պահելու կարևորագույն գործոններից են:

Միաժամանակ, հարկ ենք համարում անդրադարձ կատարել վնասների հատուցմամբ քրեական պատասխանատվությունից ազատման ինստիտուտի կարգավորմանն այլ երկրներում՝ վերջինիս կարգավորման հնարավոր թերությունները բացահայտելու համար։ Գրեթե բոլոր ռոմանոգերմանական իրավական համակարգի երկրներում վերոհիշյալ ինստիտուտը, յուրաքանչյուր ներպետական իրավունքի առանձնահատկություններով պայմանավորված, իր ամրագրումն է ստացել բազմաթիվ քրեական օրենսգրքերում, որտեղ սակայն նման խրախուսական նորմն ամրագրված է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների պարագայում:

Այսպես, Հոլանդիայի քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար գործով դատախազը մինչև դատաքննության սկիզբը կարող է որոշակի պայմաններ սահմանել, որոնք կատարելու դեպքում հանցագործություն կատարած  անձն ազատվում է քրեական հետապնդումից. այսպիսի պայմաններ են, օրինակ՝ տուգանքի վճարումը, որի չափը չի կարող ավել լինել, քան նշված հանցագործության համար սահմանված տուգանքի չափը, հանցագործության արդյունքում պատճառված վնասի ամբողջական կամ մասնակի հատուցում, բռնագանձված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարում և այլն :

Նմանապես, Ֆրանսիայի քրեական դատավարության օրենսգրքի 41-1-1-րդ հոդվածի համաձայն՝ քննիչի կամ հետաքննություն կատարող անձը մինչև դատաքննության սկիզբը գործով դատախազի համաձայնությամբ կարող է համաձայնության գալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ տվյալ հոդվածով թվարկված հանցագործությունների մասով վնասների հատուցման հարցում, ընդ որում նման համաձայնություն հնարավոր է միայն այն պարագայում, երբ վերջինիս համար առավելագույն պատիժը չի գերազանցում 1 տարի ժամկետով ազատազրկումը:

Ստացվում է, որ ի տարբերություն Օրենսգրքի, որով օրինակ Օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասերով ծանր հանցագործությունների համար սահմանված է վնասների հատուցմամբ քրեական գործի կարճման հնարավորություն՝ նշված երկրներում համաձայնությամբ քրեական գործի կարճումն իրականացվում է միայն հարաբերականորեն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում, որոնց համար նախատեսած ազատազրկման պատիժը չի կարող գերազանցել մեկ տարին:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի համաձայն քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանքն է, այսինքն՝ այնպիսի արարք կատարելը, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները, իսկ Օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 205 հոդվածով կատարված հանցագործության համար ամրագրված խրախուսական նորմի պարագայում քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները պարունակող ծանր հանցանքի դեպքում կիրառվում է հարկային պատասխանատվություն՝ ուստի անհրաժեշտություն է առաջացել վերացնել վերոնշյալ՝ խրախուսական նորմը 205-րդ հոդվածի 2-րդ մասի համար, քանի որ այն չվերացնելը կարող է նաև բացասաբար անդրադառնալ Օրենսգրքի 190-րդ հոդվածով /հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)/ սահմանված հանցագործության քննության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում
տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը հանդիսանում է նախորդող հանցակազմ, քանի որ կարող է հանգեցնել և բերել փողերի լվացմանը:

Նշված խրախուսական նորմի վերացումը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Օրենսգրքի համաձայն՝ պատիժը նպատակ է հետապնդում վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները /հոդված 48/:

Հարց է առաջանում՝ արդյոք կատարված ծանր հանցագործության համար միայն վնասների հատուցմամբ պատասխանատվությունից ազատումը չի հակասում քրեական սանկցիայի կարևորագույն գործառույթներից մեկին՝ հանդիսանալու խոչընդոտ այլ անձանց կամ նույն անձի համար ապագայում նման հանցավոր արարք կատարելու տեսանկյունից: Այսպես, օրինակ Օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցանքի համար Օրենսգրքով սահմանված է վնասների հատուցմամբ պատասխանատվությունից ազատման հնարավորությունը: Այսինքն՝ նման հանցավոր արարք կատարած անձը, վերջինիս արդյունքում պատճառված վնասի հատուցմամբ կարող է ամբողջովին ազատվել քրեական պատասխանատվությունից՝ առանց կրելու իր կողմից հանրության համար կատարված վտանագավոր արարքի համար նախատեսված որևէ պատիժ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ գտնում ենք, որ Նախագծով նման նորմի վերացմամբ պատիժը կարող է ծառայել իր բուն նպատակին, այն է՝ կատարված տնտեսական հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկվելը կարող է կանխել հետագայում ինչպես նույն, այնպես էլ՝ այլ անձանց կողմից կատարվելիք հանցագործությունները:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի մշակումը նպատակ է հետապնդում վերացնել Օրենսգրքի 189-րդ հոդվածով ամրագրված խրախուսական նորմը՝ համաձայն որի քրեական գործը կարճվում է եթե հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը: Իսկ Նախագծի մշակման արդյունքում ակնկալվում է քրեական պատասխանատվությունը անջատել հարկային պատասխանատվությունից:

