Հիշել նախագիծը

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսվում է լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես՝

  • Առաջարկվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները.
  • Առաջարկվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը:
  • Առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

 

2.Առկա իրավիճակը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն հաստատված ծրագրով Կառավարության կողմից նախատեսվել է մինչև 2018 թվականի ավարտն ընդլայնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքները՝ դրա հետ մեկտեղ քրեական պատասխանատվություն նախատեսելով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 81.1-րդ հոդվածի  1-ին մասի համաձայն՝ նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը: Օրենքի 9-րդ մասում սպառիչ թվարկված են այն պահանջները, որոնց պահպանված չլինելու դեպքում նոտարը մերժում է փաստի հաստատումը։

Օրենքի 81.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: Նմանատիպ կարգավորում է նախատեսված նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածում, համաձայն որի՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

Ի սկզբանե Օրենքում նախատեսելով նոտարի իրավունքը հաստատել  իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, օրենսդրի նպատակն է եղել բեռնաթափել դատարաններին: Մինչդեռ առկա կարգավորումներով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու համար անհրաժեշտ ապացույցների շարքում բացակայում է վկայի ցուցմունքը, որը կարող է գործով կարևոր ապացուցողական նշանակություն ունենալ: Ինչի արդյունքում նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործերով զրկված է որպես ապացույց ընդունել նաև վկայի ցուցմունքը:    

Հաշվի առնելով վերոշարադրյալը, անհրաժեշտություն է առաջացել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը ընդլայնել ներառելով նաև վկայի ցուցմունքը, ինչպես նաև առաջարկվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը: 

 3.Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ ընդլայնվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքը, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառվում է դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը և քրեական պատասխանատվություն է սահմանվում նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  • Քննարկվել է

    27.12.2018 - 15.01.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6553

Տպել

Առաջարկներ`

a a

27.12.2018

Կենտրոն նոտարի աշխատակիցները ճիշտ չեն աշխատում:Խոսքը վերաբերվում է նոտար Էմմա Շաբոյանին,նոտար նունե Սարգսյանին և նրանց աշխատակցին Արտեմ Հայրապետյանին,ովքեր զբաղված են ժառանգական գործ կեղծելով/ 3-ժ/գ 162,26.01.12թ./:Նախ պետք է ազնիվ մարդիկ լինեն,իսկ ինչ վերաբերվում է իրավաբանական նշանակության փաստի մասին,ես դիմել եմ դատարան,որի համար վճարել եմ մեծ գումար,որպեսզի կարողանամ երեխայիս հետ ընդունենք ժառանգությունը,սակայն մինչև այսօր վերն նշված մարդկանց պատճառով 2011թ-2018թ. չենք կարողանում արդյունքի հասնենք դատ. պրոցեսի մեջ ենք:Գոնե հեշտացնեք մարդկանց ժառանգություն ստանալը;Ուստի խնդրում եմ նման մարդկանց,ովքեր մինչև այսօր աշխատում են նույն ոճով կարգի հրավիրել և որոշումներ կայացնելուց արդարացի լինել:Շատ բան կա ասելու....

Տեսնել ավելին