 

 

 

 

  • Քննարկվել է

    07.03.2019 - 22.03.2019

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2214

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

22.03.2019

6. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առանձնապես խոշոր չափ է համարվում 15 մլն դրամը: Եթե հարկ վճարողի տարվա ընթացիկ իրական հարկային պարտավորության չափը 25 մլն դրամ է և հարկ վճարողը դիտավորությամբ պակաս է հայտարարագրել 14 մլն դրամ, կարող ենք որակել որպես էական խախտում (50 տոկոսից ավել), սակայն չհամարվելով առանձնապես խոշոր չափ, ազատվում է քրեական պատասխանատտվությունից: Սակայն, մեծ շրջանառություն ունեցող, բազմաթիվ գործարքների իրականացնող որոշ հարկ վճարողների տարեկան հարկային պարտավորության չափը գերազանցում է 3 մլրդ կամ 5 մլրդ դրամը: Հնարավոր է մեծ գործարքների դեպքում ցանկացած մեկ հարցի այլ կերպ ընկալման դեպքում մեկ գործարքից պակաս հայտարարագրված հարկի գումարը գերազանցի 15 մլն դրամը (0.5 տոկոսից պակաս), սակայն համարվելով առանձնապես խոշոր չափ, կրելու է քրեական պատասխանատվություն կամ առնվազն տարիներ շարունակ ապացուցելու է իր անմեղությունը: Հետևաբար, ստացվում է, վտանգավորության տարբեր բնորոշումներ ունեցող արարքների նկատմամբ պետությունը վերաբերելու է ճիշտ հակառակը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

22.03.2019

5. Ներկայումս դատական համակարգի ծանրաբեռնվածության պայմաններում, երբ հատկապես քրեական գործերերի ընթացքները տևում են տարիներ, վճարմամբ քրեական պատասխանատվությունից ազատման դրույթի չեղարկումը խնդիրներ է առաջացնելու հենց հարկ վճարողների պաշտոնատար անձանց համար գործարար միջավայրի տեսանկյունից և հատկապես անտեղի իրավաբանական ծախսերի համար: Գործող կարգավորումների շրջանակներում շատ դեպքերում, անկախ ստուգմամբ արձանագրված խախտումները հարկ վճարողի կողմից ոչ ընդունելի համարվելու հանգամանքի, նախընտրում են վճարել առաջադրված գումարը որպես այլընտրանք տարիներով դատական մարմիներում ժամանակի և իրավաբանական ծառայությունների գծով ծախսերի: Առաջարկվող կարգավորումների դեպքում մի կողմից հարկ վճարողի պաշտոնատար անձը ստիպված կլինի հետևողական լինել տվյալ գործում ապացուցել իր անմեղությունը, որը սակայն կարող է իր վրա թանկ նստել թե ժամանակի կորստի, թե առողջության և թե ֆինանսական միջոցների վատնման տեսանկյունից: Իսկ արդարացման դատավճիռ կայացնելու պարագայում մխիթարվել միայն բարոյական հաղթանակով:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

22.03.2019

4. Բազմաթիվ են դեպքերը, երբ օրենքներն ընդունվում են դրանց ուժի մեջ մտնելուց մի քանի օր առաջ, իսկ պետական կառավարման մարմինների կողմից ենթաօրենսդրական ակտերն ընդունվում կամ սահմանվում են դրանց վերաբերելիության ժամկետներից ուշ կամ հաշվարկների ներկայացման վերջնաժամկետում, իսկ որոշ դեպքերում էլ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հարկերի հաշվարկման ինքնաշխատ համակարգի խափանումը բերում է հարկայի պարտավորության չափի խեղաթյուրման: Հետևաբար, հարկային պարտավորությունների հաշվարկման համար էական նշանակություն ունեցող կարգավորումների ուշացումների և անորոշությունների պայմաններում հարկ վճարողները ստիպված են լինում հարկային հաշվարկները ներկայացնել ոչ ճշգրիտ: Այս պայմաններում, երբ նույնիսկ պետությունը, ի դեմս պետական կառավարման մարմինների պատշաճ վարքագիծ չի դրսևորում հարկ վճարողների կողմից հարկերի ճիշտ հաշվարկման համար, առնվազն անընդունելի է նման նոր կարգավորման սահմանումը:

Տեսնել ավելին